Որոնել
Արխիվ
30.03.2020  20:09

Հետաձգված նորամուտ. Ինչու է Մատյո Եզիկյանը անհրաժեշտ Հայաստանի հավաքականին

Ֆրանսահայ կիսապաշտպան Մատյո Եզիկյանը մի քանի օր առաջ կարող էր իր նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, եթե չլիներ կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհում գրեթե բոլոր ֆուտբոլային հանդիպումների, այդ թվում նաև հավաքականների ընկերական խաղերի հետաձգումը:

Նախկինում Եզիկյանի անունը հայկական մամուլում շոշափվել է հիմնականում նրա խփած գեղեցիկ գոլերի պատճառով: Իսկապես, «Լիոն-Դյուշերում» Եզիկյանը մի շարք փայլուն գոլեր է խփել՝ հեռահար հարվածներով, գերազանց իրացրած տուգանայիններով:

Բացի այդ 2019թ.-ի ամռանը ակտիվորեն խոսակցություններ էին գնում, որ Եզիկյանի ծառայություններով հետաքրքրված են Լիգա 2-ի մի շարք թիմեր, նույնիսկ մեկ թիմ էլ՝ Լիգա 1-ից: Ֆուտբոլիստը թիմի հետ հավաքի չէր մեկնել՝ տրանսֆերի սպասումով, սակայն տեղափոխությունն այդպես էլ չկայացավ, և Մատյոն վերադարձավ Լիոն:

Ինչո՞վ է պայմանավորված այս պահին Եզիկյանի հրավերը: Չէ որ նա կայուն մակարդակի ֆուտբոլ է ցույց տալիս արդեն մի քանի մրցաշրջան անընդմեջ: Արդյո՞ք Ֆրանսիայի Նասյոնալում հանդես եկող ֆուտբոլիստի մակարդակը բավարարում է Հայաստանի հավաքականին: Միգուցե՝ Սարգիս Ադամյանի օրինակն է ստիպում ֆուտբոլիստ հրավիրել Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնից: Ըստ Transfermarkt-ի՝ Եզիկյանը հարձակողական ոճի կիսապաշտպան է, իսկ այդպիսիքի պակաս կա՞ Հայաստանի հավաքականում: ArmFootball.com-ը անդրադառնում է Մատյո Եզիկյանի կարիերային, խաղաոճին և պարզաբանում՝ ինչու է նրա հրավերը արդարացված, և միգուցե, ինչ-որ չափով ուշացած:

Մատյո Եզիկյանը 28 տարեկան է, նա արդեն վաղուց երիտասարդ հեռանկարային ֆուտբոլիստ չէ, հավանաբար, երբևիցե այդպիսին չի էլ համարվել, թեև ժամանակին եղել է երիտասարդական հավաքականի տեսադաշտում, բայց երբեք չի հրավիրվել, ու երբեք դրա համար զղջալու առիթ չի եղել: Եզիկյանն այն ֆուտբոլիստներից է, ով տարիների ընթացքում ճիշտ աշխատանքի շնորհիվ կարողանում են բարելավել խաղն ու ատամներով պոկել իրենց տեղն արևի տակ:

Եզիկյանն իրոք, հարձակողական ոճի կիսապաշտպան է, համենայն դեպս այդ դիրքում սկսել է կարիերան: Պատանեկան հասակում հանդես է եկել Դեսին համայնքի (Լիոնի մոտակայք) ֆուտբոլային թիմում, հետո հայտնվել հանրահայտ «Ստրասբուր» թիմի դպրոցում: 17 տարեկան հասակում իր նորամուտն է նշել «Ստրասբուրի» երկրորդ թիմում՝ մասնակցելով CFA-ի (մակարդակով՝ չորրորդ դիվիզիոն) մեկ հանդիպման, սակայն նույնիսկ երկրորդ թիմում չի կարողացել ամրապնդվել և 2008/09 մրցաշրջանից հետո տեղափոխվել է կիսասիրողական մակարդակի «Ժուրա Սուդ», որտեղ մեկ մրցաշրջան է անցկացրել: Չկարողանալով պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել Ֆրանսիայում՝ Եզիկյանը 2011թ.-ին որոշել է ուժերը փորձել պատմական հայրենիքում: Երևանի «Միկան» այդ ժամանակ փոխարինող էր փնտրում թիից հեռացած իր լավագույն ռմբարկուին՝ Բոտի Դեմելին, և Եզիկյանը փորձաշրջան անցավ հայկական թիմում, որն այն ժամանակ գլխավորում էր Արմեն Շահգելդյանը:

Դժվար է ասել՝ ինչը խանգարեց Մատյոյին հաջող փորձաշրջան անցնելուն, սակայն, Հայաստանի առաջնությունում նրան չտեսանք, Եզիկյանը վերադարձավ Լիոն, որտեղ մեկ մրցաշրջան անցկացրեց «Լիոն-Դեսիր» ակումբում: Երիտասարդ ֆուտբոլիստի կարիերայում շրջադարձային եղավ 2013/14 մրցաշրջանը, երբ նա պայմանագիր կնքեց Լիոն քաղաքի երկրորդ թիմի՝ «Լիոն-Դյուշերի» հետ, որն այն ժամանակ հանդես էր գալիս նույն CFA-ում: Այդ մրցաշրջանում Եզիկյանը մասնակցեց 6 հանդիպման, դարձավ մեկ գոլի հեղինակ, իսկ արդեն մյուս մրցաշրջանից ամրապնդվեց մեկնարկային կազմում (23 խաղ, 1 գոլ), 2015/16 մրցաշրջանում էլ նրա խփած 7 գոլերն օգնեցին «Լիոն-Դյուշերին» քայլ առաջ կատարել և դուրս գալ National դիվիզիոն (մակարդակով՝ երրորդ լիգա): 

Ներկայումս «Լիոն-Դյուշերը» 4-րդ անընդմեջ մրցաշրջանն է անցկացնում National դիվիզիոնում, և այդ ընթացքում թիմը ոչ միայն ամրապնդվել է դիվիզիոնում, այլև դարձել առաջատարներից մեկը: Հենց մեկնարկային մրցաշրջանում նրանք զբաղեցրին 7-րդ տեղը (4 միավոր հետ մնացին երրորդ տեղից), հաջորդ մրցաշրջանում 6-րդն էին (9 միավոր հետ երրորդ տեղից), իսկ նախորդ մրցաշրջանում բարձրացան 5-րդ հորիզոնական, բայց երրորդ տեղից նորից հետո մնացին 9 միավորով: Առաջադիմում էր նաև Մատյոն՝ առաջին մրցաշրջանում 31 խաղ, 4 գոլ, երկրորդում՝ 20 խաղ, 2 գոլ, 2 ասիստ (խանգարեցին վնասվածքները), երրորդում՝ 32 խաղ, 6 գոլ, 3 ասիստ: Ընթացիկ մրցաշրջանում ևս «Լիոն-Դյուշերը» պայքարում էր բարձր հորիզոնականների համար: Մինչև առաջնությունում դադար հայտարարվել թիմը զբաղեցնում էր 8-րդ տեղը, սակայն 4-րդ տեղից հետ էր մնում 2 միավորով, իսկ երրորդ տեղին զիջում էր 6-ով (անցումային խաղերի ուղեգիր տալիս է 3-րդ հորիզոնականը): Եզիկյանն, իր հերթին, լավագույն մրցաշրջաններից մեկն էր անցկացնում՝ 22 խաղում խփելով 4 գոլ ու դառնալով 6 գոլային փոխանցման հեղինակ:

Սրանք զուտ վիճակագրական և կենսագրական մեջբերումներ են: Իսկ ինչո՞վ իրականում կարող է Եզիկյանը օգտակար լինել Հայաստանի հավաքականին: Նախ, պետք է նկատել, որ հրավերը Եզիկյանին ուղարկվել է ոչ թե Կապառոսի ցանկությամբ, այլ ՀՖՖ նախաձեռնությամբ, քանի որ հրավերի մասին առաջին անգամ Ֆրանսիայում խոսվել է փետրվարի վերջին, երբ հավաքականը դեռ մարզիչ չուներ, իսկ Կապառոսը հիմնական թեկնածուն չէր: Այսինքն, ՀՖՖ-ն մտադիր էր հենց մեկնարկից նոր մարզչին ցույց տալ հնարավոր թեկնածուներին:

Երկրորդը. թեև Մատյոն իր կարիերան սկսել է հարձակմանը մոտ, սակայն «Լիոն-Դյուշերում» մարզիչը նրան «հետ է քաշել», և այժմ Եզիկյանը գործում է անմիջապես պաշտպանության առջևից: Մոտավորապես այնպես, ինչպես Ալեգրին վարվեց Պյանիչի հետ «Յուվենտուսում»՝ ենթահարձակվողի դիրքից քաշելով հետ ու վստահելով գրոհների դիրիժորությունը: Նման կերպ է Եզիկյանը խաղում «Լիոն-Դյուշերում»: Նրան վստահված է թիմի գրոհների սկիզբը, խաղադաշտում նրա տեղաշարժը տուգանային հրապարակից տուգանային հրապարակ է, գրոհի սկզբում ստանալով գնդակը պաշտպաններից Եզիկյանը որոշում է գրոհների ուղղությունը՝ հիմնականում կարճ փոխանցումներով փորձելով թիմին դուրս բերել գրոհների: Իհարկե, այդ դիրքի խաղացողից պահանջվում են նաև հեռահար լավ փոխանցումներ, դրանք ևս Եզիկյանն իր զինանոցում ունի: Բացի այդ, Մատյոն իրացնում է թիմի գրեթե բոլոր ստանդարտները (այդտեղից՝ գոլային փոխանցումների քանակի աճը), տիրապետում է փայլուն հեռահար հարվածների, որոնց օգնությանը հաճախ դիմում է: 

Ուշադրություն դարձրեք, որտեղից է Եզիկյանը սկսում թիմի գրոհները.

և ինչպես է կառավարում գրոհները

Նման ֆուտբոլիստի՝ դիրիժորի կարիք, Հայաստանի հավաքականում, իհարկե, շատ կա: Թիմը խաղում է երկու հենակետայիններով, սակայն նրանցից ոչ մեկը չի կարողանում գնդակը լավ տանել առաջ: Այն բանից հետո, երբ Կառլեն Մկրտչյանի մոտ մարզավիճակի անկում եղավ, հավաքականում պաշտպանության և հարձակման մեջ մեծ անցք է առաջացել, որը մարզիչները փորձել են փակել տարբեր եղանակներով՝ նույնիսկ հետ քաշելով Հենրիխ Մխիթարյանին՝ կենտրոնական կիսապաշտպանի դիրք, ու փորձելով խնդիրը լուծել հարձակման թուլացման հաշվին: Եթե Եզիկյանը կարողանա իրեն լավ դրսևորել հավաքականում, կլուծվի մեր ընտրանու գլխավոր խնդիրներից մեկը՝ գնդակը հասնցել հարձակման գիծ: Իսկ նրա միացումները գրոհներին կարող են լրացուցիչ վտանգ ներկայացնել մրցակցի համար:

Միևնույն ժամանակ, նման խաղացողի առկայությունը կազմում նաև որոշակի լրացումներ է նախատեսում: Նախ, Եզիկյանը, կարելի է ասել, հարձակման գծի նախկին ֆուտբոլիստ է, ով առջևի գծում հաճախ է ռիսկի դիմել, փորձել շրջանցել պաշտպանին, կամ էլ սուր փոխանցում կատարել: Հասկանալի է, որ նման ցանկություն ունեցող ֆուտբոլիստը դիրքը փոխելուց հետո էլ, ժամանակ առ ժամանակ, «հիշում է» իր նախկին դիրքը: Դրանից բխող հետևանքներն են՝ գնդակի կորուստը շատ վտանգավոր դիրքում, դիրքը կորցրած պաշտպաններին օգնության հասնելիս ուշացումը: Հատկապես դժվար է լինում, եթե մրցակիցն անցնում է դիրիժորի նկատմամբ ուժեղ պրեսինգի:  Բացի այդ, գնդակ խլելը Եզիկյանի խաղային ուժեղ կողմերից չէ: Այդ պատճառով, Եզիկյանի կողքը պետք է լինի ուժեղ քանդող կիսապաշտպան, ով պետք է հասցնի նաև անհրաժեշտության դեպքում «մաքրել» թիմակցի սխալները, ինչպես նաև պաշտպանել իր դիրիժորին (այս պահին դա կարող է լինել Արտակ Գրիգորյանը, հեռանկարում, միգուցե, Վահագն Հայրապետյանը): 

Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ Եզիկյանն արդեն 28 տարեկան է, և, հավանաբար, հենց այս մի քանի տարիներն է նրա կարիերայի գագաթնակետը: Այս միջմրցաշրջանում նա բաց թողեց ավելի բարձրակարգ առաջնություն տեղափոխվելու շանսը, թեև առաջարկներ ուներ Լիգա 2-ից և, եթե հավատանք ֆրանսիական մամուլին, նաև Նիմի «Օլիմպիկից» (Լիգա 1): Դրա փոխարեն Եզիկյանը երկարաձգեց պայմանագիրը «Լիոն-Դյուշերի» հետ մինչև 2022թ.-ը և ստացավ թիմի ավագի թևկապը: Վստահաբար, նա ցանկանում է Լիգա 2-ի ուղեգիր ձեռք բերել իրեն հարազատ դարձած թիմի հետ, սակայն այս մրցաշրջանում դա անել դժվար թե հաջողվի, նույնիսկ եթե մրցաշրջանը շարունակվի: Միգուցե, ժամանակն է փոխել միջավայրը և փորձել ամրապնդվել ավելի բարձրակարգ թիմում: Հավաքականի համար էլ դա մեծ օգուտ կլինի: Մյուս կողմից, եթե չստացվի ամրապնդվել Լիգա 2-ում, ապա խաղամակարդակի անկումը մեծ վնաս կլինի ֆուտբոլիստի համար: Այնպես որ Մատյո Եզիկյանի համար այժմ կարևոր պահ է կարիերայում, ու եթե նա նորից հրավեր ստանա հավաքականից, պետք է ամեն ինչ անի իր լավագույն որակները ցուցադրելու համար, քանի որ դա կարող է առաջընթաց ապահովել նաև ակումբային կարիերայում:


 

Ռաֆայել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000