Որոնել
Արխիվ
11.01.2018  23:29

Ըմբշամարտ. Լևոն Ջուլֆալակյան. «Սամվել Կարապետյանի հրաժարականից հետո մենք խնդիրների առջև կանգնեցինք»

Հինգշաբթի օրը կայացել է ըմբշամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստ, որտեղ քննարկվել են 2018 թվականի ծրագրերը: Ֆեդերացիայի նախագահության անդամներն ու մարզիչները ցանկություն հայտնեցին նիստից հետո հանդիպել լրագրողների հետ՝ պարզաբանելու օրերս մամուլում տեղ գտած որոշ հրապարակումներ, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հանդիպմանը ՀԸՖ նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանն ասաց. «Սա ըմբշամարտի պատասխանատուների նախաձեռնությունն է: Նրանք ցանկացան հանրությանը մեկնաբանել օրերս մամուլում տեղ գտած մտքերը, քանի որ դրանք սխալ ուղղությամբ են ընթանում: Մենք միշտ փորձել ենք և փորձելու ենք բարձր պահել մեր երկրի պատիվը միջազգային հարթակներում: Չի եղել մրցաշար, որից հպարտությամբ չվերադառնանք: Ընդհանուր հաշվարկով 2017 թվականին 25 մեդալ ենք ունեցել: Շատ ֆեդերացիաներ պարզապես կարող են երազել դրա կեսն ունենալու մասին»:

Հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի խոսքով ֆեդերացիայում եղել են որոշակի խնդիրներ, որոնք ստացել են իրենց լուծումները. «Ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Կարապետյանին շնորհակալ ենք կատարած աշխատանքի համար: Նրա հրաժարականից հետո՝ մայիսից, մենք խնդիրների առջև կանգնեցինք: Միայն պետական ֆինանսավորումը չէր բավականացնում հոգալ հավաքականների, ֆեդերացիայի ծախսերը: Այդ ժամանակ մեզ ձեռք մեկնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա շնորհիվ մենք կարողացանք ուսումնամարզական հավաքներ անցկացնել, պատշաճ կերպով մասնակցել աշխարհի առաջնությանը, որի արդյունքները բոլորը լավ գիտեն:

Յուրաքանչյուր ընտանիքում կարող են լինել խնդիրներ, ինչպես և մեր՝ ըմբշամարտի ընտանիքում: Բայց մենք ինքներս կարող ենք կարգավորել մեր ընտանիքի բոլոր խնդիրները: Օրերս հանդիպել ենք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկել ենք 2018 թվականի օրացուցային պլանը, խոսել շատ այլ հարցերի մասին: Ուրախալի է պարոն Ծառուկյանի պատասխանը մեզ: Նա ասաց, որ ըմբշամարտի ֆեդերացիան առ այսօր ֆինանսական խնդիրներ չի ունեցել, համոզված լինենք, որ նույն կերպով շարունակվելու է: Եվ, որ մեր հավաքականը լավագույններից է, պետք է ամեն ինչ անել նոր հաղթանակների համար»:

Ֆեդերացիայի փոխնախագահ Ռոբերտ Խաչատրյանը պարզաբանեց գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի «պաշտոնանկությունը»: Խաչատրյանը նշեց, որ Արայիկ Բաղդադյանն առողջական խնդիրներ ունի, որի պատճառով երկու-երեք ամսով բացակայելու է. «Այս ընթացքում ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Վաղինակ Գալուստյանը: Լրագրողներին խնդրում եմ՝ մեր ընտանիքի անվան շուրջ ինտրիգներ չփնտրել և չստեղծել»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000