Որոնել
Արխիվ
22.04.2020  12:57

Մեկնաբանին նշանակեցին գլխավոր մարզիչ. նա կառուցեց աշխարհի ուժեղագույն թիմը

Եթե քեզ քննադատում են լրագրողները, նրանց առաջարկի քո տեղը զբաղեցնել և աշխատել: Այդ հնարքը հաճախ աշխատում է, բայց ոչ միշտ: 1968 թվականին Բրազիլիայի Կոնֆեդերացիայի նախագահ Ժոաու Ավելանժը այն կիրառեց լրագրող ու մեկնաբան Ժոան Սալդանայի նկատմամբ, իսկ վերջինս վերցրեց և համաձայնեց:

Աղետ-66

Այո, այո Բարզիլիայի հավաքականը գլխավորեց լրագրողը: Թե ինչն էր Ավելանժի նպատակը, հասկանալի է: Բրազիլիայի հավաքականը չդիմացավ Պելեի վնասվածքներին և ձախողեց ԱԱ-1966` չկարողանալով իր պատմության մեջ երկրորդ և մինչև հիմա վերջին անգամ հաղթահարել խմբային փուլի արգելքը: Բայց եթե 1930 թվականին բրազիլացիներից ոչ ոք հրաշքներ չէր սպասում, ապա Անգլիայում ձախողվեց թիմ-լեգենդը, որը մինչև այդ 8 տարի գերիշխում էր աշխարհում և երկու անգամ դարձել էր Մունդիալի չեմպիոն:

Սալդանայի մասին Բրազիլիայում գրքեր են գրում և ֆիլմեր նկարահանում: Ահա նրանցից մեկի աֆիշը


Հավաքականը նշաձողը չափազանց բարձրացրել էր, մամուլը և երկրպագուները ոչ միայն հաղթանակներ էին պահանջում, այլ նաև վառ խաղ նույնիսկ ընկերական հանդիպումներում: Մարզիչների նյարդային համակարգերը նման ճնշման չէին դիմանում: Իրավիճակը փրկելու համար հրավիրեցին «հակաճգնաժամային մենեջեր» Այմորե Մորրեյրային: 1962 թվականին նա հաղթեց աշխարհի առաջնությունը գրեթե առանց Պելեի օգնության: «Ֆուտբոլի արքան» այն ժամանակ վնասվածք ստացավ, բայց նրան հաջողությամբ փոխարինեց Ամարիլդոն, և «սելեսաոն» իր սովորական ոճով բլորին ոչնչացրեց: Իսկ այս անգամ Մորրեյրան ուներ Պելեին, բայց չկային Գարինչան, Վավան և Դիդին: Մարզիչը խամրեց և ակնհայտորեն հավաքականում աշխատանքն ավելի հանգիստ զբաղմունքով փոխելու միջոց էր փնտրում:

Այմորե Մորրեյրան


Մորրեյրային ամենից շատ նյարդայնացնում էին չափազանց շատ ընկերական խաղերը: 1968 թվականին նա խռովություն կազմակերպեց` հրաժարվելով խաղալ Օսվալդո Կրուզի գավաթում (մրցաշար, որին մասնակցում են միայն Բրազիլիան ու Պարագվայը) և Արգենտինայի հետ երկու մրցավեճերում: Կոնֆերեդացիան չտեսնված խորամանկության գնաց. Պարագվայի դեմ խաղաց Սան-Պաուլու նահանգի հավաքականը, իսկ արգենտինացիների դեմ մրցավեճում Բրազիլիայի խաղաշապիկով հանդես եկան «Բոտաֆոգոյի», ապա «Կրուզեյրոյի» ֆուտբոլիստները: Աշնանն իրավիճակը կրկնվեց. Հարավսլավիայի  դեմ դեղին մարզաշապիկը կրեցին «Ատլետիկո Մինեյրոյի» ֆուտբոլիստները կատաղի մարզիչ Դորիվալ Կնիպելի գլխավորությամբ, ում մականունն Ուստրիչ էր:

Պաշտոնապես այնպես ստացվեց, որ մեկ տարում Բրազիլիայի հավաքականը 5 գլխավոր մարզիչ փոխեց: Թերթերը ռմբակոծում էին Մորրեյրային` նրան անվանելով վախկոտ: Գլխավոր քննադատը Սալդանան էր: Հարավսլավիայի դեմ հանդիպումից հետո նա Մորրեյրային մեղադրեց չափազանց շուտ Սուրբ ծնունդը նշելու մեջ: Դրանից առաջ նա «սելեսաոյին» համեմատեց այծերի խմբի հետ: Ժոանը հարձակվեց նաև Ուստրիչի վրա, սրտանց ծաղրելով նրա տեսքը (Դորիվալը միշտ մտահոգ էր և հազվադեպ էր ժպտում):

Ապստամբ, հռետոր, կոմունիստ

Սալդանան 51 տարեկան էր, նրա մասին Բրազիլիայում լեգենդներ էին պտտվում: 6 տարեկանից Ժոանը մաքսանենգությամբ էր զբաղվում՝ օգնելով հորը զենք անցկացնել Բրազիլիայի ու Պարագվայի սահմանով: 17 տարեկանում նա անդամակցեց Կոմունիստական կուսակցությանը և շուտով դարձավ նրա ուսանողական կազմակերպության առաջնորդը: 19 տարեկանում բրազիլացին առաջին անգամ հայտնվեց պատերազմում, ճիշտ է` որպես լրագրող: Ժոանը լուսաբանում էր ճապոնա-չինական կոնֆլիկտը, ինչպես նաև դաշնակիցների վայրէջքը Նորմանդիայում: Պատերազմի ճակատից նա Ռիո վերադարձավ Տրոցկու կրակոտ աջակից դարձաձ (չնայած Տրոցկին արդեն մահացել էր), բայց զբաղվեց ոչ թե քաղաքականությամբ, այլ մարզական լրագրությամբ:

Երիտասարդ տարիքում Ժոանը ֆուտբոլ էր խաղացել: Նա մի քանի մրցաշրջան անցկացրել էր Բոտաֆոգոյի ակադեմիայում և, նույնիսկ, հայտնվել գլխավոր թիմում: Ճիշտ է, հետո նա ֆուտբոլի փոխարեն ընտրեց լրագրությունը: Նա նաև մարզչական փորձ ուներ: 50-ականների վերջում, հանգամանքների բերումով, նշանակվել էր «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Սալդանան այդ պաշտոնում մնաց 2 տարի, թիմի հետ հաղթելով 1957թ. Ռիո-դե-Ժանեյրոյի նահանգի առաջնությունը (հավատացեք, այն ժամանակ «Բոտաֆոգոյի» համար ավելի կարևոր մրցաշար չկար):

Սալդանան հավաքականն ընդունեց արդեն 1969 թվականին: Հարկավոր է ասել, որ Ավելանժը ռիսկի էր դիմում: Ամռանը պետք է կայանար Աշխարհի առաջնության ընտրական փուլը, որում Բրազիլիան պետք է մրցեր Պարագվայի, Կոլումբիայի և Վենեսուելայի հետ: Դա արդեն անլուրջ ընկերական խաղեր և Օսվալդո Կրուզի գավաթ չէ: Այստեղ արդեն արդյունք էր հարկավոր, այլապես «ընտրայլները» չէին հայտնվի մոլորակի գլխավոր մրցաշարում:

Բայց արդեն առաջին ընկերական խաղերը ցրեցին բոլոր կասկածենրը նոր մարզչի մտադրության վերաբերյալ: Սալդանան ցույց տվեց այն, ինչ սովորաբար Դիեգո Սիմեոնեն «Ատլետիկոյի» հաղթական խաղերի ժամանակ: Պերուի հետ «Մարականայում» կայացած խաղում խոշոր ծեծկռտուք կայացավ: Ամեն ինչ սկսվեց բրազիլացի Ժերսոնի և պերուացի Դե Լա Տորրեի կոշտ բախումից, իսկ հետո վերածվեց հարավամերկյան ֆուտբոլի ծեծկռտուքներով հարուստ պատմության ամենադաժան ջարդերից մեկի:

Խաղը շարունակվեց, Բրազիլիան հաղթեց 3:2 հաշվով: Խաղից հետո Սալդանան ասաց, որ ասպարեզ էր դուրս բերել ոչ թե 11 աղջիկների, այլ 11 գիշատիչների: Այդ խոսքերից հետո երկրպագուները սկսեցին պաշտել նրան: Լրագրողները, որոնք առանց այդ էլ վախենում էին քննադատել իրենց գործընկերոջը, պահեցին իրենց գրիչները: Բրազիլիայի հավաքականին սկսեցին անվանել «Ժոան Սալդանայի 11 գիշատիչներ»:

13 անընդմեջ հաղթանակ

Սալդանան երբեք տակտիկայի լուրջ մասնագետ չի եղել: Նա նույնիսկ չէր ձգտում այդ մեծ պատվին:  Իր ֆուտբոլիստներին նա այսպես էր ասում. «Եթե հասկանում եք, որ իմ մտքերը չեն աշխատում, փոխեք տակտիկան և խաղացենք այնպես, ինչպես ուզում եք»: Այդուհանդերձ, որոշակի նոր հնարքներ նա օգտագործում էր: Փորձեց խաղալ 3 կենտրոնական պաշտպաններով, կենտրոնական կիսապաշտպաններից պահանջում էր հաճախ տեղաշարժվել եզրեր: Նրա փոփոխությունների գլխավոր նպատակը հարձակմանը հնարավորինս շատ ազատություն տալն էր:

Իսկ Ժոանի հարձակումը պայթյունային էր: 29-ամյա Պելեն գտնվում էր իր մեծության գագաթնակետում: «Ֆուտբոլի արքան» ամուսնացել և տնտեսություն էր ստեղծել, նա զբաղվում էր իր տաղանդը հղկելով և նույնիսկ գրող դարձավ: Պելեի առաջին ինքնակենսագրական գիրքն ազգային բեսթսելլեր դարձավ և կտրուկ ավելացրեց Բրազիլիայի գրագետ մարդկանց թիվը: Մարդիկ ձգտում էին կարդալ սովորել, որպեսզի ինքնուրույն ծանոթանային լեգենդի ինքնակենսագրականին: Այդ ամենը Պելեին չէր խանգարում ֆուտբոլ խաղալ: Նա փորձառու և իմաստուն էր դարձել, բայց չէր կորցրել ֆանտաստիկ արագությունը, որն ուներ 17 տարեկանում: Նրա նախկին թիմակիցներն արդեն ավարտել էին կարիերաները: Գարինչան կամաց-կամաց սկսել էր հարբել իր սիրելի Ռիոյի գինետներում, Դիդին Եվրոպա գնալուց հետո աշխատանք գտավ Պերուում, Մարիո Զագալոն արդեն մարզիչ էր դարձել: Այժմ Պելեի թիմակիցներն էին Ժաիրզինյոն և Տոստաոն:

Ժոաուի գիշատիչները Պարագվայի դեմ խաղում: Վերևի շարք. Կառլոս Ալբերտո, Ժոել Կամարգո, Ֆելիքս, Ջամալ Դիաս, Պիացցա, Ռիլդո: Ներքևի շարք. մերսող Նոկաուտ Ջեկ, Ժաիրզինյո, Ժերսոն, Տոստաո, Պելե, Էդու, մերսող Ամերիկո:

Ժաիրզինյոն խաղում էր աջ եզրում և գրեթե չէր զիջում Գարինչային: Նրանք մրցակցել էին «Բոտաֆոգոյում», իսկ հետո հավաքականում, և երբեմն Ժաիրզինյոն հաղթում էր: Նա առանձնանում էր խելահեղ դրիբլինգով, բայց նաև զարմանալի ստեղծագործությամբ: Ժաիրզինյոն ֆուտբոլի պատմության առաջին մարդկանցից էր, ով միանում էր մրցակցի պատ կազմած ֆուտբոլիստներին, որպեսզի տուգանային հարվածի ժամանակ ճեղք բացեր: Միշտ դա օգուտ էր տալիս:  

Տոստաոն բրազիլացի գլխավոր գոլահարն էր: «Կրուզեյրոյի» հարձակվողը կանոնավոր կերպով հեթ-տրիկ և դուբլ էր ձևակերպում: Ընդ որում Տոստաոն գրեթե երբեք գլխով չէր խաղում: Նա դրա համար պատճառ ուներ: 1968 թվականին հարձակվողը ուղեղի ծանր ցնցում էր ստացել, որի հետևանքով աչքի ցանցաթաղանթի խնդիրներ էին առաջացել: ԱՄՆ-ում անցկացված շտապ վիրահատությունը փրկեց նրա առողջությունը և կարիերան, բայց վնասվածքի կրկնության հնարավորությունը շատ մեծ էր: Տոստաոն երբեմն խաղադաշտում հայտնվում էր ձախ աչքի վիրակապով և գրեթե դադարել էր օդային մենապայքարների մեջ մտնել: Ճիշտ է, անկյունայինների ժամանակ դա նրան սակավ վտանգավոր չդարձրեց: 1969 թվականին Տոստաոն հավաքականի 13 խաղում 14 գոլ խփեց: Լավագույններից մեկը համարվում է նրա գոլը Պերուի դարպասը:

Սալդանան բոլոր ֆուտբոլիստներին խաղային ազատություն էր տալիս, բացառությամբ պաշտպաններից: Այդ պատճառով նա պաշտպանությունում վստահում էր գերվստահելի և կարգապահ Կառլոս Ալբերտոյին, իսկ միջին գծում ստեղծագործ մարդկանց` Ժերսոնին և Դիրսեու Լոպեսին: Դիրսեուն Սալդանայի թիմում կարծես Լեոնարդո դա Վինչին լիներ: Մարզիչը հավատում էր կիսապաշտպանի անսահման տաղանդին: Ֆուտբոլի ապագա լեգենդ Ռիվելինոն հաճախ պահեստային էր մնում:

Այդ ամենի արդյունք ապշեցուցիչ էր. 13 անընդմեջ հաղթանակ` 50:9 գոլային հարաբերակցությամբ, ֆանտաստիկ խաղ, երկրպագուների նոր հավատը Պելեի նկատմամբ, հսկայական սպասումներ Աշխարհի առաջնությունից, որի իրավունքը նվաճեցին առանց խնդիրների: Ընտրական փուլի 6 խաղում` 6 հաղթանակ, գոլերի 23:2 հարաբերակցությամբ: Տոստաոն 10 գոլ խփեց:

Ի տարբերություն Մորրեյրայի, Սալդանան չէր վախենում ընկերական խաղերից և պատրաստ էր մրցել ցանկացածի հետ: Նրա թիմը մարզվում էր հարվամերիկյան ու բրազիլական ակումբների հետ խաղերով: Հուլիսի վերջին, ընտրական փուլի մեկնարկից մեկ շաբաթ առաջ, Ավելանժն առաջարկեց օգտագործել նախկին սխեման, որպեսզի վտանգի չենթարկեն թիմին. «Օրինակ, կոլումբիական «Միլոնարիոսի» դեմ լավ կլինի հերթական «Ատլետիկո Մինեյրոյին» դուրս բերենք». Սալդանան անջատեց հեռախոսը:

Կոնֆլիկտներ

Երբ Ժաիրզինյոն սև ակնոցներ էր կրում, նա շատ էր նմանվում Ջիմմի Հենդրիքսին:

Հարվածային 69 թվականը վատ ավարտվեց: Վերջին խաղում Բրազիլիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Մինաս-Ժեյրասի նահանգի թիմին: Այլ կերպ ասած «սելեսաոյի» դեմ խաղում էր «Ատլետիկո Մինեյրոն», որը գլխավորում հենց նույն Դորիվալ Կնիպպելը: «Ուստրիչը» հիշում էր Սալդանայի կոշտ հոդվածները և չներեց իր «գործընկերոջը»: «Ատլետիկոն» շատ կոպիտ էր խաղում, և քիչ մնաց կոտրեր Ժաիրզինյոյին: Ամեն ինչ քիչ էր մնում ավարտվեր ծեծկռտուքով:

Սալդանան իսկապես Բրազիլիայի համար բացարձակ նոր երևույթ դարձավ: Ոչ, նա մեծագույն մարզիչ չէր: Եթե ցանկանաք քննադատել նրան, կբացեք 1969 թվականին Բրազիլիայի հավաքականի խաղերի արդյունքները և կտեսնեք, որ հաղթել են հիմնականում այն մրցակիցներին, որոնք զգալիորեն զիջում էին խաղամակարդակով: Նրանց կարելի էր հաղթել ցանկացած մարզչով:

Սալդանայի ֆենոմենը այլ է: Անզիջում սկանդալիստը, կրակոտ հռետորը, կրքոտ կոմունիստը, ով հրապարակայնորեն հպարտանում էր Ռաուլ Կաստրոյի հետ ընկերությամբ, դարձավ ակումբային ղեկավարների դեմ պայքարի խորհրդանիշը: Դա կատակ չէ: «Սանթոսի», «Ֆլամենգոյի» ու «Կրուզեյրոյի» նախագահները 60-ական թվականներին Բրազիլիայի հավաքականում մարզիչներից շատ էին որոշումներ կայացնում: Մորրեյրային թելադրում էին մեկնարկային կազմը, և նա ստիպված էր լինում համաձայնվել: Սալդանան «անիծյալ բուրժուաներին» գրողի ծոցն էր ուղարկում:

«Բրազիլիայի հավաքականը մեզ համար պետք է սամբայի պես լինի, երբ յուրաքանչյուր երեխա երգի տողերի կրկնությունն անգիր գիտի»,- կրկնում էր Սալդանան, և համառորեն նույն կազմն էր ասպարեզ դուրս բերում` հրաժարվելով շանս տալ Ռիոյի, Սան-Պաուլուի և Բելու-Օրիզոնտիի խոստումնալից երիտասարդներին: Երկրպագուները նրան պաշտում էին, իսկ ահա ազդեցիկ թշնամիների թիվը` կտրուկ աճում: Շշուկներ կային, որ Սալդանան կարող է Մունդիալին չտանել Պելեին, այն պատճառով, որ հարձակվողը խնդիրներ ուներ տեսողության հետ:

1969-1974 թթ. Բրազիլիայի նախագահ Էմիլիո Գարրաստազու Մեդիսին

Մարզչի թշնամիների թվում հայտնվեց նաև Բրազիլիայի նախագահ Էմիլիո Գարրաստազու Մեդիսին: Վերջինս գեներալ էր, նրա նախագահության 5 տարիները համարվում են Բրազիլիայում ռազմական բռնապետության գագաթնակետը: Նախագահը ծայրահեղ աջական հայացքներ ուներ, մասսայական ձերբակալություններ էր կատարում, խոսում էր ռասսայական տարանջատման մասին և հակակառավարական գործունեության համար օրինական դարձրեց մահապատիժները: Հանրահավաքում պաստառ պահելու համար կարող էին մահվան դատապարտել:

Մեդիսին նույնպես որոշեց մասնակցել Բրազիլիայի հավաքականի կազմի ձևավորմանը: Ավելանժի և այլ միջնոդների միջոցով նա պահանջում էր, որ Սալդանան հավաքականում սպիտակամորթ և սևամորթ ֆուտբոլիստների հավասարակշռություն պահպանի: Բացի այդ, նախագահը ցանկանում էր, որ Սալդանան հավաքական վերցնի «Ատլետիկո Մինեյրոյի» հարձակվող Դադա Մարավիլային:

Ժոանը չէր հանձնվում. «Նախագահը իմ կարծիքը չի հարցրել, երբ կառավարության կազմն էր ձևավորում»,- հայտարարեց նա: Դա շատ կոշտ «ոչ» էր:

Դորիվալ Կնիպպելը, նույն ինքը` Ուստրիչը: Ի դեպ, կնիպպելը թնդանոթ է, որը հորինել են նավ ոչնչացնելու համար

Այդ ժամանակ ակտիվացավ նաև Դորիվալ Կնիպպելը: Այն բանից հետո, երբ նրա թիմն ընդհատեց «սելեսաոյի» հաղթարշավը, Ուստրիչի հեղինակությունը բարձրացավ: Նրան հրավիրեցին «Ֆլամենգո»: Դորիվալը վստահ էր, որ հավաքականում Սալդանայի օրերը հաշված են, և ձգտում էր նրա տեղը զբաղեցնել: Նա սկսեց մամուլի միջոցով քննադատել մարզչին: Ամեն ինչ քիչ էր մնում փոխհրաձգությամբ ավարտվեր: Կարդալով թերթում Ուստրիչի հարցազրույցը, Սալդանան վերցրեց ռևոլվերը և գնաց «Ֆլամենգոյի» մարզմանը: Դրանից հետո տեղեկություններն իրարամերժ են: Սալդանան կամ չգտավ Դորիվիաին, կամ հանդիպումը կայացավ: Անձամբ Ուստրիչը պնդում էր, որ Ժոանը նրա դեմքին էր պահել ատրճանակը և օդ էր կրակել: Պատմությունը լայն ռեզոնանս ունեցավ, Ավելանժի համբերությունը հատեց: Միայն պատճառ էր հարկավոր պաշտոնանկության համար:

1970 թվականի մարտի 14-ին Բրազիլիայի հավաքականը խաղաց «Բանգու» ակումբի հետ: Այդ հանդիպումը նույնիսկ դժվար է պաշտոնական անվանել: Ազգային ընտրանու ֆուտբոլիստները խաղին դուրս եկան մարզումային շապիկներով: Գրանցվեց ոչ-ոքի` 1:1: Ավելանժը ոչ-ոքին բավարար պատճառ համարեց, որպեսզի Սալդանային պաշտոնանկ անի անբավարար արդյունքների հիմնավորմամբ: 

Ժոանի պաշտոնանկության լուրը քիչ էր մնում մասսայական անկարգությունների պատճառ դառնար: Սալդանան, ի պատիվ նրա, իրավիճակից արժանիորեն դուրս եկավ: Նա հանդես եկավ ռադիոուղերձով, որում երկրպագուներին կոչ արեց համախմբվել հավաքականի շուրջ և մոռանալ կոնֆլիկտները: «Սելեսաոյի» նոր գլխավոր մարզիչ նանակվեց Մարիո Զագալոն: Նա Աշխարհի առաջնության չտարավ Դերսեու Լոպեսին` նախապատվություն տալով Ռիվելինոյին: Նախագահին նա նույնպես չէր կարող մերժել, այնպես որ Դադա Մարավիլյան թիմի հետ մեկնեց Մեքսիկա և հավաքականի բոլոր խաղերը դիտեց պահեստայինների նստարանից: Բրազիլիան դարձավ 1970 թվականի աշխարհի չեմպիոն:

Ուստրիչն այդպես էլ երբեք չգլխավորեց Բրազիլիայի ընտրանին: Ժոան Սալդանան վերդարձավ լրագրություն և այնտեղ աշխատեց երկար 20 տարիներ: Նա մահացավ 1990 թվականին` Իտալիայում, որտեղ գնացել էր մեկնաբանելու ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը:


Աղբյուրը` Sports.ru

Թարգմանությունը` ArmFootball.com-ի

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000