Որոնել
Արխիվ
18.01.2017  18:50

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է հիմնադրման 25-ամյակը

25 տարի առաջ այս օրը՝ հունվարի 18-ին, հիմնադրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: ՀՖՖ առաջին նախագահ դարձավ Նիկոլայ Ղազարյանը: Նույն թվականին ՀՖՖ-ն անդամագրվեց ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին:

1992 թ. սկսեցին անցկացվել անկախ Հայաստանի առաջնությունը և Գավաթի խաղարկությունը: Հայաստանի առաջին գավաթակիր դարձավ Աբովյանի «Բանանցը», իսկ չեմպիոնական կոչումը նվաճեցին վերջնագիծը հավասար միավորներով հատած 2 թիմեր՝ «ՀՄԸՄ»-ն և «Շիրակը»: 

Հենց 1992 թ. ձևավորվեց նաև Հայաստանի ազգային հավաքականը, որի գլխավոր մարզիչ նշանակվեց Էդուարդ Մարգարովը: 1992 թ. հոկտեմբերի 14-ին Հայաստանի նորաստեղծ հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումը` ընկերական խաղում մրցելով Մոլդովայի հավաքականի հետ: Այդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի`0:0:

Առաջին ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց Հայաստանի հավաքականի կազմում, դարձավ Արսեն Ավետիսյանը` 1994 թ. հուլիսի 16-ին ընկերական խաղում գրավելով Մալթայի հավաքականի դարպասը: 

1994 թ. Սեպտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականն անցկացրեց իր առաջին պաշտոնական հանդիպումը` Եվրո-96-ի ընտրական փուլի շրջանակներում մրցելով Բելգիայի հավաքականի հետ:

Բրյուսելում տեղի ունեցած խաղում մեր ընտրանին պարտվեց 0-2 հաշվով, իսկ պաշտոնական խաղերում մեր դարպասը խփած առաջին գոլի հեղինակը դարձավ Երվանդ Կրբաշյանը` գրավելով սեփական դարպասը:

Հայաստանի հավաքականի առաջին գնդակը պաշտոնական խաղերում խփեց Ռազմիկ Գրիգորյանը՝ 1995 թ. մայիսի 10-ին գրավելով ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականի դարպասը: Ընդհանուր առմամբ, ՀՖՖ գոյության 25 տարվա ընթացքում Հայաստանի հավաքականում, աշխատել են 16 մարզիչներ և հանդես են եկել 182 ֆուտբոլիստներ: Ամենից շատ՝ 132 հանդիպում անցկացրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը, իսկ ամենից շատ՝ 19 գոլ հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000