2011թ.-ը արդյունավետ տարի էր հայկական մարզաշխարհի, և հատկապես հայկական ֆուտբոլի համար: ArmFootball.com-ը տարեվերջին որոշել է վերհիշել տարվա կարևորագույն մարզական իրադարձությունները:
Հունվար
Ամսվա իրադարձությունը. Հայ ֆուտբոլիստների տրանսֆերները. Յուրա Մովսիսյանը տեղափոխվեց «Կրասնոդար», Լևոն Հայրապետյանը` «Լեխիա», Ռոբերտ Արզումանյանը` «Յագելոնիա»:
Ամսվա հերոսը. Յուրա Մովսիսյան. հարձակվողի փայլուն խաղը Հայաստանի հավաքականի և դանիական «Ռանդերսի» կազմում անտարբեր չթողեց եվրոպական ակումբներին: Յուրան որոշեց կարիերայի այս հատվածում շատ մեծ թռիչք չկատարել` տեղափոխվելով մի թիմ, որտեղ կունենար մշտական խաղային պրակտիկա: «Կրասնոդարը» հարձակվողի տրանսֆերի համար վճարեց 2,5 մլն եվրո:
Փետրվար
Ամսվա իրադարձությունը. Կիպրոսում կայացած ընկերական խաղում Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Վրաստանի հավաքականին:
Ամսվա հերոսը` Հենրիխ Մխիթարյան. առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության մեջ հայ ֆուտբոլիստը մասնակցեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլին: Մխիթարյանը օգնեց իր թիմին` «Շախտյորին» հաջողությամբ հաղթահարել 1/8-րդ եզրափակչի արգելքը: Հենրիխը նաև հրաշալի խաղ ցուցադրեց հավաքականի կազմում` Վրաստանի դեմ ընկերական խաղում:
Մարտ
Ամսվա իրադարձությունը. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Ռուսաստան հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի` 0:0:
Ամսվա հերոսը` Ռոման Բերեզովսկի: Հայաստան - Ռուսաստան հանդիպման ժամանակ մեր դարպասապահը մի քանի անգամ փրկեց հավաքականին ռուսների վտանգավոր հարվածներից հետո:
Ապրիլ
Ամսվա իրադարձությունները. Մի քանի մարզաձևերում կայացան մայրցամաքի առաջնությունները, որտեղ տարբեր կարգի մեդալներ նվաճեցին նաև հայ մարզիկները: Հաճելի անակնկալ էր մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հարություն Մերդինյանի նվաճած բրոնզե մեդալը:
Ամսվա հերոսը` Ռոման Ամոյան. Դորտմունդում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ Ռոմանն ուժեղ գտնվեց իր բոլոր մրցակիցներից և նվաճեց մայրցամաքի չեմպիոնի կոչումը:
Մայիս
Ամսվա իրադարձությունները. Երևանի «Միկան» իր պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը, Լևոն Արոնյանը դուրս մնաց աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարից: Սա Թերևս Լևոնի միակ անհաջողությունն էր էր 2011թ.-ին:
Ամսվա հերոսը` Գոռ Մինասյան. 17-ամյա ծանրորդը Պերուի մայրաքաղաք Լիմայում հռչակվեց պատանիների աշխարհի չեմպիոն' երկամարտում ցույց տալով բավական բարձր' 379 կգ ցուցանիշ:
Հունիս
Ամսվա իրադարձությունները. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Սանկտ-Պետերբուրգում 1:3 հաշվով զիջեց Ռուսաստանին, Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում կայացած ընրական փուլի առաջին խաղում 4:1 հաշվով ջախջախեց Մոնտենեգրոյին :
Ամսվա հերոսը` Էդգար Մալաքյան. «Փյունիկի» կիսպաշտպանի փայլուն խաղն օգնեց Հայաստանի երիտասարդական հավաքականին վստահ հաղթանակ տանել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում: Մոնտենեգրոյին խփած 4 գնդակներից առաջին երկուսն իր հաշվին գրանցեց Մալաքյանը:
Հուլիս
Ամսվա իրադարձությունները. շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հռչակվեց աշխարհի թիմային չեմպիոն, հայկական ակումբները հերթական անգամ անհաջող հանդես եկան եվրագավաթներում:
Ամսվա հերոսը` Լևոն Արոնյան. Հայաստանի հավաքականի առաջատարը հերթական անգամ վստահ հանդես եկավ առաջին խաղատախտակի վրա և մեծապես նպաստեց մեր հավաքականին նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:
Օգոստոս
Ամսվա իրադարձությունները. Հայաստանի հավաքականը անհաջող ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվայում' 0:3 հաշվով զիջելով տեղի հավաքականին: Հավաքականում իր առաջին հանդիպումն անցկացրեց Յարոսլավլի «Շիննիկի» հարձակվող Արթուր Սարկիսովը:
Ամսվա հերոսը` Աղասի Աղասյան. Չինաստանում կայացած համաշխարհային ունիվերսիադայում հայազգի ծանրորդը հաղթող ճանաչվեց' անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկրին բերելով ունիվեսիադայի ոսկե մեդալ:
Սեպտեմբեր
Ամսվա իրադարձությունները. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 2 արտագնա հանդիպումներում առավելության հասավ իր մրցակիցների նկատմամբ ընդհանուր 7:0 հաշվով: Արսեն Ջուլֆալակյանը Ստամբուլում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ:
Ամսվա հերոսը` Վարդան Մինասյան. եթե Անդորրայի նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակը ընդունվեց որպես բնական երևույթ, ապա Սլովակիայի նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակն իսկական անակնկալ էր ամբողջ Եվրոպայի համար: Եվ այդ հաղթանակում ամենամեծ դերն ունեցավ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով տակտիկական պայքարում ոչ մի հնարավորություն չտվեց Վլադիմիր Վայսին:
Հոկտեմբեր
Ամսվա իրադարձությունները. Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում նախ Երևանում հաղթեց Մակեդոնիային' 4:1, այնուհետև պարտվեց Իռլանդիային' 1:2 և դուրս մնաց մրցաշարից: Արազ Օզբիլիզը ներկայացվեց որպես Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ:
Ամսվա «հերոսը»` Իտուրալդե Գոնսալես. ավելի ճիշտ կլինի անվանել հակահերոսը: Գոնսալեսի անունը հայ երկրպագուները դեռ երկար կհիշեն: Հենց նրա կոպիտ սխալների պատճառով հավաքականը պարտվեց Իռլանդիայում և չկարողացավ փլեյ -օֆֆի ուղեգիր ձեռք բերել:
Նոյեմբեր
Ամսվա իրադարձությունները. «Ուլիսը» առաջին անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն, հայ ծանրորդներն անհաջող ելույթ ունեցան Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում:
Ամսվա հերոսը` Սամվել Տեր-Սահակյան. երիտասարդ շախմատիստը Բրազիլիայում կայացած պատանիների աշխարհի առաջնությունում հրաշալի հանդես եկավ' նվաճելով մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը: Մինչ այդ մեր շախմատիստներից նման հաջողության էր հասել միայն Վլադիմիր Հակոբյանը' 1989թ.-ին:
Դեկտեմբեր
Ամսվա իրադարձությունները. մեծարվեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականը: Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ, Ռոման Ամոյանը' տարվա լավագույն մարզիկ:
Ամսվա հերոսը` Հենրիխ Մխիթարյան. դեկտեմբեր ամիսն արդյունավետ ստացվեց Մխիթարյանի համար: Ամսվա սկզբին նա իրեն լավ դրսևորեց Դոնեցկի «Շախտյորի» կազմում' դառնալով երկու գոլի հեղինակ, իսկ դեկտեմբերի 15-ին կայացած հավաքականի մեծարման արարողության ժամանակ ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը նաև մի քանի բարեգործական ակցիաներ կազմակերպեց Արցախում և Գեղարքունիքի մարզում:
ամիս
շաբաթ
օր