Որոնել
Արխիվ
17.08.2016  16:12

Ռիո-2016. Օր11. Երկու չեմպիոն, բայց մեկ ոսկի

31-րդ ամառային օլիմպիական խաղերի 11-րդ օրը դարձավ ամենահաջողը Հայաստանի օլիմպիական պատմության ընթացքում:

Պայքարի մեջ մտան Հայաստանի 5 մարզիկ: Ու եթե հեռացատկորդ Ամալիյա Շարոյանը հանդես եկավ այնպես, ինչպես մեր մյուս աթլետները (տեսանյութ), այսինքն` իր լավագույն ցուցանիշից շատ ավելի վատ արդյունք ցույց տալով, ապա մյուս մարզիկները մտան մեդալների համար պայքարի մեջ: Եվ վերջապես տեղի ունեցավ այն, ինչին հայ մարզասերները սպասում էին ուղիղ 20 տարի: Օրվա սկզբում հունահռոմեական ոճի մեր երկու ըմբիշները մեկը մյուսի հետևից հաղթելով մրցակիցներին, դուրս եկան եզրափակիչ:

Միհրան Հարությունյան. հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 66 կգ քաշային կարգ (VIDEO)

Միհրան Հարությունյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից ու վստահ հաղթանակ տարավ եգիպտացու նկատմամբ: Իսկ հետո ստիպված եղավ գոտեմարտել երկու աշխարհի չեմպիոնների հետ: Քառորդ եզրափակչում Միհրանը կարողացավ ռևանշի հասնել 2013թ.-ի աշխարհի չեմպիոն կորեացի Ռյու Հան-Սուի նկատմամբ, որին մրցավարների բացահայտ կողմնակալությամբ պարտվել էր մեկ տարի առաջ աշխարհի առաջնության կիսաեզրափակչում: Եզրափակիչ դուրս գալու համար էլ Միհրանը հանդիպեց մինչև 71 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Ռասուլ Չունաևին ու փայլուն ոճով հաղթանակ տարավ:

Այդ գոտեմարտերում Միհրանը մշտապես ակտիվ էր, բայց յուրաքանչյուրում երկու անգամ զգուշացվեց պասիվության համար: Սակայն բոլոր դեպքերում մեր մարզիկը կարողացավ հաջող պաշտպանվել, իսկ երբ ինքը հնարավորություն ստացավ վերևից աշխատելու, կարողացավ օգտագործել իր շանսը:

Եզրափակչում Միհրանը հանդիպեց ևս մեկ աշխարհի չեմպիոնի` սերբ Դավոր Ստեֆանեկի: Մտավախություն կար, որ մրցավարները այդ գոտեմարտում կօգնեն ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչի հայրենակցին: Ցավոք, մտավախություններն իրականացան,բայց նույնիսկ ամենասարսափելի երազում անհնար էր պատկերացնել նման խայտառակ մրցավարություն: Միհրանն ամբողջ գոտեմարտի ընթացքում ակտիվ գոտեմարտում էր, բայց այդպես էլ պարտերում աշխատելու հնարավորություն չստացավ: Փոխարենը կարողացավ մեկ միավոր վաստակել կանգնած դիրքից: Իսկ ահա Ստեֆանեկը, ոչինչ չանելով, երկու անգամ վերևից աշխատելու հնարավորություն ստացավ: Եվ երկրորդ զգուշացումն էլ մրցավարները տվեցին Միհրանին գոտեմարտի ավարտից մոտ մեկ րոպե առաջ: Միհրանն ամեն ինչ արեց հաղթական միավորը վաստակելու համար, բայց մրցակիցը անընդհատ փակվելով թույլ չտվեց դա անել, և այդպես էլ ոչ մի անգամ չզգուշացվեց պասիվ մարտ վարելու համար:

Երբ Միհրանը բարձրացավ պատվո հարթակ արծաթե մեդաը ստանալու, նրա փոխարեն խոսեցին իր արցունքները: Մարզիկն ամեն ինչ ներդնում է այս ընթացքում, պատրաստվում է, գնում է դեպի իր երազանքը: Հանուն դրա զոհում է իր առողջությունը (Միհրանը ձեռքի վնասվածք ունի, և պետք է վիրահատության ենթարկվեր, սակայն օլիմպիական խաղերին մասնակցելու համար հետաձգել էր ու հանդես էր գալիս ցավազրկողներով), ամեն ինչ անում է, որպեսզի հասնի օլիմպիական ոսկուն և մի քանի փողկապով անձնավորություններ սկսում են խաղալ նրա ճակատագրի հետ: Միհրանը այս առաջնությունում բացահայտ ուժեղ էր բոլորից, զգացվում էր, որ պատրաստության մակարդակը շատ բարձր է: Բայց այս մարզաձևում այդպես է: Դու կարող է 10 գլուխ էլ բարձր լինես, սակայն եթե Լալովիչը կամ Միխայիլ Մամիաշվիլին (Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը, միջազգային ֆեդերացիայի մրցավարական կորպուսի ղեկավարը) չցանկացան, ոչնչի չես կարող հասնել: Եթե չկարողանան այդ ամենը «տակից» անել, ապա կանեն բացահայտ, առանց ամաչելու: Իրենց մարզիկներն էլ կվայելեն այդ հաղթանակը, կարծես ոչինչ չի եղել, ինչպես սերբ նորընծա «չեմպիոնը»: Իսկ հետո, երբ ըմբշամարտը կանգնում է օլիմպիական խաղերից դուրս մնալու եզրին, չեն հասկանում, թե ինչու: Համաշխարհային դավադրություններ են որոնում իրենց դեմ` չնայելով, որ իրենց կեղտոտ արարքներն են բերում դրան:

Միհրանը շատ լավ հասկանում էր, որ այժմ գտնվում է մարզիկի համար իդեալական տարիքում (27 տարեկան), որ այս տարիքում կարող է ֆիզիկական հրաշալի վիճակում լինել, իսկ 4 տարի անց չես կարող իմանալ ինչ կլինի, և ամեն ինչ դրել էր այս խաղերում հաղթելու համար: Ու հասկանալի են նրա խոսքերն այն մասին, որ այս ամենն աղբ է, ու ինքը չի էլ ուզում լսել, ոչ սպորտի, ոչ օլիմպիական մեդալների մասին: Այսպիսի մրցավարությունը կարող է կոտրել նույնիսկ ամենաուժեղ մարզիկներին: Մենք կարող ենք ասել, որ նա մեզ համար չեմպիոն է, և իսկապես, դա այդպես է, բայց դժվար թե մխիթարանք լինի մարզիկի համար: Ավելի ցավալի է այն, որ ոչինչ անել էլ չես կարող: Տարեց տարի նման բաներ են տեղի ունենում, նաև մեր մարզիկների հետ, բայց բացի բողոքարկումից ուրիշ ոչինչ չի լինում: Մեր մարզաշխարհի ղեկավարների կողմից չկա լուրջ աշխատանք նման անարդարությունների դեմ պայքարելու համար: Միայն խոստումներ, որ «այս անգամ մրցավարները լավ կդատեն»: Տեսնում ենք…

Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ. մինչև 98 կգ քաշային կարգ (VIDEO)

4 տարի առաջ, երբ Արթուր Ալեքսանյանը կանգնած էր Լոնդոնի օլիմպիական խաղերի պատվո հարթակի երրորդ հորիզոնականին, նրա հայացքում գրված էր, որ առաջիկա տարիների միակ նպատակը ոսկու հետևից վերադառնալն է: Այս 4 տարիների ընթացքում Արթուրը ավելի ամրացավ, ավելի փորձառու դարձավ, հոգեբանորեն կոփվեց: Եվ Ռիո դե Ժանեյրոյում նրան արդեն ոչինչ չէր կարող կանգնեցնել: Եթե օլիմպիական խաղերից առաջ հարցնեին, թե հայ մարզիկներից ով կլինի ոսկու գլխավոր ֆավորիտը, ապա բոլորը կտային Արթուր Ալեքսանյանի անունը:

Արթուրն իր քաշային կարգում անհերքելի առաջին համարն է ու հաղթողի բացահայտ ֆավորիտը: Բայց ֆավորիտ լինելը քիչ է, պետք է նաև արդարացնել ավանսները: Կարելի է ասել, Արթուրի համար այս խաղերում բոլոր մրցակիցներն էլ հեշտ էին, բայց դա ոչ թե այն պատճառով, որ թույլ էին, այլ այն պատճառով, որ ինքը` մարզիկը չափազանց ուժեղ է մյուսների համար: Միայն պետք էր չթերագնահատել մրցակիցներին և ուշադիր գոտեմարտել, ինչն էլ Արթուրը փայլուն կատարեց:

Արթուր Ալեքսանյանը դարձավ Անկախ Հայաստանի երկրորդ օլիմպիական չեմպիոնը: Դարձավ Հայաստանը ներկայացնող առաջին մարզիկը, ով մեդալ է նվաճել երկու տարբեր օլիմպիական խաղերում: Եվ նա ընդամենը 24 տարեկան է…

Գոռ Մինասյան, ծանրամարտ, գերծանր քաշային կարգ (VIDEO)
Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ, գերծանր քաշային կարգ (VIDEO)

Ըստ նախնական վերլուծությունների ոսկու համար պայքարը պետք է ընթանար վրացի Լաշա Թալախաձեի ու իրանցի Բեհդադ Սալիմիկորդոսիաբիի միջև, իսկ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը մեկ այլ վրացի Իրակլի Թուրմանիձեի հետ պետք է պայքարեին բրոնզե մեդալի համար: Պոկում վարժությունն էլ դա հաստատեց, Թալախաձեն ու Կորդոսիաբին իրար հետևից ռեկորդային քաշեր պատվիրելով ու բարձրացնելով ավարտեցին պայքարը պոկումում:

Գոռ Մինասյանը պոկում վարժությունում փայլուն հանդես եկավ` բարձրացնելով 210 կգ ու գրանցելով նոր անձնական ռեկորդ: Ռուբեն Ալեքսանյանը նրան զիջեց 15 կգ-ով: Սակայն հրում վարժությունում Գոռը բավարարվեց 241 կգ արդյունքով, և դա հնարավորություն տվեց մրցակիցներին գրոհել նրա երկամարտի արդյունքը: Բայց ոչ միայն մրցակիցները չկարողացան դա անել, այլև իրանցի մարզիկն էլ անսպասելիորեն ձախողվեց ու «0» ստացավ հրում վարժությունում: Արդյունքում, Գոռ Մինասյանը բարձրացավ երկրորդ հորիզոնական, իսկ Ռուբեն Ալեքսանյանը` 4-րդ: Ցավոք, Ռուբենը չկարողացավ երկու փորձից ֆիքսել 254 կգ-ոց ծանրաձողը և բարձրանալ երրորդ հորիզոնական: Վերջին տարիներին անհաջողություններն ու վնասվածքները հետապնդում են Ալեքսանյանին, ու սա հրաշալի փոխհատուցում կլիներ դրա համար, բայց չստացվեց: Իսկ Գոռ Մինասյանը դարձավ արծաթե մեդալակիր ու նաև ուրախացրեց բարձրացրած կիլոգրամներով: Եթե Գոռը շարունակի ավելացնել նման տեմպերով, ապա հաստատ կամրապնդվի ամենահեղինակավոր քաշային կարգի առաջատարների թվում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000