ArmFootball.com-ի բացառիկ հարցազրույցը հանրահայտ հայազգի շախմատիստուհի, 36-ամյա գրոսմայստեր Ալմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանի հետ: Ալմիրան ծնվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հայտնի շախմատային գործիչ Ֆյոդոր Սկրիպչենկոյի և ՀՀ ու Մոլդովայի բազմակի չեմպիոնուհի, համաշխարհային 7 օլիմպիադաների մասնակից, ծննդով արցախցի, գրոսմայստեր Նաիրա Աղաբաբյանի ընտանիքում:
Ալմիրան 1992թ.-ին ներկայացնելով Մոլդովան, դարձել է մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոնուհի, 1995թ.-ից կրում է կանանց գրոսմայստերի կոչումը, 2001թ.-ին՝ նվաճել է կանանց Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը: ՖԻԴԵ-ի կանանց դասակարգման ցուցակում ներկայումս 27-րդ տեղը զբաղեցնող անվանի հայազգի շախմատիստուհին միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող է, խոշոր հաջողություններ է արձանագրել նաև Եվրոպայի ակումբային թիմերի մրցաշարերում: 2001թ.-ին կանանց Մոլդովայի ընտրանու կազմում դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնուհի, 2002թ.-ից նա ներկայացնում է Ֆրանսիան: 1997թ.-ին Ալմիրան ամուսնացել է ֆրանսիացի հայտնի գրոսմայստեր Ժոել Լոթյեի հետ, որից բաժանվել է 2003թ.-ին, իսկ 2006թ.-ին ամուսնացել է ֆրանսիացի մեկ այլ հանրահայտ գրոսմայստերի՝ Լորան Ֆրեսինեի հետ:
Ալմիրան 4 անգամ (2004-2006թթ., և 2010-ին) դարձել է Ֆրանսիայի չեմպիոնուհի: Վերջին տարիներին կանանց Ֆրանսիայի հավաքականը ներկայացնող Ալմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը ունի մեկ դուստր, ով ծնվել է 2007-ին:
- Ալմիրա', Ձեզ որպես հայազգի շախմատիստուհու, հայերս միշտ առանձնահատուկ հարգանքով ենք վերաբերվել և միշտ ցավել ենք Ձեզ համար:
- Շոյված եմ նման վերաբերմունքից ու չեմ թաքցնի, որ միշտ էլ ինձ հայուհի եմ համարել և հպարտացել դրանով: Միշտ էլ աշխատել եմ բարձր պահել մեր ազգի պատիվը:
- Իսկ հայերենին վա՞րժ եք տիրապետում:
- Հայերեն խոսել եմ փոքր հասակում, հիմա միայն առանձին դարձվածքներ եմ հասկանում, բայց մայրս, որին շատ եմ սիրում, սիրով մանրամասնորեն ամեն ինչ թարգմանում է ինձ համար:
- Հայաստանի շախմատիստներից ո՞ւմ հետ ես ավելի մտերիմ:
- Շատերին վաղուց եմ ճանաչում, ու մտերիմ եմ մեծ մասի հետ: Սակայն դեռ պատանեկան տարիներից ավելի շատ մտերիմ եմ Լևոն Արոնյանի հետ:
- Եվ ի՞նչ կարծիքի ես Արոնյան շախմատիստի մասին:
- Նա իրոք շատ տաղանդավոր շախմատիստ է, ու կարծում եմ հավակնորդների հաջորդ շրջափուլում կարող է դառնալ աշխարհի չեմպիոն:
- Իսկ հնարավո՞ր է, որ Դուք էլ Սերգեյ Մովսիսյանի նման նախընտրեք հանդես գալ ՀՀ հավաքականի կազմում, թե՞ նման տարբերակը բացառվում է:
- Ճիշտն ասած ես երբևէ այդ ուղղությամբ չեմ մտածել: Հետո ինձ նման առաջարկ չի եղել:
- Իսկ եթե նման առաջարկ լինի Դուք կընդունե՞ք այն: Չէ որ արդեն օգոստոսի վերջին Ստամբուլում մեկնարկում է շախմատի համաշխարհային 40-րդ օլիմպիադան:
- Անշուշտ կմտածեի այդ ուղղությամբ, ու հոգուս խորքում թերևս, իհարկե կուզեի խաղալ: Թեպետ նկատած կլինեք, որ վերջին տարիներին թիմային մրցաշարերը ինձ այդքան էլ չեն գրավում և կանանց Ֆրանսիայի հավաքականի կազմում էլ ելույթ չեմ ունենում: Ինձ համար կարևոր է, որ հավաքականում բարձր լինի թիմային ոգին, ինչով Ֆրանսիայի ընտրանին առանձնապես չի փայլում:
- Բայց շախմատի ՀՀ հավաքականները հենց թիմային բարձր ոգով են առանձնանում, որն էլ նրանց հաջողություններ է ապահովում պատասխանատու թիմային մրցաշարերում: Այնպես որ եթե Դուք ցանկանաք, ապա զգալիորեն կուժեղացնեք կանանց ՀՀ ընտրանու կազմը:
- Լավ, ես անպայման կմտածեմ այդ ուղղությամբ:
- Իսկ որտե՞ղ եք առաջիկայում պատրաստվում խաղալ:
- Պատրաստվում եմ մասնակցել մարտի 1-ին Թուրքիայի Գազիանթեպ քաղաքում մեկնարկելիք կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը:
- Մեր բարեմաղթանքները հաղորդեք Ձեր մայրիկին:
- Բարի, շատ շնորհակալ եմ ու հաճելի է, որ նրան էլ Հայաստանում չեն մոռացել: Մայրիկս հաճախ է այցելում մեզ ու օգնում է ինձ' խնամում է փոքրիկ դստերս, երբ ես միջազգային մրցաշարերի եմ մասնակցում:
ամիս
շաբաթ
օր