Ինչպես ArmFootball.com-ի թղթակցին հայտնեց «Միկայի» մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը, ՀՀ 6-ակի գավաթակրի գլխավոր մարզիչ, սլովակ մասնագետ Յոզեֆ Բուբենկոն հրաժարական է տվել: Վերջինս չի երկրարաձգել ակումբի հետ կնքած պայամնագիրը, որի ժամկետն ավարտվում էր դեկտեմբերի 1-ին և ընտանեկան խնդիրների պատճառով վերադարձել է հայրենիք:
Սա թիմի հիմնադրման օրվանից արդեն թվով 18-րդ գլխավոր մարզչի փոփոխությունը կլինի: Հիշեցնենք, որ միայն այս մրցաշրջանում գլխավոր մարզչի պաշտոնում Արմեն Շահգելդյանին կարճ ժամանակով փոխարինեց Էդուարդ Մարգարովը, ապա Յոզեֆ Բուբենկոն:
Ի դեպ, Բուբենկոյի օգնական ու հայրենակից Զոլտ Հոռնյակը դեռ մնացել է թիմում և չի բացառվում, որ շարունակի աշխատանքը ակումբում: Մարտիրոսյանի խոսքերով ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզչի հարցի քննարկմանը կանդրադառնա թիմի արձակուրդից վերադառնալուց հետո, մինչև հունվարի 9-ը:
Լուրեր են շրջանառվում, որ թիմ կարող է վերադառնալ «Միկայի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը, ով ներկայումս ՌԴ-ի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող Ուլյանովսկի «Վոլգայի» գլխավոր մարզիչն է: Մարտիրոսյանը, չբացառելով որևէ տարբերակ նշեց, որ այս առումով կոնկրետ դեռ ոչինչ չկա, և հայտնեց նաև, որ «Վոլգայի» հետ կնքած Արմեն Ադամյանի պայմանագիրը ավարտվում է 6 ամիս հետո:
ամիս
շաբաթ
օր