Որոնել
Արխիվ
14.11.2011  20:06

Բրայան Ֆլին. «Ինձ համար ամենակարևորը երեք միավոր վաստակելն է»

Վաղը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2013թ.-ի ևրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ուելս հանդիպման նախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Ուելսի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Բրայան Ֆլինը հայտարարեց, որ վաղվա խաղում իր սաներից հաղթանակ է ակնկալում, թեև քաջ գիտակցում է, որ հեշտ մրցակցություն չի սպասում.

«Խմբի ֆավորիտը Չեխիայի հավաքականին են համարում,  թեև շատ եմ տպավորված նաև ՀՀ ընտրանու ելույթներով, հատկապես Չեխիայում արտագնա հանդիպումում ցուցադրած խաղից: Չեխիայի և Հայաստանի հավաքականների երևանյան հանդիպման տեսագրությունը չեմ հասցրել դիտել:

Մեր ընտրանիները վաղը շրջափուլում առաջին անգամ են հանդիպելու, և կարծում եմ բավական հետաքրքիր ու անզիջում մրցավեճի ականատես կլինենք: Պարզ է, որ երկու կողմն էլ ձգտելու են հաղթանակի, բայց թող հաղթի ուժեղագույնը: Ինձ համար ամենակարևորը երեք միավոր վաստակելն է, թեև քաջ գիտակցում եմ, որ մեզ այստեղ շատ դժվարին մրցակցություն է սպասում:

Ես մինչև 17, 19, 21 տարեկանների Ուելսի հավաքականների գլխավոր մարզիչն եմ, ու գործի բերումով հոկտեմբերին Սերբիայում ներկա էի մինչև 17 տարեկանների Եվրոպայի ընտրական մրցաշարի Հայաստան-Ուելս հանդիպմանը: Մենք առջևում էինք 2:0 հաշվով, սակայն հայ պատանի ֆուտբոլիստները կամային բարձր որակների շնորհիվ ոչ միայն հավասարեցրին հաշիվը այլև 3:2 հաշվով հաղթանակ կորզեցին: Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ հայկական ֆուտբոլը վերջին շրջանում արագ է զարգանում, առաջադիմում է:

Շատ կուզենայի որ այս հանդիպմանը մասնակցեին նաև Ադամ Մաթեուսն ու Ջո Ալանը, որոնք հրավիրվել են Ուելսի ազգային հավաքական, նոյեմբերի 11-ին մասնակցել են Նորվեգիայի ընտրանու հետ ընկերական խաղին և չեն հասցրել վերականգնվել, այդ պատճառով էլ Երևան չեն ժամանել: Հայաստանից տպավորություններս շատ հաճելի են, և կարծում եմ մինչև այստեղից մեկնելը դեռ կհասցնեմ համտեսել աշխարհահռչակ «Արարատ» հայկական կոնյակը »- Ուելսի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի խոսքերը փոխանցեց ArmFootball.com-ի թղթակից Արամ Ուգուջյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Ուելս հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի սկիզբը` տեղի ժամանակով 17:00-ին:

ArmFootball.com


Հարցում
Հավանու՞մ եք Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր