Որոնել
Արխիվ
16.11.2012  09:01

Տարոն Ոսկանյան. «Ուրախ եմ, որ Սարգիս Հովսեփյանը շարունակում է մնալ հավաքականի կողքին»

Երևանի «Փյունիկի» պաշտպանը Տարոն Ոսկանյանը, ով Լիտվայի դեմ ընկերական խաղում (4:2) իր նորամուտը նշեց ազգային հավաքականի կազմում, ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում իր մեկնաբանություններն է տվել հանդիպման վերաբերյալ:

- Ընկերական հանդիպում էր, բայց մենք միայն հաղթանակի ձգտումով էինք խաղադաշտ դուրս եկել: Միգուցե ամբողջ 90 րոպեն չկարողացանք նույն մակարդակով անցկացնել, բայց կարևոր էր, որ հաղթեցինք և բարձր տրամադրությամբ ավարտեցինք տարին:

Խաղից հետո շատ մեծ տպավորություններ ունեմ, աննկարագրելի զգացողություն է հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալը… Սա իմ նորամուտն էր ազգային թիմում ու անչափ ուրախ եմ, որ այն հաղթանակով ավարտվեց:

Լիտվայի հետ հանդիպումը Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղն էր: Նրա կողքին հավաքականում խաղալ ինձ չհաջողվեց, սակայն «Փյունիկում» բախտ եմ ունեցել մարզվել ու խաղալ Սարգիսի կողքին: Այդ ընթացքում նրանից շատ բան եմ հասցրել սովորել թե' խաղադաշտում, թե' դրանից դուրս… Ընդհանրապես, նա հիանալի օրինակ է բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար: Նրան ամենալավն ու բարին եմ ցանկանում: Շատ ուրախ եմ, որ հիմա էլ նա շարունակում է մնալ հավաքականի կողքին:

Իսկ թե ով կփոխարինի նրան, կարծում եմ` մեր մարզիչն ավելի լավ գիտի: Սարգիսին փոխարինելը դժվար կլինի, բայց մենք ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ստանձնել այդ պարտականությունները: Վստահ եմ` ում էլ ընտրի մարզիչը, արժանի փոխարինող կլինի,- հայտարարել է 19-ամյա ֆուտբոլիստը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000