Որոնել
Արխիվ
18.07.2017  00:20

Հանդիպման վայրը փոխել կարելի է. Մովսիսյանն ու Մխիթարյանը կհանդիպեն օվկիանոսից այն կողմ

Վերջին անգամ Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը միասին խաղադաշտում եղել են 2015թ.-ի հոկտեմբերին: Այդ օրը Հայաստանի հավաքականը Երևանում հանդիպում էր Ալբանիայի ընտրանու հետ: Թե ինչ եղավ հետո, գիտի ցանկացած հայ ֆուտբոլասեր:

Մոտ 2 տարի անց Մխիթարյանն ու Մովսիսյանը կարող են միաժամանակ լինել խաղադաշտում: Բայց այդ ամենը կլինի օվկիանոսից այն կողմ: «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս ամիսներ առաջ հայտարարեց ԱՄՆ-ով շրջագայության մասին, հայտարարեց նաև, որ շրջագայության ընթացքում Ժոզե Մոուրինյուի սաները ընկերական հանդիպում կանցկացնեն «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ: Հայ ֆուտբոլասերների համար այս խաղի գլխավոր ինտրիգը 2011-2014թթ.-ի իրենց սիրելի հավաքականի առաջատարների հանդիպումն է:

Գաղտնիք չէ, որ թե Մովսիսյանը, թե Մխիթարյանը սոցիալական ցանցերում ունեն էջեր, որոնց հետևում են իրենց մտերիմները, երբեմն՝ նաև իրենք՝ ֆուտբոլիստները: Կար ժամանակ, երբ երկու ֆուտբոլիստներն էլ ջանք չէին խնայում միմյանց շնորհավորելու կարևոր իրադարձությունների ժամանակ:

«Ուզում եմ շնորհավորել ազգային հավաքականում իմ խաղընկեր Հենրիխ Մխիթարյանին: Դորտմունդի «Բորուսսիայի» պես հզոր ակումբի հետ պայմանագիր կնքելու համար: Շնորհավո'ր, Հենո ջան: Հաջողություն եմ ցանկանում նոր մրցաշրջանում 10 համարի մարզաշապիկով խաղացող իմ ընկերոջը»:

«Շնորհավորում եմ, Յուրա ջան: Հիանալի հեթ-տրիկ էր»:

2013թ.-ի այս շնորհավորանքների տակ կարելի էր հանդիպել բազմաթիվ հիացական մեկնաբանություններ հավաքականի տղաների համերաշխության վերաբերյալ: Այդ օրվանից շատ ջրեր գնացին. Յուրային հավաքականում անվանեցին դավաճան, ինքն էլ հիմա խաղում է ԱՄՆ-ում, որտեղ իրեն ամեն ինչ ձեռնտու է: Հենոն նույն այդ հավաքականի միակ առաջատարն է, աշխարհի լավագույն ակումբներից մեկի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Չկան շնորհավորանքներ սոցիալական ցանցերում (թեև առիթները քիչ չէին), չկա նույնիսկ մեկ հիշատակում առավոտվա խաղի մասին:

Իսկ հայ ֆուտբոլասերները սպասելու են: Նրանք վաղուց Մխիթարյանին ու Մովսիսյանին չեն տեսել խաղադաշտում միասին, հնարավոր է՝ էլ երբեք էլ չտեսնեն: Ու նրանց հետաքրքրելու է ոչ թե հանդիպման հաշիվը, այլ թե ինչպես են միմյանց ողջունելու վաղեմի ընկերները: Եվ միգուցե այս խաղից հետո սոցիալական ցանցերում նորից հիացական մեկնաբանություններ թողնելու առիթներ լինեն: Իսկ միգուցե և ոչ...

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 13 27
2 Գանձասար Կ
13 20
3 Շիրակ
13 19
4 Բանանց
13 18
5 Փյունիկ
13 11
6
Արարատ
13 6
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511