Որոնել
Արխիվ
12.10.2017  12:41

Կրասիչ. «Պետք է պայքարենք յուրաքանչյուր գնդակի և միավորի համար»

«Բանանցի» սերբ կիսապաշտպան Օգնյեն Կրասիչն ընթացիկ մրցաշրջանում թիմի առանցքային խաղացողներից է:

«Բանանցի» պաշտոնական կայքի հետ զրույցում 29-ամյա ֆուտբոլիստը պատմել է, թե ինչպես է հարմարվում Հայաստանի առաջնությունը, հայ մասնագետներից ով է իր մասին դրական կարծիք հայտնել «Բանանց» տեղափոխվելուց առաջ, ինչպես նաև անդրադարձել է Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած Սերբիայի հավաքականին:

- Առաջին հերթին շնորհավորում ենք այն կապակցությամբ, որ Սերբիայի հավաքականն Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց: Որքա՞ն ուրախալի էր այդ իրադարձությունը քեզ համար: 

- Շնորհակալություն շնորհավորանքի համար: Իհարկե ուրախացա, հետևում եմ Սերբիայի հավաքականի ելույթներին և դիտում եմ բոլոր հանդիպումները: Հավաքականը մեծ ուրախություն պարգևեց ժողովրդին և անհամբերությամբ սպասում եմ Ռուսաստանում կայանալիք խաղերին:

- Սերբիայի ներկայիս հավաքականում կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց հետ երբևէ առնչվել ես ֆուտբոլային կարիերայիդ ընթացքում:

- Մի քանի ֆուտբոլիստների շատ լավ ճանաչում եմ, մի քանիսի հետ էլ խաղացել եմ: Ներկայումս «Սաութհեմփթոնում» հանդես եկող Դուշան Տադիչի հետ միասին խաղացել ենք «Վոյվոդինայում»: Նա շատ լավ տղա է ու շատ լավ ֆուտբոլիստ: Մեծ օգուտ է բերել Սերբիայի հավաքականին այս ընտրական փուլում: Ուրախ եմ, որ նա իրեն այդքան լավ է դրսևորել և այժմ ճանաչված է ողջ աշխարհում: 

- Իսկ ինչպիսի՞ն է քո կապը Սերբիայի հավաքականի հետ:

- Ես խաղացել եմ երիտասարդական հավաքականում ու կարծեմ մինչև 19 տարեկանների հավաքականն էր: Դա վաղուց էր և անկեղծ ասած արդեն լավ չեմ հիշում: 4-5 հանդիպում անցկացրել եմ որակավորման փուլում, բայց հաջորդ փուլ չանցանք և դրանով ամեն ինչ ավարտվեց;

- Անդրադառնանք «Բանանցին»: Ինչպե՞ս ես քեզ զգում այստեղ և արդյո՞ք լիովին հարմարվել ես թիմին:

- Այստեղ ամեն ինչ լավ է: Սկզբում անհանգստանում էի, թե ինչպիսին է լինելու կյանքը ֆուտբոլից դուրս, բայց հիմա ամեն ինչ լավ է: Թե՛ ղեկավարությունը և թե՛ «Բանանցի» մնացած բոլոր աշխատակիցները բարեհամբույր են, ամեն ինչ անում են, որպեսզի ֆուտբոլիստներս մեզ լավ զգանք: Թիմակիցների և մարզիչների հետ լավ հարաբերություններ ունեմ, ղեկավարությունն էլ մեզ միշտ աջակցում է, այնպես որ որևէ դժգոհություն չունեմ:

- Ի՞նչ կարող ես ասել Հայաստանի առաջնության մասին:

- Հայաստանի առաջնությունը մի փոքր տարբերվում է այն առաջնություններից, որտեղ հանդես եմ եկել: Թիմերը քիչ են և յուրաքանչյուրի հետ տարեկան մի քանի անգամ հանդիպում ես: Մնացած առումներով ամեն ինչ, կարծես, նորմալ է: Դեռևս լավ ծանոթ չեմ բոլոր թիմերին և ֆուտբոլիստներին, բայց կարծում եմ, որր «Բանանցը» կարող է պայքարել ամենաբարձր տեղերի համար: Տեսնենք, թե ինչպես կլինի: Շատ հանգամանքներ պետք է համընկնեն, որպեսզի հենց այդպես էլ ստացվի:

- Քո նախորդ հարցազրույցի վերնագիրն էր «Մեզ հաղթանակ է պետք»: Դա մրցաշրջանի մեկնարկում էր, երբ թիմը կարծես վատ չէր խաղում, սակայն հաղթել չէր հաջողվում: Հիմա ի՞նչ է պետք, երբ արդեն թիմը մի քանի հաղթանակ տարել է:

- Այո, այն ժամանակ ասել էի, որ մեզ հաղթանակ է պետք, քանի որ ֆուտբոլիստները մեծ ջանքեր էին թափում, մարզիչներն ամեն ինչ անում էին, որ սկսեինք հաղթել: Եվ եկավ այդ ժամանակը, մենք մի քանի անընդմեջ հաղթանակ տարանք: Թիմում վստահություն հայտնվեց, թիմն ուժեղացավ և դա լավ է: Հիմա պետք է շարունակել նույն ոգով, պետք է պայքարենք յուրաքանչյուր գնդակի և միավորի համար: Եվ միայն նման դեպքում հնարավոր կլինի հաջողություններ ակնկալել: Եվ հիմա յուրաքանչյուր խաղում պետք է դաշտ դուրս գանք՝ մտածելով, որ պետք է հաղթենք: 

- Ի՞նչ կասես անձամբ քո ելույթների մասին: Կարծես թե ամեն ինչ լավ է, բայց դեռևս գոլի հեղինակ չես դարձել: Դա մտահոգու՞մ է: 

- Ինչ վերաբերում է իմ ելույթներին, ապա կարծում եմ, որ նորմալ է, միայն ժամանակ է պետք թիմի խաղակցվածությունը բարելավելու համար: Վերջին երկու ամիսների ընթացքում շատ բան է փոխվել, նույնիսկ հիմա էլ փոփոխություններ կան, այնպես որ դեռ էլի է ժամանակ պետք: Թիմ կառուցելու համար մեկ-երկու տարի է պետք: Կարծում եմ, որ ձմեռային դադարից հետո էլ ավելի լավ կխաղանք: Ինչ վերաբերում է գոլին, այո մի քանի իրավիճակներում կարող էի գոլ խփել, բայց գլխավորն այն է, որ թիմը հաղթի, որպեսզի երկրպագուները, մարզիչներն ու ղեկավարությունը լիովին գոհ մնան մեր խաղից: Իսկ թե ով գոլ կխփի, ինձ համար ավելի քիչ կարևոր է: 

- Հանդես ես եկել Սերբիայի, Ղազախստանի և Ուզբեկստանի առաջնություններում: Կարո՞ղ ես համեմատել այդ առաջնությունները:

- Սերբիայում ֆուտբոլը ավելի տեխնիկապես հագեցած է: Ղազախստանի առաջնությունում առաջընթաց կա լեգեոներների շնորհիվ: Կարծեմ յուրաքանչյուր թիմում կարող է յոթ լեգեոներ խաղալ և կախված նրանից, թե ինչպիսի լեգեոներներ կհրավիրես, թիմն այդքան բարձր տեղերի համար կպայքարի: Այտնեղ նաև գերակայում է ֆիզիկական ֆուտբոլը: Ինչ վերաբերվում է Ուզբեկստանի առաջնությանը, ապա այնտեղ լավ թիմում էի հանդես գալիս և մենք գրեթե միշտ առավելություն ունեինք գնդակին տիրելու հարցում: Առաջնությունում կա 2-3 թիմ, որոնք միշտ պայքարում են առաջին տեղերի համար, իսկ մնացած թիմերը շատ ավելի թույլ են:

- Իսկ երբևէ հանդիպել ե՞ս հայ ֆուտբոլիստների քո կարիերայի ընթացքում:

- Այո, ղազախական «Տոբոլում» ինձ հետ միասին հանդես էր գալիս Կառլեն Մկրտչյանը, իսկ մարզիչն էր Վարդան Մինասյանը: Կառլեն Մկրտչյանի հետ ընկերներ ենք մնացել և մինչև հիմա շփվում ենք: Շատ շնորհալ եմ նրանից այն աջակցության համար, որը նա ցույց տվեց, երբ եկա Հայաստան: Ինչ վերաբերվում է Վարդան Մինասյանին, ապա նա շատ լավ և բարձրակարգ մարզիչ է, նրա հետ լավ հարաբերություններ ունեի և լավ աշխատում էինք միասին: Գիտեմ, որ տեղափոխությունիցս առաջ «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Վարդան Մինասյանից հարցրել է իմ մասին, և նա լավ խոսքեր է ասել: Նաև դրա շնորհիվ է, որ այստեղ եմ, ինչի համար նրան նույնպես շնորհակալություն եմ հայտնում:

- Եվ վերջում առաջիկա խաղի մասին: Մրցակցիը «Գանձասար-Կապանն» է: Ինչպե՞ս կարելի է հաջողության հասնել այդ խաղում: 

- «Գանձասարը» լավ թիմ է, որի կազմում կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են միայն հարց լուծել: Բայց կարծում եմ, որ հիմա մեր թիմն ավելի լավն է, և մենք պետք է դաշտ դուրս գանք և ցույց տանք դա: Տեսնենք, թե ինչպես կստացվի, բայց հուսով եմ, որ կհաղթենք:

ArmFootball.com



Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 9 20
2 Շիրակ
9 17
3 Բանանց
10 13
4 Գանձասար Կ
9 12
5 Արարատ
10 6
6
Փյունիկ
9
5
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511