Որոնել
Արխիվ
22.03.2018  16:14

Բասկետբոլ. Անդրեյ Կոնստանտինով. «Արթիկում հրաշալի մարդիկ են, մեզ շատ լավ, ջերմ են ընդունել»

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացող Անդրեյ Կոնստանտինովը վաղուց է հանդես գալիս Հայաստանի դրոշի ներքո՝ առաջին անգամ հանդես գալով դեռևս Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականում։ ArmFootball.com-ը զրուցել է բասկետբոլիստի հետ իր բասկետբոլային կարիերայի, Արթիկում անցնող օրերի և ապագա ծրագրերի մասին։

- Սկզբից պատմիր քո մասին։ Ինչպե՞ս սկսեցիր զբաղվել բասկետբոլով, ե՞րբ ու ի՞նչ թիմերի կազմերում ես խաղացել։

- Ոչ մի արտասովոր պատմություն չկա։ 4 տարի մեծ թենիսով եմ զբաղվել, հասկացա, որ իմը չէ։ Զգում էի, որ ուզում եմ ինչ-որ սպորտաձևով զբաղվել, եկա դպրոց և սկսեցի բասկետբոլի հաճախել։ Կարիերաս սկսել եմ Ռոստովում։ 16 տարեկանում գնացի Սամարայում խաղալու` 3-4 տարի։ Կարծում եմ՝ իմ կարիերայի լավագույն հատվածն է եղել, լավ թիմ ունեինք, Եվրալիգայում 3-րդ տեղը գրավեցինք, Ռուսաստանի առաջնությունում՝ 2-րդը։ Սամարայից հետո հետ եկա Ռոստով, հետո միացա Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականին, որը մարզում էր Վիկտոր Ուսկովը։ Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունից հետո նա ինձ հրավիրեց Տուլայի թիմ, որտեղ գլխավոր մարզիչ էր։ Այնտեղ խաղացի ընդամենը կես տարի և ֆինանսական խնդիրների պատճառով հեռացա։ Կես տարի չխաղացի։ Հետո Հայաստանի հավաքականի նվաճեցի Եվրոպայի փոքր երկրների չեմպիոնի կոչումը և ինձ հրավիրեցին Ուրարտու։ Իսկ ինչ եղավ «Ուրարտուի» հետ, ինձ թվում է՝ գիտեք։

- Ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիր խաղալ Հայաստանի հավաքականում, ե՞րբ է եղել առաջարկը։

- 14 տարեկանում ինձ հրավիրեցին Ռուսաստանի Մ16 տարեկանների հավաքական, մենք 30 հոգի էինք, ես անցա հավաքը, բայց հիմնական կազմում չհայտնվեցի։ Այդ ժամանակ Հայաստանում Մ16 տարեկանների հավաքական էր հավաքվում, խաղացողներ էին փնտրում և կապվեցին ինձ, Սերգեյ Պոլուխինի և մեր թիմից ևս մեկ խաղացողի հետ, առաջարկեցին խաղալ Հայաստանի հավաքականում, այդ առաջարկը ինձ հետաքրքրեց, և այդպես սկսեցի խաղալ։

- Հայաստանի հավաքականում տարբեր մարզիչների գլխավարությամբ ես խաղացել՝ Տիգրան Գյոկչյան և Նիկշա Բավցևիչ։ Կարո՞ղ ես համեմատել նրանց, մարզման մեթոդները։ Ու՞մ մարզումային մեթոդն է ավելի հարմար եղել քեզ։

- Կարող եմ ասել, որ երկուսն էլ պրոֆեսիոնալ են՝ ինչպես Տիգրան Գյոկչյանը, այնպես էլ Բավցևիչը։ Թեև Գյոկչյանի հետ մենք ակումբային լավ արդյունք ցույց չտվեցինք, բայց հավաքականով Եվրոպայի առաջնությունը հաղթեցինք, և ես կարծում եմ, որ Հայաստանի համար մեծ նվաճում էր, թեկուզ դա փոքր երկրների Եվրոպայի առաջնություն էր։ Աշխատանքի մեթոդի և խաղացողներից առավելագույնը ստանալու առումով՝ նրանք նույնատիպ են մտածում, բայց Բավցևիչը ավելի կոշտ է, կարգապահություն է պահանջում։ Համեմատել նրանց և ասել, թե ով է ավելի լավը՝ չեմ կարողանա, երկուսին էլ համակրում եմ։

- Իսկ Հայաստանի հավաքականին ինչպիսի՞ մարզիչ է հարկավոր ըստ քեզ։ Բավցևիչի՞, թե՞ Գյոկչյանի պես ավելի փափուկ։

- Չեմ կարող ասել։ Այս պահին մեզ Բավցևիչն է մարզում, և վատ արդյունքներ ցույց չենք տալիս։ Թող մնա այնպես, ինչպես կա։

- Աշխարհի առաջնության ընտրական փուլում, ըստ քեզ, ի՞նչը չհերիքեց թիմին դուրս գալ հաջորդ փուլ։

- Ես չէի խաղում այդ ժամանակ հավաքականում, բայց հետևում էի խաղերին։ Չեմ կարող ասել, որ ինչ որ բան չհերիքեց, տղաները լավ խաղացին, իրենց մակարդակին հավասար։ Ուղղակի, ըստ իս, պարտվեցին ավելի փորձառու թիմերի։ Չեմ կարող ասել, որ ձախողում էր, լավ արդյունք էր, ու աճն ակնհայտ էր։

- Այս շրջափուլում մոտակա մրցակիցը Դանիայի հավաքականն է։

- Դանիան շատ լավ, կարգապահ թիմ է։ Ափսոս, որ տնային հանդիպման ժամանակ մեզ ինչ-որ բան չհերիքեց, և պարտվեցիքն լրացուցիչ ժամանակում։ Դանիա գնալու ենք միայն հաղթանակի համար։ Խաղը հուլիսի վերջին է լինելու, և մենք մոտավոր 1 ամիս կունենանք նախապատրաստական աշխատանքների համար։

- Խոսեցինք «Ուրարտուի» մասին, և այն մասին, որ թիմը խաղում էր Ռուսաստանի առաջնությունում։

- Շատ լավ հատված էր իմ կարիերայում։ Առաջին հերթին Ռուսաստանի առաջնությունում խաղալը այլ մակարդակ է, չեմ կարող համեմատել VTB լիգայի հետ, իհարկե, բայց լավ է։ Ափսոս, որ թիմը լուծարվեց, թեև մենք 9 պարտություն ունեինք ու ոչ մի հաղթանակ, բայց խաղից խաղ ավելացնում էինք և ինձ թվում է, որ եթե այդ մրցաշրջանը խաղայինք ու հաջորդին մասնակցության հայտ ներկայացնեինք, այլ արդյունք կլիներ։

- Այդ ժամանակ այնպիսի տպավորություն էր, որ եթե թիմը մեկ խաղ հաղթի, խաղը կսկսի ստացվել, բայց․․․

- Բայց ինչ-որ մի բան չհերիքեց, ինձ թվում է՝ փորձը։ Սուպերլիգայում խաղում են շատ փորձառու տղաներ։ Թիմերը կազմված են երիտասարդ, հեռանկարային խաղացողներից և փորձառուներից: Հավասարակշռված կազմեր էին, իսկ մեր թիմին հենց այդ բալանսն էր պակասում։

- Այս պահին խաղում ես Արթիկում, առաջարկ եղե՞լ է խաղալ այս Ուրարտուի կազմում։

- Առաջարկներ եղել են, եթե անկեղծ ասեմ, չեմ ուզում դրանց մասին խոսել։ Ես Արթիկից ստացա առաջարկ և համաձայնվեցի, քանի որ կարող էի իմ խաղընկերների՝ Սերգեյ Պոլուխինի և Սերգեյ Վիննիկի հետ հաղալ։ Նրանց հետ խաղում եմ մանկուց, և շատ էինք ուզում միասին լինել։

- Այս ընթացքում ապրում ես Արթիկում։ Ինչպիսի՞ն է առօրյադ։

- Թիմը մեզ լավ պայմաններով է ապահովել։ Լավ բնակարան է, լավ սնունդ, մարզումային դահլիճ։ Եթե անկեղծ լինեմ, երբ ապրում էի Երևանում, ինձ շատ էր դուր գալիս քաղաքը, շատ էինք քայլում։ Արթիկում այդպես չէ, բայց փոխհատուցվում է նրանով, որ հիասքանչ մարդիկ են, մեզ շատ լավ, ջերմ են ընդունել ու լավ են վերաբերվում։

- Արթիկին շատ մոտ գտնվում է Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գյումրին, լինու՞մ ես այնտեղ։

- Ոչ, միշտ ծրագրում ենք գնալ, բայց այդպես էլ չի ստացվում: Ճիշտ է, մեկ անգամ եղել եմ՝ Սերգեյ Վիննիկի տարեդարձին, բայց ուղղակի ռեստորանում թիմով ճաշել ենք։ Ցանկություն կա գնալ, միշտ պատրաստվում ենք, պարզապես մարզումային օրվանից հետո մտածում ենք՝ ավելի լավ է գնալ տուն, քնել։

- «Արթիկի» կազմում 3 խաղ ես անցկացրել։ Ի՞նչ կարող ես ասել թիմի մասին։

- Տղաների մակարդակը չեմ կարող ասել ցածր է, նրանք հեռանկարային խաղացողներ են, բայց շատ բաների սովոր չեն: Եթե այդ տղաների հետ ճիշտ աշխատեն, ապա նրանք կարող են այս առաջնության համար լավ խաղացողներ դառնալ։ Մարզումների ժամանակ տղաները ամբողջովին ներդնում են իրենց ուժերը, ցանկություն կա։ Մենք փորձում ենք նրանց հուշել, ու նրանք լսում են մեզ։

- Փյել օֆֆ-ում խաղամարկարդակը ճիշտ է, շատ բարձր չէ, բայց հետաքրքիր խաղեր լինում են։ Ի՞նչ կարծիք ունես Հայաստանի Ա լիգայի առաջնության մասին։

- Եթե այս տեմպերով զարգանա, շատ լավ կլինի։ Իմանալով Պարոն Արիկին (Արա Պողոսյան՝ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ - խմբ.), և թե ինչպես է նա սիրում բասկետբոլը, ամբողջությամբ ներդնում ուժերը, վստահ եմ, ամեն ինչ լավ կլինի։ Ու ոչ միայն նա, ամբողջ բասկետբոլի ֆեդերացիան։ Տարեցտարի բասկետբոլը Հայաստանում զարգանում է։ ՄԻ քանի տարի անց լավ առաջնություն կլինի։

- Փլեյ-oֆֆ-ից հետո ի՞նչ ծրագրեր ունես։

- Կգնամ տուն, կհանգստանամ և հետ կգամ հավաքականի հետ պատրաստվելու Դանիայի հետ խաղին: Մեծ ծրարգեր չկան, ուզում եմ տուն գնալ, հանգստանալ: Այս տարի տարի ես իմ համալսարանի թիմից էի խաղում՝ VTB-ի երիտասարդական լիգայում, բայց թիմը դուրս չեկավ փլեյ-օֆֆ, և մրցաշրջանն ավարտվեց։

- Ի՞նչ մասնագիտությամբ ես սովորում։

- Տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ համակարգիչների հետ կապված։

- Մյուս մրցաշրջանում ևս պետք է հանդես գա՞ս համալսարանի թիմի կազմում։

- Դեռ չեմ կարող ասել, չեմ մտածել այ դմասին։ Միգուցե, նույն «Արթիկից» առաջարկ ունենամ, տեսնեն, ինչ կլինի։

 

Ռաֆայել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000