Որոնել
Արխիվ
15.01.2018  19:47

Նորբերտո Բրիասկո. Հայաստանի հավաքականի թեկնածու Արգենտինայից

Օրերս կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ շարունակվում են աշխատանքները արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին Հայաստանի հավաքականում ընդգրկելու ուղղությամբ: 

Բացի Դավիթ Յուրչենկոյից, այլ անուններ չհնչեցին. Հայրապետյանը նշեց, որ դա կարող է խանգարել բանակցությունների գործընթացին: Սակայն, խոսքի մեջ, նշվեց այն մասին, որ ֆուտբոլիստներից մեկի հետ բանակցությունները կվերսկսվեն, երբ մոտ օրերս ազատ արձակվի արգենտինահայ գործարար Նորայ Նակիսը:

Նակիսը հայտնի անուն է թե՛ արգենտինական, թե՛ հայկական ֆուտբոլային հասարակությունում: Նա երկար տարիներ աշխատել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայում, հանդիսանում է «Դեպորտիվո Արմենիո» ակումբի նախագահը, հանրահայտ «Ինդեպենդիենտե» ակումբի փոխնախագահը: Մոտ երկու ամիս առաջ արգենտինական արդարադատությունը ձերբակալեց Նակիսին «Ինդեպենդիենտեի» խուլիգան երկրպագուների, մասնավորապես՝ նրանց առաջատար Պաբլո «Բեբոտե» Ալվարեսի հետ համագործակցելու համար: Վերջինս հայտնի է իր հանցավոր գործունեությամբ, մասնավորապես կասկածվել է Արգենտինա անօրինակ զենք ու զինամթերք ներկրելու մեջ: Վերջերս էլ Ալվարեսի հասցեից մահվան սպառնալիքներ են տեղացել թիմի նախկին գլխավոր մարզիչ Արիել Խոլանի հասցեին, ով հենց այդ պատճառով հրաժարական էր տվել:

Ինչևիցե, Հայրապետյանի խոսքերով Նակիսը շուտով պետք է ազատ արձակվի, և X ֆուտբոլիստի հետ բանակցությունները կշարունակվեն: Մենք էլ փորձենք լուծել խնդիրը, և գտնել անհայտ x-ը, առավել ևս, որ այն մեծ դժվարություն չի ներկայացնում:

Նորայ Նակիսը հաճախ է միջնորդ հանդիսացել ՀՖՖ-ի ու Հարավային Ամերիկայում հանդես եկող ֆուտբոլիստների բանակցությունների ժամանակ: Կապերը ՀՖՖ-ի հետ հաստատվել են վաղուց, դեռևս Սուրեն Աբրահամյանի նախագահության օրոք (միգուցե և ավելի վաղ): Ռուբեն Հայրապետյանի նախագահության օրոք այդ կապերն ավելի էին ամրացել: Հայկական ֆուտբոլի ավելի ստաժավոր երկրպագուները կհիշեն Ֆերնանդո Զաքարյանին, ով 2000թ.-ին դիտարկվում էր որպես Հայաստանի հավաքականի թեկնածու: 2002թ.-ին Նակիսի միջնորդությամբ «Արգենտինոս Խունիորսի» սանը հայտնվեց «Փյունիկում», նույնիսկ մասնակցեց ՉԼ-ի որակավորման փուլի «Տամպերեի» հետ լեգենդար դարձած դիմակայությանը և փոխարինման դուրս եկավ պատասխան խաղում: Նակիսի միջնորդությամբ ժամանակին «Փյունիկ» տեղափոխվեց նաև Մաուրո Գևգեոզյանը

Հասկանալի է, որ եթե բանակցություններում միջնորդ է հանդիսանում Նակիսը, ապա խոսքը Հարավային Ամերիկայում հանդես եկող ֆուտբոլիստի մասին է: Եվ, իհարկե, խոսքը Մաուրո Գևգեոզյանի մասին չէ: Այս պարագայում թեկնածուներն այդքան էլ շատ չեն: «Յան»-ով վերջացող ազգանուններով ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հավակնել Հայաստանի հավաքականում հանդես գալուն, առաջին հայացքից չկան: Ուրուգվայի երիտասարդական հավաքականի հարձակվող Դիեգո Ռոսսին կամ Դիեգո Ռոսսի Մարաշյանը վերջերս տեղափոխվել է ԱՄՆ՝ նորաստեղծ «Լոս Անջելես ՖԱ», որը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու MLS-ում, և դժվար է հավատալ, որ երբևիցե կտեսնենք Հայաստանի հավաքականում: 

Սակայն, մայրացամաքից այն կողմ կա ևս մեկ հետաքրքիր ֆուտբոլիստ, որի ծառայություններով ՀՖՖ-ն կարող է հետաքրքրվել: Խոսքը արգենտինական «Ուրական» թեիմի հարձակվող Նորբերտո Բրիասկոյի մասին է: Բրիասկոյի լրիվ անունն է՝ Նորբերտո Ալեխանդրո Բրիասկո Բալեկյան: Հաշվի առնելով՝ արգենտինական անուն-ազգանունների առանձնահատկությունները, դժվար չէ հասկանալ, որ Բալեկյան ազգանունը ֆուտբոլիստին եկել է մոր կողմից: Եվ, որ ամենակարևորն է, արգենտինական մամուլում արդեն հիշատակում է եղել Բրիասկոյի նկատմամբ ՀՖՖ-ի հետաքրքրության մասին:

2017թ.-ի նախավերջին օրը Por Siempre Globo պարբերականի թղթակից Գվիդո Կրիստիանին թվիտերի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ՀՖՖ-ն հետաքրքրված է «Ուրականի» հաձակվող Նորբերտո Բրիասկոյի ծառայություններով: Հաշվի առնելով, որ Բրիասկոն նախկինում երբևիցե չի հրավիրվել Արգենտինայի պատանեկան կամ երիտասարդական հավաքականներ, նրա ընդգրկվելը Հայաստանի հավաքականում շատ ավելի իրատեսական է դառնում:

Բրիասկոն 21 տարեկան է, խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում, կարող է հանդես գալ նաև աջ եզրից՝ ինսայդի դիրքում: Ձախ ոտքով ուժեղ հարվածների է տիրապետում, կարողանում է լավ դիրք ընտրել մրցակցի տուգանային հրապարակում: Նախորդ մրցաշրջանում Արգենտինայի սուպերլիգայում մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ: Ընթացիկ առաջնության սկզբում հազվադեպ էր ընդգրկվում հայտացուցակում, սակայն նոյեմբերին, երբ գլխավոր մարզիչ Գուստավո Ալֆարոն (ժամանակին հենց Նակիսի միջնորդությամբ, դիտարկվում էր որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու) առաջին անգամ նրան ընդգրկեց մեկնարկային կազմում, Բրիասկոն դարձավ խաղի միակ գոլի հեղինակը: Այդ խաղից հետո, ֆուտբոլիստին կարծես հաջողվել է վերականգնե տեղը հիմնական կազմում: Երկու օր առաջ ընկերական խաղում նրա խփած գոլը հաղթանակ է պարգևել «Ուրականին» «Բանֆիլդի» դեմ խաղում:

«Ուրականի» նախկին տեխնիկական տնօրեն Ռիկարդո Կարուզո Լոմբարդին նկարագրում է Բրիասկոյին որպես համառ ֆուտբոլիստ, ով լավ ֆիզիկանան տվյալներ ունի: Նրա խոսքերով Նորբերտոն երբեք չի հանձնվում, պայքարում է յուրաքանչյուր գնդակի համար, լավ է համագործակցում թիմակիցների հետ և շատ լավ ապագա ունի: Մեկ բառով Լոմբարդին Բրիասկոյին անվանում է՝ տանկ:

Թիմակիցների խոսքերով Բրիասկոն շատ համեստ երիտասարդ է: Հարցազրույցներից մեկում ֆուտբոլիստին հարցրել են՝ արդյոք «Ուրականում» գրանցած հաջողություններից հետո պատրաստվում է ավտոմեքենա ձեռք բերել, թե շարունակելու է մարզումների գնալ տրանսպորտով, ինչին Նորբերտոն պատասխանել է. «Անկեղծ, այդ մասին չեմ մտածում: Եթե ստացվի, ստացվի, բայց այս պահին ավելի շատ մտածում եմ ծնողներիս օգնելու մասին, ովքեր վարկեր ունեն: Դա ինձ համար առաջնային է»:

2018թ.-ը Բրիասկոյի կարիերայում կարող է բեկումնային լինել: Նա պետք է կարողանա վերջնականապես ամրապնդվել «Ուրականի» մեկնարկային կազմում, մասնագետների կարծիքով, Նորբերտոն ամեն ինչ ունի դրա համար: Միգուցե տարվա ընթացքում Բրիասկոյին տեսնենք նաև Հայաստանի հավաքականի մարզաշապիկով, ինչը կարող է ֆուտբոլիստի համար նաև նոր հեռանկարներ բացել: Բայց այդ մասին դեռ շատ վաղ է խոսել:

Ռաֆայել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000