2012թ. ՀՀ գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Իմպուլսին» 0:1 հաշվով զիջելուց ու հետագա մրցապայքարից դուրս մնալուց հետո Կապանի «Գանձասարի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հայտարարեց, որ մրցակիցն արժանիորեն դուրս եկավ հաջորդ փուլ, ինչի առթիվ շնորհավորեց նրանց.
«Չնայած կրած պարտությանը` պիտի նշեմ, որ մեր թիմը այստեղ կապանյան հանդիպման համեմատ ավելի որկյալ խաղ ցուցադրեց: Փորձարկեցինք 3 երիտասարդ խաղացողների, որոնք ընդհանուր առմամբ վատ տպավորություն չթողեցին, ու նրանցից հատկապես առաձնացավ «Գանձասարի» մեկնարկային կազմում առաջին անգամ ընդգրկված Վրույր Գրիգորյանը: Կաշխատենք այսուհետև ևս այսպիսի երիտասարդ խաղացողների ներգրավել թիմի հիմնական կազմում:
Ալեն Համբարձումյանի ստացած վնասվածքը լուրջ էր, Աստված տա կոտրվածք չլինի: Միայն բուժզննումից հետո կպարզվի իրական վիճակը:
Թիմն այսօրվանից կլինի արձակուրդի մեջ, նոյեմբերի 26-ին կմասնակցենք ՀՀ առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությանը, որից հետո նախատեսում եմ մինչև դեկտեմբեր հանդիպել ակումբի ղեկավարության հետ, և միայն դրանից հետո պարզ կլինի մեր հետագա աշխատանքների ծրագիրը, ինչպես նաև ակումբի հետ կնքած պայմանագրիս երկարաձգման հարցը»,- «Գանձասարի» գլխավոր մարզչի խոսքերը փոխանցեց ArmFootball.com-ի թղթակիցը:
ամիս
շաբաթ
օր