Որոնել
Արխիվ
16.04.2020  14:57

Մանուչարյան. ««Փյունիկի» ոչ պրոֆեսիոնալ գործողությունները. իմ պարտքն եմ համարում բոլորին պատմել»

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը հայտարարել է, թե ձմռանն ինչ պայմաններում է հեռացել «Փյունկից»:

«Շատերդ նկատած կլինեք երևի, որ անցած տարվա դեկտեմբերին Փյունիկ ակումբի ֆեյսբուքյան էջում դեկտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ես հեռացել եմ ակումբից։ Իրականում ես չէի հեռացել, այլ պայմանագիրս առանց հիմնավոր դրդապատճառի ժամանակից շուտ խզվել էր։ WhatsApp-ով ստացա ծանուցում, որ ակումբն ինձ հետ ուղղակի լուծում է գործող պայմանագիրս՝ պարտավորվելով երկու հետագայում տալ չնչին փոխհատուցում։ Ես հակադարձ ծանուցումներ կատարեցի և փորձեցի խոսել ղեկավարության հետ, բայց անպատասխան և անարդյունք։ Նման անհարգալից վերաբերմունքից և ոչ պրոֆեսիոնալ գործողություններից հետո որոշեցի բողոքարկել ՀՖՖ Վեճերի լուծման պալատ, որն էլ վերջերս հաստատեց իր որոշմամբ, որ ակումբն իր գործողություններով առանց հիմնավոր դրդապատճառի է լուծել պայմանագիրը և պարտավորվել է ինձ վճարել հասանելիք ամբողջ փոխհատուցումը, որը կստանայի մինչև պայմանագրիս ավարտը՝ կատարելով որոշակի պահումներ, հետ են ուզել նաև ժամանակին վճարված պարգևավճարը, որն ուղղակի ծիծաղելի է։

Երեկ փոխհատուցման առաջին մասի վճարման օրն էր /ի դեպ մինչև հիմա փոխհատուցումը չեմ ստացել/, բայց այս անգամ տարբեր միջնորդներից ստանում եմ զանգեր և առաջարկներ, որ իբր հրաժարվեմ գումարներից և ստանամ ավելի քիչ գումար սույն վեճը վերջնական լուծելու և հարցը «խաղաղ» լուծելու համար։ Բնականաբար նման գործարքի չգնացի, քանի որ ունեմ օրենքով իրավասու մարմնի որոշում և ակտ, որով արդեն որոշված է վճարման ենթակա գումարը, իսկ առաջարկն էլ «խելամիտ» չէր և ուշացած, չնայած որ հույս ունեի որ կլսեմ ողջամիտ և խելքին մոտ ինչ-որ բան։

Որպես արդյունք ցանկանում եմ արձանագրենք, որ ֆուտբոլիստները ևս պետք է պաշտպանված լինեն, իմանան իրենց իրավունքները, իսկ մեր ակումբները և դրանց կառույցները պետք է ղեկավարվեն միայն պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, իսկ իրենց ֆուտբոլային գործունեությունը պետք է լինի միայն ի շահ հայկական ֆուտբոլի զարգացման և առաջընթացի, այլ ոչ թե սեփական շահերով շարժվող բիզնեսը։

Ես, որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող, իմ պարտքն եմ համարում խաղընկերներիս և Ձեզ հայտնել Փյունիկի գործունեության և սույն վեճի մասին, այս անգամ սխալ մարդու էիք թիրախավորել։ Վստահ եմ, որ նախկինում ևս նման դեպքեր եղել են ակումբում, անհիմն լուծվել են ֆուտբոլիստների պայմանագրերը և չեն վճարվել վերջիններիս արդարացիորեն հասանելի փոխհատուցումները։

Տեսնենք Փյունիկի ղեկավարություն որքան է խուսափելու օրինական ուժի մեջ մտած որոշումը կատարելուց և ինձ փոխհատուցելուց։

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն «Սպորտային իրավաբանների հայկական ասոցիացիայի» թիմին եվ սպորտային իրավաբան Արծրուն Բադալյանին , ում հետ կարողացանք հասնել սույն վեճի լուծմանը։

Եղե´ք առողջ և սիրե´ք ֆուտբոլը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանուչարյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000