Երևանի «Ուլիսի» նախկին դարպասապահ Վլադիմիր Մալկովը կարիերան կշարունակի Էստոնիայում:
Մոտ օրերս 32-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի Նարվա քաղաքի «Տրանսի» հետ, որն անցած մրցաշրջանում դարձել էր ազգային առաջնության բրոնզե մեդալակիր: Այդ մասին ArmFootball.com-ի զրույցում նշել է ակումբի գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանը:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՖՖ-ի որոշման` Հայաստանի բարձրագույն խմբի ակումբներին արգելվել է արտասահմանցի դարպասապահներ հայտավորել, այդ պատճառով Մալկովը ստիպված է եղել լքել Հայաստանի չեմպիոնի կազմը:
Գալստյանը հայտնեց նաև, որ բուլղարահայ 34-ամյա դարպասապահ Արմանդո Համբարձումյանին հրավիրելու հարցում դեռ վերջնական որոշում չի կայացվել: Ուլիսում ներկայումս կան գրեթե հավասարազոր 2 դարպասապահներ՝ 22-ամյա Էդուարդ Հովհաննիսյանն ու 26-ամյա Մանվել Աֆրիկյանը, և եթե ՀՀ չեմպիոնի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը անհրաժեշտ համարի, ապա այդ դեպքում ՀՀ ազգային հավաքականի նախկին դարպասապահը կհրավիրվի փետրվարի 26-ից մարտի 11-ը Անթալիայում նախատեսվող թիմի եզրափակիչ ուսումնամարզական հավաքին:
ամիս
շաբաթ
օր