Որոնել
Արխիվ
23.03.2016  19:36

Մասնակցելու եմ հավաքականի կազմի ընտրությանը, ու որևէ մեկը բարոյական իրավունք չունի ինձ մեղադրելու այդ հարցում. Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը «Ֆուտբոլ+»-ին

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարցազրույց է տվել «Ֆուտբոլ+» շաբաթաթերթին ու անդրադարձել հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին: Ներկայացնում ենք հարցազրույցի կարևոր պահերը:

Չհրավիրված չորս ֆուտբոլիստների մասին 

Նախ ասեմ, որ Գևորգ Ղազարյանը չի մտնում այդ ֆուտբոլիստների մեջ և պետք է տարանջատել նշված երեքից: Նա հավաքական չի հրավիրվել ոչ թե այն պատճառով, որ ես չեմ ուզել, այլ նոր գլխավոր մարզչի որոշումն է, իսկ Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելը իմ պահանջն է, որ նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում: Ինչ վերաբերում է դավաճանությանը, ես չեմ ուզում մանրամասնել ու նորից անդրադառնալ: Ես անուն չեմ տվել, որևէ մեկին չեմ մեղադրել խաղ ծախելու մեջ: Բնականաբար, ես փաստեր չունեմ, բայց չեմ հանգստանալու և մինչև վերջ ձգտելու եմ ամեն ինչ ճշտել գոնե ինձ համար: Ռոբերտ Արզումանյանի, Յուրա Մովսիսյանի, Գևորգ Կասպարովի հավաքականում վերջին երկու տարիների ելույթները ձեր աչքի առջև են եղել: Թող մեկն ինձ ասի, որ Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանն այդ ընթացքում նվիրված պայքարել ու խաղացել են: Այո, ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զվարճանքի վայր է, որ գան ու զվարճանան: Հավաքականը պարտվում է 0-3 հաշվով, ֆուտբոլիստը նստում է ավտոբուս, ատամները բացում մինչև ականջները: Ինչի՞ համար է ուրախանում: Ես դա դավաճանություն եմ համարում: Դավաճանությունը միայն խաղ վաճառելը չէ: Դու գալիս ես հավաքական, տեղ ես զբաղեցնում, ասում ես պատրաստ ես, բայց չես խաղում: Լավ, եթե Յուրա Մովսիսյանի հարցում մենք ենք մեղավոր, բա Մոսկվայի «Սպարտակից» ինչու՞ հեռացրին: Բոլորդ էլ տեսել եք, նա ֆուտբո՞լ է խաղացել վերջին երկու տարում, իհարկե ոչ: Իսկ Ռոբերտ Արզումանյանի հարցազրույցները հայտարարությունները տալիս են ամեն ինչի պատասխանը: Նա այդ քայլերով մատնեց ինքն իրեն: Դրա համար ես չեմ ուզում անդրադառնալ այդ մարդկանց և ուզում եմ հայտարարել, որ քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, նրանք ոտք չեն դնելու հավաքական: Ինձ մեղադրում են, որ ես խառնվում եմ հավաքականի ներքին գործերին: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը համար մեկ պատասխանատուն է և պարտավոր է միջամտել հավաքականի գործերին: Եթե ես չմիջամտեմ, ո՞վ պետք է միջամտի: Այլ բան է, որ հավաքականի գորխերին չպետք է միջամտեն կողմնակի մարդիկ:

Դա նոր գիտություն չէ: Հավաքականի ելույթների համար առաջին հերթին պատասխանատու է ֆեդերացիայի նախագահը: Ես երբեք չեմ խուսափել պատասխանատվությունից և մեղքը գցել մարզիչների վրա: Ինչ խոսք, որ ես էլ ունեմ իմ մեղքը: Միգուցե սխալ ընտրություն եմ կատարել: Նորից նշեմ, որ առաջին պատասխանատուն ես եմ, հետո միայն գլխավոր մարզիչը: Մեր երկրպագուները եթե չեն ուզում հասկանալ, դա իրենց գործն է: Եվ ես թույլ չեմ տա, որ երկրպագուները խցկվեն հավաքականի գործերի մեջ ու պահանջեն, թե ով կլինի մարզիչը: Քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, ես եմ որոշելու և գործադիր մարմինը, թե ով կլինի մարզիչը և ովքեր պետք է խաղան: Ինչի՞ց են դժգոհում: Նոր մարզիչ է, առաջին ընկերական խաղն է: Եթե ինձնով լիներ, կան ֆուտբոլիստներ, որոնց ես չէի հրավիրի: Օրինակ` Վարազդատ Հարոյանը, իմ կարծիքով, պատրաստ չէ խաղալու հավաքականում, բայց մարզիչը հրավիրել է: Թույլ տվեք, որ նա շփվի խաղացողների հետ, պարզի` ով ինչ արժանիքներ ունի: Ընկերական խաղն ինչի՞ համար է: Մարզիչը կարող է հրավիրել 30-40 հոգու, վերջում էլ ընտրություն կկատարի, սեպտեմբերին ընդհանուր հայտարարի կգա և կորոշի` ովքեր են լինելու իր 24-25 խաղացողները: Ես խնդրում ու պահանջում եմ հանգիստ թողնել մարզչին: Նա պրոֆեսիոնալ մասնագետ է և իր գործը լավ գիտի: Միաժամանակ, նա այս ընկերական խաղերից շատ բան ունի հասկանալու հավաքականում: Մենք մայիսին ևս երկու ընկերական խաղ ենք անցկացնելու, կփորձենք ևս մեկ ընկերական խաղ կազմակերպել:

Կամո Հովհաննիսյանին չհրավիրելը մարզչի որոշումն է: Ես ասել եմ միայն երեք ֆուտբոլիստի անուն, որոնք չպետք է լինեն հավաքականում: Իսկ մնացածների հարցում որոշողն ինքն է: Սա պաշտոնական խաղ չէ, որ ես միջամտեմ:

«Գոլ «կերանք» Ռոբերտ Արզումանյանի մեղքով, Տարոն Ոսկանյանը սայթաքեց, բայց բոլորը Տարոնին մեղադրեցին և կոտրեցին նրան» 

Մարզիչը ցանկացել է տեսնել Կասպարովին, Արզումանյանին ու Մովսիսյանին, պարզապես ես եմ արգելել, որ նրանք ոտք դնեն հավաքական: Իհարկե, մարզիչը կուզենար այդ խաղացողներին, բայց սկսենք նրանից, որ Ռոբերտ Արզումանյանը հայտարարել է, որ ինքը հրաժարվում է հավաքականից, բայց ես դրանից 3 ամիս առաջ եմ ասել, որ նա հավաքականում չի լինելու:

Քանի՞ տարի և քանի՞ խաղում կարելի է նրանց շանս տալ: Հավաքականը փորձադաշտ չէ և նրա հետ չի կարելի խաղալ: Դանիայի հավաքականի հետ մրցավեճից հետո Յուրան ֆուտբոլ խաղացե՞լ է: Իհարկե ոչ: Նա նույնիսկ իր հնարավորությունների 10 տոկոսը չի օգտագործել: Ի՞նչ է, մե՞նք էլ պետք է ընկնենք ֆուտբոլասերների ազդեցության տակ, ոևոնք գոռում են «Յուրմինատոր» և փչացնում են ֆուտբոլիստներին: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հո հոգեկան հիվա՞նդ չէ: Ի՞նչ է ես պետք է իմ ամբիցիաների զո՞հը դառնամ: Լրագրողները, երկրպագուները, քանի՞ անգամ են քննադատել այդ ֆուտբոլիստների խաղին չնվիրվելու համար: Մենք գոլ «կերանք» Ռոբերտ Արզումանյանի մեղքով, Տարոն Ոսկանյանը սայթաքեց, բայց բոլորը Տարոնին մեղադրեցին և կոտրեցին նրան: Էդգար Մանուչարյանին կործանեցին մեր լրագրողներն ու ֆուտբոլասերները: Այո, մենք նրա պես տաղանդավոր ֆուտբոլիստ չենք ունեցել, բայց ինքը նվիրված չէր: Իհարկե, պատճառը նաև վնասվածքներն էին: Այո, եթե ինձնից լիներ, նա հավաքական չէր հրավիրվի: Ես անձամբ Մանուչարյանին ասել եմ, որ հիմա էլ վստահ չեմ, որ կարող է լավ խաղալ: Բայց մարզիչն է հրավիրել և դրա համար ինքն է ինձ պատասխան տալու:

Ես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն եմ, միշտ էլ լավատես եմ եղել և մաքսիմալիստ եմ: Այո, վստահում եմ և հավաքականի տղաներին և գլխավոր մարզչին ու կարծում եմ` մենք ունենալու ենք հաջողություններ: Համենայն դեպս, ես ֆուտբոլիստներից և մարզչից առավելագույնն եմ պահանջելու: Մեր խնդիրը պետք է լինի եզրափակիչ դուրս գալը: Մնացած տեղերն ինձ չեն հետաքրքրում: Ինձ համար նշանակություն չունի, թե դասակարգման ցուցակում ինչ դիրքում ենք: Քանի դեռ կենդանի ենք ուզում ենք մեր հավաքականին տեսնել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Մեր պահանջը դա է լինելու:

Խաղ ծախելու և դավաճանության մասին

Ես երբեք չեմ ասել, թե խաղը ծախել են: Ասել եմ, որ տեղի է ունեցել դավաճանություն: Դրանք տարբեր բաներ են: Համաձայն չեմ հարցի այն ձևակերպմանը, որ ես կոպիտ եմ: Ես պահանջկոտ եմ, այն էլ` խստապահանջ: Ես իմ և երեխաներիս նկատմամբ էլ եմ այդպես: Միգուցե ինձ ճիշտ չհասկանան, կամ կոպիտ հնչի: Մենք շփվում ենք մի մասսայի գետ, որի 90 տոկոսը գրագիտություն չունի: Նույնիսկ հայերեն այբուբենը չգիտեն: Ֆուտբոլիստը նաև ինտելեկտ պետք է ունենա, ինչպես Հենրիխ Մխիթարյանն է, ինչպես մեր լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին է: Երբ մի ֆուտբոլիստ գիրք է կարդում, իսկ մյուսները ծիծաղում են, դա շատ վատ է: Միգուցե իմ կոպտությունն ու կոշտությունը նման հարցերում ճիշտ են և օգտակար: Երբ ես ընտրվեցի ֆեդերացիայի նախագահ, չէի պատկերացնում, որ ֆուտբոլիստների հետ աշխատելն այդքան բարդ բան է: Գալիս է մի պահ, որ ինքս եմ հուսահատվում: Իսկ դուք ասում եք, ևս մեկ շանս տվեք Յուրա Մովսիսյանին: Հավաքականը ուսումնամարզական հավաք էր անցկացնում ակադեմիայում, մարզումների մեջ էր, իսկ ինքը օվկիանոսի ափից ֆեյսբուքով նկարներ էր ուղարկում, ու անամոթաբար գրում, որ հանգստանում է: Երբ ինքը եկավ, ես իրեն վռնդեցի և թույլ չտվեցի, որ ակադեմիա մտնի: Գնաց մարզչի մոտ և եկավ ու խնդրեց, որ այլևս նման բան չի անի: Արդյունքում ի՞նչ եղավ, արե՞ց, թե՞ չարեց: Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղից առաջ հավաքականը ծանրաբեռնված մարզվում էր: Նույն թվում և Ռոբերտ Արզումանյանը: Իսկ հանդիպումից 2-3 ժամ առաջ հրաժարվեց խաղալուց: Ի՞նչ է Ֆրանսիայի հավաքականի հետ նույնիսկ ընկերական խաղի մասնակցելը պատվից ցա՞ծր է: Ի՞նչ է, հավաքականն իրենց համար սիրողական ակու՞մբ է: Հավաքականը երկիր է, ժողովուրդն է, ոչ մեկ իրավունք չունի հավաքականի պատվի հետ խաղալու:

Բանն այն է, որ գալիս էին արտասահմանցի մարզիչները, հավաքականում կարգապահությունն ընկնում էր: Օրինակ, ես տեսնում էի, որ ուսումնամարզական հավաքի ժամանակ ֆուտբոլիստը կարտինգ է քշում, Շալանդին ասում էի, այս ի՞նչ է անում, պատասխանում էր, որ նա պրոֆեսիոնալ է: Երբ միջամտում էի, ինձ մեղադրում էին: Որոշեցի նույնիսկ բազա չգնալ: Հիմա այդպես չէ: Վարուժան Սուքիասյանի հետ մենք արդեն անհրաժեշտ կարգապահությունը սահմանել ենք:

Նորից ասեմ, որ ես մասնակցելու եմ հավաքականի կազմի ընտրության հարցում, ու որևէ մեկը բարոյական իրավունք չունի ինձ մեղադրելու այդ հարցում: Ինչ վերաբերում է «Փյունիկին», երբ մարդուն ուզում են վարկաբեկել կամ ինչ-որ պիտակ կպցնել, անընդհատ ին-որ բան գտնում են ու սկսում են շահարկել: Որևէ մեկը չի ուզում հասկանալ, թե «Փյունիկը» ինչ արժեք է: Եթե «Փյունիկը» չլիներ, այսօր ընդհանրապես չէր լինի հայկական ֆուտբոլը: Տեսեք, թե մեր բոլոր թիմերում և հավաքականներում ովքե՞ր են խաղում: Ո՞ր մեկն է ավելի ուժեղ եղել, քան «Փյունիկի» ֆուտբոլիստներ: Հիմա մարզիչը 17 տարեկան երեխայի է հրավիրել հավաքական, իսկ Կամո Հովհաննիսյանին չի ընդգրկել թիմ: Ես ի՞նչ կարող եմ անել: Բա որ հանկարծ «Փյունիկը» հանեմ առաջնությունից, ի՞նչ ենք անելու: Ամենևին ողբերգություն չէ, որ Կամոն չի հրավիրվել: Կամոն ֆանտաստիկ աշխատասիրության տեր անձնավորություն է, թող ձգտի լավ մարզավիճակ ձեռք բերեկ: Մինչև սեպտեմբեր դեռ ժամանակ կա: Նույնը վերաբերում է Գևորգ Ղազարյանին:

Նորեկների մասին

Բոլոր նորեկների հետ էլ հույսեր կապում եմ: Եվ ես համոզված եմ, որ նոր հրավիրվածներն ավելի նվիրված են խաղալու, քան նշվածները: Հնարավոր է, որ խաղային որակներով զիջեն, բայց մենք անզիջում պայքարի ականատես կլինենք: Հիշեք, Սերբիայի հավաքականի հետ խաղը, թե տղաներն ինչպիսի նվիրվածությամբ էին խաղում, երբ չկային այդ ֆուտբոլիստները (իրականում, Ռոբերտ Արզումանյանը այդ խաղին ոչ միայն մասնակցել է, այլև գոլի հեղինակ է դարձել - ArmFootball.com): 90 րոպեի ընթացքում մեկ վայրկյան չեն կանգնել: Հավաքականում կարգապահությունն էր ընկել:

«Պետրոս Ավետիսյանը կարող է դառնալ երկրորդ Մխիթարյան»

Պետրոս Ավետիսյանը տաղանդավոր ֆուտբոլիստ է, բայց կուզենայի, որ նա ունենար Հենրիխ Մխիթարյանի աշխատասիրությունն ու համառությունը: Այդ դեպքում, Պետրոսը կդառնա երկրորդ Հենրիխ Մխիթարյան: Իսկ եթե կամք ու համառություն չդրսևորի, ինքն էլ կլինի հայ շարքային մյուս ֆուտբոլիստների պես:

Մարզումների բաց ու փակ լինելու, հավաքականի գաղտնիքները հրապարակելու մասին

Ինչ վերաբերում է բաց և փակլինելու, ապա երիտասարդական հավաքականի հետ խաղը բաց էր, մարզումներից առնվազն մեկն էլ բաց է լինելու: Բացի այդ, ժողով եմ անելու տղաների հետ, ասելու եմ, որ այլևս ոչ մի գաղտնիք չի մնալու, և տեղում հրապարակելու եմ:

Լրագրող Վերա Մարտիրոսյանին չհավատարմագրելու մասին

Վերա Մարտիրոսյանը վերջին երկու տարիներին ապատեղեկատվություններ է տարածել, բացի այդ հրապարակել է հավաքականի 9 ֆուտբոլիստի ստորագրությամբ հայտարարությունը, որից 7 ֆուտբոլիստ տեղյակ չեն եղել: Այո, Ռոբերտ Արզումանյանն է զանգահարել այդ ֆուտբոլիստներին, նրանք էլ չհասկանալով ինչ են անում, այնուամենայնիվ, արել են:

Ի՞նչ է նշանակում` լրագրողը պատասխանատու չէ հարցազրույց տվողների ասածների համար: Իսկ լրագրողն ինձ հետ ճշտե՞լ է, որ իմ մասին նման բան է գրել: Վերան գրել է նաև, որ Յուրչենկոյի հարցով ֆեդերացիան չի զբաղվել, բայց թող ճշտեր, որ մենք բազմաթիվ բանակցություններ ենք վարել նրա հետ:

«Եթե շարունակեն հակաֆուտբոլային արարքներ դրսևորել, մարզադաշտ այլևս ոտք չեն դնի»

Ո՞րն է ՖԱՖ-ի տեղը: Իրե՞նք են որոշում: Հավաքականի երկրպագուների համար իրոք, ֆիքսված տեղ կա: Իսկ ո՞վ է ասել, որ ՖԱՖ-ը հավաքականի երկրպագու է: ՖԱՖ-ը երկրպագու չի: Նրան արհեստական և քաղաքական ինտրիգներ են սարքում: Նրանք եթե շարունակեն հակաֆուտբոլային արարքներ դրսևորել, մարզադաշտ այլևս ոտք չեն դնի: Նրանք ճանաչվելու են հակաֆուտբոլային մարդիկ և դուրս են մնալու: Մենք հեռարձակման իրավունքը վաճառել ենք: Նրանք իրավուն ունե՞ն իրենց լոգոները բերելու և անվճար գովազդելու: Կվճարեն, համապատասխան թույլտվություն կստանան` կանեն: Իրենք սովոր են ձրի տոմս ստանալ և վերավաճառել կամ ֆեդերացիայից 2000 դրամով վերցնել ու 3000-ով վաճառել: Հիմա դա չկա, դժգոհու՞մ են: 

Հայաստանի առաջնության մասին

Հայաստանի առաջնությանը մասնակցում է 7 թիմ, 7-ն էլ` սեփականատեր ունեն: Օրինակ բերեմ Ռուսաստանի առաջնությունը: Այնտեղ ընդամենը 4 թիմ ունի սեփականատեր` Մոսկվայի «Սպարտակը», Կրասնոդարի «Կուբանն» ու «Կրասնոդարը» և Մախաչկալայի «Անժին»: Մնացածները պետական կառույցներից են ֆինանսավորվում: Ղազախստանում թիմերը մարզպետարանների ենթակայության տակ են: Հարևան Վրաստանում պետությունը մեծ գումարներ է հատկացնում ինչպես ֆուտբոլի զարգացմանը, այնպես էլ ակումբներին: Ռուսաստանի առաջին խմբում, բացի Արմավիրի «Տորպեդոյից», մնացած բոլոր թիմերը պետական կազմակերպությունների ենթակայության տակ են:

«Հրազդան» մարզադաշտի մասին

Ես ի՞նչ կարող եմ պատասխանել «Հրազդան» մարզադաշտի համար: Այո, Իտալիայի հավաքականի հեռ խաղից աաջ մեծ ներդրումներ արեցինք: Բայց հիմա սեփականատերն ասում է` այն ինչ տեղադրել են, թող գան, հանեն, տանեն: Եթե մարդիկ այդ մտածելակերպն ունեն, ես ի՞նչ կարող եմ անել «Հրազդանի» համար: Բացի այդ, պահանջները փոխվել են: ՖԻՖԱ-ն թույլ չի տա «Հրազդանում» պաշտոնական խաղեր անցկացնել: «Հրազդանը» վերակառուցելու համար լուրջ ներդրումներ են պետք:

 «Բլատերն ամեն ընտրությունից առաջ բլեֆ է արել և «քցել» է»

Բոլորի ուղեղի մեջ մտել է, որ ՖԻՖԱ-ն ազգային ֆեդերացիաներին մեծ օգնություն է ցույց տալիս: Բլատերն ամեն ընտրությունից առաջ բլեֆ է արել և «քցել» է: ՖԻՖԱ-ն իրականում տարեկան մեզ տալիս է ընդամենը 220 000 դոլար: Մեր հիմնական եկամուտն ՈՒԵՖԱ-ից է, և ամենամեծ գումարը գալիս է հավաքականի խաղերի հեռարձակման իրավունքի վաճառքից: Նոր պայմանագիր ենք կնքել, և, եթե նախորդ շրջափուլում ստանում էինք 4 միլիոն եվրո, ապա այս անգամ ստանալու ենք 7,5 միլիոն եվրո:

Արդյո՞ք դա բավարար է, որ մեր հավաքականը մտնի եզրափակիչ փուլ: Նույնիսկ ավելին է: Այդ գումարը հավաքականին լրիվ բավարար է: Բացի այդ, ենթակառուցվածքները կբարելավենք: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աշխատանքը հենց դրանով պետք է գնահատեն: Մոտացել են, թե ինչ պայմաններից ուր ենք հասել:

 

Հ.Գ. Վերջում ցանկանում ենք մեր խմբագրության կողմից շնորհավորել «Ֆուտբոլ+» շաբաթաթերթին, որն այսօր տոնում է իր հիմնադրման 20-ամյակը: Ցանկանում ենք անխափան աշխատանք ու հայկական ֆուտբոլին նվիրյալ գործունեության շարունակություն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000