Ռիո-2016. Օր14. Բոլտ` «թրիփլ-թրիփլ». 14-րդ օրվա ամփոփումը (VIDEO)
31-րդ ամառային օլիմպիական խաղերի 14-րդ օրը մեդալների 22 հավաքածու խաղարկվեց: Օրվա կենտրոնական իրադարձությունները կանանց ու տղամարդկանց 4x100 փոխանցումավազքերն էին: Կանանց պայքարում ԱՄՆ հավաքականը բոլորից արագ հաղթահարեց մրցատարածությունը` իրենից հետ թողնելով Ճամայկայի ու Մեծ Բրիտանիայի հավաքականներին: Իսկ տղամարդկանց փոխանցումավազքում կրկին իրենց հավասարը չունեին ճամայկացիները: Ասաֆա Փաուելը, Յոհան Բլեյքն ու Նիկել Էշմեյդը կարողացան փոքր առավելություն ապահովել վերջին մրցափուլում վազող Ուսեյն Բոլտի համար, որն էլ վստահ տարավ իր թիմին դեպի հաղթանակը: Բոլտը նվաճեց իր 9-րդ օլիմպիական ոսկին, ընդ որում, վերջին երեք օլիմպիական խաղերին նա հաղթել է բոլոր մրցաձևերում, որտեղ հանդես է եկել` 100մ, 200մ, 4x100 փոխանցումավազք:
14-րդ օրը նաև տեղի ունեցան մի քանի խաղային մարզաձևերի եզրափակիչներն ու կիսաեզրափակիչները: ԱՄՆ-ի ջրագնդակի կանանց հավաքականը եզրափակչում 12-5 հաշվով պարտության մատնեց Իտալիային ու երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց օլիմպիական չեմպիոն: Երկու դեպքում էլ ԱՄՆ-ի հավաքականի ղեկին կանգնած է եղել Ադամ Գրիգորյանը:
Կանանց խոտի հոկեյի եզրափակչում Մեծ Բրիտանիան ու Հոլանդիան ստիպված էին դիմել հետխաղյա բուլիտների: Ավելի դիպուկ գտնվեցին բրիտանուհիները:
Օլիմպիական խաղերի կանանց ֆուտբոլի եզրափակչի պատմության մեջ առաջին անգամ հանդիպեցին երկու եվրոպական հավաքականներ` Գերմանիան ու Շվեդիան: Բոլոր գոլերը խփվեցին երկրորդ կեսում: Նախ գերմանուհիները երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, հետո շվեդուհիները կրճատեցին հաշիվը, սակայն դա բավարար չէր: Գերմանուհիները իրենց պատմության մեջ առաջին անգամ դարձան օլիմպիական խաղերի ֆուտբոլի չեմպիոն: Երրորդ տեղի համար պայքարում Կանադան հաղթեց տանտերերի ընտրանուն:
Բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակչում ԱՄՆ հավաքականը ուժեղ գտնվեց Իսպանիայից, իսկ Սերբիան ջախջախեց Ավստրալիային, որին պարտվել էր խմբային փուլում:
Վոլեյբոլի մրցաշարում փայլուն հանդիպում անցկացրին Իտալիան ու ԱՄՆ-ը: Ամերիկացիները առաջին սեթում 7 միավորի առավելություն ունեին, սակայն իտալացիները կարողացան բեկել խաղի ընթացքն ու աստիճանաբար հավասարեցրին խաղն ու հաշիվը, սեթի վերջում էլ ավելի ամուր նյարդերի շնորհիվ հաղթանակ կորզեցին: Երկրորդ սեթը դասավորվեց ճիշտ հակառակ սցենարով. Իտալիան ուներ առավելություն, սակայն սեթի վերջում ամերիկացիների բլոկը սկսեց հրաշալի գործել, ինչի շնորհիվ նրանք հավասարեցրին հաշիվը` 1-1: Երրորդ սեթում ամերիկացիները պարզապես ջախջախեցին մրցակցին` 25-9: 4-րդ սեթում էլ ԱՄՆ-ը երկար ժամանակ առավելություն ուներ, հաղթում էր վերջնամասում 22-19 հաշվով, բայց երբ սկսեց մատուցել իտալացիների առաջատար Իվան Զայցևը, ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Իտալացիները 6 անընդմեջ միավոր վաստակեցին ու հաղթեցին սեթը 25-22 հաշվով: Վճռական 5-րդ սեթում էլ արդեն իտալացիները շանս չտվեցին մրցակցին` 15-9:
Եզրափակչում իտալացիները կհանդիպեն տանտերերի` Բրազիլիայի ընտրանուն, որը շատ վստահ հաղթանակ տարավ օլիմպիական գործող չեմպիոն Ռուսաստանի հավաքականի նկատմամբ` 3-0:
Մեդալային հաշվարկում առաջինն ԱՄՆ է` 38 ոսկե (ընդհանուր` 105) մեդալով: Մեծ Բրիտանիան ունի 24 ոսկե (ընդհանուր` 60), Չինաստանը` 22 ոսկե (ընդհանուր` 65) մեդալ: Գերմանիան 4-րդն է` 14 ոսկե մեդալով, Ռուսաստանը հետ է մնում մեկ ոսկիով, Ճապոնիան ունի 12 ոսկե մեդալ ու զբաղեցնում է 6-րդ տեղը: