Որոնել
Արխիվ
11.04.2016  19:17

Անհետևողականության և սեփական վարկանիշի մասին մտածելու արդյունքը. Պատանեկան հավաքականների ձախողումների պատճառը

Ժամանակը չհերիքեց, որ Բեռնար Շալանդի՝ հայկական ֆուտբոլի համակարգային զարգացման ծրագիրը կյանքի կոչվի, գոնե տա իր առաջին պտուղները:  Գուցե թույլ չտվեցին, կամ կողմերը հասկացան, որ դա նրա բանը չէ և շատ արագ հրաժարվեցին նրա ծառայություններից: 

Ամեն դեպքում խոսվեց հայկական ֆուտբոլի զարգացման նոր ու արդիական ճանապարհի մասին: Լսեցինք, բայց չտեսանք: Հնարավոր է՝ առաջին լուրջ փորձն էր, որը չստացվեց: Թվում էր՝ բոլորի կողմից ընկալելի և հասկանալի ծրագիրը կլինի շարունակական և դրանից չեն հրաժարվի շվեյցարացու հեռանալուց հետո: Չէ որ ոչինչ միանգամից չի լինում:  Չի բացառվում, որ ոլորտի պատասխանտուները չեն մտափոխվել, փորձեր անում են, բայց ինչ-որ դրանք չեն երևում, գուցե քողարկվա՞ծ են, կամ պարզապես անտեսանելի շատերի համար:

Մեր թիմերի ելույթները ցույց են տալիս՝ գրեթե ոչինչ չի փոխվել: Շարունակում ենք թարմացնել բաց թողած գոլերի և պարտությունների վիճակագրությունը: Ամենացավալին՝ ֆուտբոլիստների  մակարդակը չի բարձրանում:  Չխորանալով արդեն հնացած խնդիրների մեջ, որոնց մասին բազմիցս է նշվել մեր հրապարակումներում, ընդգծենք մի կարևոր փաստ:

Այն, որ ֆուտբոլիստների մակարդակը չի բարձրանում մեղավոր են, առաջին հերթին, մարզիչները, հետո միայն նրանց վստահողները: Պատանեկան և երիտասարդական հավաքականների հետ չեն աշխատել  հաշված հայ մասնագետներ, իսկ մնացածը որպես ձախողման հիմնական պատճառ հղում են արել ընտրության հնարավորություն չունենալուն, մինչդեռ  ընտրյալներն էլ տարիների ընթացքում գրեթե ոչնչի չեն հասել, ոմանք ընդհանրապես կորել են տեսադաշտից:

Սա անհետևողականության արդյունք է: Մարզչին վստահում են թիմ, ժամանակն անցնում է, բայց արդյունք չկա: Անբավարար արդյունքներից դժգոհ՝ որոշ ժամանակ անց հեռացնում են առանց բացատրություն պահանջելու: Օրինակ՝ ինչպես ստացվեց, որ թիմն ընդունելիս խոսում էիք հնարավոր հաջողությունների մասին, բայց արդյունքում տապալեցիք ելույթները և ամենակարևորը՝ խոստումնալից խաղացողները ձեր գլխավորությամբ ոչ միայն աճ չարձանագրեցին, հակառակը՝ ետ գնացին:

Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվության զգացում ունենա այս կամ այն աշխատանքին անցնելիս, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարզիչներին, որոնք գործ ունեն աճող սերունդի հետ:  Անկարողությունը, սեփական սխալները կոծկելով և չարդարացված պատճառաբանություններով հնարավոր չէ առաջ գնալ, էլ չենք խոսում լուրջ հաջողությունների հասնելու մասին:

Խաղացողների հետագա աճին խանգարում է նաև նրանց հետ տարվող ոչ ճիշտ աշխատանքը: Այստեղ մարզիչնրն ևս մեծ անելիք ունեն: Տաղանդավոր լինելը դեռ չի նշանակում, որ խաղացողը պատրաստ է մեծ ծանրաբեռնվածություն տանել: Շատ դեպքերում մարզիչները 0:0 փախցնելու համար և սեփական վարկանիշի մասին մտածելով խաղադաշտ են դուրս բերում ֆուտբոլիստների, որոնք դեռ անցումային շրջանում են, մկանները դեռ չեն հուսանցել, և նրանցից պահանջում են անհնարինը, մինչդեռ դա հղի է վատ հետևանքներով:

Անցումը պատանեկանից մեծահասակներ պետք է վերահսկվի խելացի և բանիմաց մասնագետների, բժիշկների և հոգեբանների կողմից: Անհրաժեշտության դեպքում օրինակներով պետք է ցույց տալ ցանկացած սխալի լուրջ հետևանքները, որ ապագայում ֆուտբոլիստներ չկորցնենք:

Որքանով է արդարացված նույն «Փյունիկի» քաղաքականությունը, երբ պատանի ֆուտբոլիստը, որն առաջին քայլերն է փորձում անել մեծ ֆուտբոլում մեկ մրցաշրջանի ընթացքում ստիպված է չափից դուրս շատ հանդիպումների մասնակցել՝ չհաշված մարզումները ինչպես ակումբի, այնպես էլ պատանեկան ու երիտասարդական հավաքականների կազմերում:  Վառ օրինակը էդգար Մանուչարյանն է, որը մինչ օրս տառապում է վնասվածքներից: Հովհաննես Հովհաննիսյանը այդպես էլ չկարողացավ վերադառնալ մեծ ֆուտբոլ, երիտասարդ տարիքում վնասվածքի պատճառով ստիպված էր ֆուտբոլը թողել Ալբերտ Թադևոսյանը: Ցանկը կարելի է երկար թվել:

Այս ամենի արդյունքում չունենք ֆուտբոլ խաղացող թիմեր: Տպավորություն է, կարծես, առանց մարզիչների էլ մեր թիմերը կարող են նույն ֆուտբոլը խաղալ, որն այսօր խաղում են: Ահավասիկ քիչ առաջ ավարտված Հայաստան Մ19 - Իսրայել Մ19 հանդիպումը, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով: Եվ սա այն պարագայում, երբ ՀՖՖ նախագահը մեկ անգամ չէ, որ խոսել է այն մասին, որ պատանեկան և երիտասարդական հավաքականների հիմնական խնդիրը ֆուտբոլիստներ մատակարարելն է ազգային ընտրանուն: Այսպե՞ս են ֆուտբոլիստներ պատրաստում… Կարծում ենք՝ ոչ, հետևաբար պետք է լուրջ հետևություններ անել, պատասխանել հարցերին (ո՞վ է պատրաստելու այդ ֆուտբոլիստներին, արդյո՞ք կարող է պատրաստել, ունի՞ այդ գիտելիքներն ու որակները, թե՝ ոչ), համոզվել, որ տվյալ մասնագետին կարելի է վստահել ֆուտբոլիստներ, որից հետո միայն առաջադրանքներ տալ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000