Որոնել
Արխիվ
16.04.2020  22:08

Սև-սպիտակ. Հայաստանի հավաքականի առաջին հանդիպման հերոսները. Ովքե՞ր էին և ի՞նչ եղավ նրանց հետ (ՄԱՍ 2)

ՄԱՍ 1

1992թ.-ի հոկտեմբերի 14-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականն անցկացրեց իր պատմության առաջին հանդիպումը՝ «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալելով Մոլդովայի ընտրանուն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0, սակայն կարևորը ոչ թե հաշիվն էր, այլ հավաքականի ստեղծման ու առաջին հանդիպման փաստը: «Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Էդուարդ Մարկարովի առաջնորդությամբ խաղադաշտ դուրս եկան նորաստեղծ Հայաստանի առաջնությունը ներկայացնող 15 ֆուտբոլիստներ: Ովքե՞ր էին նրանք, ի՞նչ եղավ նրանց հետ այդ խաղից հետո, ովքե՞ր ամրապնդվեցին հավաքականում և ու՞մ համար այդ խաղը դարձավ վերջինը Հայաստանի հավաքականում:

ArmFootball.com-ը պատմում է լեգենդար սև-սպիտակ լուսանկարի 11 և այդ խաղում փոխարինման դուրս եկած  4 ֆուտբոլիստների ճակատագրերի մասին: Երկրորդ մասում կանդրադառնանք կիսապաշտպաններին ու հարձակվողներին, ինչպես նաև փոխարինման մտած 4 ֆուտբոլիստներին: Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:


N8. Արտաշես Ադամյան, կիսապաշտպան, Աբովյանի «Կոտայք»
Նորամուտի պահին՝ 21 տարեկան

Արտաշեսն ու իր ավագ եղբայր Արմեն Ադամյանը ծնվել են Ստեփանակերտում և մինչև պատերազմի սկիզբը հանդես էին գալիս տեղի «Ղարաբաղ» թիմում, սակայն 1989թ.-ին ստիպված էին տեղափոխվել Աբովյանի «Կոտայք»: Արտաշեսը մինչև ԽՍՀՄ փլուզումը մեկ մրցաշրջան հանդես եկավ նաև Երևանի «Արարատում», բայց Հայաստանի առաջին առաջնությունը, իր եղբոր պես, սկսեց «Կոտայքում»: Աչքի էր ընկնում արդյունավետ խաղով (29 խաղում 12 գոլ):

Խաղից հետո. Մրցաշրջանի ավարտից հետո Ադամյան եղբայրների ճանապարհները բաժանվեցին. ավագ Ադամյանը մեկնեց Ռուսաստան, իսկ Արտաշեսը՝ Բուլղարիա՝ Պլովդիվի «Սպարտակ»: Տեղի առաջնությունում երկու տարի անցկացնելուց հետո Արտաշեսը ևս մեկնեց Ռուսաստան՝ միանալով եղբորը Սմոլենսկի «Կրիստալում»: 1999թ.-ին մի քանի խաղ անցկացրեց Հայաստանի առաջնությունում՝ «Ղարաբաղում», հետո նորից միացավ եղբորը, այս անգամ՝ Լիբանանի «Սալամում»:

2002թ.-ին Արմեն Ադամյանն ավարտեց կարիերան, իսկ Արտաշեսը շարունակեց ելույթները լիբանանական «Ալ-Ախայում»: Մեկ տարի անց երկու եղբայրները նորից սկսեցին աշխատել մեկ ակումբում, սակայն այս անգամ արդեն Արմեն Ադամյանն անցել էր մարզչական աշխատանքի՝ Աշտարակի «Միկայում», իսկ Արտաշեսը դարձավ թիմի ավագը: Որպես «Միկայի» ավագ նա 3 անգամ գլխավերևում պահեց Հայաստանի գավաթը (2003, 2004, 2006), դարձավ Հայաստանի առաջնությունների մրցանակակիր և 2006թ.-ի առաջնության ավարտից հետո խաղակոշիկները կախեց մեխից:

Արտաշես Ադամյանին հավաքականի մարզիչները քիչ էին ուշադրություն դարձնում: Ամենաշատը նրան հավաքական հրավիրում էր լիբանանյան ֆուտբոլին ծանոթ Սուրեն Բարսեղյանը՝ 1998-1999թթ.-ին: Ընդհանուր առմամբ, Ադամյանը հավաքականում մասնակցեց 9 հանդիպման, վերջին խաղը՝ նորամուտի խաղից ուղիղ 7 տարի անց՝ 1998թ.-ի հոկտեմմբերի 14-ին: Այդ օրը Հայաստանի հավաքականը Կիևում 0-2 հաշվով պարտվեց Ուկրաինային:

Կարիերան ավարտելուց հետո Ադամյանը միանգամից համալրեց «Միկայի» մարզչական շտաբը՝ օգնելով եղբորը: 2009թ.-ին նա Արմեն Ադամյանի հետ միասին նորից վերադարձավ «Միկա»՝ որպես ավագ մարզիչ, այնուհետև մեկնեց Ռուսաստան՝ աշխատելով «Կուբան» ՖԱ-ի ակադեմիայում: 2015թ.-ին նշանակվեց «Բանանց» ՖԱ-ի մարզադպրոցի տնօրեն: Այս պահին նորից աշխատում է Արմեն Ադամյանի հետ, այս անգամ՝ «Ալաշկերտում»:

N2. Արմեն Շահգելդյան, հարձակվող, Երևանի «Արարատ»
Նորամուտի պահին՝ 19 տարեկան

Երևանի «Արարատի» հեռանկարային հարձակվող, ով 17 տարեկանում իր նորամուտն էր նշել ԽՍՀՄ առաջնությունում: Հայաստանի առաջին առաջնությունում Շահգելդյանը «Արարատի» մեկնարկային կազմի խաղացող էր: Այդ մրցաշրջանում նա 9 գոլի հեղինակ դարձավ:

Խաղից հետո. Արմեն Շահգելդյանը դարձավ հայկական ֆուտբոլի ամենաարդյունավետ հարձակվողներից մեկը, հաջող կարիերա ունեցավ, բայց արտասահմանյան թիմերում իրեն լիարժեք դրսևորել չկարողացավ: Մինչև 1996թ.-ը ելույթ ունենալով «Արարատում»՝ Շահգելդյանը նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը, դարձավ եռակի գավաթակիր, ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (1993թ.): Արամայիս Տոնոյանի օրինակին հետևելով՝ Շահգելդյանը տեղափոխվեց «Փյունիկ», որի կազմում նորից դարձավ Հայաստանի չեմպիոն և գավաթակիր:

Արտասահմանը «գրավելու» առաջին փորձը Շահգելդյանը ձեռնարկեց 1997թ.-ին՝ տեղափոխվելով Օդեսսայի «Չեռնոմորեց», հետո՝ Իսրայել՝ Պետահ-Տիկվայի «Հապոել»: Չկարողանալով ամրապնդվել այդ թիմերում՝ Շահգելդյանը մեկ տարի անց վերադարձավ Հայաստան, բայց ընդամենը 6 հանդիպում անցկացնելով «Երևանի» կազմում՝ առաջարկ ստացավ շվեյցարական «Լոզանից» ու իր թիմակից Արթուր Մինասյանի հետ մեկնեց այնտեղ: 2 տարվա ընթացքում Շագհելդյանը մասնակցեց ընդամենը 28 հանդիպման, դարձավ 6 գոլի հեղինակ, նվաճեց Շվեյցարիայի գավաթը և իր թիմի հետ նույնիսկ Երևան եկավ՝ եվրագավաթային խաղում «Երևան» թիմի հետ խաղալու համար, բայց թիմում նա պահեստայինի կարգավիճակ ուներ: Մինասյանի հետ միասին Շահգելդյանը որոշում է իր ուժերը փորձել Ռուսաստանում, բայց «Դինամոյի» գլխավոր մարզիչ Վալերի Գազաևը նրան ընդամենը 4 անգամ է խաղադաշտ դուրս բերում: Այդ ընթացքում Շահգելդյանը, ով երկար տարիներ հավաքականում անփոխարինելի հարձակվող էր, կորցնում է տեղը նաև ազգային ընտրանու հիմնական կազմում (Օսկար Լոպեսը և նրան հաջորդած Միխայ Ստոյկիցան չեն հրավիրում Շահգելդյանին):

Շահգելդյանը «Լոզանի» կազմում, վերևի շարքում, աջից՝ երրորդը

Փորձելով «վերակենդանացնել» կարիերան՝ Շահգելդյանը վերադառնում է Հայաստան՝ Մարկարովի մոտ: Աշտարակի «Միկայում» մի քանի հաջող հանդիպումներից հետո նա տեղափոխվում է Կիպրոս, հետո վերադառնում «Միկա», նորից մի շարք տպավորիչ խաղեր ու՝ Լիբանան: Վերջին վերադարձը «Միկա» տեղի է ունենում 2005թ.-ին, և 2005-2007թթ.-ին արդեն վետերան ֆուտբոլիստը Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ «երկրորդ երիտասարդությունն է ապրում» (3 մրցաշրջանում՝ 26 գոլ), ևս երկու անգամ նվաճում է Հայաստանի գավաթը, 2006-ին ճանաչվում Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

1990-ականներին Շահգելդյանը հավաքականի առաջատարներից էր: Եվրո-1996-ի ընտրական փուլում նա երկու գոլի հեղինակ դարձավ, երկու դեպքում էլ գրավեց Մակեդոնիայի հավաքականի դարպասը: Եվս երկու գոլ խփեց Եվրո-2000-ի ընտրական փուլում, դրանցից մեկը՝ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, մեկը՝ Անդորրային, ընդ որում, այդ գոլը հավաքականի պատմության լավագույն գոլերից է՝ մոտ 40մ-ից կատարած հարվածով: Շահգելդյանին հավաքական վերադարձրեց Բեռնար Կազոնին՝ 2004թ.-ին, և հենց վերադարձի խաղում նա գրավեց Ֆինլանդիայի հավաքականի դարպասը: Ընդհանուր առմամբ, Արմենը հավաքականում մասնակցեց 53 հանդիպման, դարձավ վեց գոլի հեղինակ (ևս մեկ գոլ Անդորրայի հետ ընկերական խաղում): 2007թ.-ի հունիսի 6-ին նա վերջին անգամ դաշտ դուրս եկավ հավաքականի կազմում ու մասնակցեց Լեհաստանի ընտրանու դեմ խաղի առաջին կեսին: Երկրորդում նրան փոխարինեց Արամ Հակոբյանը, ով վաստակեց հայտնի տուգանայինը: Խաղից հետո գրկախառնված Պորտերֆիլդի ու Շահգելդյանի լուսանկարը հայկական ֆուտբոլի լավագույն կադրերից մեկն է:

Կարիերայի ավարտից հետո Շահգելդյանը միանգամից անցավ մարզչական գործունեության «Միկայում»՝ որպես մարզչի օգնական և երկրորդ թիմի գլխավոր մարզիչ, իսկ 2010թ.-ին նշանակվեց «Միկայի» գլխավոր մարզիչ: Սկզբում նրա թիմի ցույց տված արդյունքները վատը չէին, բայց մի շարք անհաջող խաղերից հետո Շահգելդյանը 2011թ.-ին հրաժարական տվեց: 2016թ.-ին կարճ ժամանակով նորից գլխավորեց «Միկան», սակայն ակումբի ֆինանսական գործերը լավ չէին, և այն շուտով լուծարվեց: 2019թ.-ից մինչ օրս գլխավորում է նորաստեղծ «Վեսթ Արմենիան», որը առաջին դիվիզիոնի առաջատարն է:

N9. Արսեն Ավետիսյան, հարձակվող, Երևանի ՀՄԸՄ
Նորամուտի պահին՝ 19 տարեկան

Մալաթիայի մարզադպրոցի ևս մեկ տաղանդավոր սան, ով պատանի տարիքում ԽՍՀՄ ցածր լիգաներում աչքի էր ընկնում բարձր արդյունավետությամբ, և Հայաստանի առաջին առաջնությունից առաջ համալրել էր ՀՄԸՄ-ի կազմը: Իր առաջին մրցաշրջանում Ավետիսյանը 22 գոլի հեղինակ դարձավ (հետաքրքիր է, որ այդ արդյունքով նա լավագույն ռմբարկուների տասնյակում էլ չհայտնվեց):

Խաղից հետո. Ավետիսյանը դարձավ Հայաստանի առաջնության լեգենդներից մեկը, առաջնության պատմության լավագույն ռմբարկու (198 գոլ), 1994, 1995, 1996/97 մրցաշրջանների լավագույն ռմբարկու: 1992թ.-ին դարձավ Հայաստանի չեմպիոն, նույն ակումբի բայց արդեն «Փյունիկ» անունով թիմի կազմում ևս երկու անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն (1995/96, 1996/97): 1994թ.-ին առաջնությունում խփեց 39 գոլը, ինչ Եվրոպայում լավագույն արդյունքն էր: Ոչ պաշտոնապես հենց Ավետիսյանն է համարվում Եվրոպայի «Ոսկե խաղակոշիկի» այդ տարվա դափնեկիրը, սակայն, քանի որ այդ տարի մրցանակ չէր սահմանվել, Ավետիսյանին այն բաժին չհասավ: Ավետիսյանի՝ մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդը հետագայում գերազանցեց միայն Արա Հակոբյանը: Արսեն Ավետիսյանն իր անունը գրեց նաև ազգային հավաքականում: Հավաքականի պատմության երկրորդ՝ Մալթայի հետ ընկերական (1-0) խաղում նա խփեց հավաքականի պատմության առաջին գոլը: 

Մինչև 1997թ.-ը Ավետիսյանը հաճախ էր հրավիրվում հավաքական, սակայն մեկնարկային կազմում հազվադեպ էր հայտնվում: Ավետիսյանը որոշեց ուժերը փորձել արտասահմանում, սակայն բարձրակարգ թիմ չկարողացավ գտնել, տեղափոխեց Բելգիա, որտեղ սկսեց հանդես գալ սիրողական լիգան ներկայացնող «Բեերշոտում»: 1998թ.-ին վերադարձավ Հայաստան՝ հարազատ «Փյունիկ», սակայն ակումբի գործերը լավ չէին, Ռուբեն Հայրապետյանը 1998թ.-ի մրցաշրջանից հետո հանեց թիմը առաջնությունից: Ավետիսյանը տեղափոխեց «Արարատ», հետո «Զվարթնոց», բայց նախկին արդյունավետությունը վերականգնել չէր ստացվում (12 գոլ «Արարատում», 5՝ «Զվարթնոցում»):

Ֆուտբոլիստը տեղափոխեց Ռուսաստան և 2000-2005թթ.-ին հանդես էր գալիս տեղի Երկրորդ (դասակարգմամբ՝ երրորդ) դիվիզիոնի թիմերում՝ Սոչիի և Բուդյոնովսկի «Ժեմչուժինաներում», «Մաշուկում»: 5 տարվա ընթացքում Ավետիսյանը Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում 53 գոլի հեղինակ դարձավ ու վերադարձավ Հայաստան, որտեղ ֆուտբոլիստին ընդունեց հարազատ «Փյունիկը»: Այստեղ Ավետիսյանը ևս երկու անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն, 2006թ.-ին 15 գոլ խփեց (թիմի լավագույն ռմբարկու, ընդհանուր ցուցակում՝ երրորդը), ՉԼ-ի որակավորման փուլում գրավեց «Դերի Սիթիի» դարպասը՝ օգնելով «Փյունիկին» դուրս գալ երկրորդ փուլ: Եվս չորս մրցաշրջան էլ Կապանի «Գանձասարում» անցկացնելով՝ Ավետիսյանը 2011թ.-ին ավարտեց կարիերան, ցավոք, այդպես էլ չկարողանալով հատել առաջնությունում 200 գոլի սահմանը:

«Փյունիկ» - «Դերի Սիթի». Ավետիսյանը՝ ձախից առաջինը

1997-2007թթ.-ին Ավետիսյանը հասկանալի պատճառներով հավաքական չէր հրավիրվում: Սակայն 2007թ-ին Յան Պորտերֆիլդը նկատեց 35-ամյա Ավետիսյանի արդյունավետ խաղը: Ճիշտ է, շոտլանդացու գլխավորությամբ նա այդպես էլ չխաղաց: Երկար դադարից հետո իր առաջին հանդիպումը հավաքականում Ավետիսյանն անցկացրեց 2007թ.-ի սեպտեմբերին՝ փոխարինման դուրս գալով Կիպրոսի հետ ընկերական խաղում (1-3): 4 օր անց՝ սեպտեմբերի 12-ին՝ խիզախ շոտլանդացու մահվան հաջորդ օրը նա վերջին անգամ հագավ հավաքականի մարզաշապիկը՝ փոխարինման դուրս գալով Մալթայի հետ խաղում (1-0): Ընդհանուր առմամբ, Ավետիսյանը հավաքականում մասնակցեց 26 հանդիպման: 1994թ.-ին Մալթայի հավաքականին խփած գոլը հավաքականի նրա կարիերայում միակն էր:

Կարիերայի ավարտից հետո անցավ մարզչական աշխատանքի և այս պահին աշխատում է Երևանի «Փյունիկի» Մ15 և Հայաստանի Մ15 հավաքականների մարզչական շտաբերում:

N10. Սամվել Կոստանդյան, կիսապաշտպան, Աբովյանի «Բանանց»
Նորամուտի պահին՝ 26 տարեկան

Կոստանդյանը պատանեկան տարիքում տեղափոխվել էր Երևանի «Արարատի» մարզադպրոց, սակայն հիմնական թիմի կազմում ամրապնդվել չկարողացավ: 18 տարեկանում մի քանի հանդիպում անցկացրեց «Արարատի» դուբլում, հետո՝ բանակ: Ֆուտբոլ վերադարձավ 1987թ.-ին՝ համալրելով ԽՍՀՄ երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Կոտայքի» կազմը: Մինչ ԽՍՀՄ փլուզումը հասցրեց խաղալ երկրորդ ու երրորդ դիվիզիոններում հանդես եկող Կրասնոդարի «Կուբանում», Երևանի «Իսկրայում» և «Պրոմեթեյում», Վանաձորի «Լոռիում», «Սպիտակում»: Հայաստանի առաջին առաջնությունից առաջ տեղափոխվեց նորաստեղծ Աբովյանի «Բանանց» և Աշոտ Բարսեղյանի հետ միասին դարձավ թիմի առաջատարներից մեկը, ստացավ թիմի ավագի թևկապը: Կոստանդյանը այդ մրցաշրջանում խփեց 16 գոլ, Բարսեղյանն էլ իր 34 գոլերից շատերը խփեց հենց նրա փոխանցումից:

Խաղից հետո. 1992թ.-ին «Բանանցը» դարձավ Հայաստանի պատմության առաջին գավաթակիր, Կոստանդյանը կարևոր գոլ խփեց «Վանի» հետ կիսաեզրափակիչ պատասխան խաղում: Իսկ եզրափակչում տարած հաղթանակից հետո Հակոբ Տոնոյանը հենց թիմի ավագ Կոստանդյանին հանձնեց Անկախության առաջին գավաթը:

«Բանանցում» Կոստանդյանը մնաց մինչև 1994թ.-ը, երկու անգամ դարձավ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր և 1995թ.-ին մեկնեց Ղազախստան, որտեղ իրեն ևս գերազանց դրսևորեց նախ Կարագանդայի «Շախտյորում», հետո Պավլոդարի «Իրտիշում», որի կազմում 1997թ.-ին դարձավ Ղազախստանի չեմպիոն, իսկ 1998թ.-ին՝ Ղազախստանի գավաթակիր: Կարիերան ավարտեց 2000թ.-ին Կարագանդայի «Շախտյորում»: Մոլդովայի հետ հանդիպումը Կոստանդյանի համար մնաց միակը հավաքականի կազմում:

Սամվել Կոստանդյանն իր հետքը ղազախական ֆուտբոլում թողել է նաև որպես մարզիչ: 2001թ.-ին նա գլխավորեց Կարագանդայի «Շախտյորը», նույն թվականին սկսեց աշխատել Ալմա-Աթայի «Ցեսնայում», որը հետագայում դարձավ «Կայրաթի» երկրորդ թիմը: Ղազախստանի հավաքականի մի շարք ֆուտբոլիստների համար մեծ ֆուտբոլի ճանապարհը հենց Կոստանդյանն է բացել: 2011թ.ից նա սկսեց աշխատել «Կայրաթի» հիմնական թիմում՝ որպես գլխավոր մարզիչների օգնական, մասնավորապես աշխատել է սլովակ հայտնի մասնագետ Վլադիմիր Վայսի հետ: Մինչև 2008թ.-ը գլխավորել է նաև Ղազախստանի Մ19 հավաքականը: Ներկայումս Կոստանդյանը բնակվում է Ալմա-Աթայում, սակայն ֆուտբոլային գործունեություն չի ծավալում:

N11. Մկրտիչ Հովհաննիսյան, կիսապաշտպան. Երևանի ԿԱՆԱԶ
Նորամուտի պահին՝ 22 տարեկան

Աբովյանցի տաղանդավոր ֆուտբոլիստը պատանեկան հասակում իր ուժերը փորձել էր Աբովյանի «Կոտայքում», սակայն Հայաստանի առաջնությանը հայտավորվել էր ԿԱՆԱԶ-ի կազմում, որը բարձր տեղերի համար չէր պայքարում: Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը, հանդես գալով կիսապաշտպանությունում բարձր արդյունավետությամբ էր աչքի ընկնում: Մասնավորապես, ուժեղագույն կազմը չունեցող ԿԱՆԱԶ-ում նա 1992թ.-ի մրցաշրջանի 33 խաղում 23 գոլի հեղինակ դարձավ:

Խաղից հետո. Հովհաննիսյանն իր ամբողջ կարիերան անցկացրեց Հայաստանում: 1994թ.-ին տեղափոխվեց Աբովյանի «Կոտայք», որը մշտապես պայքարում էր բարձր տեղերի համար, միանգամից հաստատվեց մեկնարկային կազմում: Տպավորիչ էին Հովհաննիսյանի և «Կոտայքի» ելույթները 1997թ.-ի գավաթի խաղարկությունում: Հովհաննիսյանի երեք գոլերն օգնեցին իր թիմին երկու խաղերի արդյունքներով 6-1 հաշվով ջախջախել «Երևանին», այնուհետև կամային հատկանիշների շնորհիվ «Կոտայքը» հաղթահարեց «Վանի» արգելքը ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպեց Գյումրիի «Շիրակին»: Արտագնա խաղում «Կոտայքը» հաղթեց 1-0 հաշվով, իսկ պատասխան խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, ընդ որում, հենց Մկրտիչ Հովհաննիսյանը խփեց վճռորոշ գոլը, որն իր թիմին դուրս բերեց եզրափակիչ: Այդտեղ «Կոտայքը» հանդիպեց «Փյունիկին», որին այդ տարիներին դժվար էր դիմակայել: Ճիշտ է, Հովհաննիսյանն ու թիմակիցները զիջեցին 2-3 հաշվով, սակայն խաղի վերջում 0-3 հաշվի ժամանակ նրանց խփած երկու ֆանտաստիկ գոլերը հեռու տարածությունից տպավորվեցին ֆուտբոլասերների հիշողություններում հավերժ:

Հաջորդ մրցաշրջանում «Կոտայքը» իր նորամուտը նշեց եվրագավաթներում: Գավաթակիրների գավաթի խաղարկությունում «Կոտայքը» երկու խաղերի արդյունքներով զիջեց Կիպրոսի ԱԵԼ-ին, բայց Երևանում կայացած խաղում փայլուն հաղթանակ տարավ: Հովհաննիսյանը աբովյանցիների կազմում անփոխարինելի էր: 1998թ.-ին Հովհաննիսյանը տեղափոխեց «Էրեբունի», հետո կարիերան շարունակեց «Զվարթնոցում»՝ մինչև 2001թ.-ը: 2001թ.-ի առաջնությանը նա մասնակցեց վերածնված «Բանանցի» կազմում, որտեղ դարձավ 11 գոլի հեղինակ (7-րդը՝ ռմբարկուների ցուցակում): Սակայն, այն բանից հետո, երբ «Բանանց» և «Սպարտակ» ակումբները միավորվեցին, Հովհաննիսյանը դուրս մնաց կազմից: 2002թ.-ին նա տեղափոխվեց Կապանի «Լեռնագործ», որտեղ էլ ավարտեց կարիերան:

Մկրտիչ Հովհաննիսյանը Հայաստանի առաջնությունների պատմության մեջ 14-րդ լավագույն ռմբարկուն է՝ խփած 87 գոլերով: Այժմ նա բնակվում է Աբովյանում, սակայն ֆուտբոլային գործունեություն չի ծավալում: Մոլդովայի հետ խաղը հավաքականում միակն էր նրա համար:

Փոխարինումներ

Արա Նիգոյան, կիսապաշտպան, Աբովյանի «Բանանց»
Նորամուտի պահին՝ 23 տարեկան

Պատանիների ևս մեկ Եվրոպայի չեմպիոն այս ընտրանու կազմում: 1984թ.-ին Նիգոյանը ԽՍՀՄ Մ16 հավաքականի կազմում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Սակայն, ի տարբերություն Աբրահամյանի և Կրբաշյանի՝ Նիգոյանը միանգամից չհայտնվեց «Արարատում», այլ ստիպված եղավ սպասել 11 տարի: Իսկ մինչ այդ նա համալրեց Հոկտեմբերյանի «Սպարտակի» կազմը, որը ելույթ էր ունենում ԽՍՀՄ երրորդ դիվիզիոնում, հետո ծառայեց բանակում, ու մի պահ դժվարանում էր թիմ գտնել: 1992թ.-ի առաջնությունից առաջ Նիգոյանը պայմանագիր կնքեց Աբովյանի «Բանանցի» հետ և միանգամից դարձավ թիմի առաջատարներից մեկը:


«Բանանցը»՝ 1992թ.-ի գավաթակիր. ներքևի շարքում, աջից առաջինը՝ Սամվել Կոստանդյան, երկրորդը՝ Արա Նիգոյան

Խաղից հետո. 1992թ.-ին Նիգոյանը «Բանանցի» հետ դարձավ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր և նվաճեց Հայաստանի գավաթը: Ընդ որում, ՀՄԸՄ-ի հետ եզրափակիչ խաղում հենց Նիգոյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ՝ 79-րդ րոպեին: 1995թ.-ին տեղափոխվեց Երևանի «Արարատ», որի կազմում մասնակցեց եվրագավաթային հանդիպումների (ԳԿՍ-ի հետ հայտնի խաղում Նիգոյանը դիպուկ իրացրեց հետխաղյա 11 մետրանոցը), դարձավ Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր: 1997թ.-ին կարճ ժամանակով ուժերը փորձեց Իրանում` Թեհրանի «Արարատում», բայց շուտով վերադարձավ երևանյան ակումբ: 1998թ.-ին Նիգոյանը տեղափոխվեց «Երևան» և մնաց այնտեղ մինչև ակումբի լուծարումը: 2000թ.-ին ֆուտբոլիստը վերադարձավ «Արարատ», որի կազմում ևս մեկ անգամ նվաճեց առաջնության արծաթե մեդալները:

Առաջնությունում լեգիոներների շատանալուց հետո Նիգոյանը կորցրեց տեղը «Արարատի» կազմում ու 2001թ.-ին տեղափոխվեց Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Արմավիր», որը դարձավ Առաջին խմբի չեմպիոն, բայց ակումբը չկարողացավ միջոցներ հավաքել Բարձրագույն խմբում հանդես գալու համար և լուծարվեց: Նիգոյանը ևս մեկ մրցաշրջան անցկացրեց Առաջին խմբում՝ Երևանի «Լոկոմոտիվի» կազմում և ավարտեց ֆուտբոլիստ կարիերան:

90-ականներին Նիգոյանը հրավիրվում էր հավաքական, սակայն հազվադեպ էր խաղադաշտ դուրս գալիս: 1995թ.-ին նա մասնակցեց Իսպանիայի հավաքականի հետ արտագնա խաղին, իսկ 1998թ.-ի օգոստոսի 18-ին Սուրեն Բարսեղյանը հրավիրեց Նիգոյանին Լիբանանի հետ ընկերական խաղին, որի 34-րդ րոպեին ֆուտբոլիստը կարմիր քարտ ստացավ: Դա նրա երրորդ ու վերջին հանդիպումն էր ազգային հավաքականի կազմում: 

Կարիերայի ավարտից հետո Նիգոյանը մնաց ֆուտբոլում և մինչ օրս մարզչական գործունեություն է ծավալում: Նա աշխատել է «Կիլիկիայում», «Իմպուլսում», «Միկայում», «Բանանցում», որտեղ եղել է Արամ Ոսկանյանի օգնականը: 2017թ.-ին նշանակվեց «Բանանց-2»-ի գլխավոր մարզիչ, որտեղից հեռացավ 2018թ.-ին: Երբ Աբրահամ Խաշմանյանը անցած տարվա վերջում գլխավորեց հավաքականը, Նիգոյանն ընդգրկվեց հավաքականի մարզչական շտաբում, Խաշմանյանի հրաժարականից հետո նա նույնպես հեռացավ և այս պահին դեռ աշխատանք չունի:

Արթուր Պետրոսյան, կիսապաշտպան, Գյումրիի «Շիրակ»
Նորամուտի պահին՝ 20 տարեկան

Գյումրեցի երիտասարդ հարձակողական ոճի կիսապաշտպան, ով 18 տարեկանում նորամուտն էր նշել «Շիրակի» կազմում՝ ԽՍՀՄ երրորդ դիվիզիոնում և աստիճանաբար դարձել հիմնական կազմի ֆուտբոլիստ: 1991թ.-ին 11 գոլ էր խփել ԽՍՀՄ չորրորդ դիվիզիոնում: Արդյունավետ խաղով աչքի էր ընկնում նաև Հայաստանի առաջին առաջնությունում (15 գոլ), որտեղ իր թիմը դարձավ չեմպիոն:

Խաղից հետո. Արթուր Պետրոսյանը դարձավ հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկը, ով իր փայլուն խաղով աչքի էր ընկնում ոչ միայն Հայաստանի առաջնությունում, այլև Հայաստանի հավաքականում: Արթուր Պետրոսյանի կարիերան ստացվեց, բայց, ամեն անգամ, նայելով նրա՝ «Արսենալի» մարզաշապիկով լուսանկարին, հասկանում ես, որ այդ կարիերան կարող էր պարզապես փառահեղ լինել:

Արթուր Պետրոսյանը (աջից)՝ Լոնդոնի «Արսենալի» կազմում փորձաշրջան անցնելիս

Մինչև 1998թ.-ը Պետրոսյանը մնաց «Շիրակի» կազմում, ևս մեկ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչում, դարձավ առաջնության լավագույն ռմբարկու, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (1996): Յուրաքանչյուր մրցաշրջանում նա 10-ից շատ գոլ էր խփում, 1997թ.-ին 18 գոլի հեղինակ դարձավ ընդամենը 17 խաղում (լավագույն ռմբարկու): 1997թ.-ին աննախադեպ հնարավորություն ստացավ՝ փորձաշրջան անցնելով Լոնդոնի «Արսենալում» և արժանանալով Արսեն Վենգերի հավանությանը, սակայն, ասում են՝ Գյումրիի «Շիրակը» այն ժամանակի համար աննախադեպ մեծ գումար պահանջեց՝ մեկ միլիոն դոլար: Նման գումարով անգլիացիները նախընտրեցին ձեռք բերել երիտասարդ Պատրիկ Վիեյրային:

Դեպքերի նման զարգացումից հետո Պետրոսյանի կարիերայում անկում սկսվեց: Նա վերադարձավ «Շիրակ», բայց Հայաստանի առաջնության մակարդակը Արթուրի համար արդեն շատ ցածր էր: Արտասահման մեկնել ստացվեց 1999թ.-ին: Իսրայելի ուժեղագույնների խմբում հանդես եկող Պետահ-Տիկվայի «Մաքքաբիում» Պետրոսյանն ընդամենը 14 խաղ անցկացրեց, բայց չտպավորեց իր ելույթներով և մեկնեց Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ», որի կազմում ընդամենը 6 խաղի մասնակցեց Ռուսաստանի առաջնությունում ու վերադարձավ հարազատ «Շիրակ», քանի որ տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ քիչ էր մնում առանց թիմ մնար:

Գյումրիում Պետրոսյանը շարունակում էր մնալ գահին: Նա թիմին միացավ մրցաշրջանի կեսից, 17 խաղում խփեց 13 գոլ, առաջնորդեց թիմին դեպի հերթական չեմպիոնության, մեկ տարի անց էլ 25 խաղում 15 գոլ խփեց, նվաճեց առաջնության արծաթե մեդալը և նորից ճանաչվեց երկրի լավագույն ֆուտբոլիստ: Սկսում էր թվալ, որ Արթուր Պետրոսյանը մեկ թիմի, մեկ քաղաքի ֆուտբոլիստ է, բայց համառ գյումրեցին այդպես չէր կարծում:

2001թ.-ին նա իր ընկերոջ Հարություն Վարդանյանի հետ մեկնեց Շվեյցարիա՝ «Յանգ Բոյզ», որն այդ պահին հանդես էր գալիս Շվեյցարիայի Առաջին դիվիզիոնում (մակարդակով՝ երկրորդ): Հաջորդ մրցաշրջանում նրանք արդեն Շվեյցարիայի ուժեղագույնների խմբում էին, որտեղ Պետրոսյանը փայլեց: Երկու գյումրեցիներն արագորեն դարձան «Յանգ Բոյզի» առաջատարներից: Պետրոսյանը երկու մրցաշրջաններում 14 գոլի հեղինակ դարձավ, օգնեց թիմին դառնալ առաջնության առաջատարներից մեկը:

2002թ.-ին Պետրոսյանի և Վարդանյանի ճանապարհները բաժանվեցին: Արթուրը մեկնեց «Ցյուրիխ», Հարությունը՝ «Աարու»: Լյուսյեն Ֆավրի գլխավորած «Ցյուրիխում» անցկացրած առաջին մրցաշրջանում Պետրոսյանը շարունակեց փայլել՝ 13 գոլ 32 խաղում: Սակայն հաջորդ մրցաշրջանից 34-ամյա ֆուտբոլիստի կարիերայում անկում սկսվեց: Նա մասնակցեց ընդամենը 13 խաղի, բայց «Ցյուրիխի» հետ նվաճեց գավաթակրի տիտղոսը: 2005/06 մրցաշրջանում Պետրոսյանը ևս հայտավորված էր «Ցյուրիխի» կազմում, բայց հիմնական թիմի կազմում ոչ մի հանդիպման չմասնակցեց, իսկ «Ցյուրիխն» այդ տարի Ֆավրի գլխավորությամբ նվաճեց Շվեյցարիայի չեմպիոնի կոչումը:

Ազգային հավաքականում Պետրոսյանն իր առաջին գոլը խփեց 1995թ.-ին՝ գրավելով Եվրոպայի չեմպիոն Դանիայի հավաքականի դարպասը: Արթուրը հավաքականում հանդես եկավ մինչև 2004թ.-ը, այդ ընթացքում խփեց 11 գոլ, որը երկար ժամանակ ռեկորդ էր, մինչև 2013թ.-ին այն չգերազանցեց Հենրիխ Մխիթարյանը: Ամենաշատը Պետրոսյանի աջ ոտքից տուժեց Ուկրաինայի հավաքականը, որի դարպասը գյումրեցի ֆուտբոլիստը գրավեց 5 անգամ: Վերջին անգամ ազգային հավաքականում Արթուր Պետրոսյանը խաղադաշտ դուրս եկավ 2004թ.-ի սեպտեմբեի 8-ին, այդ օրը հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում 0-2 հաշվով զիջեց Ֆինլանդիային: Լեգենդար ֆուտբոլիստի համար հրաժեշտի խաղ չկազմակերպվեց: 

Ֆուտբոլիստի կարիերայից հետո Արթուր Պետրոսյանը միանգամից անցավ մարզչական աշխատանքի «Ցյուրիխի» մարզադպրոցում՝ Մ14 թիմում: Այդ թիմին նա հասցրեց մինչև Մ18 մակարդակ, իսկ 2012թ.-ին գլխավորեց «Ցյուրիխի» երկրորդ թիմը: 2014թ.-ին, երբ հավաքականը գլխավորեց իր վաղեմի ծանոթ Բեռնար Շալանդը, Պետրոսյանը միացավ նրա մարզչական շտաբին՝ որպես գլխավոր մարզչի օգնական: 2016թ.-ին էլ, լքելով «Ցյուրիխը», գլխավորեց Հայաստանի հավաքականը: Թեև թիմը փայլուն մեկնարկ ունեցավ (գերկամային հաղթանակ Չեռնոգորիայի նկատմամբ), բայց հաջողությունը չկարողացավ զարգացնել, երկու տարի անց Պետրոսյանը հրաժարական տվեց: 2019թ.-ին կես մրցաշրջանով գլխավորեց Վանաձորի «Լոռին»: Ներկա պահին մի քանի առաջարկներ ունի շվեյցարական թիմերից, բայց դեռ ոչ մի ակումբի հետ պայմանագիր չունի:

Արթուր Աբազյան, կիսապաշտպան, Երևանի «Նաիրի»
Նորամուտի պահին՝ 24 տարեկան

22 տարեկան հասակում հայտնվեց Երևանի «Նաիրիում», որը հանդես էր գալիս Խորհրդային Հայաստանի Հանրապետության առաջնությունում: 1991թ.-ին նա տեղափոխվեց Ստեփանակերտի «Երազանք», բայց մեկ տարի անց վերադարձավ «Նաիրի», որը մասնակցում էր Հայաստանի առաջին առաջնությանը: Աբազյանը դարձավ թիմի առաջատարը և առաջին մրցաշրջանում 9 գոլի հեղինակ դարձավ: 

Խաղից հետո. 1992թ.-ի մրցաշրջանից հետո Աբազյանը տեղափոխվեց Աբովյանի «Բանանց», որի կազմում երկու մրցաշրջանի ընթացքում 16 գոլ խփեց, նվաճեց Հայաստանի առաջնության բրոնզե մեդալը: «Բանանցի» լուծարումից հետո մնաց Աբովյանում և հանդես եկավ «Կոտայքում»՝ դառնալով թիմի առաջատարներից մեկը: 1996/97 մրցաշրջանից առաջ «Կոտայքի» մի շարք առաջատար խաղացողների հետ՝ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ, տեղափոխվեց «Երևան», բայց չկարողացավ ամրապնդվել նորաստեղծ թիմում ու վերադարձավ «Կոտայք»: 1998թ.-ի առաջնությունից հետո «Կոտայքը» դուրս եկավ առաջնությունից, և Աբազյանը ավարտեց կարիերան: Հայաստանի հավաքականի կազմում նրա միակ հանդիպումը Մոլդովայի հետ խաղն էր, որին Աբազյանը մասնակցեց 21 րոպե:

Կարիերան ավարտելուց որոշ ժամանակ անց Աբազյանը սկսեց զբաղվել ֆուտզալով: 2008-2010թթ.-ին նա հանդես եկավ «Եվրոպա» ակումբում՝ մասնակցելով Հայաստանի առաջնությանը, որից հետո վերջնականապես հեռացավ ֆուտբոլիստ՝ զբաղվելով գործարարությամբ: Մինչև վերջերս Աբազյանը Երևանի հայտնի ռեստորաններից մեկի տնօրենն էր:

Հովհաննես Թահմազյան, պաշտպան, Գյումրիի «Շիրակ»
Նորամուտի պահին՝ 21 տարեկան

Նորամուտից առաջ. Գյումրեցի հեռանկարային պաշտպանը 1987թ.-ին հայտավորվեց «Օլիմպիայի» (նախկինում՝ «Շիրակ») կազմում և մասնակցեց ԽՍՀՄ երրորդ դիվիզոնի 10 հանդիպման, սակայն սկզբում չկարողացավ ամրապդնվել թիմի հիմնական կազմում:1990թ.-ին նախկին անունը վերադարձրած «Շիրակը» նահանջեց 4-րդ դիվիզիոն և 1991թ.-ին Թահմազյանը վերադարձավ հիմնական կազմ: Այդ տարի նա մասնակցեց 32 հանդիպման, օգնեց թիմին 4-րդ դիվիզիոնում զբաղեցնել 2-րդ տեղը: 1992թ.-ի Հայաստանի առաջնությունում Թահմազյանը «Շիրակի» չեմպիոնական կազմի պաշտպանության հենասյուններից էր:

Խաղից հետո. Թահմազյանը կարիերայի մեծ մասն անցկացրեց «Շիրակում», որտեղ հանդես եկավ մինչև 41 տարեկան (2011թ.)՝ 3 տարվա դադարով: 2004-2007թթ.-ին Թահմազյանը խաղաց «Միկայում»: «Շիրակի» կազմում նա դարձավ Հայաստանի եռակի չեմպիոն, իսկ «Միկայի» կազմում՝ կրկնակի գավաթակիր: Առհասարակ, Թահմազյանը Հայաստանի առաջնությունում հանդես եկած լավագույն պաշտպաններից մեկն է, ով միշտ նվիրված է եղել հայկական ֆուտբոլին և հարազատ «Շիրակին»: Պատահական չէ, որ հենց Թահմազյանին է պատկանում Հայաստանի առաջնություններում անցկացրած հանդիպումների ռեկորդը (450):

Չնայած դրան՝ հավաքականում նման փառահեղ կարիերա ֆուտբոլիստը չունեցավ: 90-ականներին մրցակցությունը պաշտպանական գծում շատ մեծ էր, և Թահմազյանը հազվադեպ էր հրավիրվում հավաքական: 1995թ.-ին նա մասնակցեց Իսպանիայի հավաքականի հետ երկու հանդիպումներին, խաղադաշտ դուրս եկավ նաև Մակեդոնիայի և Դանիայի դեմ տնային խաղերում: 4 տարի դադարից հետո Սուրեն Բարսեղյանը Թահմազյանին դաշտ դուրս բերեց 1999թ.-ի օգոստոսի 18-ին՝ Էստոնիայի հետ ընկերական խաղում (0-2): Դա գյումրեցի ֆուտբոլիստի վերջին հանդիպումն էր հավաքականի կազմում:

Կարիերայի ավարտից հետո Թահմազյանը անցավ մարզչական աշխատանքի հարազատ «Շիրակում»: Այս պահին նա գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի օգնականն է:

 

Ռաֆաել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000