Որոնել

 

Արխիվ
28.02.2012  03:49

Նորայր Մամեդով. «Հավաքականից ստացած հրավերն ինձ նոր ուժ տվեց»

Հոլանդական «Զվոլլեի» հայազգի հարձակվող Նորայր Մամեդովը իր խաղով գրավել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ուշադրությունը, և վերջինս նրան ընդգրկել էր Հայաստանի հավաքականի ընդլայնված ցուցակի մեջ: Նորայրի թիմն այս տարի վստահորեն գլխավորում է Հոլանդիայի առաջին դիվիզիոնի մրցաշարային աղյուսակը և ամենայն հավանականությամբ մյուս տարի իրավունք կստանա հանդես գալու բարձրագույն խմբում: 20-ամյա հարձակվողն այս մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ: ArmFootball.com-ը բացառիկ հարցազրույց անցկացրեց Հայաստանի հավաքականի թեկնածուի հետ:

ՄԻՇՏ ԼՍՈւՄ ԵՄ ՍՐՏԻՍ

- Նորա'յր, քանի՞ տարեկանից ես զբաղվում ֆուտբոլով:

- Պրոֆեսիոնալ առաջին քայլերս արել եմ 13 տարեկանից` «Գրոնինգենի» մանկապատանեկան թիմում:

- Ի՞նչ հաջողությունների ես հասել ֆուտբոլային կարիերայիդ սկզբում:

- 17 տարեկան հասակում «Գրոնինգենի» պատանեկան թիմի կազմում դարձել եմ այդ տարիքային խմբի Հոլանդիայի չեմպիոն: Մասնակցել եմ ԱՄՆ-ում կայացած պատանեկան մրցաշարի, որտեղ գրավել ենք 2-րդ տեղը:

- Ո՞ր դիրքում ես նախընտրում խաղալ: Որո՞նք են քո խաղային ուժեղ հատկանիշները:

- Հարձակման գծում կարող եմ խաղալ ցանկացած դիրքում` և աջից, և ձախից, և որպես կենտրոնական հարձակվող: Հանդես եմ եկել նաև ենթահարձակվողի դիրքում: Տիրապետում եմ երկու ոտքով ուժեղ հարվածների, ունեմ մեկնարկային բարձր արագություն: Միշտ միտված եմ դեպի դարպասը:

- Ի՞նչն էր պատճառը, որ հեռացար «Գրոնինգենից»:

- Խաղում էի «Գրոնինգենի» սիրողական թիմում, երբ ինձ նկատեցին հիմնական թիմից և պայմանագիր առաջարկեցին: Մինչ պայանագիր կնքելը խոսեցի մարզչի հետ: Նա ասում էր, որ վստահելու է ինձ, սակայն ես զգում էի, որ նա անկեղծ չէր, դրանք ավելի շատ ակումբի տնօրենի խոսքերն էին: Այդ ժամանակ առաջարկ ստացա նաև «Զվոլլեից», և սիրտս հուշեց, որ ընտրեմ այդ տարբերակը: Ես միշտ լսում եմ իմ սրտին:

- Ի՞նչ կարգի թիմ է «Զվոլլեն», ի՞նչ հեռանկարներ ունի:

- «Զվոլլեն» մի քանի առաջ դուրս էր մնացել «Էրեդիվիզեից» (Հոլանդիայի բարձրագույն խումբ - AF) և այժմ ելույթ է ունենում առաջին դիվիզիոնում: Սակայն այս տարի թիմը վստահ է հանդես գալիս, և ես հույս ունեմ, որ մենք կդառնանք առաջին դիվիզիոնի հաղթող ու կվերադառնանք «Էրեդիվիզիե»: Ես հանդես եմ գալիս հարձակվողի դիրքում, իմ խնդիրը գոլեր խփելն է: Այս մրցաշրջանում դարձել եմ 5 գոլի հեղինակ:

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅ ԵՄ

- Մի փոքր պատմի'ր ընտանիքցդ:

- Հայրս և մայրս հայ են, և ես բնականաբար էլ մաքուր հայ եմ, ու հպարտանում եմ դրանով:

- Ամուսնացա՞ծ ես…

- Նշանված եմ, ապրում եմ նշանածիս հետ: Նա հայուհի է, և տանը մենք շփվում ենք հայերենով:

- Վարդան Մինասյանը քեզ ընդգրկել էր Հայաստանի հավաքականի կազմում` Սերբիայի և Կանադայի դեմ խաղերին մասնակցելու համար:

- Չեմ կարող բացատրել, թե ինչքան էի ուրախացել, երբ լսեցի հրավերի մասին: Սակայն առայժմ ես դեռ պատրաստ խաղալու հավաքականում: Երբ տարվա սկզբին ծնոտի վնասվածք ստացա, կորցրեցի տեղս հիմանական կազմում և հայտնվեցի պահեստայինների նստարանին: Այժմ նպատակ ունեմ ետ նվաճել այն, և նոր միայն պատրաստ կլինեմ կատարել այդ քայլը: Ես միշտ բերում եմ այս օրինակը. Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում խաղում է Լիոնել Մեսսիի դեմ, իսկ ես նստած եմ «Զվոլլեի» պահեստայինների նստարանին: Ես պետք է գոնե հասնեմ իմ նպատակին, այնուհետև նոր կատարեմ այդ քայլը: Մոտակա ամիսները շատ կարևոր են ակումբի համար, մենք կարող ենք «Էրեդիվիզիեի» ուղեգիր նվաճել, և այժմ ինձ համար կարևոր է մասնակցել թիմի մարզումներին և հանդիպումներին:

- Ինչպե՞ս ընդունեցիր, երբ իմացար ֆեդերացիայի կողմից` քո հանդեպ ցուցաբերած հետաքրքրության մասին:

- Մի քանի ամիս առաջ ես այդպիսի բան պարզապես չէի պատկերացնում, իսկ երբ լսեցի ֆեդերացիայի հետաքրքրության մասին, շատ ուրախացա: Դա ինձ նոր ուժ տվեց, որ շարունակեմ սկսածս գործը և մեծ ֆուտբոլիստ դառնամ:

- Հետևե՞լ ես Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումներին:

- Անպայման: Հայաստանի հավաքականը շատ ուժեղ թիմ է, վերջին տարիների համեմատ շատ է առաջադիմել: Եթե թիմը շարունակի այսպես խաղալ, ապա ի վիճակի կլինի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել:

- Հավաքական է հրավիրվել նաև Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը: Ի՞նչ կարծիք ունես նրա վերաբերյալ:

- Ես Արազին լավ եմ ճանաչում, մենք իրար դեմ շատ ենք խաղացել: Նա շատ լավ, տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստ է: Արազն, անկասկած, կուժեղացնի Հայաստանի հավաքականը:

ՖՈւՏԲՈԼԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՈՐ ՆՎԱՃՈւՄՆԵՐԻ ԿՀԱՍՆԵՆՔ

- Ի՞նչ երազանքներ ունես ֆուտբոլում:

- Այժմ երազում եմ խաղալ Իսպանական Պրիմերայում կամ գերմանական Բունդեսլիգայում: Եթե հասնեմ այդ նպատակին, ապա ուրիշ նպատակներ կդնեմ իմ առջև: Ամեն ինչ իր հերթին:

- Իսկ ո՞ր թիմերին ես երկրպագում:

- Սիրում եմ Մադրիդի «Ռեալի» և Դորտմունդի «Բորուսիայի» խաղը:

- Սիրածդ ֆուտբոլիստները…

- Կրիշտիանո Ռոնալդուն և Զլատան Իբրահիմովիչը: Այժմ ես վերջինիս ինքնակենսագրական գիրքն եմ կարդում, և շատ ընդհանուր բաներ եմ գտնում իմ և նրա միջև: Նա մեծ ֆուտբոլիստ է և մեծ անձնավորություն:

- Ի՞նչով ես սիրում զբաղվել ազատ ժամանակ:

- Երբեմն ընկերներիս հետ դուրսը ֆուտբոլ եմ խաղում, սիրում եմ նաև թենիս խաղալ: Տանը եղած ժամանակ սիրում եմ Playstation խաղալ` ՖԻՖԱ կամ Call of Duty:

- Կենդանիներ պահու՞մ ես տանը:

- Մենք շուն ենք պահում, անունը Բոյկա է, պիտբուլ է: Շատ եմ սիրում իրեն:

- Սոցիալական կայքերից օգտվու՞մ ես: Ինչքա՞ն ժամանակ ես հատկացնում դրան:

- Այդքան էլ շատ չեմ օգտվում: Երբեմն Թվիտերում եմ գրում, որպեսզի կարողանամ պատմել իմ մտածմունքները:

- Իսկ ի՞նչ է պատկերված ձեռքիդ դաջվածքի վրա:

- Պատկերված են վարդեր և հայերեն տառերով գրված են ինձ հարազատ մարդկանց անունների առաջին տառերը: Դա ինձ ուժ է տալիս:

- Ի՞նչ կմաղթես մեր կայքի այցելուներին և ընդհանրապես հայ ֆուտբոլասերներին:

- Առաջին հերթին առողջություն եմ մաղթում, դա ամենակարևորն է: Ցանկանում եմ, որ ֆուտբոլի միջոցով մենք նոր նվաճումների հասնենք: Իսկ ձեր այցելուներին ցանկանում եմ խնդրել` ինձ ժամանակ տալ, որ կարողանամ հայ ժողովրդի ֆուտբոլային ողջ կարողությունները ցույց տալ աշխարհին:

- Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար, հաջողություն ենք ցանկանում ֆուտբոլային կարիերայում և անձնական կյանքում, և հուսով ենք` շուտով կտեսնենք քեզ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով:

- Շատ շնորհակալ եմ:

 

Վլադիմիր Ղազարյան, ArmFootball.com

ArmFootball.com


Soccerway.com

Armenia Map

Հարցում
Հավաքական չհրավիրված ո՞ր լեգիոները կկարողանար ուժեղացնել Հայաստանի հավաքականը
Դենիս Թումասյան
Արտյոմ Խաչատուրով
Մաուրո Գևգեոզյան
Արշակ Կորյան
Այլ ֆուտբոլիստ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2014
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 095 04 54 06