Որոնել
Արխիվ
12.12.2011  15:47

Սամվել Տեր-Սահակյան. «Ավելի խոշոր հաջողությունները դեռ առջևում են»

Նոյեմբերի վերջին Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում վանաձորցի պատանի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հռչակվեց մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն: Նշենք, որ հայ շախմատիստներից այս տարիքային խմբում վերջին անգամ հեռավոր 1989թ.-ին նման պատվի էր արժանացել Սամվելի մարզիչներից մեկը` հանրահայտ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: Օգտվելով այն հանգամանքից, որ Բրազիլիայի աշխարհի պատանեկան առաջնությունից հետո Տեր-Սահակյանը փոքր ինչ հանգիստ է վերցրել և գտնվում է հայրենի Վանաձորում, ArmFootball.com-ի թղթակից Արամ Ուգուջյանը բացառիկ հարցազրույց ունեցավ պատանի շախմատիստի հետ:

- Սեպտեմբերի 2-րդ կեսում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունից հետո շուրջ 1 ամիս անձնական մարզչիս՝ գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանի ղեկավարությամբ լրջորեն նախապատրաստվեցի աշխարհի պատանեկան առաջնությանը:

- Մեկնարկը շատ հաջող ստացվեց քեզ մոտ:

- Այո, 6 անընդմեջ հաղթանակ տոնեցի, թեպետ պիտի խոստովանեմ, որ հաղթական այդ միավորները հեշտությամբ ձեռք չբերվեցին: Նշված պարտիաների մեծ մասում բարդ ու խճճված դիրքեր էին ստացվում, սակայն այս անգամ ինձ բարեբախատաբար հաջողվեց փորձություններից պատվով դուրս գալ:

- Ճի՞շտ է, որ վճռորոշ պարտիաներից մեկում մարզչիդ հետ նախապես պատրաստած նորույթ ես կիրառել:

- Այո, սիցիլիական պաշտպանության տարբերակներից մեկը համակողմանի վերլուծություններից հետո լրամշակել էինք նորույթով: Վերջինս, որ իմ կողմից բավական ուսումնասիրված դիրք էր, կիրառել էի մրցաշարերից մեկում սպիտակներով խաղալիս: Այս անգամ այդ նորույթը կիրառեցի 8-րդ տուրում, երբ սևերով խաղում էի ամերիկացի Էրեկ Ռոսենի հետ: Դա անակնկալի բերեց հակառակորդիս, ու ես կարողացա շահել վճռորոշ այդ պարտիան:

- Անցյալ տարի էլ շատ մոտ էիր մինչև18 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուն, սակայն այդ պահին հաղթանակը ձեռքիցդ բաց թողեցիր ու բավարարվեցիր արծաթե մեդալով: Ի՞նչը խանգարեց հասնել նպատակին:

- Իրոք, 8 տուրից հետո ես 7 միավորով միանձնյա առաջատարն էի: Բայց վերջին 3 տուրերում կարողացա միայն 1,5 միավոր վաստակել, մինչդեռ մոտակա մրցակիցս՝ աշխարհի ապագա չեմպիոն ամերիկացի Ստեև Զիերկը վերջնամասում փայլուն գործեց և 4 անընդմեջ հաղթանակ տոնելով շրջանցեց ինձ: Այստեղ վճռորոշ եղավ նաև այն հանգամանքը, որ ավարտական՝ 11-րդ տուրում ես սպիտակներով զիջեցի ռուս գրոսմայստեր Շիմանովին, իսկ Զիերկը պարտության մատնեց ադրբեջանցի Դուրարբեյլիին:

- Կարելի է ասել, որ մինչև18 տարեկանների աշխարհի չեմպիոն դառնալը քո մարզական կենսագրության մեջ ամենամեծ նվաճումն է:

- Կարծում եմ ավելի խոշոր հաջողությունները դեռ առջևում են: Սա թերևս կարևոր հաջողություններից մեկն է, բայց ոչ ամենամեծը:

- Երբվանի՞ց ես հրապուրվել և որտե՞ղ ես սկսել մարզվել շախմատով:

- Բախտորոշ է եղել այն հանգամանքը, որ Վանաձորում այն շենքը, որտեղ բնակվում է մեր ընտանիքը, շատ մոտ է քաղաքի շախմատի ակումբին: 5 տարեկանից ես սկսեցի հաճախել այդ մարզօջախն, ու այդպես հետագա ճակատագիրս ամբողջովին կապվեց շախմատի հետ: Հիմա չեմ ափսոսում, որ ընտրել եմ հենց այդ ճանապարհը:

- Ուրիշ մարզաձևերով երբևէ չե՞ս հետաքրքրվել:

- Սիրում եմ խաղալ, և անշուշտ երկրպագել ֆուտբոլ: Իսպանիայի առաջնության երկրպագու եմ, առանձնակի հետաքրքրությամբ եմ հետևում «Ռեալի» և «Բարսելոնայի» մասնակցությամբ հանդիպումներին և հատկապես էլ կլասսիկոյի մրցավեճերին: Սիրում եմ հատկապես «Բարսելոնայի» և նրա առաջատար Լիոնել Մեսսիի ցուցադրած խաղը:

- Ո՞ր մարզիչների մոտ ես կատարելագործել վարպետությունդ:

- Վանաձորում առաջին մարզիչս Տիգրան Գյոզալյանն է եղել: Երևանում բավական երկար ժամանակ մարզվել եմ մաեստրոյի՝ ՀՀ բազմակի չեմպիոն Էդուարդ Մնացականյանի ղեկավարությամբ: Ապա շուրջ 3 ամիս վարպետության դասեր եմ ստացել ճանաչված գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանից: Իսկ 2009թ.-ի սեպտեմբերից մինչ օրս իմ մարզիչն է գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը, ով, ի դեպ, ժամանակին եղել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վլադիմիր Կրամնիկի մարտավկաներից մեկը:

- Օրեկան քանի՞ ժամ ես տրամադրում մարզումներիդ:

- Միջին հաշվով` օրեկան 4-5 ժամ: Երևանում Նալբանդյանի հետ աշխատում ենք հնարավորինս ավելի շատ պարտիաներ ուսումնասիրել, նոր տարբերակներ մշակել և իհարկե տեսական գիտելիքներիս պաշարն ավելացնել:

- Հիշու՞մ ես արդյոք առաջին լուրջ հաջողությունդ, այդ ստուգատեսում նվաճած պարգևավճարդ ի՞նչ նպատակի համար է ծառայել:

- Առաջին լուրջ հաջողությունս համարում եմ մինչև 10 տարեկանների ՀՀ չեմպիոն դառնալը, որի համար 50 հազար դրամ պարգևավճար ստացա: Այդ ժամանակ դեռ շատ փոքր էի և գումարը հանձնեցի ծնողներիս:

- Իսկ ո՞րն է քո` մինչ այժմ նվաճած պարգևներից ամենաարժեքավորը:

- Այս տարի տղամարդկանց ՀՀ բարձրագույն խմբի 71-րդ առաջնությունում նվաճած արծաթե մեդալը, քանի որ չափազանց ուժեղ կազմով ու բավական լուրջ մրցակցության պայմաններում ձեռք բերած այդ մրցանակը շատ պատվաբեր եմ համարում: Ես այս տարի վերոհիշյալ ստուգատեսում 7 միավոր վաստակեցի ու 2-4-րդ տեղերը կիսեցի գրոսմայստերներ Արման Փաշիկյանի ու Զավեն Անդրեասյանի հետ: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո ես առաջին անգամ հռչակվեցի տղամարդկանց ՀՀ փոխչեմպիոն: Իսկ ոսկե մեդալին արժանացավ Ռոբերտ Հովհաննիսյանը:

- Բայց քո հավաքածուում կա տղամարդկանց ՀՀ առաջնության ևս մի պարգև:

- Այո, 2007թ.-ին 14 տարեկան հասակում դարձել եմ տղամարդկանց ՀՀ 67-րդ առաջնության բրոնզե մեդալակիր:

- Դու նաև հայկական շախմատի պատմության մեջ առայժմ ամենակրտսեր տարիքում գրոսմայստեր դարձած շախմատիստն ես:

- Ես գրոսմայստերի նորման 3-րդ անգամ լրացրել եմ 2008թ.-ի մայիսին` Պլովդիվում կայացած շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում, երբ 14 տարեկան 7 ամսեկան էի: Իսկ պաշտոնապես ՖԻԴԵ-ն ինձ գրոսմայստերի կոչում է շնորհել 2009թ.-ի հունվարի 1-ին:

- Դու մեդալ նվաճելուն շատ մոտ էիր նաև այս տարի օգոստոսին Հնդկաստանում կայացած մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում:

- Այստեղ իմ գործերը մինչև 10-րդ տուրը, իրոք, շատ հաջող էին ընթանում: 9 տուրից հետո 8 միավորով միանձնյա առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն էր, իսկ ես նրանից միայն կես միավորով էի ետ մնում ու ընթանում էի 2-րդ հորիզոնականում: Ցավոք, վերջին 4 տուրերում միայն 1 միավոր կարողացա վաստակել, ու ստիպված էի 9-րդ տեղով բավարարվել: Ռոբերտը այդ տուրերում էլ հաջող խաղաց, և 10,5 միավորով 1-2-րդ տեղերը կիսեց լեհ շախմատիստ Դարիուշ Սվիրցի հետ: Վերջինիս լրացուցիչ ցուցանիշներով բաժին հասավ չեմպիոնի ոսկե մեդալը:

- Ի՞նչ է պակասում քեզ ավելի ծանրակշիռ հաջողությունների հասնելու համար:

- Իհարկե, աշխատելու, կատարելագործվելու, ավելացնելու տեղ միշտ էլ կա: Ինձ մոտ առայժմ բավական դժվար են ստացվում հատկապես մրցաշարերի վերջին տուրերի պարտիաները, որոնք վճռորոշ նշանակություն ունեն: Բրազիլիայում հաջողվեց հաղթահարել հոգեբանական այդ արգելքը, և կայուն խաղ ցուցադրել: Հետագայում էլ կփորձեմ հնարավորինս կայունացնել խաղս:

- Ո՞վ է քո կուռքը համաշխարհային շախմատում: Ներկա սերնդի շախմատիստներից ու՞մ խաղաոճն է քեզ ավելի հոգեհարազատ:

- Հրապուրված եմ հատկապես աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի խաղաոճով և բավականին շատ եմ ուսումնասիրել նրա պարտիաները: Ժամանակակից սերնդի շախմատիստներից ինձ ավելի հոգեհարազատ է Լևոն Արոնյանի ու ներկայիս տղամարդկանց ՀՀ ազգային հավաքականի բոլոր անդամների ցուցադրած խաղաոճը:

- Դպրոցն ավատելուց հետո որտե՞ղ ես մտադիր շարունակել ուսումդ:

- Այժմ սովորում եմ Վանաձորի` կաթողիկոս Վազգեն 1-ինի անվան միջնակարգ դպրոցի ավարտական՝ 12-րդ դասարանում: Քանի որ հետագա գործունեությունս առանց շախմատի չեմ պատկերացնում, մտադիր եմ ուսումս շարունակել ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտի շախմատի բաժնում:

- Որո՞նք են քո հետագա պլանները:

- Այս շաբաթվանից Երևանում կվերսկսեմ մարզումներս: Պետք է նախապատրաստվեմ 2012թ.-ի հունվարին կայանալիք ՀՀ բարձրագույն խմբի 72-րդ առաջնությանը: Այստեղ հաջող ելույթները իրավունք կտան նախ մասնակցելու Մոսկվայի «Աերոֆլոտ օփեն» ավանդական մրցաշարին, ապա` տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությանը:

- Ո՞րն է շախմատում քո գլխավոր նպատակը:

- Իհարկե, միանգամից բարձունքների հասնելը շատ դժվար է: Կփորձեմ բոլոր այն մրցաշարերում, որտեղ ինձ բախտ վիճարկվի հանդես գալ, ցուցադրել այն առավելագույնը, ինչին ընդունակ եմ տվյալ պահին, և այդպես` քայլ առ քայլ, աստիճանաբար առաջադիմելով կփորձեմ հասնել աշխարհի ուժեղագույն շախմատիստներին:

- Իսկ ո՞վ է քո կարծիքով գործող շախմատիստներից ուժեղագույնը:

- Այսօր աշխարհում գրեթե հավասարազոր 5-6 շախմատիստ կա, որոնցից մեկին առաձնացնելը շատ դժվար է: Նրանց շարքին են դասվում Կառլսենը, Արոնյանը, Անանդն ու Կրամնիկը: Իմ նախասիրություններին շատ ավելի մոտ են Արոնյանի և Կառլսենի խաղաոճերը:

- Ո՞րն է մոտակա նվիրական երազանքդ:

- Առաջին հերթին, ընդգրկվել տղամարդկանց ՀՀ ազգային հավաքականում: Իսկ դրան կարելի է հասնել ՀՀ չեմպիոնի կոչումը նվաճելու շնորհիվ: Հասկանալի է նաև, որ դա բավական բարդ խնդիր է, քանի որ այստեղ միշտ էլ լարված ու լուրջ մրցակցություն է ծավալվում: Ես կգործադրեմ բոլոր ջանքերս այդ նպատակին հասնելու համար:

լուսանկարը` armenpress-ի

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000