Մոսկվայում շարունակվող շախմատի հեղիանակավոր,«Aeroflot Open» անվանումը կրող փառատոնի գլխավոր՝ A մրցաշարի 4-րդ տուրում հայկական շախմատի առաջատարներից մեկը, համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը անակնկալ պարտություն կրեց իր հայրենակից, 23-ամյա գրոսմայստեր Հրանտ Մելքումյանից, ով անցյալ տարվա վերջին նվաճեց կայծակնային խաղի Եվրոպայի չեմպիոն տիտղոսը:
Մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց Ռուսաստանը ներկայացնող, գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը, ով առավելության հասավ չինուհի Շեն Յանգի նկատմամբ: Պատանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանն էլ միավորը կիսեց չինացի գրոսմայստեր Յու Յանլիի հետ:
4 տուրից հետո 3 միավոր վաստակած Հրանտ Մելքումյանը այժմ 2-12-րդ տեղերը բաժանողների խմբում է, ու միանձնյա առաջատար Անտոն Կորոբովից հետ է մնում կես միավորով: 5-րդ տուրում Մելքումյանը կմրցի ռուսաստանցի Դենիս Խիսմատուլինի, Հակոբյանը՝ բելառուս Անդրեյ Ժիգալկոյի, Սերգեյ Գրիգորյանցը՝ վենեսուելացի Էդուարդո Իտուրիզագայի, Կարեն Գրիգորյանն էլ՝ բելառուս Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ:
B մրցաշարում հայ շախմատիստներից շարունակում են վստահ հանդես գալ ՌԴ-ն ներկայացնող երիտասարդ շախմատիստ Նիկիտա Մատինյանը, ինչպես նաև մեր հանրապետության պատվիրակներ՝ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն ու միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը, ովքեր 3-ական միավորով 5-25-րդ տեղերը բաժանողների խմբում են: 5-րդ տուրում Քոթանջյանը կհանդիպի հնդիկ շախմատիստ Սունդարարայի, Հայրապետյանը՝ ռուս գրոսմայստեր Ալեքսեյ Գավրիլովի, Մատինյանը՝ Ալեքսանդր Շիմանովի հետ:
C մրցաշարում հերթական հաղթանակները տոնեցին Սուրեն Պողոսյանն ու Արթուր Ղարագյոզյանը, ովքեր իրենց ակտիվում 3-ական միավոր են գրանցել ու առաջատարների խմբում են գտնվում: 5-րդ տուրում Պողոսյանը ուժերը կչափի ռուսաստանցի Սերգեյ Գիլևի, Ղարագյոզյանն էլ՝ ուկարինացի Արխիպովի հետ:
ամիս
շաբաթ
օր