NEWS.am-ի թղթակիցը զրուցել է անցյալում հայտնի բռնցքամարտիկ Մեխակ Ղազարյանի հետ, ով այժմ աշխատում է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ:
- Մեխակ, Շիրակի մարզում եւ, մասնավորապես, Գյումրիում բռնցքամարտով զբաղվողների թիվը գնալով ավելանո՞ւմ է, թե՞ պակասում:
- Շատ մեծ ներհոսք է զգացվում: Ես երկար ժամանակ է, ինչ Գյումրիում բռնցքամարտի դպրոց եմ հիմնել, ու այն այժմ էլ գործում է: Եղավ մի պահ, երբ մարզումների հաճախողների թիվը նվազեց: Բայց հիմա աստիճանաբար բռնցքամարտով զբաղվողների թիվը ավելանում է: Դրան նպաստեցին նաև հեռուստատեսությամբ պրոֆեսիոնալ բռնցքամարտի հեռարձակումները: Իսկ ինչ վերաբերում է մարզաձեւի զարգացմանը մարզերում, ապա այս առումով մեկ խոչընդոտ կա, եւ դա մրցումների սակավաթիվ լինելն է: Նախատեսված ծանրաբեռնվածությամբ մարզումները անցկացվում են, բայց փորձի պակասը զգացնում է: Երբ ես բռնցքամարտիկ էի, մինչև Խորհրդային Միության առաջնությանը մասնակցելը առնվազն 3-4 պաշտոնական մրցումների էի մասնակցում, էլ չեմ ասում այլ կարգի մրցաշարերի մասին: Սպորտային յուրաքանչյուր ընկերություն իր մրցաշարն էր կազմակերպում, եւ այդպես բազմաթիվ մենամարտեր էինք անցկացնում: Հիմա մենք դեռահասների ու պատանիների Շիրակի մարզի մրցումներ ենք անցկացնում, սակայն հավատացեք, որ դա բավական չէ:
- Մեխակ, 1988 թվականին Սեուլի Օլիմպիական խաղերում քո` մեդալ նվաճելու հավանականությունը շատ մեծ էր, սակայն դու պարտվեցիր ապագա չեմպիոնին` Ջիովանի Պարիզիին: Օլիմպիական խաղերում հաջողության հասնելու համար բռնցքամարտիկից ի՞նչ է պահանջվում:
- Նախ սկսեմ նրանից, որ այն ժամանակ Խորհրդային Միության հավաքականի կազմում ընդգրկվելը աննկարագրելի դժվար էր: Հիմա հայ բռնցքամարտիկների համար աշխարհի, Եվրոպայի առաջնություններին ինչպես նաև Oլիմպիական խաղերին մասնակցելը անհամեմատ հեշտ է: Օլիմպիական մրցաշարը բռնցքամարտում ամենադժվար մրցաշարերից մեկն է, քանի որ սկսվում է խաղերի բացման հետ և ավարտվում փակման հետ: Մոտ 15-16 օր է տևում, և այդ ընթացքում մարզիկը պետք է հետևի իր անձնական քաշին, լարվածությունը պետք է ձգտի հաղթահարել, մարզավիճակը պահպանել: Ոչ մի ուժեղ բռնցքամարտիկ չի կարող հաստատ ասել, թե կհաղթի Օլիմպիական խաղերում: Դժվարություն է նաև մենամարտերի անցկացման ցիկլը, երկու մենամարտերի միջև մի քանի օր ժամանակ կա, և դա ավելորդ դժվարություն է իհարկե: Ամենակարևոր գործոններից մեկն էլ, անկասկած, հոգեբանությունն է, որպեսզի մենամարտերի միջև ընկած ժամանակահատվածում բռնցքամարտիկը պահպանի իր որակները, պետք է հոգեբանորեն ուղղակի հիանալի պատրաստված լինի: Վերականգնման պրոցեսը պետք է հստակ պահպանվի:
- Հայաստանի հավաքականն առայժմ օլիմպիական մեկ ուղեգիր ունի:
- Այո, ցավոք, մեկ ուղեգիր ունի: Բայց եթե աշխարհի առաջնությունը Բաքվում չլիներ, մենք հիմա այլ ցուցանիշների մասին կխոսեինք: Ասեմ, որ իմ կարծիքով մենք հիմա արդեն երեք ուղեգիր կունենայինք: Բացի հոգեբանական խնդիրներից, որոնք կային Բաքվում, բռնցքամարտիկի առաջին «թշնամին» է նաև անշարժությունը: Ամբողջ օրվա ընթացքում գտնվելով չորս պատերի մեջ` մարզիկը դանդաղ է դառնում, ինչն էլ ակնառու էր մեր բռնցքամարտիկների ելույթներում:
- Հիմա առջևում վարկանիշային մրցաշար ունեն բռնցքմարտիկները, և այդ մրցաշարը Թուրքիայում է (ապրիլի 13-ից 22-ը), այդ անշարժությունը մեր մարզիկներին այստեղ էլ չի սպառնո՞ւմ:
- Ոչ, Թուրքիայում դա մերոնց չի սպառնում: Թեկուզ ուղեկցողների հետ մեր տղաները կարող են դուրս գալ հյուրանոցից ու զբոսնել: Իհարկե, Տրապիզոնը Ստամբուլ չէ, բայց հաստատ Բաքու էլ չէ:
ամիս
շաբաթ
օր