Որոնել
Արխիվ
03.02.2012  10:16

Մարկոս Պիզելլի. «Բերեզովսկին մեզ համար կարծես հայր լինի»

«Спорт-Экспресс» թերթի թղթակիցը հարցազրույց է վերցրել Կրասնոդարի «Կուբանի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլիից:

Նրա անունը Ռուսաստանում իմացան անցած ամռանը, երբ կրծքին հայկական զինանշանով հարձակվողը Պիտերում գրավեց Ռուսաստանի հավաքականի դարպասը: Այժմ 27-ամյա բրազիլացին պետք է ելույթ ունենա «Կուբանում»: Բրազիլացի, ով տիրապետում է անգլերենի` դա անակնալ է: Լատինաամերիկացի, ով խոսում է հայերեն` ցնցող է: Իսկ Պիզելլին ընդհանրապես քայլող հրաշք է, քանի որ շփվում է բոլոր այդ լեզուներով: Ընդ որում առանց նկատելի ակցենտի: Գումարած դրան` նա նաև խոստանում է.

- Հիմա նաև պատրաստվում եմ ռուսերեն սովորել: Առայժմ քիչ բառեր գիտեմ: Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց: Ձախ, աջ, առաջ, ետ: Փոխանցում: Անկյունային: Գոլ: Խփեցի: Պաշտպանը դա defender-ն է, չէ՞: Առայժմ չեմ կարողանում նախադասություններ կազմել: Սակայն ժամանակի ընթացքում կկարողանամ: Ես շատ եմ սիրում լեզուներ սովորել:

Եթե Պիզելլին իրոք չի խաբում, ապա կարելի է կանգնեցնել նրա արձանը: Միայն թե մայրենի լեզուն չմոռանա:

ԲՐԱԶԻԼԱՑԻՆ

- Ձեր ճակատագրով Բրազիլիայում ինչ-որ մեկը հետաքրքրվու՞մ է:

- Այն օրից, ինչ մեկնել եմ, մի քանի հարցազրույց եմ տվել: Երբեմն լրագրողները փորձում են հետս հեռախոսով կամ ինտերնետով կապվել: Զանգել են հարազատ քաղաքի ԶԼՄ-ներից, նաև մի երկու այլ թերթերից: Հետաքրքություն առաջացավ այն բանից հետո, երբ սկսեցի ելույթ ունենալ Հայաստանի հավաքականում:

- Ո՞րն է քո հարազատ քաղաքը:

- Լեմին` Սան Պաոլո նահանգում: Ընտանիքս ոչ հարուստ էր, ոչ աղքատ: Չէինք քաղցում: Ինձ համար մեծ հանելուկ է. Բրազիլիան մեծ երկիր է, այնտեղ նորմալ ապրելու համար ամեն ինչ կա , սակայն մարդիկ ուտելու բան չունեն: Ո՞վ է մեղավոր: Քաղաքականությունը:

- Ընտանիքդ դեռևս այնտե՞ղ է, թե՞ արդեն տեղափոխվել են:

- Այնտեղ են: Հենց ավարտվում է մրցաշրջանը, միանգամից մեկնում եմ հայրենիք:

- Ովքե՞ր են ձեր ծնողները:

- Հայրս նախկին դարպասապահ է, իսկ մայրս իմ, եղբորս ու քրոջս դաստիարակությամբ էր զբաղվում: Ես դպրոցից գալիս էի և բացի ֆուտբոլի գնդակից, շուրջս ուրիշ բան չէի տեսնում: Բայց դա սովորական բան է. բոլոր բրազիլացիներն էլ այդպիսին են:

- Հավանաբար ձեր հայրը երազում էր, որ դուք մի օր հավաքականի մարզաշապիկը հագնեք: Երբ նրան ասեցիք, որ պատրաստվում եք «հայ դառնալ», չբարկացա՞վ:

- Ոչ, ոգևորեց, ասաց. «Ամեն ինչ միայն քեզնից է կախված: Եթե դա քեզ հարմար է, ապա առա'ջ: Դու ուրախ ես, ես էլ եմ ուրախ»: Ես խորհրդակցել եմ ընտանիքիս հետ, սակայն որոշումն ինքնուրույն եմ կայացրել:

- «Կուբանում» համազգեստը նույնպես դեղին-կանաչ է: Դա ձեր` այդ գույնի մարզաշապիկը հագնելու միակ հնարավորությու՞նն էր:

- Այո, այդպես եմ կարծում: Ես իրադրությունը սթափ եմ գնահատում: Երբ 21 տարեկանում հրավեր ստացա խաղալ «Արարատում», ապա Հայաստան տեղափոխվեցի առանց մտածելու:

- Ո՞ր ազգությանն եք այժմ ձեզ դասում:

- Հայկական բրազիլացի: Հավանաբար ավելի շատ հայ եմ, քան բրազիլացի:

 

ՀԱՅԸ

- Սովորական պատմություն է. ֆուտբոլիստը տեղափոխվում է այլ երկիր, քաղաքացիություն է ստանում, սկսում է ելույթ ունենալ այդ երկրի հավաքականում: Հետո հեռանում է և մոռանում իր երկրորդ հայրենիքը: Ի՞նչու, երբ հեռացաք Հայաստանից, չմոռացաք այդ երկիրը:

- Ի՞նչպես կարելի է մոռանալ, երբ այդտեղ քեզ պրոֆեսիոնալ աճի համար բոլոր պայմանները ստեղծել են: Անչափ շնորհակալ եմ այդ երկրին: Հայաստանի հավաքականում ելույթ կունենամ այնքան ժամանակ մինչև պիտանի կլինեմ հավաքականին, կամ էլ մինչև ավարտեմ կարիերաս:

- Ինչքա՞ն ժամանակ պահանջեց ընտրությունը:

- Ժամանակ գնաց միայն փաստաթղթերը ձևակերպելու համար: Իսկ պատասխանի համար ընդամենը մեկ վայրկյան էր պահանջվում` «Այո'»: Գիտեմ, որ Բրազիլիայում հավաքական են հրավիրում միայն հայտնի ֆուտբոլիստներին: Դե, համարյա միշտ այդպես է:

- Ձեր կարծիքով, ինչի՞ հաշվին Հայաստանի հավաքականը հաջող հանդես եկավ Եվրո-2012-ի որակավորման փուլում:

- Ֆուտբոլում գաղտնիքներ չկան: Երբեք չենք փորձել խաղալ «Բարսելոնայի» նման: Պարզապես ճիշտ էինք կատարում այն, ինչն արդյունք է տալիս: Բացի այդ, մենք շատ լավ կոլեկտիվ ենք: Կարծես ընտանիք լինենք:

- Իսկ ո՞վ է գլխավորը ընտանիքում:

- Մարզիչը: Դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Պաշտպան Հովսեփյանը: Նա Ռուսաստանում է խաղացել` «Զենիթում», գիտեի՞ք:

- Լսել եմ:

- Հովսեփյանն իդեալական ավագ է: Իսկ Բերեզովսկին բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար կարծես հայր լինի: Միշտ ոգևորում է, խորհուրդներ է տալիս: Իսկական «պապա»:

- Ո՞րն է ձեր Հայաստանում սիրած վայրը և սիրած հայկական ուտեստը:

- Սիրում եմ շրջել Երևանի կենտրոնով, գլխավոր հրապարակով: Կնոջս հետ միլիոն անգամ եղել եմ այնտեղ: Կերակուրներց շատ եմ հավանում բաստուրման: Տեղյա՞կ եք, ինչ է դա:

- Ընդհանուր առմամբ, այո: Իսկ կոնյա՞կ, գինի՞:

- Ոչ մի անգամ չեմ փորձել: Հավանաբար լավն են, եթե դրանց մասին այդքան խոսում են:

- Գրում էին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը մեծ գումարներ է տալիս հաղթանակների համար:

- Բոնուսներ ստանում են յուրաքանչյուր հավաքականում: Հայաստանն առաջին անգամ էր  Եվրոպայի առաջնության ուղեգրի հավակնում , հավանաբար այդ պատճառով մեզ մեծ պարգևատրում էին խոստացել: Սակայն մենք չկատարեցինք խնդիրը:

- Ինչքա՞ն էին խոստացել:

- Չեմ կարող ասել:

- Հայաստան- Ռուսաստան խաղից առաջ գրում էին, որ խաղը պայմանավորված էր:

- Չեմ լսել: Սակայն դա ընկերական խաղ չէր: Մրցակիցների հետ մենք պայքարում ենք, այլ ոչ թե ընկերանում: Լրագրողները սիրում են ինչ-որ բաներ հորինել:

- Պատասխան խաղում դուք գոլ խփեցիք: Ռուսներից ու՞մ խաղը կառանձնացնեիք:

- «Զենիթի» կիսապաշտպան Դենիսովի խաղը: Պաշտպան Բերե… Բերեզուցկին: Արշավինն «Արսենալից», ով գործում էր ձախից: Այժմ «Անժիում» է խաղում… Ժիրկով: Հնարավոր չէ մոռանալ նաև այն ֆուտբոլիստին, ով մեզ 3 գնդակ խփեց: Հնարավոր չէ մոռանալ, սակայն ոչ ազգանունը:

- Պավլյուչենկո:

- Ճիշտ է:

ՄԵՏԱԼՈՒՐԳ

- «Արարատում» և «Փյունիկում» անցկացրած 5 տարիներից հետո տեղափոխվեցիք Դոնեցկի «Մետալուրգ»: Ինչու՞:

- Ինձ պետք էր քայլ առաջ կատարել: Եթե դադարում ես երազել մակարդակի բարձրացման մասին, ապա սկսում ես գլորվել ներքև: Ուկրաինայի առաջնությունն ավելի լուրջ է, քան Հայաստանի առաջնությունը: Բացի այդ, մշակույթների նմանություն կար, ես հեշտ հարմարվեցի: Իսկ Դոնեցկը շատ գեղեցիկ քաղաք է:

- Ուկրաինական սիրած ուտեստը…

- Բորշն է: Իմիջիայլոց, հիշեցի, ճաշելու ժամանակն է: Մենք պարտադիր պետք է ճաշենք, այլապես մարզիչը կբարկանա: Շուտով կվերադառնամ:

Եվ Պիզելլին գնաց…

ՓԼԵՅՄԵՅՔԵՐ

… իսկ 20 րոպե անց վերադարձավ:

- Ներողություն, ես նորից ձեզ հետ եմ:

- Շարունակենք: Դուք արդեն հասկացրիք, որ Դան Պետրեսկուն շատ պահանջկոտ մարզիչ է: Ուրիշ ի՞նչ կերպ կարող եք բնութագրել նրան:

- Միշտ ճշմարտությունն է ասում ֆուտբոլիստներին: Մասնակցում է բոլոր վարժություններին, և եթե ինչ-որ բան սխալ ես անում, ապա անպայման ցույց է տալիս սեփական օրինակի վրա:

- «Կուբանը» ձմռանը ձեր միա՞կ տարբերակն էր:

- Եթե նույնիսկ այլ տարբերակներ են եղել, ապա իմ գործակալն ինձ չի հայտնել դրանց մասին: ՄԵկ անգամ նա պարզապես ասեց. «Կուբանն» է հրավիրում: Ռուսական պրեմիեր լիգա: Պատասխանեցի` «Հարց չկա: Միշտ պատրաստ եմ»:

- Եվս մեկ քայլ առա՞ջ «Մետալուրգից» հետո:

- Բնականաբար: Մեծ քայլ: «Կուբանը» կարող է Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճել: Իսկ Ռուսաստանի առաջնությունը շատ ուժեղ է: «Մետալուրգն» անցած մրցաշրջանում երեք լուրջ հանդիպումներ է անցկացրել` Կիևի «Դինամոյի», «Շախտյորի» և «Մետալիստի» հետ: Իսկ այստեղ մեկ տարվա ընթացքում 10 ուժեղ թիմի դեմ ես խաղում:

- Վագներին և Վելիտոնին ճանաչու՞մ եք:

- Միայն հեռուստացույցով եմ տեսել:

- Տեսնելով Տրաորեին` չմտածեցի՞ք, որ բասկետբոլի թիմում եք հայտնվել:

- Ինչքա՞ն է նրա հասակը: Երկու մետր երեք սանտիմե՞տր: Բայց Տրաորեն ոչ միայն խոշոր, այլ նաև խելացի հարձակվող է, շատ լավ է բացվում, ինչպես և Դավիդովը:

- Մեկ հարձակվողով մարտավարությունը ձեզ չի մտահոգու՞մ:

- Հայաստանի հավաքականում միշտ այդ մարտավարությամբ ենք խաղում, այնպես որ սովոր եմ: Իմ սիրած խաղային դիրքը ենթահարձակվողն է, իսկ սիրածս գործը լավ փոխանցում կատարելը: Բացի այդ, սիրում եմ ստանդարտ դրություններն իրացնել: Անկյունային և տուգանային հարվածներ եմ կատարում: Կարող եմ տասնմեկ մետրանոց էլ իրացնել, եթե մարզիչը հանձնարարի:

- Ձեր անձնական ռեկորդը` խփած գոլերի քանակով:

- 22 գոլ 2007թ.-ին: Սակայն դա իմ սովորական արդյունքը չէ, ավելի շատ անակնկալ է: Սովորաբար մրցաշրջանի ընթացքում 10 գոլ եմ խփում:

- Ձեր մանկության կուռքը…

- Պատանեկության տարիներին ինձ շատ էր դուր գալիս Ալեքսը:

- «Սպարտակի՞»:

- Ոչ, մեկ այլ: Նա «Ֆեներբախչեում» էր խաղում: Սակայն «Սպարտակում» խաղացած Ալեքսին էլ գիտեմ:

ԿՐԱՍՆՈԴԱՐՑԻՆ

- Ի՞նչ գիտեք քաղաքի մասին, որտեղ պետք է ապրեք:

- Հայ ընկերներս պատմել են, որ Կրասնոդարը մեծ քաղաք է, և այստեղ հարմար է ապրել: Ցանկանում եմ լավ ճանաչել այս քաղաքը: Յուրա Մովսիսյանն ասում էր. «Ես քեզ կօգնեմ, մի' մտահոգվիր, «Կուբանում» լավ տղաներ են հավաքված»:

- Մովսիսյանն իր դաստիարակությունը ստացել է Նահանգներում, և ասում են, որ նա խնդիրներ ունի հայերենի հետ: Ձեզնից ո՞վ է ավելի լավ տիրապետում այդ լեզվին:

- Յուրան` և հայերենին, և անգլերենին ավելի լավ է տիրապետում: Միմյանց հետ շփվում ենք այդ երկու լեզուների խառնուրդով:

- Մովսիսյանը «Կուբանի» գլխավոր մրցակցի` «Կրասնոդարի» հարձակման առաջատարն է: Վե՞րջ ընկերությանը:

- 90 րոպեի ընթացքում մենք մրցակիցներ ենք լինելու: Իսկ խաղից հետո` նորից ընկերներ:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր