Որոնել
Արխիվ
31.05.2014  22:55

Ալժիր - Հայաստան. ֆուտբոլիստների գնահատականները

Հայաստանի հավաքականը ընկերական խաղում 1-3 հաշվով պարտվեց Ալժիրի հավաքականին:

ArmFootball.com-ը 10 բալանոց համակարգով գնահատել է մեր ֆուտբոլիստների խաղը:

 

1. Ռոման Բերեզովսկի - 4.5

Բնակաբանար, երեք գոլ բաց թողած դարպասապահը դժվար թե կարողանա հանդիպումը իր ակտիվում գրանցել: Իհարկե, Բերեզովսկու երկարատև կարիերայում նման դեպքեր էլ են եղել (օրինակ` Գերմանիայի դեմ արտագնա խաղում 1997թ.-ին), սակայն այսօրվա խաղը այդպիսի բացառություններից չէր: Առաջին գոլում ուներ մեղքի իր բաժինը: Երկրորդ կեսն ավելի հաջող էր, խաղավերջում մեկ-երկու անգամ կարողացավ փրկել թիմին:

4. Տարոն Ոսկանյան - 3

Զգացվում էր աջ եզրում խաղալու փորձի պակասը: Գրոհներին միանալու մասին Ոսկանյանը նույնիսկ մտածել չէր կարող, նա հազիվ էր հասցնում պաշտպանական ֆունկցիաները կատարել: Իր եզրում խուճապը շատ էր, հաճախ նրա սխալները ստիպված Ալեքսն էր կարգավորում:

24. Ալեքս Էնրիկե դա Սիլվա - 3,5

Ի տարբերություն պաշտպանությունում իր խաղընկերների` շատ կոպիտ սխալներ թույլ չտվեց: Սակայն միջազգային խաղերի փորձի պակաս պատճառով շատ անվստահ ու լարված էր գործում: Դա հատկապես զգացվում էր գրոհը սկսելու պահին:

15. Հրայր Մկոյան - 2.5

Հերթական անհաջող խաղը Մկոյանի կողմից: Կենտրոնում դիրքային կոպիտ սխալները, անհաջող փոխանցումները հաջորդում էին մեկը մյուսին: Երրորդ գոլի ժամանակ հենց Մկոյանի հսկողության տակ գտնվող ֆուտբոլիստը դարպասը գրավելիս ոչ մի արգելք չտեսավ: Ամփոփելով այս երկու ընկերական հանդիպումները վստահաբար կարող ենք ասել, որ այսպիսի խաղով Մկոյանը հավաքականում ընդհանրապես անելիք չունի:

20. Լևոն Հայրապետյան - 3

Մեղքի իր բաժինն ուներ երկրորդ գոլի ժամանակ: Ի տարբերություն նախորդ խաղի` չէր կարողանում միանալ գրոհներին, թերանում էր նաև պաշտպանական գործողությունների ժամանակ:

8. Ռումյան Հովսեփյան - 6

Երկրորդ անընդմեջ խաղում իրեն լավագույն կողմերով դրսևորեց` նույնիսկ հավաքականի անհաջող խաղի ֆոնի վրա: Նորից աչքի ընկավ կենտրոնում վստահ խաղով, ճիշտ է` Կառլեն Մկրտչյանի բացակայության դեպքում, Ռումյանի համար այս անգամ անհամեմատ դժվար էր:

23.Արաս Օզբիլիս - ա/գ

Վնասվածք ստացավ ու փոխարինվեց արդեն 27-րդ րոպեին:

22.Էդգար Մանուչարյան - 4

Էդգար Մանուչարյանը վաղուց չէր ընդգրկվում Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմում: Մեր թիմի նորանշանակ մարզիչ Բեռնար Շալանդը նրան առաջին իսկ րոպեից խաղադաշտ դուրս բերեց, բայց Էդգարը, չնայած իր բոլոր ջանքերին, խաղադաշտում առանձնապես աչքի չընկավ, նրա օգտակար գործողության գործակիցը ցածր էր:

18.Հենրիխ Մխիթարյան - 5.5

Գաղտնիք չէ, որ մեր հավաքականի երկրպագուները ամեն խաղում Հենրիխին, որպես թիմի առաջատարներից մեկի, վստահ ու լավ խաղ են ակնկալում: Այս խաղում Հենրիխը, ինչպես իր մյուս թիմակիցները, չնայած մեծ ցանկությանն ու ձգտմանը այլ գործոններով աչքի չընկավ: Հաճախ էր տարվում անհատական խաղով ու կորցնում էր գնդակը: Տուգանայինների խաղարկումները դեռ ցանկալի արդյունքը չեն տալիս:

10.Գևորգ Ղազարյան - 3

Ղազարյանը, ով սովորաբար շատ մեծ ծավալի աշխատանք է կատարում խաղադաշտում, այս խաղում ընդհանրապես ոչնչով աչքի չընկավ: Նախորդ խաղերում Գևորգը հասցնում էր թե՛ սուր գրոհներ ձեռնարկել, թե՛ պաշտպանության ձախ եզրում օգնել Հայրապետյանին, այս խաղում երկու գործոններն էլ բացակայում էին:

27.Մաուրո Գեվգեոզյան - 3.5

Մեր հավաքականի նորեկներից մեկը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում: Զգացվում էր, որ Մաուրոն փորձում է արդարացնել մարզչի վստահությունը, բայց նրան առջևի գծում չհաջողվեց սրություն մտցնել, իսկ դրվագներից մեկում չնկատեց դարպասի դիմաց միայնակ կանգնած Ղազարյանին ու անհաջող հարված կատարեց: Ամբողջ 45 րոպեների ընթացքում դա Գևգեոզյանի ունեցած միակ հնարավորությունն էր:

Փոխարինման մտած ֆուտբոլիստներ.

11. Արթուր Սարկիսով - 6

Մեր հարձակման գծին թարմություն հաղորդեց փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը, ով երկրորդ խաղակեսի առաջին իսկ րոպեին կարողացավ թրջել հաշվի տարբերությունը: Իր գերակտիվության շնորհիվ կարողացավ լարվածության մեջ պահել մրցակցի պաշտպաններին, բայց միայն այդքանը:

19. Նորայր Ասլանյան - 5

Ասլանյանի անմիջական մասնակցությունից հետո ծնվեց մեր թիմի միակ գոլը: Նորայրը դեռ հեռու է հավաքականի լիարժեք անդամ համարվելուց, բայց մեր թիմում այն եզակի ֆուտբոլիստներից մեկն էր, ով ամեն կերպ փորձում էր ինչ-որ բան փոխել, անընդհատ պայքարի կիզակետում էր:

14. Յուրա Մովսիսյան - 3,5

Երկրպագուները Մովսիսյանի խաղադաշտ դուրս գալուն շատ էին սպասում, բայց Յուրայի խաղադաշտում հայտնվելը աննկատ մնաց, որովհետև մեր հավաքականի հարձակման գծի առաջատարը չկարողացավ հարմարվել հանդիպման ռիթմին ու դուրս մնաց խաղից: Ոչնչով աչքի չընկավ:

9. Արթուր Յուսպաշյան - 3.5

Յուսպաշյանը փոխարինեց վնասվածք ստացավ Արազ Օզբիլիզին: Արթուրը փորձում էր հենակետային ու կենտրոնական հատվածում փոքրիշատե խաղային հավասարակշռություն մտցնել, բայց անզեն աչքով էլ երևում էր, որ նա այդ դիրքում չի կարող լրացնել Կառլեն Մկրտչյանի տեղը:

29. Ալեքսանդր Թումասյան Ա/Գ

3. Վարազդատ Հարոյան Ա/Գ

 

Նարեկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ռաֆայել ԽԱԼԱԹՅԱՆ

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000