Որոնել
Արխիվ
Загрузка...
14.02.2018  11:49

Փհենչհան-2018. Երբ «թքած ունեն». Ինչպես է հայ մարզիկը հայտնվել Փհենչհանում առանց դահուկների

Արդեն 5 օր է կորեական Փհենչհան քաղաքում մեկնարկել են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Հայաստանն այս օլիմպիական խաղերում ներկայացնում են 3 մարզիկներ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը։

Եթե Միքայել Միքայելյանը երեքշաբթի օրը դուրս եկավ մեկնարկի և զբաղեցրեց 72-րդ հորիզոնականը, ապա Աշոտ Կարապետյանի ելույթը Օլիմպիական խաղերում հարցականի տակ է։ Պատճառը՝ մարզագույքն է։ Հայ լեռնադահուկորդի դահուկները կոտրվել են Փհենչհանում հենց առաջին մարզման ժամանակ, և նա չի կարողանում մարզումներ անցկացնել։

ArmFootball.com-ի թղթակիցը զրուցեց Փհենչհանում գտնվող Աշոտ Կարապետյանի հետ․

«Անցած տարի՝ 17 տարեկան հասակում դարձա Հայաստանի չեմպիոն: Հավաքականում երեք դահուկորդ ենք: Այս մրցաշրջանի սկզբում մյուս երկու դահուկորդները ստանում են դահուկներ ու կոշիկներ, ես՝ ոչ: Նրանք գնում են Ավստրիա, մարզվում են, ես վիզայի հետ խնդիրների պատճառով չեմ կարողանում: Այնուհետև հարցերը լուծվում են, ես հավաքականի հետ մեկնում եմ Թուրքիա՝ մրցումների, որտեղ օլիմպիական միավորներ եմ վաստակում: Իրանում ևս օլիմպիական միավորներ եմ վաստակում, ընդ որում, ես քշում եմ հին դահուկներով: Այդ դահուկներն էլ 4 տարվա են, վերցրել եմ ընկերոջիցս»։

Պարզվում է՝ Աշոտը օլիմպիական քաղաք է հասել անմխիթար վիճակում գտնվող դահուկներով, բայց ֆեդերացիան վստահեցրել է, որ այնտեղ Աշոտի համար նոր դահուկներ կգնվեն և կկարողանա մարզվել, սակայն ինչ-ինչ պատճառներով դահուկները չկան․ «Ֆեդերացիան խոսք տվեց, որ տեղում կառնի: Իսկ հիմա՝ նրանք չեն պատվիրել, ու մեղադրում են օլիմպիական կոմիտեին: Բայց նրանք այստեղ ի՞նչ կապ ունեն, ինչու՞ ես պետք է դահուկ չունենամ: Հունվարի 21-ին պարզ է դառնում, որ օլիմպիական վարկանիշ եմ ձեռք բերել, բայց այդ մասին չեն հայտարարում, Փհենչհան՝ պատասխանատու անձնանց էլ չեն հայտնում: Գնում եմ՝ այստեղ, որպեսզի հագուստը վերցնեմ, տեսնում եմ՝ չկա հագուստ, որի վրա գրված է Հայաստան, ասում են՝ վերջին պահին են անունդ տվել, չենք հասցրել քո չափով հագուստ պատրաստել: Ես ունեմ հագուստ, հետս բերել եմ, բայց այստեղ տրամադրում են օլիմպիական խորհրդանշով հագուստ, իհարկե, ավելի գեղեցիկ կլինի այդ հագուստով հանդես գալ: Դահուկների զույգը, արժե 1000-1200 եվրո: Ֆեդերացիան մեղադրում է օլիմպիական կոմիտեին, բայց ես մրցաշրջանի սկզբից գույք չունեմ... »։

Աշոտը նշեց, որ նման վերաբերմունքը նորություն չէ․ «Արդեն քանի տարի է ֆեդերացիան ինձ այսպես է վերաբերվում: Հիմա օլիմպիական կոմիտեն պատվիրել է դահուկները՝ Ռուսաստանից, վաղը չէ մյուս օրը պետք է բերեն: Եթե հասցնեն, 6 օր կմնա մրցումներիս: Այդ 6 օրվա մեջ կհասցնեմ պատրաստվել, մասնակցել: Դժվար կլինի, բայց մի կերպ կկարողանամ: Բայց եթե ուշանա՝ մնա 3-4 օր, հետ կգամ, իմաստ չունի: Ո՛չ սարին եմ սովոր, ո՛չ դահուկներին: Ուզում էին, որ այստեղ ուրիշի դահուկներով քշեի, բայց չեմ պատրաստվում ուրիշի դահուկներով երկիր ներկայացնել: Արդեն չափազանց է: Անընդհատ ասում են՝ պատվիրել ենք, պատվիրել ենք, հեսա կտանք, հեսա կտանք: Ջարդած դահուկներով էլ օլիմպիական միավորներ վաստակեցի, Հայաստանի առաջնությունում հաղթեցի, այդքանից հետո էլ մտքներին չկա: Ես չեմ նեղվում, միշտ էլ քշելու եմ, միշտ էլ հաղթելու եմ իրենց»։

Աշոտ Կարապետյանը անդրադարձավ նաև դահուկային քսուքների թեմային, ինչը պակաս կարևոր չէ այս սպորտաձևում․ «Քսուք ես երբեք չեմ ունեցել, մեկ անգամ էին տվել, այն էլ չգիտեմ՝ ինչ էր: Ստիպված կլինենք դահուկները տալ ուրիշի, որպեսզի պատրաստի, օլիմպիական կոմիտեն գումար կտա դրա համար, խնդիր չի լինի»։

ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը ասաց, որ մարզագույքի խնդիր դահուկորդները չեն ունեցել․ «2017 թվականի փետրվարին ինքս անձամբ եմ հավաքականի 3 անդամներ Վազգեն Առաքելյանի, Հարություն Հարությունյանի և Աշոտ Կարապետյանի համար գնել դահուկներ»։

Նա նշեց, որ Աշոտի համար դահուկ ձեռք չբերելու միտում չկա․ «Նա մեր համաքաղաքացին է, մեր աչքի առաջ է մեծացել և մարզվել։ Մենք ուզում ենք երիտասարդների համար ճանապարհ բացել, օրինակ Արսեն Ներսիսյանը նույնպես վարկանիշային միավորներ ուներ, կարող էր մասնակցել, բայց տարիքով մեծ է, և մենք հնարավորություն տվեցինք Աշոտին»։

Այնուհետև Արթուր Հարությունյանը շեշտեց, որ Աշոտը աշխարհի չեմպիոն չէ, որ 5 զույգ դահուկով գնա օլիմպիական խաղեր, իսկ մեր այն հակադարձմանը, թե ինչ կապ ունի աշխարհի չեմպիոն լինելը նորմալ մարզագույք չունենալու հետ, վերջիվերջո մարզիկը երկրի դեմքն է և պետություն է ներկայացնում, ֆեդերացիայի նախագահը իրարամերժ պատասխաններ տվեց, ասելով որ այս պահին Աշոտի դահուկները նրա մոտ են, հետո ասեց որ մարզչի մոտ են և այդպես շարունակ։

Խոսելով քսուքներ մասին, նա ասաց, որ բոլորի քսուքները այսպես կոչված «վաքս-րումում» կան և Աշոտը դրանց խնդիրը չի ունենա։

Առաջին Ալիքի «Օրակարգ» լրատվականի հետ զրույցում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ասաց, որ դահուկները պատվիրված են եղել, սակայն ավստրիական ընկերությունը վերջին պահին հրաժարվել է առաքել այն Հարավային Կորեա։ Այս պահին Աշոտի համար գտել են դահուկներ Ռուսաստանում, և 2 օրից դրանք տեղում կլինեն։

Հուսանք՝ ամեն ինչ լավ ավարտ կունենա, և 18-ամյա մարզիկը, այնուամենայնիվ, կկարողանա հանդես գալ Փհենչհանում, սակայն հարցերը մնում են, քանի որ պատասխանատու անձիք այդպես էլ չեն կարողանում նորմալ պատասխան տալ հստակ դրված հարցերին՝

1․ Ինչու՞ 4-5 ամիս առաջ չեն պատվիրվել դահուկներ (անկախ նրանից՝ ով կներկայացներ Հայաստանը օլ․ խաղերում)։

2․ Ի՞նչ պատճառներով է ավստրիական ֆիրման հրաժարվել առաքել դահուկները Հարավային Կորեա։

3․ Ինչու՞ է հայ մարզիկը հայտնվել նման իրավիճակում և ինչո՞ւ պատասխանատուները ժամանակին չեն հոգացել , որ նման ֆորս մաժորային իրավիճակներ չստեղծվեն։

4. Պատահականությու՞ն է արդյոք այն, որ Աշոտ Կարապետյանի հիմնական մրցակիցը Հայաստանում հանդիսանում է Հարություն Հարությունյանը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանի որդին և ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանի եղբորորդին, և օլիմպիական խաղեր մեկնելուն հիմնական մրցակցությունը հենց այս երկու մարզիկների միջև էր:

Վերջին հարցին Արթուր Հարությունյանը, ով նաև Ծաղկաձորի քաղաքապետն է, ՀՀԿ անդամ, Yerkir.am-ի հետ զրույցում կցկտուր պատասխան է տալիս, չմոռանալով շեշտել, որ իր եղբորորդին ավելի լավ միավորներ ուներ, քան Կարապետյանը: ArmFootball.com-ի տված նույն հարցին Հարությունյանն ասում է, որ  երկու մարզիկներն էլ հավասար միավորներ են ունեցել, հաջորդ հարցին էլ՝ թե այդ դեպքում ինչպես է օլիմպիական խաղեր մեկնել Կարապետյանը, ֆեդերացիայի նախագահն ասում է, որ ամեն դեպքում, վերջինս 4 միավորով գերազանցում էր իր եղբորորդուն (իրականում տարբերությունը 6 միավոր է եղել): Ընդ որում, նա չի մոռանում մեղադրել մամուլին՝ իրավիճակը սրելու համար (վերջին ժամանակների թրենդն է՝ մեղադրի մամուլին բոլոր անհասկանալի իրավիճակներում), մինչդեռ եթե այս հարցը լուծվի, դա լինելու է միմիայն մամուլի բարձրացրած աղմուկի շնորհիվ: Իսկ գլխավոր մարզիչը խոստանում է ամեն ինչ բացատրել վեադառնալուց հետո:

Որպես հավելում ArmFootball.com-ին հայտնի դարձավ նաև որ Թուրքիա` վարկանիշային մրցաշարի դահուկորդները մեկնել են սեփական հաշվին։

Այսպիսի աղմուկ դահուկային սպորտի ֆեդերացիայի շուրջ առաջին անգամ չէ։ 2014 թ.-ին Սոչիի օլիմպիական խաղերում նորից նույն խնդիրն էր դահուկների և քսուքների հետ կապված։ Այս անգամ էլ այսպես: Միգուցե՝ իրավիճակը լուծվի, այն բանից հետո, երբ մամուլում մեծ աղմուկ բարձրացավ: Միգուցե հենց այդ պատճառով էլ Արթուր Հարությունյանը ամեն ինչում մեղադրում է մամուլին: Թե ո՞վ է պատասխան տալու նման անկազմակերպ և խառանշփոթ իրավիճակի համար դեռ բաց է մնում։ Հայաստանի օլիմպիական կոմիտեն խոստանում է նիստ հրավիրել պատվիրակության վերադարձից անմիջապես հետո...

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511