Որոնել
Արխիվ
24.12.2012  17:18

Հանրահայտ ծաղրանկարիչ Օմար Մոմանին` իր, իր ծաղրանկարների, ֆուտբոլի և Հայաստանի մասին

Goal.com կայքի հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին ArmFootball.com-ին տված բացառիկ հարցազրույցում պատմում է իր մասին, անդրադառնում ժամանակակից ֆուտբոլին և խոսում Հայաստանի և հայկական ֆուտբոլի մասին:

- Օմա`ր, Հայաստանում շատ են քո ծաղրանկարների սիրահարները: Պատմի`ր քո մասին, ե՞րբ ես սկսել հետաքրքրվել ֆուտբոլով:

- Ես Հորդանանից եմ, մուլտիպլիկատոր եմ, ծաղրանկարիչ: Ծնվել եմ 1981թ.-ին, Ամմանում, այստեղ էլ ապրում եմ: Հայրս բժիշկ է, մայրս Չերքեզիայից է, ուսուցչուհի է: 10 տարեկանից սկսել եմ հետաքրքրվել ֆուտբոլով: Առաջին անգամ դիտել եմ 1990թ.-ի աշխարհի առաջնության հանդիպումները:

- Ինչու՞ են քո ծաղրանկարների մեծ մասը ֆուտբոլային թեմաներով:

- 2010թ.-ի աշխարհի առաջնության ժամանակ մի քանի ծաղրանկարներ արեցի մրցաշարի թեմաներով: Ընկերներիս արձագանքը դրական էր, նրանք էլ ստիպեցին շարունակել այս ոճի մեջ:
Մինչ Goal.com կայքում աշխատելը ես մուլտիպլիկատոր էի, աշխատում էի հեռուստատեսության ոլորտում: Ուրիշ թեմաներով ծաղրանկարներ էլ ունեմ` քաղաքական, հումորային, որոնք կարող եք տեսնել իմ բլոգում:

- Ինչքա՞ն ժամանակ ես ծախսում մեկ ծաղրանկարի վրա:

- Մտահղացումը, էսքիզները, գծագրելն ու ներկելը սովորաբար 3-4 ժամ է տևում: Երբեմն «գժվում» եմ և ավելի կարճ ժամկետում եմ վերջացնում աշխատանքը:

- Բացի ծաղրանկարչությունից այլ հոբբիներ ունե՞ս:

- Շատ եմ սիրում երաժշտություն լսել և ֆիլմեր նայել: Նաև ինձ երաժշտագետ եմ համարում: Սիրում եմ ծաղրանկարներով երաժշտական հոլովակներ սարքել: Սիրում եմ նաև կարդալ, հատկապես պատմական գրքեր: Սիրում եմ անտիկ քաղաքակրթությունը:

- Ո՞ր թիմին ես երկրպագում: Ո՞վ է սիրածդ ֆուտբոլիստը:

- (ծիծաղում է) Խորամանկ հարց է: Ես ինձ միշտ Միլանի երկրպագու եմ համարել, որովհետև 90-ականների սկզբին նրանք լավագույնն էին, երբ ես փոքր էի, հիանում էի նրանց խաղով:
Փոքր հասակում իմ սիրած ֆուտբոլիստը Ռոբերտո Բաջոն էր: Նա կուռքի պես էր ինձ համար, նույնիսկ ես, եղբայրս և քույրս նրա պես պոչիկ էինք պահել: Հիմա ավելի շատ հիանում եմ այն ֆուտբոլիստների խաղով, ովքեր հիպպիների տեսք ունեն` Վալդերամայի, Գուլիտի, Սոկրատեսի և Իգիտայի պես:

- Ի՞նչ կարծիք ունես ժամանակակից ֆուտբոլի մասին:

- Ժամանակակից ֆուտբոլը ավելի արագ է, սակայն տեխնիկապես ավելի թույլ: Ֆուտբոլիստները այսօր պետք է ֆիզիկապես ուժեղ լինեն, հիմա նախկինի պես տեխնիկական հնարքները շատ չեն: Շատ ակումբներ թիմային հոգի չունեն, շատ են շահամոլ ֆուտբոլիստները, դա սպանում է խաղի հոգին:

- Իսկ ի՞նչ գիտեք Հայաստանի մասին:

- Հորդանանում հայկական համայնք կա, ես շատ հայ ընկերներ ունեմ: Նրանք միշտ խոսում են Հայաստանի մասին, սիրում են իրենց հայրենիքը: Ինքս շատ եմ սիրում հայկական խոհանոցը, որը նման է լիբանանյան խոհանոցին: Գիտեմ հայ մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանին:

- Իսկ հայկական ֆուտբոլի մասի՞ն:

- Այնքան էլ ծանոթ չեմ հայկական ֆուտբոլին, սակայն գիտեմ, որ Ֆրանսիայի հավաքականի կազմում հայկական արմատներով ֆուտբոլիստներ էին խաղում` Ջորկաեֆը, Պողոսյանը: Նաև հիշում եմ, որ Ֆրանսիայի Ligue 1-ում հայտնի հայ ֆուտբոլիստ էր խաղում` Ասադուրյան ազգանունով (Էրիկ Ասադուրյանը` Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ 1996-1999թթ. - ArmFootball.com):

- Եվ վերջում` ի՞նչ կցանկանաս Նոր տարվա կապակցությամբ:

- Անսահման սեր եմ ցանկանում բոլորին, թող ավելի հարուստ լինեն, և խաղաղություն լինի աշխարհում:

Հ.գ. Վերջում անակնկալ հայ ֆուտբոլասերների համար.

 

Պարույր ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Ռաֆայել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 6 15
2 Ալաշկերտ
6 11
3 Բանանց
6 9
4 Փյունիկ
6 5
5 Արարատ
5 4
6
Գանձասար Կ
5
2
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511