Որոնել
Արխիվ
30.11.2011  09:00

2014թ.- ԱԱ. Խաղացանկից բողոքելը հանցագործություն կլինի

ArmFootball.com-ի թղթակիցն իր բլոգում վերլուծել է ԱԱ-2014-ի ընտրական B խմբի հաստատված խաղացանկը:

Խաղացանկի հաստատման վերաբերյալ Պրահայից ստացված նորությունը բավական լավ ընդունվեց: Հաշվի առնելով վերջին տարիների փորձը`կարելի էր ենթադրել, որ ինչ-որ մեկին նորից ինչ-որ բան դուր չի գա, և արդյունքում խաղացանկը նորից կորոշեր կազմակերպիչը` տվյալ դեպքում ՖԻՖԱ-ն` վիճակահանության միջոցով` հաշվի առնելով թիմերի գործակիցները:

Սակայն կողմերին հաջողվեց պայմանավորվել, ինչ-որ տեղ իհարկե նաև մեր ֆեդերացիայի ջանքերի շնորհիվ, որը կարողացավ գնալ զիջումների և փոխարենը ինչ-որ բան ստանալ: Ի՞նչ դրական բան կարելի է նկատել խաղացանկին նայելով:

Առաջին հերթին, համեմատած Եվրո-2012-ի խաղացանկի հետ, առաջին և երկրորդ շրջանների միջև շատ մեծ տարբերություն չկա: Հիշեցնեմ, որ այն ժամանակ առաջին 5 խաղերից 4-ը մենք անցկացրինք սեփական հարկի տակ, և գրեթե ամբողջ երկրորդ շրջանը կարեի ասել հյուրընկալվողի դերում էինք: Այժմ խաղացանկն ավելի հավասարաչափ է կազմված. 3 տնային խաղ առաջին շրջանում, 2-ը` երկրորդ շրջանում:

Պետք չէ ավելորդ անգամ նշել, որ Մալթայի հետ առաջին հանդիպումը մեր թիմին հնարավորություն կտա աստիճանաբար մտնել հունի մեջ: Այնուամենայնիվ, Մալթայի հետ խաղին պետք է լրջորեն տրամադրվել, քանի որ Մալթան Անդորրա չէ: Եվս մեկ դրական կողմ է այն, որ թիմը Մալթայից կմեկնի Բուլղարիա, իսկ այդ երկու երկրները աշխարհագրական դիրքով շատ մոտ են միմյանց և երկար ու հոգնեցուցիչ թռիչքի կարիք չի լինի: Այդ իմաստով բավականին դժվար կլինի 2013թ.-ի աշնան երկու հանդիպումները`Չեխիայի (դուրսը) և Դանիայի (տանը) հետ:

Մարտ ամսին, որն ըստ վիճակագրության մեր հավաքականի համար ամենահաջողը չէ, մեր հավաքականն ունի ընդամենը մեկ հանդիպում, ճիշտ է Չեխիայի հետ, սեփական հարկի տակ: Փոխարենը մյուս հիմնական մրցակիցների հետ հանդիպելու ենք մեզ համար ավանդաբար հարմար ժամանակահատվածում, երբ մեր թիմը բավականին լավ մարզավիճակում է գտնվում: Չնայած ամեն ինչ կարող է գլխիվայր շուռ գալ, քանի որ 2012թ.-ից Հայաստանը անցնում է «աշուն-գարուն» համակարգի:

Դրական կողմերից է նաև այն, որ խմբի ֆավորիտների` Իտալիայի և Չեխիայի հավաքականների հետ սեփական հարկի տակ հանդիպումներին ոչ մի խաղ չի հաջորդում կամ նախորդում: Մինչդեռ Չեխիան Երևանում խաղալու է Դանիայի հետ տնային ծանր հանդիպումից 3 օր անց, իսկ Իտալիան Երևանյան խաղից 3 օր անց Իտալիայում հանդիպելու է նույն դանիացիների հետ:

Իհարկե, խմբի ֆավորիտները` Իտալիան, Դանիան և Չեխիան ավելի լավ օրացույց ունեն: Անձամբ ես Չեխիայի խաղացանկում ընդամենը մեկ լուրջ թերություն եմ տեսնում. վերջին երեք խաղերն այդ թիմը կանցկացնի մրցակցի հարկի տակ: Փոխարենը, Իտալիան վերջին 4 խաղերից 3-ը կխաղա տանը, իսկ Դանիան մրցաշարն ավարտելու է 2 տնային հանդիպմամբ:

Ինչ վերաբերում է մեր խաղացանկին, ապա կարծում եմ բողոքելը հանցագործություն կլինի: Համեմատած վերջին տարիների` այն բավականին լավն է: Առաջին անգամ երկար տարիների ընթացքում: Չնայած վերջին հաշվով դա ոչինչ չի նշանակում: Խումբը բավականին բարդ է, իսկ դա նշանակում է, որ շատ բարդ կլինի հասնել մեզ համար ցանկալի արդյունքին:

Արսեն Սարգսյան

ArmFootball.com


Հարցում
Ո՞ր թիմը կդառնա 2011/12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթող
Բավարիա
Չելսի
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր