Որոնել
Արխիվ
24.07.2017  15:58

Գևորգ Կասպարովը՝ «Ալաշկերտից» հեռանալու պատճառների ու «Գանձասար- Կապանում» իր հեռանկարների մասին

Օրերս «Ալաշկերտից» «Գանձասար-Կապան» տեղափոխված դարպասապահ Գևորգ Կասպարովը ArmFootball.com-ի հետ զրույցում պատմել է Հայստանի չեմպիոններից հեռանալու պատճառների մասին ու խոսել նոր ակումբում իր հեռանկարների մասին: 

- «Ալաշկերտի» հետ պայմանագիրդ խզելու նորության մեկնաբանություններում բազմաթիվ երկրպագուներ ափսոսանք են հայտնել: Ի՞նչ կասես այդ մասին:

- Սա ֆուտբոլ է, որտեղ ես կարևոր խաղացող եմ եղել թիմում։ Առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Սուրենիչին, մարզչական կազմին, գլխավոր մարզիչ՝ Խաշմանյանին, որ պրոֆեսսիոնալ և մարդկային խոսակցություն ունենալով, հասկացանք իրար։ Հատուկ շնորհակալ եմ ֆուտբոլիստներին, ու ամենալավ մաղթանքներս ուղղում եմ թիմին։ 2 անգամ չեմպիոն և 1 Սուպերգավաթ. դա փաստ է։ Շնորհակալություն բժշկական անձնակազմին, ադմինիստրատորին ևս, իրենց աշխատանքը բարեխիղճ ձևով կատարելու համար։

- «Ալաշկերտում» հատկապես ի՞նչն էր քեզ դուր գալիս:

- Լավ տղաներով, լավ ֆուտբոլիստներով հավաքված թիմ էր։ Հրաշալի ընկերներ ձեռք բերեցի։ - Լավ հիշողություններ ունեցել եմ։ Կարևորը՝ մարդկային ձևով հրաժեշտ տվեցինք։ Ֆուտբոլ է, ու գալիս է մի պահ, որ պետք է ճիշտ որոշում կայացնես։

- Շատերը կարծում են, թե թիմից հեռանալու հիմնական պատճառը՝ քեզ պահեստայինների նստարանին թողնելն էր...

- Այո, դա հիմնական պատճառն էր, որովհետև դա խորթ է ինձ համար։ Այդպես երկար տևել չէր կարող։

- Կարիերադ շարունակելու համար ինչո՞ւ ընտրեցիր հենց «Գանձասար Կապանը»:

- Մարդիկ կոնկրետ առաջարկ արեցին։ Իմանալով, որ լավ ակումբ եմ տեղափոխվում։

- Ի՞նչ կասես «Գանձասարի» վերաբերյալ:

- Լավ ֆուտբոլիստներ կան, ովքեր պայքարում են բարձր տեղ գրավելու համար։ Մարզիչները պատրաստված են։ Թիմին մասամբ ծանոոթ եմ։ Մի խոսքով՝ լավ թիմ է։ Չեմ կարծում, թե ապագայում կփոշմանեմ որոշմանս համար։ 

- Նոր թիմիդ կազմում կան ֆուտբոլիստներ, ում հետ նախկինում ևս հանդես ես եկել միևնույն թիմում՝ «Միկայում»։ Նրանց հետ քննարկե՞լ ես որոշումդ:

- Ոչ, ուղղակի ընդհանուր եմ խոսել։ Լսել էի, որ լավ կոլեկտիվ է ձևավորված։ Որոշ ժամանակ անց առաջարկ եղավ, և այն հետաքրքրեց ինձ։ Ֆուտբոլիստներ կան, որ ծանոթ են ինձ, քանի որ իրար հետ ենք խաղացել։ Ասեմ, որ թիմում կան լավ ֆուտբոլիստներ, սակայն ոչ ոքի չեմ առանձնացնի։

- Թիմի՝ նախորդ մրցաշրջանում 2-րդ տեղ գրավելն ազդեցություն ունեցա՞վ քո ընտրության ժամանակ:

- Ինչ խոսք, վերջին տարիներին «Գանձասարը» պայքարում է բարձր տեղերի համար։ Շատ կարևոր է, թե դու ուր ես գնում. դա էլ շարժառիթ է։

- Նոր թիմիդ հիմնական դարպասապահը Գրիգոր Մելիքսեթյանն էր, որը հավաքականի անդամ է։ Կարծիքդ՝ նրա հետ մրցակցության մասին:

- Դրական կարծիքի եմ։ Անցյալ մրցաշրջանում շատ լավ հանդես եկավ ու նորից հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական։ Առողջ մրցակցություն կլինի։

- Եթե նույն խնդիրը լինի, ինչ «Ալաշկերտում» էր...

- Չեմ կարծում, թե նույն խնդիրը կլինի։

- Ի՞նչ նպատակներ կան մոտակա մրցաշրջանի հետ կապված:

- Մեծ ակնկալիքներ ունեմ։ Ցանկանում եմ, որ անառիկ մնա մեր թիմի դարպասն ու տիտղոսներ նվաճենք թիմի հետ։

- Արդեն հետևել ես երեկ կայացած «Շիրակ» - «Գանձասար» ընկերական հանդիպմանը...

- Այո, նայել եմ խաղը։ Թիմն ուսումնամարզական հավաքի մեջ է։ Փորձարկումներն անհրաժեշտ էին մարզչական կազմին, որ տեսնեն, թե ինչ վիճակում է թիմը։ Ես այսօր երեկոյան եմ միացել մարզմանը։

- Ի՞նչ կասես Կապան քաղաքի մասին:

- Ես բարեկամներ ունեմ այնտեղ։ Լավ ու հարմարավետ քաղաք է։ Մարդիկ շատ են սիրում ֆուտբոլ։

- Եթե թիմը հանդես գար Կապանում՝ քեզ համար միևնո՞ւյն կլիներ.

- Այո, չնայած՝ ընտանիքիցս մի փոքր հեռու կլինեի, բայց սովոր եմ։ Ես 16 ժամ էլ եմ ավտոբուսով ճանապարհ գնացել։ Հոգնեցուցիչ է, բայց ինչ արած, պետք է պատրաստ լինես դրան։

- «Էսթեղլալի» խաղի ժամանակ, մի քանի իրանցի երկրպագուներ նշեցին, որ քեզ, քո խաղերով հանդերձ կարոտել են ու կցանկանային կրկին տեսնել Իրանի ակումբներից մեկի կազմում...

- Շատ հաճելի է, բայց այս պահին ոչինչ չեմ կարող ասել հարևան պետությունում հանդես եկող որևէ ֆուտբոլային ակումբ տեղափոխվելու մասին, քանի որ արդեն «Գանձասարի» ֆուտբոլիստ եմ:

- Ի՞նչ կասես ԲԱՏԷ-ի հետ պատասխան խաղում՝ երկրպագուների ցուցաբերած աննախադեպ աջակցության վերաբերյալ:

- Ֆանտաստիկ էր։ Չեմ հիշում վերջին տարիներին այդպիսի աջակցություն ակումբային ֆուտբոլում։ Շատ պարտավորեցնող է։ Ցավոք, առաջնությունում այդ աժիոտաժը չկա։

- Ոստիկանները, ֆեդերացիայի հորդորմամբ, հայտնում էին, որ երկրպագուներից պահանջեն հանել պաստառները։ Դրանից վայրկյաններ անց մրցակիցը հավասարեցրեց հաշիվը...

- Մենք խաղով էինք տարված։ Առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Մենք ֆուտբոլից ենք խոսում, մնացածը՝ չգիտեմ, ես չեմ տեսել, որ խոսեմ։ Սակայն տեղյակ եմ, որ ամբողջ աշխարհում ֆան-ակումբները միշտ էլ խնդիրներ են ունեցել ոստիկանների հետ։

 

Նելլի ՍԱՐԳՍՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000