Որոնել
Արխիվ
14.05.2020  14:27

Գումարային մանրամասներ. Ինչպե՞ս և ինչո՞ւ է «Փյունիկում» սկսվել սեփականատիրոջ փոփոխությունը

«Փյունիկի» PR և մեդիա բաժնի ղեկավար Վերա Մարտիրոսյանը հարցազրույց է տվել Armsport.am-ին, որի ժամանակ պատմել է, թե ինչպես և ինչ պայմաններում է նրա ամուսինը` հոլանդացի գործարար Օլաֆ Բուրգերսը որոշել դառնալ երևանյան ակումբի նոր սեփականատեր, և հայտնել Արթուր Սողոմոնյանի հետ բանակցությունների մանրամասները:

«Մարտի 20-ի կողմերը, երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս կարանտինային շրջանը, իսկ մինչ այդ էլ Ռուսաստանում ռուբլու փոխարժեքն էր նվազել, թիմում խնդիրներ սկսվեցին: Պարոն Սողոմոնյանն ինձ ասաց, որ ֆինանսական խնդիրների պատճառով կարող է փակել առաջին թիմն ու պահել միայն ակադեմիան, քանի որ ի սկզբանե նա «Փյունիկ» էր եկել ակադեմիայի զարգացման նպատակով՝ երեխաների համար:

 Ինձ համար դա շատ ծանր թեմա էր, քանի որ նախ արդեն 3 տարի է՝ աշխատում եմ ակումբում, և հետո «Փյունիկն» այս տարի միակ թիմն էր, որ զրկվեց Եվրոպա լիգայում խաղալու հնարավորությունից: Դրանից բացի, 3 տարի առաջ շատ բարձր խոստումներ էր տրվում, որ «Փյունիկը» հայտնվելու է Եվրոպա լիգայի եզրափակիչ փուլում, և այլն և այլն, իսկ հիմա թիմը կարող էր փակվել: Դա ինձ համար անընդունելի տարբերակ էր: Այդ ժամանակ իմ ամուսինը, ով գործարար է, հոլանդացի, ասաց՝ եկ մեր լուման ներդնենք 50/50 տարբերակով, իսկ մեկ տարի հետո գուցե ամեն ինչ այլ լինի, երբ աշխարհում այս բարդ իրավիճակն անցնի:

Նա ներդրումային ծրագիր մշակեց, ու քանի որ «Փյունիկում» մենեջմենթի հետ կապված խնդիրներ կային, հաճախ փոխվում էին տնօրենները, նաև փոքր աուդիտային ծրագիր գրեց, իսկ հետո արդեն ներդրումները՝ քայլ առ քայլ: Պարոն Սողոմոնյանը շատ ոգևորվեց, որ իրեն աջակցում են, կա մարդ, ով ուզում է օգնել: Ասաց, որ շատ լավ ծրագիր է, սակայն մի քանի օր անց պատասխանեց, որ չի կարող, քանի որ այդ 50 տոկոսն էլ իր համար հիմա շատ դժվար է, քանի որ անհասկանալի է, թե այս կարանտինը երբ կավարտվի ու ասաց, որ ոչինչ, ոչ մի խնդիր չկա, «Փյունիկը» ժամանակավորապես չի լինի, հետո կվերադառնա: Այդ ժամանակ երկար մտածելուց հետո ամուսինս առաջարկեց ամբողջությամբ հովանավորել առաջին թիմը, պայմանագիրը կա: Փաստերը խոսում են իրենց համար: Ես միշտ փաստերին եմ նայում ու սիրում եմ փաստերով խոսել:

Համաձայնության եկան, որ կնքվում է պայմանագիր, ըստ որի ամուսինս տարեկան 1 մլն եվրոյից ավելի ներդրում պետք է կատարի, իսկ 9 ամիս հետո պարոն Սողոմոնյանը կարող է վերադառնալ որպես «Փյունիկի» սեփականատեր՝ արդեն 50/50 տարբերակով: Պարոն Սողոմոնյանը հարցրեց՝ եթե ես վերադառնամ գումա՞ր պետք է ներդնեմ, պատասխանը եղավ՝ ոչ .. պարզապես արդեն 50/50 հավասար ղեկավարմամբ:

Մի քանի օր անց Սողոմոնյանն ասաց, որ «Փյունիկի» ենթակայության տակ գտնվող մեքենաներից ու գույքից ամբողջը չէ, որ պատկանում է «Փյունիկին», դա իր մյուս ՍՊԸ-ի վրա է գրանցված, դեռ չէր հասցրել փոխանցումն անել: Ամուսինս ասաց, որ լավ խնդիր չկա, միայն մեկ ավտոբուս խնդրեց վարձակալությամբ տրամադրել ու ազատել դաշտերից օգտվելու հետ կապված որևէ պարտավորությունից: 

Մի քանի օր անց Սողմոնյանն ասաց, որ ինքը մարզահագուստներ է պատվիրել ամբողջ ակադեմիայի, դպրոցի երեխաների համար, դա մոտ 200 հազար դոլարի պատմություն էր, ինքը 100 հազար կանխավճար է տվել, 100 հազարն էլ պետք է ամուսինս տար: Մի քանի օր անց պարոն Սողոմոնյանը նամակ գրեց ամուսնուս, որ ճիշտ չէր «Փյունիկը» կիսել ակադեմիայի ու առաջին թիմի, և այդ նամակագրությունն էլ կա: Ինքն առաջարկեց ամբողջությամբ վերցնել նաև ակադեմիան: Այդ դեպքում արդեն ավտոբուսներն ու ամեն ինչը լինելու էր «Փյունիկինը»: Այդ առաջարկը մի փոքր անսպասելի էր, քանի որ ակադեմիան բոլորվին այլ ծախսերի ու հաշվարկների հետ էր կապված, նա մեկ օր ժամանակ խնդրեց, որպեսզի հաշվի, հասկանա, հետո պատասխանեց, որ նորմալ է, կարելի է նաև ակադեմիան վերցնել:

Սկսվեց գործընթացը: Այդ 2 շաբաթվա ընթացքում պարոն Սողոմոնյանը տեսազանգի միջոցով ակումբի աշխատակիցներին, ֆուտբոլիստներին ու երկրպագուներին ներկայացրեց ամուսնուս՝ որպես նոր սեփականատիրոջ: Ամուսինս հանդիպումներ ունեցավ նաև ֆեդերացիայում: Սկսվեցին աշխատանքներ,ներգրավվեցին նոր աշխատողներ՝ թիմի մենեջմենթում, և երբ արդեն ակադեմիայի ձևակերպման հարցերն էին քննարկվում, կայծակ որոտած անամպ երկնքում … լուր հայտնվեց, որ ՈՒԵՖԱ-ն «Փյունիկին» 211 հազար եվրո է փոխանցելու, որը պետք է փոխանցվեր 2021 թվականին, բայց քանի որ բոլոր ակումբները հիմա ճգնաժամի մեջ են, ՈՒԵՖԱ-ն որոշեց այն շուտ փոխանցել, ինչն անսպասելի էր: Այդ նորության հայտնվելուց 2 ժամ հետո պարոն Սողոմոնյանը երկու նամակ է ուղարկում ամուսնուս, որ «ես ներողություն եմ խնդրում, շտապեցի թիմը վաճառելու հարցում, խնդրում եմ ինձ հասկանալ, ես գումար եմ գտել և պատրաստ եմ թիմը պահել, եկեք պայմանագիրը չեղարկենք»: Դրանից հետո ևս մեկ նամակ ուղարկեց, գրեց «շատ շնորհակալ եմ, որ դժվարին պահին ինձ օգնության ձեռք մեկնեցիք, բայց հիմա ես կկարողանամ ՈՒԵՖԱ-ից ստացած այս գումարով թիմը պահել, մինչև տեսնենք՝ ինչ կլինի» ու խնդրեց շուտ պատասխանել: Ամուսինս նամակով նրան պատասխանեց, որ այդ ամենը մի քիչ լուրջ չէ, քանի որ նա արդեն սկսել է աշխատել, ընդունել է նոր աշխատակիցների, աշխատում է ֆեդերացիայի հետ ու եթե ինքը հիմա գրասենյակից դուրս գա, դուռը փակի ու ասի կներեք, չստացվեց, իրեն լուրջ չեն ընդունի թե՛ իր հետ աշխատած մարդիկ, թե՛ առհասարակ Հայաստանում:

Գուցե, «Փյունիկում» 2 տարվա մեջ 7 մարզիչ է փոխվել, 6 տնօրեն, բայց սա արդեն այլ հարց է:

Ամուսնուս այս նամակին պարոն Սողոմոնյանն արդեն բանավոր կերպով պատասխանեց, որ դա խնդիր չէ, դա կարելի է շատ հեշտ լուծել, մեծ հարցազրույց կտա ու շնորհակալություն կհայտնի իմ ամուսնուն իրեն օգնելու համար և մեր հասցեին լավ բաներ կասի:Մայիսի սկզբին այդ գումարն արդեն պետք է փոխանցվեր ու նա զանգահարեց ինձ, ասաց ինչո՞ւ եք հապաղում, ես փոշմանել եմ, պայմանագիրը պետք է չեղարկել: Ամուսինս իրեն խնդիրը լուծելու երեք կառուցողական տարբերակ ուղարկեց: Այո, թիմը վերադարձնել, բայց ոչ ասել՝ գիտեք ինչ, սխալվեցինք:  Առաջարկեցինք մի քանի տարբերակ, որ թե՛ բիզնեսի, թե՛ իմիջի տեսանկյունից կլիներ ճիշտ:Այդ տարբերակներից ոչ մեկը պարոն Սողոմոնյանը չընդունեց, նրա միակ տարբերակը հարցազրույց տալն ու մեզ գովելն էր:

Դրանից հետո սկսվեց այս պատմության երկրորդ փուլը. լուրեր տարածվեցին, թե իմ ամուսինն իրականում անհայտ գործունեություն է ծավալում, և նաև այն, թե իբր մենք փող ենք գողացել «Փյունիկից», ինչն ինձ համար ամենազավեշտալին էր: Երբ պարոն Սողոմոնյանը «Փյունիկը» հանձնեց, նա ասաց, իսկ աշխատավարձերի հարցն ի՞նչ է լինելու:Իսկ «Փյունիկում» միայն ֆուտբոլիստների ու մարզիչների աշխատավարձերը, եթե չհաշվենք մնացած աշխատակիցներինը, անցնում է 100 հազար դոլարը: Անգամ եթե ⅔-րդը վճարվեր, կամ որոշակի պահումներ կատարվեին, հաշվի առնելով այս իրավիճակը, միևնույն է՝ բավականին մեծ գումար էր կազմելու: Բացի դա դեռ 100 հազար էլ պետք է վճարեինք մարզահագուստների համար, գրասենյակը պահելու հարցը կար: Միակ բանը, որ «Փյունիկից» մնացել էր ավտոբուսն էր և հաշվին 50 հազար դոլար գումար:


Ավելի մանրամասան կարող եք կարդալ ամբողջական հարցազրույցում

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000