Ինչպես հայտնի դարձավ ArmFootball.com-ի թղթակցին, փետրվարի 20-ից «Արարատի» գլխավոր մարզչի պարտականությունը ստանձնել է մարզչական «Ա» կարգի արտոնագիր ունեցող Ալբերտ Սաֆարյանը, ով անցյալ տարի գլխավոր մարզչի օգնականն էր: «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը կկատարի ակումբի փոխնախագահի պարտականությունը:
Անբարենպաստ եղանակի պատճառով թիմը մարզումները շարունակում է մարզադահլիճներում, ինչպես նաև Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Սաֆարյանը տեղեկացրեց, որ փետրվարի 24-ից «Արարատը» երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում՝ Ուռեկիում: Այստեղ թիմը 4 ստուգողական հանդիպում կանցկացնի՝ փետրվարի 27-ին, մարտի 2-ին, 6-ին և 9-ին, իսկ մրցակիցները կճշգրտվեն մոտակա օրերին: Ծրագրերի փոփոխության պատճառով փետրվարի 28-ին նախատեսված «Գանձասարի» հետ ստուգողական հանդիպումը չի կայանա:
Երկկողմանի համաձայնությամբ ակումբի հետ ունեցած պայմանագիրը խզել է ՀՀ երիտասարդական հավաքականի 21-ամյա հարձակվող Գևորգ Կարպետյանը, ով կարիերան կշարունակի «Բանանցում»: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում հանդես եկած Հակոբ Լոռեցյանը ներկայումս փորձաշրջան է անցնում «Իմպուլսում»: 25-ամյա կիսապաշտպան Կարեն Ավոյանը արդեն տեղափոխվել է նորաստեղծ Աբովյանի «Քինգ Դելյուքս:
Փոխարենը «Արարատ» է վերադարձել թիմի փորձառու խաղացողներից մեկը՝ 28-ամյա Արթուր Պետրոսյանը, ով անցած մրցաշրջանում հանդես էր գալիս «Իմպուլսում» և «Ուլիսում»: Մեկ տարվա ընդմիջումից հետո «Արարատում» ելույթները շարունակելու ցանկություն է հայտնել նաև մեկ այլ փորձառու կիսապաշտպան Կարեն Նավոյանը: Այս 2 ֆուտբոլիստները ակումբի հետ արդեն պայմանագիր են կնքել:
Իսկ 23-ամյա կիսապաշտպան Տիգրան Ոսկանյանը երկարաձգել է «Արարատի» հետ կնքած պայմանագիրը: Թիմի մյուս ֆուտբոլիստները ակումբի հետ կնքած գործող պայմանագրեր ունեն:
ամիս
շաբաթ
օր