Որոնել
Արխիվ
23.03.2020  19:22

Արթուր Թորոյան. «Ֆրանսիայի 5-րդ դիվիզիոնում մարզումները ոչնչով չեն զիջում Հայաստանում առաջնությանը»

 «Ուրարտուի» չեմպիոնական 2013/14 մրցաշրջանի բոլոր 28 խաղերում էլ Արթուր Թորոյանն էր պաշտպանում թիմի դարպասը։ Այդ տարի նա և «Արարատի» դարպասապահ Ստեփան Ղազարյանը ամենից քիչ գոլերը բաց թողեցին ողջ առաջնության ընթացքում։  Թորոյանի հուսալի խաղը նկատեցին նաև ազգային հավաքականում ու կանոնավոր կերպով սկսեցին հրավիրել երկրի գլխավոր թիմ։

Հաջող մրցաշրջանից հետո Թորոյանը ֆուտբոլային ռադարից կարծես թե անհետացավ, հիմա նա ապրում է Ֆրանսիայում, իսկ կարիերան շարունակում է տեղի ակումբներից մեկում։ «Ուրարտուի» պաշտոնական կայքը զրուցել է դարպասապահի հետ:

 - Գիտենք, որ Հայաստանում չես բնակվում։ Որտե՞ղ ես և ինչո՞վ ես զբաղվում։

- 2015 թվականից բնակվում եմ Ֆրանսիայում։ Սկսեցի հանդես գալ Լիմոժ քաղաքի համանուն թիմում։ Ճիշտ է, հիմա ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով չի շարունակում ելույթները, բայց ամենայն հավանականությամբ մյուս տարվանից ակումբը կվերսկսի գործունեությունը։ Երբ եկա Ֆրանսիա, թիմն այդ ժամանակ հանդես էր գալիս Ֆրանսիայի հզորությամբ 5-րդ լիգայում, բայց կարողացանք այդ տարի զբաղեցնել առաջին հորիզոնականն ու բարձրանալ 4-րդ լիգա։ Հետո սկսվեցին ֆինանսական խնդիրները, թիմն էլ ավտոմատ կերպով հետաճ գրանցեց։

- 5-րդ լիգան պրոֆեսիոնա՞լ առաջնություն է, թե՞ սիրողական կարգավիճակ ունի։

- Ֆրանսիայում 5-րդ լիգայից սկսած թիմերն ավելի շատ պրոֆեսիոնալ կարգավիճակ ունեն, քան սիրողական։ Մարզվում ենք ամեն օր, այն էլ բավականին ինտենսիվ կերպով։ Կարող եմ ասել, որ պարապմունքները ոչնչով չեն զիջում այն աշխատանքին, որն իրականացնում են Հայաստանում՝ Բարձրագույն խմբի առաջնության թիմերում։ Ֆիզիկական պատրաստվածությանը Ֆրանսիայում ավելի մեծ ուշադրություն են դարձնում, հատկապես նախապատրաստական շրջանում։ Այս մակարդակի թիմերը մեծ կարևորություն են տալիս հատկապես Ֆրանսիայի գավաթի խաղարկությանը։ Թիմերը Լիգա 1-ի կամ Լիգա 2-ի ներկայացուցիչների հետ խաղալու հնարավորություն են ստանում, իսկ դա լրացուցիչ շարժառիթ է ցանկացածի համար։ Հենց դրանով է պայմանավորված, որ անակնկալները Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում շատ են լինում։

 - Իսկ այժմ որտե՞ղ ես խաղում։

- Պետք է նշեմ, որ ես նաև սովորում եմ Լիմոժ քաղաքի համալսարանում։ Քանի որ տեղի ակումբը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, իսկ ես էլ դեռ ուսանող եմ՝ հասկանալի է, որ չեմ կարող քաղաքս փոխել ու այլ ակումբում խաղալ։ Այստեղ ևս մեկ թիմ կա, որի անունն է «Պանազոլ»։ Մարզավիճակս պահպանելու համար մարզվում եմ նրանց հետ։ Այս տարվա դեկտեմբերին կավարտեմ ուսումս ու կունենամ սպորտային մարզչի որակավորում։

- Ուզո՞ւմ ես մարզչական գործունեություն ծավալել։

- Դարպասապահների մարզչի արտոնագիր ունեմ, որը ստացել եմ անցյալ տարի, բայց ներկայիս կրթությունը, որը ստանում եմ ինձ հնարավորություն է տալիս չսահմանափակվել ֆուտբոլով։ Կարող եմ լինել ֆիզիկական պատրաստվածության մարզիչ, ֆիթնես մարզիչ։ Ուսումս լայն հնարավորություններ է ընձեռնում։ 

- Ֆրանսիայից հետևո՞ւմ ես «Ուրարտուի» ելույթներին։

- Ինչպե՞ս կարող եմ չհետևել իմ թիմի ելույթներին։ Մանկությունս սկսվել է «Ուրարտուում», այն մի ակումբ է, որը միշտ կմնա իմ սրտում։ Ֆուտբոլային լավագույն հուշերս հենց «Ուրարտուի» հետ են կապված։ Այո, հիմա ապրում եմ Ֆրանսիայում, բայց հավատացեք որ հեռավորությունն ամենևին էլ խոչընդոտ չէ սիրած թիմի ելույթներին հետևելու համար։ Փառք Աստծո, կա ինտերնետ, սոցիալական կայքեր, ես ակումբում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին հետևում եմ, տեղյակ եմ։

- Դու այն եզակի ֆուտբոլիստներից ես, որ «Ուրարտուի» կազմում իր գլխավերևում պահել է Հայաստանի առաջնության գավաթը։ Ի՞նչ հուշեր են մնացել, ինչո՞վ էր այդ թիմը յուրահատուկ։

- Դա իմ ֆուտբալային կարիերայի լավագույն հիշողությունն է։ «Ուրարտուի» պատմության ընթացքում մենք առաջին թիմն էինք, որը կարողացավ չեմպիոն դառնալ։ Ինչ վերաբերում է, թե ինչի շնորհիվ կարողացանք չեմպիոն դառնալ, ապա պետք է ասեմ, որ մենք շատ համախմբված էինք, ունեինք հիանալի կոլեկտիվ, միմյանց հասկանում էինք կես բառից։ Մարզչական շտաբի, ակումբի ղեկավարության հետ կապն էլ բավականին լավ մակարդակի վրա էր, կարողանում էինք միմյանց օգնել։ Մի խոսքով չեմպիոն դառնալու բոլոր նախադրյալները կային, ու փառք Աստծո՝ ստացվեց։ Ակումբի յուրաքանչյուր աշխատակից իր ներդրումն ուներ այդ հաջողության մեջ։

 - Քեզ այդ ժամանակահատվածում առաջին անգամ հրավիրեցին նաև Հայաստանի ազգային հավաքական։ Կարո՞ղ ենք ասել, որ չեմպիոնությունը նպաստեց դրան։

- Իհարկե։ Թիմի հաջող խաղը ինձ էլ վստահություն էր հաղորդել։ Այդ մրցաշրջանում անհատական բավականին լավ ցուցանիշներ գրանցեցի։ Եթե չեմ սխալվում, ես ու Ստեփան Ղազարյանը ամենից քիչ գնդակներ բաց թողած դարպասապահներն էինք առաջնությունում։ Այդ ելույթները օգնեցին, որ ես հրավիրվեցի Հայաստանի ազգային հավաքական։ Բայց հետո ստացվեց այնպես, որ ընտանեկան դրդապատճառներով մեկնեցի Ֆրանսիա ու այլևս հավաքական չհրավիրվեցի, բայց դա մեկ այլ պատմություն է։ 

- Ամեն դեպքում, երբ «Ուրարտուի» կազմում դարձար Հայաստանի չեմպիոն, հետո էլ սկսեցիր ազգային հավաքական հրավիրվել սպասելիքները քեզնից մեծացան, բայց ապագայում դրանք այդպես էլ չարդարացվեցին։ Դու ի՞նչ կասես։

- Պետք է ասեմ, որ Ֆրանսիա տեղափոխվելն իմ անձնական որոշումն էր։ Կինս ապրում էր Ֆրանսիայում և ես եկա նրան միանալու համար։ Կարիերաս այդ երկրում շարունակելու մտադրություն ունեի, բայց գաղափար չունեի, թե ինչպես կարող է դասավորվել իմ ֆուտբոլային ճակատագիրը։ Ֆրանսիայում ֆուտբոլային առումով որևէ ծանոթություն չունեի, որ կարողանայինք որևէ ակումբում փորձաշրջանի հնարավորություն ստանալ։ Ես ինքս պետք է գայի ու տեղում կողմնորոշվեի։ Իսկ ես ոչ տիրապետում էի ֆրանսերենին, ոչ էլ գիտեի թե ինչ իրավիճակ է տեղի ֆուտբոլում։ Շատ դժվար էր ինձ համար, ժամանակ էր պետք։ Մոտ 6 ամսից արդեն կարողանում էի քիչ թե շատ խոսել ֆրանսերեն։ Արդեն այդ ժամանակ սկսեցի հասկանալ, թե ինչ կարող եմ անել ֆուտբոլային ակումբ գտնելու համար։ Իսկ ինչ վերաբերում է հավաքականին, ապա այդ հարցն ինձ համար մի փոքր ցավոտ թեմա է։

Կային ֆուտբոլիստներ, որոնք ինչպես ես, խաղում էին Ֆրանսիայի հզորությամբ 4-րդ լիգայում ու հրավիրում, անգամ խաղում էին ազգային հավաքականի կազմում։ Օրինակ՝ Գաել Անդոնյանը։ Այդ ժամանակ կար դարպասապահի խնդիր, իսկ ես կանոնավոր կերպով խաղում էի, ինձ համար մի փոքր տարօրինակ էր, թե ինչու հավաքականից հրավեր չէի ստանում։ Երբ «Ուրարտու»-ում էի, գիտակցում էի, որ հավաքականում դարպասապահի խնդիր կա, որ Բերեզովսկին շուտով ավարտելու է կարիերան, իսկ ինձ պարբերաբար հրավիրում են հավաքական, դա լավ հեռանկար էր։ Այո, ցանկացած մարզիկի համար պրոֆեսիոնալ կարիերան շատ կարևոր է, բայց ընտանիքը վեր է ամեն ինչից։ Ես իմ կայացրած որոշման համար չեմ փոշմանում, գտնում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել։ Հիմա ուշադրությունս կենտրոնացրել եմ ուսմանս վրա, շուտով մասնագիտություն կունենամ։

- Ֆուտբոլային տեսանկյունից ի՞նչ ծրագրեր ունես։

- Մեկ բան հաստատ կասեմ, որ ֆուտբոլային կարիերաս չեմ ավարտելու։ Հիմա փորձում եմ համատեղել դասերն ու ֆուտբոլը։ Ֆրանսիայում այդ հնարավորությունը ստեղծված է։ Կարող ես աշխատանք ունենալ, իսկ երեկոյան զբաղվել ֆուտբոլով։ Մարզումները միշտ երեկոյան ժամերի են։ Առաջիկա տարիներին հենց այդպես էլ վարվելու եմ։ Ինձ ֆիզիկապես լավ եմ զգում ու վստահ եմ, որ կարող եմ ևս մի քանի տարի ֆուտբոլ խաղալ։ Դեռ վերջակետը դնելու ժամանակը չէ։

- Հայաստան վերադառնալու մտադրություն չկա՞։

- Դեռ ոչ։ Չնայած ամեն տարի ընտանիքով գալիս ենք Հայաստան։ Ի դեպ վերջին անգամ երբ հայրենիքում էի, այցելեցի նաև «Ուրարտու»։ Տեսա տղաներին, մարզիչներին ու մյուս աշխատակիցներին, երբ լինում եմ Հայաստանում ու հարազատ մարզաբազա այցելելու հնարավորություն է ընձեռնվում, միշտ փորձում եմ օգտագործել այն։ Նորից եմ ասում, որ այս ակումբը շատ բան է տվել ինձ, ուստի այն միշտ իմ սրտում է, անկախ նրանից ես ապրում եմ Հայաստանում, թե աշխարհի այլ անկյունում։

Չեմպիոնական կազմից այսօր միայն Հակոբ Հակոբյանն ու Վահագն Այվազյանն են մնացել թիմում, բոլորի հետ կապի մեջ եմ, հետևում եմ բոլորի ելույթներին։ Արդեն մարդիկ կան, որոնք ֆուտբոլային կարիերան ավարտել են։ Կապը կա, իսկ միասին ունեցած հիշողություները միշտ կմնան իմ հուշերում, դրա համար շնորհակալ եմ «Ուրարտուին»՝ պարգևած էմոցիաների համար։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000