Որոնել
Արխիվ
09.08.2016  09:59

Ռիո-2016. Օր4. Սպասվող իրադարձությունները

31-րդ ամառային օլիմպիական խաղերի 4-րդ օրը կխաղարկվեն մեդալների հերթական 15 հավաքածուները: Հայաստանն այսօր ներկայացուցիչներ չունի:

Նախորդ օրերի պես մեդալների 4 հավաքածու կխաղարկեն լողորդները: Կանանց 200մ ազատ ոճի կիսաեզրափակչում շվեդուհի Սառա Շյոստրյոմը, ով այստեղ արդեն հաղթել է 100 բատերֆլյայ մրցատարածությունում (համաշխարհային նոր ռեկորդով), գերազանցեց Քեթի Լեդեքիին, ով մեկ օր առաջ լավագույնն էր ճանաչվել 400մ ազատ ոճ մրցատարածությունում (համաշխարհային նոր ռեկորդով): Այնպես որ եզրափակչում հետաքրքիր պայքար կծավալվի երկու ռեկորդակիրների միջև: Նրանցից կփորձի հետ չմնալ Պեկինի խաղերի կրկնակի չեմպիոն, այս մրցատարածության աշխարհի ռեկորդակիր Ֆեդերիկա Պելեգրինին, ով կիսաեզրափակչում ցույց տվեց երրորդ արդյունքը:

Տղամարդկանց 200մ բատերֆլյայ մրցատարածությունում օլիմպիական 20-րդ ոսկու հետևից կգնա Մայքլ Ֆելփսը: Նրան կփորձեն խանգարել երկու հունգարացիներ` Լասլո Չեխը, ով ունի մրցաշրջանի լավագույն արդյունքը, և Տամաշ Կենդերեշին, ով լավագույն արդյունքը ցույց տվեց կիսաեզրափակչում: Չպետք է մոռանալ նաև այս մրցատարածության գործող օլիմպիական չեմպիոն Չադ լե Կլոյի մասին, ով այստեղ արդեն մեկ արծաթե մեդալ է նվաճել: 4 տարի առաջ հենց հարավաֆրիկացին պարտության մատնեց Ֆելփսին իր սիրած մրցատարածությունում:

Կանանց 200մ կոմպլեքս լողում ֆավորիտը այս խաղերի կրկնակի չեմպիոն Կատինկա Հոսսուն է: Նրա հիմնական մրցակիցը ավստրալուհի Սյոբան-Մարի Օ'Քոնորն է: Վերջինս լավագույն արդյունքն ուներ կիսաեզրափակչում: Իսկ օրը կեզրափակվի տղամարդկանց 4X200 ազատ ոճի փոխանցումալողով: Ֆավորիտները երեքն են` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա: Մեծ հավանականությամբ հենց այդ երեք երկրների միջև էլ կբաժանվեն մեդալները:

Այսօր մեդալների առաջին հավաքածուն կխաղարկվի ձիասպորտում և թիավարությունում (կանոե): Հերթական երկու հավաքածուները կխաղարկվեն ձյուդոյում, ծանրամարտում, մեկական` ջրացատկում, սուսերամարտում և հրաձգությունում: Կանանց մարմնամարզությունում տեղի կունենա թիմային բազմամարտի եզրափակիչը: ԱՄՆ հավաքականը բացահայտ ֆավորիտ է, Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան, Գերմանիան, Ճապոնիան ու Հոլանդիան, ամենայն հավանականությամբ, կպայքարեն մյուս երկու մեդալների համար: Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես կգա Սեդա Թութխալյանը:

Բասկետբոլի տղամարդկանց մրցաշարում Իսպանիայի հավաքականը, որը մեկնարկում պարտվեց Խորվաթիային, կհանդիպի տանտերերի ընտրանուն: Խորվաթներն իրենց հերթին կխաղան Արգենտինայի հետ, Լիտվան կհանդիպի Նիգերիային:

Վոլեյբոլի մրցաշարում հետաքրքիր պայքար կծավալվի Իտալիա - ԱՄՆ ու Բրազիլիա - Կանադա խաղերում: Ֆուտբոլի կանանց մրցաշարում տեղի կունենան խմբային փուլի երրորդ տուրի խաղերը:

Թենիսի մրցաշարում իրենց հերթական հանդիպումները կանցկացնեն Էնդի Մարին, Ռաֆայել Նադալը, Սերենա Ուիլյամսը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000