Որոնել
Արխիվ
11.11.2009  16:30

Հենրիխ Մխիթարյան. «Կուռքս Զիդանն է, սիրածս թիմը`«Արսենալը»

Օգտվելով  Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնությունում  հայտարարված խաղադադարից, Հայաստանի  երիտասարդական հավաքականի առաջիկա  երկու հանդիպումներին նախապատրաստվող Դոնեցկի «Մետալուրգի» 20-ամյա կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանը հավաքը սկսվելուց երեք օր առաջ ժամանել էր Երևան` հարազատների ու ընկերների շրջապատում ավելի երկար ժամանակ անցկացնելու նպատակով: Մեր ֆուտբոլում, իրոք, մրցաշրջանի մեծ հայտնությունը դարձաղ շնորհալի երիտասարդ ֆուտբոլիստին ArmFootball.com-ի թղթակիցը հրավիրեց զրույցի:

- Ի՞նչ առաքելությամբ ես Երևանում և որքան կմնաս այստեղ:

- Երևան  եմ եկել նոյեմբերի 7-ի առավոտյան  և Դոնեցկ կվերադառնամ նոյեմբերի  18-ին: Այդ ընթացքում կնախապատրաստվեմ ու պետք է մասնակցեմ ՀՀ երիտասարդական ընտրանու նոյեմբերի 14-ին և 17-ին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Էստոնիայի և Իռլանդիայի հավաքականների հետ հանդիպումներին: Նոյեմբերի 7-8-ին տեղի ունենալիք Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են ու կանցկացվեն 2010-ի մարտի 24-ին: Ուկրաինայի առաջնությունում այս խաղադադարը պայմանավորված է նրանով, որ նոյեմբերի 14-ին և 18-ին երկրի ազգային ընտրանին Հունաստանի հավաքականի հետ աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգրի համար փլեյ-օֆի հանդիպումներ կունենա: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի առաջնության հերթական 14-րդ տուրում մեր թիմը`«Մետալուրգը», Կիևում կհյուրընկալվի «Արսենալին»:

- Վերջերս ինտերնետային տարբեր կայքերում համառորեն լուրեր էին շրջանառվում «Մետալուրգից» քո տեղափոխվելու մասին: Այդ լուրերը համապատասխանու՞մ են իրականությանը և իրոք որևէ ակումբից քեզ առաջարկ եղե՞լ է:

- Նման բան չկա, ես այդ մասին ոչ մի տեղեկություն չունեմ: Գործող պայմանագիր ունեմ «Մետալուրգի» հետ և այս թիմի խաղացողն եմ համարվում: Առայժմ որևէ տեղից կոնկրետ առաջարկ չունեմ: Համենայն դեպս ինձ հայտնի չէ: Եթե նման առաջարկ լինի և ակումբի ղեկավարները համաձայնության գան, ապա ես կտեղափոխվեմ տվյալ ակումբ: Սակայն դեռ նման խնդիր չկա: Գործակալներն են զբաղվում այդպիսի հարցերով: Իմ ողջ ուշադրությունը ներկայումս կենտրոնացած է «Մետալուրգի» հանդիպումների վրա:

- Դու «Մետալուրգում» քո հաջող ելույթների շնորհիվ այսօր դարձել ես Ուկրաինայի առաջնության ամենահեռանկարային երիտասարդ խաղացողներից մեկը և հայտնվել ես երկրպագուների ուշադրության կենտրոնում: Անսովոր չի՞ քեզ համար այդ վիճակը և դա չի՞ խանգարում արդյոք քո ելույթներին:

- Դա բարձրացնում է պատասխանատվությունս ու զգոնությունս, ստիպում միշտ կայուն խաղ ցուցադրել: Եթե երկրպագուները ինձ` որպես «Մետալուրգի» խաղացող հավատում ու սիրում են, ապա ես ջանում եմ իմ խաղով միշտ օգտակար լինել թիմին և ցուցադրածս խաղի որակով արդարացնել վստահությունը:

- Ուկրաինայի առաջնությունում արդեն հետևում է մնացել 12 տուր: Արդեն պարզ է, որ «Մետալուրգին» դժվար կլինի մրցակցել Դոնեցկի «Շախտյորի» և Կիևի «Դինամոյի»  հետ: Ինչպե՞ս են գնահատվում առաջնությունում «Մետալուրգի» 3-րդ տեղը գրավելու շանսերը և այս տարի ակումբի ղեկավարության կողմից կոնկրետ ի՞նչ խնդիր է դրված թիմի առջև:

- Այս տարի «Մետալուրգի» առաջին խնդիրը Եվրոլիգայի անդրանիկ խաղարկությունում խմբային մրցաշար հասնելն էր: Ցավոք չնայած մեծ ցանկությանն ու հավակնություններին այդ խնդիրը իրագործել չհաջողվեց: Վերջին խաղում 2:2 հաշվի ժամանակ ավելացված ժամանակի ավարտից 4 րոպե առաջ գոլ բաց թողեցինք ու ցավալիորեն դուրս մնացինք հետագա մրցապայքարից: Հիմա արդեն այդ մասին լիովին մոռացել են և պայքարում են առաջնությունում առնվազն 3-5-րդ տեղերը գրավելու համար, որպեսզի հաջորդ տարի նույնպես Եվրոլիգայի խաղարկությունում հանդես գալու իրավունք ունենանք:

- Դու Ուկրաինայի առաջնության քանի՞ հանդիպման ես մասնակցել:

- Մասնակցել եմ առաջնության բոլոր 12 հանդիպումներին, դարձել 5 գոլի հեղինակ: Եվրալիգայում էլ հանդես եմ եկել 6 խաղում, խփել 4 գնդակ: Միայն Ուկրաինայի գավաթի խաղարկության 3 խաղերին չեմ մասնակցել. մարզիչը ինձ հանգստանալու հնարավորություն էր տվել:

-«Մետալուրգի» գլխավոր մարզիչ, բուլղարացի Կոստովը ինչո՞վ է տարբերվում քեզ ծանոթ մարզիչներից:

- Կոստովը անշուշտ լավ մասնագետ է, սակայն իր գիտելիքներով առանձնապես չի տարբերվում մյուսներից: Այստեղ խնդիրը խաղացողների ճիշտ ընտրության մեջ է և այս առումով նա փոքր-ինչ ընտրության ավելի լայն հնարավորություն ունի, քանի որ «Մետալուրգում»  առավելապես բարձրակարգ խաղացողներ են ընդգրկված: Դա էլ թույլ է տալիս առավել բարձր արդյունքներ արձանագրել ու հաջող ելույթներ ունենալ:

- Եվ արդյո՞ք թիմում մեծ է մրցակցությունը, որ ահա ՀՀ ազգային հավաքականի քո թիմակից Արարատ Առաքելյանը հաճախ տեղ չի ունենում հիմնական կազմում:

- Իրոք թիմում մրցակցությունը շատ մեծ է ու այստեղ 24 ֆուտբոլիստ է հանդես գալիս: 5 խաղացող վնասվածք ունի, բայց աստիճանաբար ապաքինվում են ու շարք վերադառնում: Արարատի բախտը փոքր-ինչ չի բերում, սակայն հուսով ենք, որ առավել ջանադիր մարզվելու դեպքում Կոստովը ավելի շատ կվստահի նրան ու առավել հաճախակի ասպարեզ դուրս կբերի:

- Դու անցյալ տարի էլ փորձաշրջան ես անցել Լիոնի «Օլիմպիկում»: Որևէ տարբերություն զգացե՞լ ես «Լիոնի» և «Մետալուրգի» միջև: Այս առումով ֆրանսիակա՞ն, թե՞ ուկրաինական ֆուտբոլն է քեզ ավելի հոգեհարազատ:

- Չեմ կարող այստեղ հոգեհարազատություն նշել, քանի որ հնարավոր է տարբեր երկրներում լինեն ակումբներ, որոնք միանման ձևով են մտածում, միևնույն ոճով են խաղում: Այստեղ տարբերությունը թերևս այն է, որ «Լիոնը» հանդես է գալիս ավելի բարձրակարգ առաջնությունում, քան «Մետալուրգը»: Ըստ իս այս դեպքում տարբերությունը այնքան էլ մեծ չէ:

- Ո՞ր թիմում ես երազում խաղալ:

- Երազանքս «Արսենալն» է, սակայն երազանքների տարիքս անցնում է և ավելի իրատես լինելով պետք է աշխատեմ ցուցադրածս խաղով արժանանալ ու հասնել երազանքիս: Աստիճանաբար, կոնկրետ գործերով պետք է ձգտեմ հասնել երազանքիս:

- Դու հավանաբար հետևում էիր ՀՀ առաջնությանը և երևի տեղյակ էիր, որ երկար ժամանակ ՀՀ առաջնության 10 խաղում խփած 11 գոլի քո ցուցանիշը ոչ մեկին չէր հաջողվում գերազանցել:

- Իհարկե հետևում էի և նոյեմբերի 7-ին էլ «Փյունիկ»-«Միկա» հանդիպմանը ներկա էի: Ուրախ եմ նախկին թիմակիցներիս հաղթական նոտայով առաջնությունն ավարտելու համար: Հատկապես «Փյունիկի» տղաներին դժվար է գերազանցել իմ ցուցանիշը, քանի որ թիմում 3 օպտիմալ հարձակվող է փոխվել: Սկզբում կենտրոնական հարձակվողի դիրքում խաղում էր Գևորգ Ղազարյանը, հետո խաղաց Մարկոսը, իսկ վերջին խաղում էլ Ալբերտ Թադևոսյանը: Այդ փոփոխությունները թույլ չտվեցին գերազանցել իմ արդյունքը, չնայած տղաները ջանացին ու մոտեցան այդ ցուցանիշին: Ուրախ եմ իհարկե Արթուր Քոչարյանի համար, որ 15 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու:

- Դու նոյեմբերի 8-ին ներկա էիր հայրիկիդ` Համլետ Մխիթարյանի ավանդական հուշամրցաշարի փակման արարողությանը: Ի՞նչ կմաղթեիր այդ ստուգատեսին մասնակցող պատանի ֆուտբոլիստներին:

- Շնորհակալ եմ ՀՖՖ-ին և «Փյունիկ» ՖԱ-ին հուշամրցաշարի կազմակերպմանն աջակցելու համար: 2 շաբաթ տևած տարբեր մարզադպրոցների 1998 թ. ծնված պատանիների 10 թիմերի պայքարում հաղթեց ու փոխանցիկ գավաթին արժանացավ «Բանանց-3» թիմը: Հուսով եմ, որ պատանիների այս սերունդը, որ մարզումների ավելի հարմարավետ պայ մաններ ունի, լիովին կարդարացնի սպասելիքներն ու որակյալ ֆուտբոլիստներ դառնալով կջանա բարձր պահել հայկական ֆուտբոլի պատիվը միջազգային ասպարեզում:

- Ո՞վ է ֆուտբոլում քո կուռքը և ու՞մ ես ցանկանում նմանվել:

- Ինձ համար նման չափանիշ է Զինեդին Զիդանը, որին համարում եմ համաշխարհային ֆուտբոլի լավագույն աստղերից մեկը: Նա իր ողջ մարզական կարիերայի ժամանակ փայլել է միշտ բարձր վարպետությամբ ու կայուն խաղով, յուրահատուկ է եղել նաև այն առումով, որ թիմի լիդերն է եղել:

- Ի՞նչ ակնկալիքներ ունես ՀՀ երիտասարդական ընտրանու Էստոնիայի և Իռլանդիայի հավաքականների հետ խաղերից:

- Մեծ ներուժ ունեցող մեր երիտասարդական հավաքականը ընտրական մրցաշարում անհաջող է մեկնարկել և 4 խաղից հետո առայժմ իր ակտիվում ոչ մի միավոր չունի: Պաշտպանության օղակում եղած խնդիրները կարգավորելու դեպքում կարծում եմ մեր ընտրանին ի զորու է սեփական հարկի տակ կայանալիք այս 2 խաղից առնվազն 4 միավոր վաստակել ու փոքր-ինչ շտկել մրցաշարային վիճակը: Ամեն դեպքում այս 2 հանդիպումները վճռորոշ նշանակություն կունենան և դրանից հետո պարզ կդառնա` կմնա՞ն արդյոք շանսեր խմբում 2-րդ տեղ գրավելու համար, թե` ոչ:

  


ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ