Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ենք Ձմեռային տրանսֆերային պատուհանի 10 ամենաթանկ տեղափոխությունները:
1. Մարկո Ռոյս, Մյունխենգլադբախի «Բորուսիայից» Դորտմունդի «Բորուսիա»` 17,7 մլն եվրոյի դիմաց:
Երիտասարդ և խոստումնալից գերմանացի կիսապաշտպանը դարձավ ձմեռվա ամենաթանկ ֆուտբոլիստը: Սակայն Ռոյսը «Բորուսիայի» կազմը կհամալրի միայն մրցաշրջանի ավարտից հետո:
2. Բալաշ Ջուջակ, «Անժիից» Մոսկվայի «Դինամո»` 17 մլն եվրոյի դիմաց:
Հունգարացին այդպես էլ չկարողացավ իր ողջ տաղանդը ցույց տալ Մախաչկալայի ակումբում և «Անժին» բաժանվեց նրանից, ճիշտ է` բավականին խոշոր գումարի դիմաց: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Ջուջակն իր ելույթներով փայլում էր հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենում»:
3. Պապիս Սիսե, «Ֆրայբուրգից» «Նյուքասլ»` 12 մլն եվրոյի դիմաց:
Սենեգալցի հարձակվողն անուն վաստակեց գերմանական Բունդեսլիգայում և այժմ կփորձի հաջողությունների հասնել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Սիսեյին իր նոր թիմում կօգնի հավաքականում խաղընկերը` Դեմբա Բան:
4. Էդուարդո Վարգաս, «Ունիվերսիադա դե Չիլիից» «Նապոլի»` 11,5 մլն եվրոյի դիմաց:
Վարգասի ծառայություններով հետաքրքրված էին եվրոպական մի շարք գրանդ ակումբներ, սակայն նա ընտրեց Նեապոլը, որտեղ նրան ուժեղ մրցակցություն է սպասվում Կավանիի, Լավեսսիի և Պանդևի կողմից:
5. Վագներ Լավ, ԲԿՄԱ-ից «Ֆլամենգո»` 10 մլն եվրոյի դիմաց:
Մոսկովյան ակումբի վերջին 5 տարիների լավագույն հարձակվողը վերադարձավ հայրենիք: Ինչպես հայտարարել էր ինքը` ֆուտբոլիստը, նա այլևս ոչ մեկին ոչինչ ապացուցելու կարիք չունի և հայրենիքում կխաղա ուղղակի հաճույքի և դրամապանակը լցնելու համար:
6. Տիագո Մոտտա, «Ինտերից» «Պարի Սեն Ժերմեն»` 10 մլն եվրոյի դիմաց:
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» արաբ սեփականատերերը ցանկանում են որքան հնարավոր է արագ հզոր թիմ ստեղծել: Ողջ հունվար ամսվա ընթացքում ֆուտբոլային տարբեր աստղերի անուններ կապվեցին փարիզյան ակումբի հետ: Ի վերջո, Տրանսֆերային պատուհանի փակվելու վերջին օրը ՊՍԺ տեղափոխվեց 2009թ.-ի Չեմպիոնների լիգայի գավաթակիր Տիագո Մոտան:
7. Մուսա Սոու, «Լիլից» «Ֆեներբախչե»` 10 մլն եվրոյի դիմաց:
Ֆրանսիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն իր գոլերով այսուհետ կգեղեցկացնի Թուրքիայի առաջնությունը: Այս տրանսֆերի շնորհիվ` սենեգալցին դարձավ ամենաբարձր վարձատրվող աֆրիկացի ֆուտբոլիստներից մեկը:
8. Ռոման Պավլյուչենկո, «Տոտենհեմից» «Լոկոմոտիվ»` 9 մլն եվրոյի դիմաց:
4 տարվա բացակայությունից հետո ռուս հարձակվողը վերադարձավ հայրենիք: 2003-2008 թվականներին Պավլյուչենկոն խաղացել էր Մոսկվայի «Սպարտակ»-ում: Այժմ նա կրկին հարազատ քաղաքում է, սակայն այս անգամ արդեն «Լոկոմոտիվում»:
9. Ռիկարդո Ռոդրիգես, «Ցյուրիխից» «Վոլֆսբուրգ»` 8,5 մլն եվրոյի դիմաց:
Ֆելիքս Մագատը գումար չխնայեց չիլիական արմատներով 18-ամյա տաղանդավոր եզրային պաշտպանի համար, ով, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն համարվում է Շվեյցարիայի ազգային հավաքականի հիմանական կազմի խազացող:
10. Գարի Կեհիլ, «Բոլթոն»-ից «Չելսի»` 8,4 մլն եվրոյի դիմաց:
Կենտրոնական պաշտպանը վաղուց էր ցանկանում լքել «Բոլթոնը», սակայն ամեն անգամ ակումբի ղեկավարները հրաժարվում էին նրան վաճառել: Այս անգամ արդեն Կեհիլը թիմից հեռանալու գրավոր դիմում ներկայացրեց, իսկ Լոնդոնի «Չելսին» համալրվեց Անգլիայի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստով:
Ռազմիկ Հովհաննիսյան, համաձայն sports.ru կայքի տվյալների
ամիս
շաբաթ
օր