Որոնել
Արխիվ
24.03.2020  17:16

Չեղածից լավ. 10 ֆուտբոլիստներ Բելառուսի առաջնությունից, որոնց կարող են հետևել հայ ֆուտբոլասերները

Ավարտված ուիք-էնդի ընթացքում մեկնարկեց Բելառուսի ֆուտբոլի առաջնությունը: Թերևս բացի Բելառուսից այդ փաստը ոչ ոք չնկատեր, եթե չլիներ եվրոպական ֆուտբոլի հարկադիր պարապուրդը: Ստացվեց այնպես, որ ներկա պահին եվրոպական ֆուտբոլում ընթացքի մեջ է միայն Բելառուսի Պրեմիեր լիգան: Հայտնի չէ՝ որքան ժամանակ այն կընթանա, կընդհատվի մյուս առաջնությունների պես, թե ոչ, «Հայրիկը» (Батька), նույն ինքը՝ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ի վերջո, կընկրկի կորոնավիրուսի տարածման վտանգի առջև, թե ոչ, բայց փաստն այն է, որ Բելառուսում ֆուտբոլային կյանքն աշխույժ է, այդ պատճառով եվրոպական ֆուտբոլին հետևող աչքերը այս պահին սևեռված են հենց այդ առաջնության վրա:

Իհարկե, դրա մակարդակը հեռու է իդեալականից (միգուցե մի քիչ ավելի բարձր է, քան Հայաստանի առաջնության մակարդակը), բայց այնտեղ էլ կան թիմեր, ֆուտբոլիստներ, որոնց հետաքրքրությամբ կարելի է հետևել: Մասնավորապես, ԲԱՏԷ-ն տարիներ շարունակ երկրի չեմպիոնն էր, լավ էր հանդես գալիս եվրագավաթներում, բայց նախորդ տարի զիջեց չեմպիոնի կոչումը Բրեստի «Դինամոյին»: Վերջինիս կազմում աչքի են ընկնում ուկրաինացի հայտնի ֆուտբոլիստներ Արտյոմ Միլևսկին ու Եվգենի Խաչերիդին: Առաջնությունում խաղում են Բելառուսի հավաքականի առաջատարներ, տարբեր տարիների Ռուսաստանի և արտերկրի այլ ուժեղ առաջնություններում աչքի ընկած ֆուտբոլիստներ:

Տարիներ շարունակ Բելառուսի առաջնությունը եղել է նաև հայ ֆուտբոլսերների ուշադրության կենտրոնում, քանի որ այդ առաջնությունում հանդես են եկել Հայաստանի հավաքականի բազմաթիվ ֆուտբոլիստներ, մասնավորապես Համլետ Մխիթարյանը, Արթուր Եդիգարյանը, Կամո Հովհաննիսյանը և այլոք: 2020թ.-ի առաջնությունում էլ կան ֆուտբոլիստներ, ովքեր այս կամ այն կերպ կապված են եղել (կամ էլ, միգուցե կապ ունենան) հայկական ֆուտբոլի հետ:

ArmFootball.com-ը կազմել է Բելառուսի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների տասնյակը, որոնք կարող են հետաքրքրել հայ ֆուտբոլասերներին:

Գեղամ Ղադիմյան («Նեման»)

Անկասկած այդ ցուցակում Ղադիմյանն առաջին տեղում է: Գեղամը ֆուտբոլային առաջին քայլերն արել է Երևանի «Փյունիկում», իսկ հետո, երբ ընտանիքը տեղափոխվել է Ուկրաինա, մարզվել է Խարկովի «Արսենալում»: Պրոֆեսիոնալ կարիերայի սկզբում հանդես էր գալիս ուկրաինական երկրորդ և առաջին դիվիզիոնի թիմերի կազմերում: «Սումիում» արդյունավետ խաղը չվրիպեց ՈւՊԼ-ը ներկայացնող «Գովերլայի» ուշադրությունից, և 2014թ.-ին Գեղամն իր նորամուտը նշել Պրեմիեր լիգայում: Այդ խաղը, սակայն, միակն էր «Գովերլայի» կազմում: Ղադիմյանը տեղափոխվեց ՈւՊԼ-ի մեկ այլ ակումբ՝ Դոնեցկի «Օլիմպիկ», որտեղ երկու մրցաշրջանում դարձավ 9 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: 2015-2019թթ.-ին Գեղամը 4 ուկրաինական ակումբ փոխեց, սակայն չկարողացավ ամրապնդվել ոչ մեկում վնասվածքների պատճառով: 2016թ.-ին՝ լինելով «Կարպատների» ֆուտբոլիստ, առաջին անգամ հրավեր ստացավ Հայաստանի հավաքականից և նորամուտը նշեց Բելառուսի հետ ընկերական խաղում: Նույն թվականին երկու անգամ աչքի ընկավ հավաքականի կազում՝ Գվատեմալայի և Սալվադորի հետ ընկերական խաղերում: 

2019թ.-ին Ղադիմյանը տեղափոխվեց Երևանի «Ալաշկերտ», սակայն այստեղ էլ չկարողացավ ամրապնդվել հիմնական կազմում՝ մրցակցությունը զիջելով բրազիլացի եզրային հարձակվող Մարմենտինիին: Հայաստանի առաջնությունում անհաջող փորձից հետո Ղադիմյանը այս տարվա սկզբին տեղափոխվեց Բելառուս՝ համալրելով Գրոդնոյի «Նեմանի» շարքերը: 

Բելառուսի առաջնության մեկնարկային տուրում Ղադիմյանն իր նորամուտը նշեց «Նեմանի» կազմում՝ խաղալով 59 րոպե և ստանալով դեղին քարտ: Թեև Գեղամը խաղի ընթացքում փոխարինվեց, բայց գլխավոր մարզիչ Իգոր Կովալևիչը գովեստի խոսքեր ասեց հայ ֆուտբոլիստի հասցեին խաղից հետո: Միգուցե, Բելառուսում լավ ելույթների շնորհիվ Ղադիմյանը կարողանա արժանանալ հավաքականի նորանշական գլխավոր մարզչի ուշադրությանը:

Անդրեյ Խաչատուրյան («Տորպեդո ԲելԱԶ»)

2012թ.-ին Հայաստանի հավաքականը խնդրի առաջ կանգնեց, երբ կարիերան որոշեց ավարտել թիմի երկար տարիների անփոխարինելի ավագ Սարգիս Հովսեփյանը: Պարզվեց, (թեև դա տարիների ընթացքում արդեն ակնհայտ էր), որ պաշտպանության աջ թևում նրան փոխարինող չկա: Այդ ժամանակ Սոլիգորսկի «Շախտյորի» կազմում բավականին հաջող ելույթներ էր ունենում հայ կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանը: Խաչատուրյանը հենակետային կիսապաշտպան է, սակայն այդ մրցաշրջանում մարզիչները նրան վստահում էին աջ պաշտպանի դիրքը: Նրան Հայաստանի հավաքական հրավիրելու խոսակցությունները ավելի ուժեղացան 2012թ.-ի Բելառուսի հետ ընկերական խաղից առաջ: Խաչատուրյանն արդյունավետ մրցաշրջան էր անցկացնում (այդ տարի նա 5 գոլի հեղինակ դարձավ), լավագույններից էր Բելառուսի առաջնությունում: Սակայն Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այդ ժամանակ հայտարարեց, որ Խաչատուրյանը հենակետային կիսապաշտպան է, ոչ թե աջ պաշտպան, իսկ հենակետայինները հավաքականում 6-ն են, և Անդրեյի համար թիմում տեղ չի գտնվի: Հատկանշական է, որ այդ հայտարարությունից մի քանի խաղի հետո հավաքականի գրեթե բոլոր հենակետայինները կամ որակազրկված էին, կամ վնասվածք ունեին: Միևնույն ժամանակ Խաչատուրյանը հրավեր ստացավ Բելառուսի հավաքականից և իր նորամուտը նշեց հենց Երևանում՝ Հայաստանի հավաքականի հետ խաղում:

Անդրեյ Խաչատուրյանը ծնվել է Մինսկում և  կարիերան սկսել տեղի «Սմենայում»: 2006թ.-ին հայտնվել է «Մինսկում», դարձել հիմնական կազմի ֆուտբոլիստ, հրավիրվել Բելառուսի Մ-19 հավաքական: «Մինսկում» հաջող ելույթների շնորհիվ Խաչատուրյանը հնարավորություն ստացավ հանդես գալ երկրի այդ ժամանակվա ուժեղագույն թիմերից մեկում՝ Սոլիգորսկի «Շախտյորում»: Սակայն 2013թ.-ին կորցրեց տեղը հիմնական կազմում, հավաքական էլ սկսեց չհրավիրվել: Հայաստանի հավաքականի հետ խաղից բացի նա փոխարինման է դուրս եկել նաև Հունգարիայի հավաքականի հետ ընկերական խաղում, ևս երկու անգամ էլ հրավիրվել ընտրական փուլի խաղերին, և վերջ: 2014-2016թթ.-ին Խաչատուրյանը հանդես եկավ «Նեմանում», «Տորպեդոյում» և «Բելշինայում»:

2016թ.-ին նորից միացավ «Տորպեդո-ԲելԱԶ»-ին, որի կազմում հանդես է գալիս մինչ օրս: Այս տարվա առաջնության մեկնարկային խաղում Խաչատուրյանը թիմին դաշտ դուրս բերեց ավագի թևկապով:

Հայկ Մուսախանյան («Էներգետիկ-ԲԳՈւ»)

22-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանի խաղին արժի հետևել՝ նույնիսկ հավաքական հրավիրելու տեսանկյունից: Իհարկե, եթե առաջիկա մրցաշրջանում բարելավի իր խաղն ու արդյունավետությունը: Մուսախանյանը բարձրահասակ ֆուտբոլիստ է, ով հիմնականում հանդես է գալիս կիսապաշտպանության կամ հարձակման ձախ եզրում:

Հայկը ծնվել է Մինսկում՝ հայկական ընտանիքում, բայց 6 տարեկան հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա՝ ազգականների մոտ, և ֆուտբոլով Հայկը սկսել է զբաղվել հենց այնտեղ: Պատանեկան տարիքում հանդես է եկել «Կոլմար», «Վիտտենհեյմ» և «Բելֆոր» ակումբներում, վերջինիս կազմում խաղացել Ֆրանսիայի 7-րդ դիվիզիոնում, բայց պրոֆեսիոնալ պայմանագիր չի կարողացել կնքել: Մուսախանյանը առաջարկ է ստացել թուրքական «Գազտեպեից», բայց հրաժարվել է միանալ թուրքական ակումբին հայկական արմատների պատճառով, և 2017թ.-ին, ծնողներին թողնելով Ֆրանսիայում, վերադարձել է Մինսկ ու միացել տեղի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Էներգետիկ-ԲԳՈւ»-ին: Երկու մրցաշրջանի ընթացքում Հայկի թիմը կարողացավ Պրեմիեր լիգայի ուղեգիր ձեռք բերել, և Մուսախանյանն էլ մեծապես օգնեց թիմին՝ 2018 մրցաշրջանի 28 խաղում խփելով 4 գոլ:

Պրեմիեր լիգայում իր նորամուտը հայ ֆուտբոլիստը նշեց 2019թ.-ի առաջնության 5-րդ տուրում՝ այդ ժամանակվա առաջատար Սոլիգորսկի «Շախտյորի» դեմ փոխարինման դուրս գալով 55-րդ րոպեին: Արդեն մեկ րոպե անց նա գլխի հարվածով հաշիվը դարձրեց 1-1, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում՝ 3-3 հաշվի ժամանակ խփեց հաղթական գոլը: Առաջնության մնացած խաղերում նա դաշտ դուրս եկավ ևս 22 անգամ, բայց նոր գոլերի հեղինակ չդարձավ:

Ընթացիկ մրցաշրջանը Մուսախանյանը սկսեց թիմի մեկնարկային կազմում՝ մասնակցելով ԲԱՏԷ-ի հետ խաղի 73 րոպեների: «Էներգետիկը» սենսացիոն հաղթանակ տարավ 3-1 հաշվով ու առաջին տուրից հետո դարձավ առաջատար:

Արտուր Լեսկո («Էներգետիկ ԲԳՈւ»)

35-ամյա փորձառու դարպասապահը 2018թ.-ից հանդես է գալիս «Էներգետիկում», և, Մուսախանյանի պես, անցել է Առաջին դիվիզիոնով ու թիմի հետ ամրապնդվել Պրեմիեր լիգայում: Իսկ 2010թ.-ին Լեսկոն Երևանի «Փյունիկի» կազմում նվաճել էր հայկական ֆուտբոլում հնարավոր բոլոր մրցանակները (չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր): Մինչ «Փյունիկ» տեղափոխվելը Լեսկոն արդեն մեծ փորձ էր ձեռք բերել՝ հանդես գալով նաև Չեմպիոնների լիգայի և ՈւԵՖԱ-ի գավաթի որակավորման փուլերում:

2000-ականների կեսերին նա Բելառուսի տաղանդավոր դարպասապահներից էր, խաղում էր Մինսկի «Դինամոյում», Բելառուսի երիտասարդական հավաքականում, դարձել էր Բելառուսի չեմպիոն (2004թ.-ին): 2008թ.-ին որոշեց ուժերը փորձել ուկրաինական Պրեմիեր լիգայում՝ տեղափոխվելով «Կրիվբաս»: Սակայն երկու տարվա ընթացքում միայն երկու հանդիպում, բաց թողած 7 գնդակ (հանուն արդարությանը՝ «Կրիվբասի» մրցակիցները ուկրաինական ֆուտբոլի առաջատարներ «Շախտյորն» ու «Մետալիստն» էին): «Կրիբասից» «Փյունիկ» տեղափոխելիս Լեսկոն հայտարարեց, որ Հայաստանում ելույթներով մտադիր է գրավել Բելառուսի հավաքականի մարզիչների ուշադրությունը: Ճիշտ է, մինչ օրս նա հավաքականից հրավեր չի ստացել, բայց «Փյունիկում» նրա խաղը ստացվում էր, առաջնության լավագույն դարպասապահներից էր, և, եթե չլիներ 2011թ.-ին հայկական ֆուտբոլում արտասահմանցի դարպասապահների արգելքի մասին ընդունված օրենքը, հավանաբար, Լեսկոն կմնար Երևանում և մի քանի տիտղոս էլ կնվաճեր:

Կարիերայի հայկական փուլից հետո Լեսկոն վերադարձավ Բելառուս, խաղաց «Մինսկում», «Սլուցկում» և մի շարք այլ բելառուսական ակումբներում: 2017թ.-ից հանդես էր գալիս Առաջին դիվիզիոնի ակումբներում, մինչև «Էներգետիկի» հետ միասին Պրեմիեր լիգայի ուղեգիր ձեռք բերելը:

ԲԱՏԷ-ի հետ խաղում Լեսկոն մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Դմիտրի Յաշին («Տորպեդո ԲելԱԶ»)

Եվս մեկ ֆուտբոլիստ, ով հայկական ակումբի հետ տիտղոս է նվաճել: 2018թ.-ին Յաշինը «Գանձասարի» կազմում դարձավ Հայաստանի գավաթակիր: Հայաստանում անցկացրած մեկ մրցաշրջանում Յաշինն իրեն դրսևորեց որպես հուսալի պաշտպան: 26-ամյա ֆուտբոլիստը Գրոզնիի «Տերեկի» սան է, սակայն հիմնականում հանդես էր գալիս վարձավճարով Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ակումբներում:

2016թ.-ին տեղափոխվեց բելառուսական «Կրումկաչի», որտեղ երկու մրցաշրջանից հետո եկավ Հայաստան: «Գանձասարից» հեռանալուց հետո Յաշինը վերադարձավ Բելառուս, որտեղ խաղում էր Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներում՝ «Լուչում», «Դնյապրոյում»: Ընթացիկ մրցաշրջանից առաջ համալրեց Ժոդինոյի «Տորպեդոյի» շարքերը, մեկնարկային տուրում նշեց նորամուտը Սոլիգորսկի «Շախտյորի» հետ խաղում և օգնեց թիմին հաղթել նվազագույն հաշվով:

Անդրեյ Չուխլեյ («Սլավիա Մոզիր»)

Չուխլեյը Բելառուսում բավականին հայտնի ֆուտբոլիստ է, ով 7 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում: Սակայն, երբ 2019թ.-ին տեղափոխվեց Երևանի «Արարատ», նրա կարիերայի գագաթնակետն արդեն անցել էր: Մինսկի «Դինամոյի» 32-ամյա սանը հարազատ ակումբում 2005-2010թթ.-ին իրեն գերազանց դրսևորելով, հրավեր ստացավ Ռուսաստանից և տեղափոխվեց Եկատերինբուրգի «Ուրալ»: Այդտեղ Չուխլեյը դարձավ Էդգար Մանուչարյանի, Արթուր Սարկիսովի և Դենիս Թումասյանի թիմակիցը, վերջիններիս հետ միասին ՌՊԼ-ի ուղեգիր նվաճեց ու 2013/14 մրցաշրջանում իր նորամուտը նշեց Պրեմիեր լիգայում: Այդ ընթացքում Չուխլեյը հրավիրվում էր նաև ազգային հավաքական:

Սակայն Պրեմիեր լիգայում ֆուտբոլիստն իրեն չկարողացավ լավագույն կողմերով դրսևորել և 2014թ.-ին տեղափոխվեց «Տյումեն», որտեղից էլ սկսվեց նրա երկար ճանապարհորդությունը տարբեր ակումբներով: Բելառուսական 5 և լիտվական երկու ակումբներ փոխելով՝ Չուխլեյը 2019թ.-ին հայտնվեց Աբրահամ Խաշմանյանի գլխավորած «Արարատում»: Բայց ակումբի անկայունությունը անդրադարձավ նաև ֆուտբոլիստի ելույթների վրա: Ընդամենը երեք հանդիպում, և 2019թ.-ի մարտին Չուխլեյը վերադարձավ Բելառուս՝ համալրելով Մոզիրի «Սլավիայի» շարքերը: Մոզիրում, կարծես, ֆուտբոլիստը վերգտավ իր խաղը: 2019 մրցաշրջանում նա մասնակցեց 25 հանդիպման դարձավ 5 գոլի հեղինակ, իսկ այս մրցաշրջանի մեկնարկում գրավեց «Սլուցկի» դարպասը, թեև իր թիմը պարտվեց 1-3 հաշվով:

Մարատ Բուրաև («Սլուցկ»)

Բուրաևը 22 տարեկան հասակում Վլադիկավկազի «Ալանիայից» տեղափոխվեց Երևանի «Փյունիկ»: Երիտասարդ հարձակողական ոճի կիսապաշտպանը մասնակցեց 9 հանդիպման, դարձավ մեկ գոլի հեղինակ (գրավեց «Արարատի» դարպասը):

Անդրեյ Տալալաևի՝ թիմը գլխավորելուց և ակումբում տեղի ունեցած փոփոխություններից հետո Բուրաևը տեղափոխվեց առաջնության նորեկ «Արցախ» (այժմ՝ «Նոա»): Այստեղ ևս երկար չմնաց: 8 խաղ, 1 գոլ, ինչից հետո ֆուտբոլիստը «через» Ռուսաստան գնաց Բելառուս ու համալրեց «Սլուցկի» շարքերը: Այստեղ Բուրաևը կարողացավ դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ, կես մրցաշրջանի ընթացքում մասնակցեց 12 խաղի, դարձավ երկու գոլի հեղինակ:

Մեկնարկային տուրում մասնակցեց «Սլավիայի» հետ խաղին ու օգնեց թիմին հաղթանակ տանել:

Աբդուլ Գաֆար («Սլուցկ»)

Բուրկինա Ֆասոյի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը մինչև 2019թ.-ին «Արցախ» տեղափոխվելը հասցրել էր խաղալ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Բալթիկա» և «Տամբով» ակումբներում, իսկ «Շերիֆի» կազմում դարձել էր Մոլդովայի չեմպիոն: «Արցախը» Գաֆարի տրանսֆերի մասին հայտարարեց միայն 2018/19 մրցաշրջանի վերջում՝ մայիսին (հավանաբար, փաստաթղթային խնդիրներ կային), դրանից հետո Գաֆարը մասնակցեց առաջնության երեք հանդիպման՝ բոլորում դուրս գալով փոխարինման, և աչքի ընկավ միայն գոլային պահեր վատնելով: Թեև զգացվում էր, որ հարձավողը ներուժ ունի, արագ է և կարողանում է պոկվել մրցակիցներից արագ հակագրոհների ժամանակ: Առաջնության ավարտից հետո Գաֆարին այլևս Հայաստանում չտեսանք: Օգոստոսին նա տեղափոխվեց ռուսական «Արմավիր», ՖՆԼ-ում մասնակցեց 11 հանդիպման, խփեց մեկ գոլ, և ընթացիկ մրցաշրջանից առաջ համալրեց «Սլուցկի» շարքերը:

Մեկնարկային տուրի «Սլավիայի» հետ խաղի ժամանակ փոխարինեց Մարատ Բուրաևին՝ 87-րդ րոպեին:

Ալեքսեյ Տուրիկ («Սմոլևիչի»)

Մոսկվայի «Լոկոմոտիվի» սանը 2019/20 մրցաշրջանից առաջ տեղափոխվեց «Նոա», որտեղ խաղադաշտ դուրս եկավ 7 անգամ ու արդյունավետ գործողություններով աչքի չընկավ: Ժամանակին նրա հետ մեծ հույսեր էին կապում. Տուրիկն անցել էր Ռուսաստանի գրեթե բոլոր տարիքային հավաքականներով (Մ14-ից մինչև Մ19), սակայն պրոֆեսիոնալ ֆուտբոլում չէր կարողանում ամրապնդվել: «Ֆակելում» երկու անհաջող մրցաշրջանից հետո հարձակվողը տեղափոխվեց Երկրորդ դիվիզիոն՝ «Արմավիր», ԿամԱԶ, Իժևսկի «Զենիթ»: Հենց վերջինիս կազմում անցկացրած արդյունավետ մրցաշրջանից հետո (20 խաղ, 11 գոլ), Տուրիկը եկավ Հայաստան, որտեղ մնաց ընդամենը կես տարի: 2020թ.-ի սկզբում նա խզեց պայմանագիրը «Նոայի» հետ և տեղափոխվեց Բելառուս՝ առաջնության նորեկ «Սմոլևիչի»:

Մեկնարկային տուրում եզրային հարձակվողը խաղաց հիմնական կազմում, փոխարինվեց 77-րդ րոպեին ու օգնեց թիմին սենսացիոն ոչ-ոքի 1-1) արդյունքի հասնել երկրի չեմպիոն Բրեստի «Դինամոյի» հետ:

Եվգենի Սկոբլիկով («Բելշինա»)

29-ամյա հարձակվողը Տոլյատիի ֆուտբոլի դպրոցի սան է: 2011-2015թթ.-ին ընգրկված էր Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիայի» կազմում, սակայն 4 տարվա ընթացքում մասնակցել էր ընդամենը 25 խաղի՝ մնացած ժամանակ հիմնականում վարձավճարով խաղալով Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: 2015թ.-ից հետո ակումբ չուներ, մինչև 2018թ.-ը, երբ նրան մեծ ֆուտբոլ վերադարձրեց Ալեքսանդր Ալպովը (ռուս նախկին ֆուտբոլիստ, ներկայումս՝ ֆուտբոլային գործիչ), ով մեծ խումբ ֆուտբոլիստների հետ միասին տեղափոխվեց նորաստեղծ «Երևան»: Մինչ Ալպովի և իր թիմի հեռանալը, Սկոբլիկովը հասցրեց մասնակցել Հայաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 8 հանդիպման, դառնալ 5 գոլի հեղինակ, իսկ Բարձրագույն խմբում նրան չտեսանք: 2019թ.-ին տեղափոխվեց Բոբրույսկի «Բելշինա», որի կազմում հաղթեց Բելառուսի առաջին դիվիզիոնը՝ 9 խաղում դառնալով 3 գոլի հեղինակ: Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում մասնակցեց «Մինսկի» հետ հանդիպմանը:

 

 

Ռաֆայել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000