Որոնել
Արխիվ
15.04.2020  22:30

Սև-սպիտակ. Հայաստանի հավաքականի առաջին հանդիպման հերոսները. Ովքե՞ր էին և ի՞նչ եղավ նրանց հետ (ՄԱՍ 1)

1992թ.-ի հոկտեմբերի 14-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականն անցկացրեց իր պատմության առաջին հանդիպումը՝ «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալելով Մոլդովայի ընտրանուն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0, սակայն կարևորը ոչ թե հաշիվն էր, այլ հավաքականի ստեղծման ու առաջին հանդիպման փաստը: «Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Էդուարդ Մարկարովի առաջնորդությամբ խաղադաշտ դուրս եկան նորաստեղծ Հայաստանի առաջնությունը ներկայացնող 15 ֆուտբոլիստներ: Ովքե՞ր էին նրանք, ի՞նչ եղավ նրանց հետ այդ խաղից հետո, ովքե՞ր ամրապնդվեցին հավաքականում և ու՞մ համար այդ խաղը դարձավ վերջինը Հայաստանի հավաքականում:

ArmFootball.com-ը պատմում է լեգենդար սև-սպիտակ լուսանկարի 11 և այդ խաղում փոխարինման դուրս եկած  4 ֆուտբոլիստների ճակատագրերի մասին: Առաջին մասում կանդրադառնանք դարպասապահին և պաշտպաններին:

Հիմնական կազմ

 N1. Հարություն Աբրահամյան, դարպասապահ, Երևանի «Արարատ»
Նորամուտի պահին՝ 22 տարեկան

80-ականների վերջին Աբրահամյանը հանդիսանում էր ԽՍՀՄ տաղանդավոր դարպասապահներից մեկը, ով կարողացել էր հասնել մինչև «Արարատի» հիմնական կազմ: 1988թ.-ին ԽՍՀՄ Մ18 հավաքականի հետ մեկնեց Չեխոսլովակիա՝ Եվրոպայի առաջնության, որպես Գինտարս Ստաուչեի փոխարինող: Աբրահամյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն, ճիշտ է, ոչ մի հանդիպում չանցակցրեց հիմնական կազմում: «Սպիտակում» վարձավճարով խաղալուց հետո Աբրահամյանը վերադարձավ «Արարատ», ամրապնդվեց թիմի հիմնական կազմում և 1992թ.-ին՝ Հայաստանի առաջին առաջնությունում ևս պաշտպանում էր «Արարատի» դարպասը: Հավաքականի մեկնարկային խաղում Մարկարովը հենց նրան էր վստահել պաշտպանել դարպասը:

Խաղից հետո. Աբրահամյանը շարունակում էր աչքի ընկնել վստահ ելույթներով: 1993թ.-ին նա թիմի կազմում դարձավ Հայաստանի չեմպիոն և ճանաչվեց երկրի լավագույն դարպասապահ: Նույն թվականին «Արարատում» հայտնեց ևս մեկ ուժեղ դարպասապահ՝ Արմենակ Պետրոսյանը, և երկուսով նրանք մրցակցում էին ոչ միայն «Արարատի», այլև ազգային հավաքականի կազմում՝ պարբերաբար փոխարինելով միմյանց մեկնարկային կազմում: «Արարատի» հետ Աբրահամյանը նաև մի քանի անգամ առաջնության մեդալակիր դարձավ, 4 անգամ անընդմեջ նվաճեց Հայաստանի գավաթը, խաղաց եվրագավաթներում:

Այդ ընթացքում դարպասապահը առաջարկ ուներ Կիպրոսից, սակայն «Արարատի» ղեկավարությունը բարձր գումար էր պահանջում նրա համար: «Ասում էին՝ դու այնքան տաղանդավոր ես, որ պետք է Իսպանիայում խաղաս, ի՞նչ Կիպրոս: Բայց չէ որ Իսպանիայում միանգամից չեն հայտնվում: Պետք էր քայլ առաջ անել, Կիպրոսը լավ հնարավորություն էր, բայց ինձ բաց չթողեցին»,- հետագայում վերհիշում էր Աբրահամյանը:

«Արարատից» Աբրահամյանը հեռացավ 1997թ.-ին՝ հետևելով Արմենակ Պետրոսյանի օրինակին և տեղափոխվելով Իրան: Մինչ այդ նա Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» կազմում մասնակցեց ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման փուլի ՀԻԿ-ի հետ հանդիպումներին: Սակայն մեկ տարի անց վերադարձավ Հայաստան, համալրեց «Երևանի» շարքերը, իսկ 1999-ին էլ նորից տեղափոխվեց «Արարատ», որի կազմում ևս երկու անգամ դարձավ արծաթե մեդալակիր, 1999-ին ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Աբրահամյանի վերջին երկու ակումբները դարձան «Միկան» ու Երևանի «Սպարտակը»: 

Հավաքականում Աբրահամյանի կարիերան ևս հիշարժան էր: Մինչև 1996թ.-ը նա մրցակցում էր Պետրոսյանի հետ, բայց համարվում էր հիմնական դարպասպաահը: 1996թ.-ին հավաքականում իր նորամուտը նշեց Ռոման Բերեզովսկին, և Աբրահամյանը դարձավ պահեստային: Դրանից հետո նա խաղադաշտ էր դուրս գալիս հիմնականում ընկերական խաղերում և այն ժամանակ, երբ Բերեզովսկին վնասվածք ուներ: 2000թ.-ին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հեռացրեց հավաքականից Բերեզովսկուն, և Աբրահամյանը նորից դարձավ ընտրանու առաջին համարը: Իր վերջին խաղը հավաքականում Աբրահամյանն անցկացրեց 2001թ.-ի հունիսի 6-ին՝ Լեհաստանի դեմ տնային հայտնի խաղում (1-1): Հաջորդ խաղից առաջ Սուքիասյանն ու Բերեզովսկին հաշտվեցին, շրջափուլը Աբրահամյանն ավարտեց որպես պահեստային դարպասապահ, ինչից հետո ավարտեց կարիերան՝ ընդհանուր առմամբ, հավաքականում մասնակցելով 27 հանդիպման և բաց թողնելով 43 գոլ:

Կարիերան ավարտելուց հետո Աբրահամյանը տեղափոխեց Իրան և սկսեց աշխատել «Էսթեղլալում»՝ որպես դարպասապահների մարզիչ: 2004/2005 մրցաշրջանում «Էսթեղլալը» ձեռք բերեց հայկական «Կոտայքը» և Աբրահամյանը վերսկսեց ֆուտբոլիստի կարիերան՝ «Էսթեղլալ-Կոտայք» թիմի կազմում, բայց ընդամենը մեկ մրցաշրջանով: Հետագայում նա բազմաթիվ իրանական թիմեր է փոխել, իսկ 2018թ.-ից աշխատում է «Փեյքանում»՝ որպես դարպասապահների մարզիչ:

N3. Վարդան Խաչատրյան, պաշտպան, թիմի ավագը, Երևանի «Արարատ»
Նորամուտի պահին՝ 23 տարեկան

Խաչատրյանը պատանի տարիքում զբաղվում էր ըմբշամարտով և ֆուտբոլ էր եկել բավականին ուշ՝ 14 տարեկանում: Սակայն արագորեն կարողացավ հաջողություններ գրանցել և արդեն 1988թ.-ին հայտնվեց Երևանի «Արարատում», արագորեն դարձավ թիմի հիմնական պաշտպաններից մեկը: Աչքի էր ընկնում առաջատարի հատկանիշներով: «1992թ.-ին, երբ ազգային հավաքականը  ստեղծվեց, ինձ ավագ ընտրեցին, թեև տարիքով ավելի մեծ ֆուտբոլիստներ կային: Հավաքված էինք թիմով, գլխավոր մարզիչ Մարկարովն ասեց` թիմի ավագն ո՞վ է լինելու: Շահգելդյան Արմենը հետևից գոռաց` Վարդան Խաչատրյանը, էլ ո՞վ: Նայեցի հետ` դե, որ ասում է, մի բան գիտի էլի: Անցավ միաձայն: Թեև թիմում ավելի փորձառու ֆուտբոլիստներ էլ կային»,- հետագայում վերհիշում էր Խաչատրյանը:

Խաղից հետո. 1992թ.-ի մրցաշրջանից հետո «Արարատի» նախկին դարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովը համոզում է Խաչատրյանին տեղափոխվել Մոսկվայի «Տորպեդո»: Խաչատրյանը իրեն լավ կողմերով է ցուցադրում և պայմանագիր կնքում բավականին ուժեղ կազմ ունեցող թիմի հետ: Թիմի կազմում նա դառնում է Ռուսաստանի գավաթակիր, սակայն վնասվածքների պատճառով կորցնում է տեղը մեկնարկային կազմում: Այնուհետև տեղափոխվում է Զապորոժիեի «Մետալուրգ», հետո վերադառնում Հայաստան՝ Երևանի «Փյունիկ», որի կազմում դառնում է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր, հանդես գալիս ՈւԵՖԱ-ի գավաթի որակավորման փուլում: 1997թ.-ին տեղափոխվում է Թուրքմենստան՝ երկրի չեմպիոն «Կոպետդաղ»: Կարճ ժամանակահատված է անցկացնում «Երևան» ու «Զվարթնոց» թիմերում, խաղում Կազանի «Ռուբինում», իսկ 1999թ.-ին մնում է առանց ակումբ:

Հաճախ հրավիրվում է Հայաստանի հավաքական, որի կազմում անցկացնում է 30 հանդիպում: Վերջին անգամ հավաքականի մարզաշապիկով ու ավագի թևկապով թիմին դաշտ է դուրս բերում 2000թ.-ի փետրվարի 6-ին, Կիպրոսում կայացած Վրաստանի հետ ընկերական խաղում: Այդ խաղում Խաչատրյանը խփում է հավաքականում իր միակ գոլը:

Այնուհետև առաջարկ է ստանում Քուվեյթի ակումբներից մեկից, որը բավականին մեծ գումար է տալիս ֆուտբոլիստին և անհետանում: Խաչատրյանն ավարտում է կարիերան 33 տարեկանում, դառնում մարզիչ, աշխատում «Փյունիկի» մանկապատենական թիմերում: 2006թ.-ին տեղի է ունենում ավտովթար, Խաչատրյանը հրաշքով է փրկվում (թերթերում գրում էին, որ նա մահացել է): Այդ տարիների իր վարած կյանքի մասին Վարդան Խաչատրյանը պատմեց ArmFootball.com-ին 2016թ.-ի հարցազրույցում: Այդ հարցազրույցից հետո «Բանանց» ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը Խաչատրյանին հրավիրեց ակումբ՝ գլխավորելու երեխաների թիմերից մեկը, որտեղ էլ նախկին ֆուտբոլիստն աշխատում է մինչ օրս:

N4. Երվանդ Կրբաշյան, պաշտպան, Երևանի «Արարատ»
Նորամուտի պահին՝ 21 տարեկան

1990թ.-ին ԽՍՀՄ հավաքականը դարձավ Մ18 Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչում ծնկի բերելով Պորտուգալիայի հավաքականին, որի կազմում փայլում էին պատանիներ Լուիշ Ֆիգուն, Ռուի Կոշտան, Ժոաու Պինտուն, Աբել Շավյերը, Ժոաու Կոշտան: Մեկ տարի անց աշխարհի Մ19 առաջնությունում ԽՍՀՄ հավաքականը բրոնզե մեդալներ նվաճեց՝ ճանապարհից սրբելով Օսկարի և Ուրսաիսի Իսպանիային: Երկու հավաքականների պաշպանության հենասյուններից մեկը Երևանի «Արարատի» պաշտպան Երվանդ Կրբաշյանն էր, ով հաջողությամբ չեզոքացնում էր ապագա աստղերի գրոհները: ԽՍՀՄ փլուզումից հետո երիտասարդ պաշտպանը շարունակեց հանդես գալ «Արարատում» և հավաքականի անդրանիկ խաղում իր նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում:

Կրբաշյանը՝ վերևի շարքում, աջից՝ երրորդը

Խաղից հետո. Ցավոք, իրացնել ամբողջ ներուժը Կրբաշյանը չկարողացավ: 1992 մրցաշրջանից հետո նա մեկնեց Ռուսաստան՝ տեղափոխվելով Մոսկվայի ԲԿՄԱ, որտեղ բավականին տաղանդավոր երիտասարդներ էին հավաքվել հենց Կրբաշյանի սերունդից՝ Բուշմանովը, Մինկոն, Մամչուրը, Գրիշինը, ավելի երիտասարդ Մաշկարինն ու Կուպրիյանովը: 1993թ.-ի ապրիլի 17-ին իր նորամուտը նշեց Ռուսաստանի առաջնությունում՝ փոխարինման դուրս գալով երկրորդ կեսում, հետո ամրապնդվեց մեկնարկային կազմում, բայց, պաշտպանությունում ուժեղ մրցակցություն էր: Օգոստոսի 12-ին «Տեկստիլշիկից» կրած պարտությունից հետո երիտասարդ ֆուտբոլիստին տեղափոխեցին 2-րդ կազմ, որը հանդես էր գալիս 4-րդ դիվիզիոնում:

1994թ.-ի մրցաշրջանը նա սկսեց ԲԿՄԱ-ի երկրորդ կազմում, մրցաշրջանի կեսից տեղափոխվեց Առաջին դիվիզիոնում հանդես եկող Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»: Վերջինիս կազմում նա իր նորամուտը նշեց առաջնության կեսից՝ օգոստոսին, սակայն ամրապնդվեց հիմնական կազմում, 12 հանդիպման մասնակցեց: Բայց առաջնության ավարտից հետո պայմանագիրը չերակարաձգվեց, և Կրբաշյանը վերադարձավ Հայաստան՝ համալրելով «Երևանի» շարքերը, որի հետ դարձավ Հայաստանի չեմպիոն: Սակայն Կրբաշյանի կարիերան, որը լի էր վնասվածքներով, աստիճանաբար անկում էր ապրում: 1997-2002թթ.-ին նա հանդես եկավ «Փյունիկում», Օմսկի «Իրտիշում», Մոսկվայի «Տորպեդո-ԶԻԼ»-ում, Աշտարակի «Միկայում» և 31 տարեկան հասակում ավարտեց կարիերան:

Հավաքականում Կրբաշյանը հանդես եկավ մինչև 1999թ.-ը՝ մասնակցելով 17 հանդիպման և պատմության մեջ մտավ որպես հավաքականի առաջին ինքնագոլի հեղինակ (Բելգիայի հետ արտագնա խաղում՝ 1994թ.-ին): Վերջին անգամ հավաքականի կազմում Կրբաշյանը խաղադաշտ դուրս եկավ 1999թ.-ի մարտի 27-ին: Այդ օրը մեր ընտրանին «Հրազդան» մարզադաշտում պարտվեց Ռուսաստանի հավաքականին:

Կրբաշյանը՝ վերևի շարքում, ձախից առաջինը

Կարիերայի ավարտից հետո Կրբաշյանը միանգամից անցավ մարզչական աշխատանքի՝ «Միկայում»: 2007թ.-ին գլխավորեց «Կիլիկիան», որը ֆինանսավորման պակասի պատճառով ճգնաժամի մեջ էր: 2009թ.-ին վերադարձավ «Միկա», դառնալով երկրորդ թիմի մարզիչներից մեկը, 2012թ.-ին գլխավորեց «Միկա-2»-ը: Ներկայումս աշխատում է Երևանի «Փյունիկում»՝ գլխավորելով 2003թ.-ին ծնվածների թիմը:

N5. Սարգիս Կարապետյան, պաշտպան, Գյումրիի «Շիրակ»
Նորամուտի պահին՝ 29 տարեկան

Կազմի ամենափորձառու ֆուտբոլիստը: Անցնելով Գյումրիի ֆուտբոլային դպրոցը՝ Կարապետյանը 21 տարեկանից խաղում էր «Շիրակում»՝ ԽՍՀՄ ցածր լիգաներում: 1987/88 մրցաշրջանն անցկացրեց Վանաձորի «Լոռիում», հետո վերադարձավ «Շիրակ», որի կազմում էլ 1992թ.-ին մասնակցեց Հայաստանի առաջնությանը:

Խաղից հետո. Կարապետյանը մնաց «Շիրակում» մինչև 1996թ.-ը՝ աչքի ընկնելով պաշտպանի համար բարձր արդյունավետությամբ (35 գոլ 186 խաղում), դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն: Սակայն հավաքականում այս խաղը միակն էր Կարապետյանի համար: Այդ տարիների երկրի վիճակը ստիպեց Կարապետյանին հեռանալ հայրենիքից և թողնել ֆուտբոլային գործունեությունը: Մի քանի տարի Ռուսաստանում բնակվելուց հետո նա ընտանիքով տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ սկզբնական շրջանում հաղթահարում էր կենցաղային բարդությունները:

Կարապետյանի երկու որդիները ֆուտբոլով էին զբաղվում, սակայն, ստեղծված իրավիճակում, նրանցից մեկը մասնագիտություն ընտրեց, որպեսզի օգնի ընտանիքին, իսկ մյուսը դարձավ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, 2010թ.-ին համալրեց Հայաստանի հավաքականի կազմը և դարձավ նրա պատմության լավագույն ռմբարկուներից մեկը... Բայց դա արդեն ուրիշ պատմություն է...

N6. Սարգիս Հովսեփյան, պաշտպան, Երևանի ՀՄԸՄ
Նորամուտի պահին՝ 19 տարեկան

Երկրի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը, կարիերան սկսել էր Երևանի «Մալաթիայում», խաղացել Վանաձորի «Լոռիում» և 1992թ.-ի Հայաստանի առաջին առաջնությանը հայտավորվել Խորեն Հովհաննիսյանի գլխավորած ՀՄԸՄ-ի կազմում: Բավականին ուժեղ կազմում ունեցող ՀՄԸՄ-ում երիտասարդ ֆուտբոլիստը միանգամից դարձավ հիմնական կազմի խաղացող և արժանացավ Էդուրադ Մարկարովի ուշադրությանը, ով ոչ միայն նրան հրավիրեց հավաքական, այլև հենց առաջին խաղում ընդգրկեց մեկնարկային կազմում:

Խաղից հետո. Հովսեփյանը հենց 1992թ.-ին ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ նրա ՀՄԸՄ-ն դարձավ Հայաստանի չեմպիոն: Մինչև 1998թ.-ը շարունակեց հանդես գալ Հայաստանի առաջնությունում, ՀՄԸՄ-ն փոխեց անունը, դարձավ «Փյունիկ», Սարգիսն էլ ևս մեկ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն (1996), մեկ անգամ էլ ճանաչվեց երկրի լավագույն ֆուտբոլիստ (1995):

26 տարեկանում Հովսեփյանը վերջապես մեկնեց արտասահման՝ միանալով Ռուսաստանի Բարձրագույն խումբ վերադարձած «Զենիթ»: «Самый лучший из армян, наш защитник Овсепян», այս վանկարկումը «Զենիթի» երկրպագուները հիշում են մինչ օրս: 153 հանդիպում «Զենիթի» կազմում, 2 գոլ, նվաճած Ռուսաստանի գավաթ (1999), Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (2001), և, ամենակարևորը, հուսալի և համարձակ խաղ «Զենիթի» պաշտպանության աջ եզրում. սրանով Հովսեփյանը հավերժ մնաց Պիտերի երկրպագուների հիշողություններում: 2003թ.-ին կորցրեց տեղը հիմնական կազմում, տեղափոխվեց «Տորպեդո-Մետալուրգ», բայց այնտեղ երկար չմնաց: Ճիշտ պահի Հովսեփյանը վերադարձավ հայրենիք՝ հարազատ «Փյունիկ», որի կազմում ևս 7 անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն, նաև բազմակի գավաթակիր ու սուպերգավաթակիր:

Հասկանալի է, որ հավաքականում կարիերան նույնպես փառահեղ ստացվեց: Նա առայժմ միակ ֆուտբոլիստն է, ով Հայաստանի հավաքականում 100-ից ավել հանդիպում է անցկացրել: Հավաքականում խաղերով ռեկորդակիր (132), բազմամյա ավագ: Քանի որ Հովսեփյանի կարիերան վնասվածքներով հագեցած չի եղել, նա կարողացավ մինչև կարիերայի վերջ «ցեմենտել» աջ պաշտպանի դիրքը հավաքականում:

Մի պահ, թվում էր, թե նրա խաղում անկում կա (2004-2006թթ.), սակայն «Փյունիկում» կայուն ելույթներն օգնեցին Սարգիսին վերականգնել մարզավիճակը: 2010-2011թթ.-ին առաջնորդում էր երիտասարդ թիմակիցներին դեպի փայլուն հաղթանակներ: Հովսեփյանը հավաքականում մնաց մինչև 2012թ.-ի ավարտը:

Բուլղարիայի հետ արտագնա խաղում մրցակիցը միակ գոլը խփեց Հովսեփյանի եզրից, արդեն զգացվում էր, որ 39-ամյա ֆուտբոլիստը դժվար է հասցնում երիտասարդ մրցակիցների հետևից: 2012թ.-ի նոյեմբերի 14-ին, երբ Հովսեփյանի 40-ամյակն արդեն լրացրել էր, նրան մեծ շուքով ճանապարհեցին մեծ ֆուտբոլից՝ Լիտվայի հետ ընկերական խաղի ժամանակ: Ավագի թևկապը Հովսեփյանը փոխանցեց իր բազմամյա խաղընկեր Ռոման Բերեզովսկուն:

Կարիերան ավարտելուց հետո Հովսեփյանը միանգամից անցավ մարզչական գործունեության՝ գլխավորելով «Փյունիկը» 3 տարի ու նրա հետ դառնալով երկրի չեմպիոն: 2015թ.-ին մի քանի ամսով նշանակվեց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար: Սակայն մարզչական ասպարեզում լուրջ հաջողություններ այլևս չեղան: Ներկայումս Հովսեփյանը ֆուտբոլային գործունեություն չի ծավալում, զբաղվում է բիզնեսով:

N7. Արամայիս Տոնոյան, պաշտպան, Երևանի «Արարատ»
Նորամուտի պահին՝ 22 տարեկան

Երևանի «Արարատի» հերթական տաղանդավոր սանը, ով պատանի տարիքում արդեն նորամուտն էր նշել ԽՍՀՄ առաջնությունում: Ազատ պաշտպանի (լիբերո) դիրքում հանդես գալով Տոնոյանը հմտորեն կառավարում էր պաշտպանների գործողությունները, պատահական չէ, որ իր հանդես եկած գրեթե բոլոր թիմերում կրում էր ավագի թևկապը:

Խաղից հետո. Տոնոյանի կարիերայի մեծ մասն անցավ Հայաստանում՝ բացառությամբ 1998-1999թթ.-ին իրանական երկու ակումբներում հանդես գալը: Մինչև 1996թ.-ը Տոնոյանը մնաց «Արարատում», որի հետ 1993.թ.-ին դարձավ Հայաստանի չեմպիոն: Պատմական գոլի հեղինակ դարձավ գավաթակիրների գավաթի 1995/96 մրցաշրջանի խաղարկության լեհական ԳԿՍ- ի հետ տնային խաղում: Առաջին խաղում «Արարատը» զիջել էր 0-2 հաշվով, սակայն Երևանում 1-0 հաշվի ժամանակ Տոնոյանի խփած գոլը հավասարեցրեց դիմակայության արդյունքը: Հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարի ժամանակ էլ Տոնոյանն իրացրեց վճռական 11 մետրանոցը՝ հաղթանակ պարգևելով թիմին: Այնուհետև տեղափոխվեց «Փյունիկ», որի կազմում նորից դարձավ Հայաստանի չեմպիոն, մասնակցեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին: 1994-1997թթ.-ը Տոնոյանը 4 անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր, ընդ որում, բոլոր դեպքերում նա իր թիմին (3 անգամ «Արարատին», մեկ անգամ՝ «Փյունիկին») դաշտ էր դուրս բերում ավագի թևկապով: Այդ ցուցանիշով Տոնոյանը ռեկորդակիր է, ընդ որում, 1998թ.-ի գավաթի եզրափակչում էլ նա ավագի թևկապով դաշտ դուրս բերեց «Երևանին», բայց այդ խաղում իր թիմը պարտվեց:

Մինչև Իրան տեղափոխվելը (1997թ.) Տոնոյանը մշտապես հրավիրվում էր Հայաստանի հավաքական: Խորեն Հովհաննիսյանը գլխավորած հավաքականում հենց ինքն էր հանդիսանում թիմի ավագը: Հավաքականում Տոնոյանը հանդես եկավ մինչև 1997թ.-ը՝ մասնակցելով 18 հանդիպման: Վերջին անգամ Տոնոյանը հավաքականի կազմում դաշտ դուրս եկավ 1997թ.-ի մարտի 30-ին՝ ընդմիջմանը փոխարինելով Միշել Տեր-Զաքարյանին: Այդ պահին մեր թիմը զիջում էր 0-2 հաշվով, վերջնական հաշիվը հիշեցնելու կարիք չկա...

Տոնոյանն Իրանից վերադարձավ 1998թ.-ին՝ համալրելով երկրի չեմպիոն «Երևանի» կազմը: Հաջորդ մրցաշրջանի ընթացքում 29-ամյա Տոնոյանը դարձավ խաղացող մարզիչ, իսկ ակումբի լուծարումից հետո ամբողջովին անցավ մարզչական աշխատանքի Աշտարակի «Միկայում»՝ որպես ավագ մարզիչ: Երկար տարիներ նա մնաց «Միկայում»՝ աշխատելով տարբեր պաշտոններում, 2002թ.-ին նույնիսկ մի քանի խաղով որպես գլխավոր մարզիչ: Վերջին տարիներին ֆուտբոլային գործունեություն չի ծավալում, մեր տեղեկություններով այս պահին Հայաստանում չէ:

 

Շարունակելի...

Ռաֆայել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000