Մոսկվայում ավարտվեց շախմատի «Aeroflot Open» հեղինակավոր փառատոնի դասական շախմատի 3 մրցաշարերը: Դրանցից գլխավորում՝ A մրցաշարում ՀՀ պատվիրակներից առավել հաջող էր 23-ամյա գրոսմայստեր Հրանտ Մելքումյանի ելույթը, ով վերջին՝ 9-րդ տուրում ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, 46-ամյա ռուսաստանցի Ալեքսանդր Խալիֆմանի հետ, և վաստակած 6 միավորով 4-8-րդ տեղերը բաժանեց: Երիտասարդ հայ շախմատիստը 16,4 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը և ստացավ 2425 եվրո պարգևավճար:
5,5-ական միավոր վաստակած փորձառու գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն ու 16-ամյա միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը 86 մասնակիցների մեջ 9-25-րդ տեղերը բաժանողների խմբում էին, ընդ որում, Կարենը 20 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: ՌԴ-ն ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը 50 տոկոսանոց արդյունքով հանգրվանեց 39-րդ հորիզոնականում:
B մրցաշարում ՀՀ պատվիրակներից Հովիկ Հայրապետյանը, պատանի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանն ու գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 6-ական միավոր վաստակեցին ու 130 մասնակիցների մեջ 9-11-րդ տեղերը բաժանողների խմբում էին:
C մրցաշարում հայազգի շախմատիստներից լավագույն արդյունքը ունեցավ ՌԴ-ն ներկայացնող՝ 20-ամյա Էդուարդ Բարսամյանը, ով իր համերկրացի Դմիտրի Միխայովի հետ վաստակած 7 միավորով բաժանեց 3-4-րդ տեղերը: ՀՀ պատվիրակներից առավել հաջող էր Արթուր Ղարագյոզյանի ելույթը, ով 5,5 միավորով զբացերեց 20-րդ հորիզոնականը:
Հինգշաբթի օրը փառատոնի ծրագրով կանցկացվի կայծակնային խաղի մրցաշար, որի մրցանակային հիմնադրամը 25 հազար եվրո է:
ամիս
շաբաթ
օր