Որոնել
Արխիվ
22.03.2020  23:47

Ալիկ Առաքելյան. «Կորոնավիրուսը չի ազդել մեր աշխատավարձերի վրա»

Հայաստանի հավաքականի թեկնածու, «Փյունիկի» եզրային կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը երկար ժամանակ է համարվում է Հայաստանի ամենախոստումնալից երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը: Ձմռանը, երբ մի շարք հայ ֆուտբոլիստներ մեկնեցին արտասահման, 23-ամյա վինգերին նույնպես սպասում էինք նրանց թվում, սակայն նա մնաց «Փյունիկում»: ArmFootball.com-ը զրուցեց Առաքելյանի հետ:

- Հիմա մեկուսացման մե՞ջ եք կորոնավիրուսի պատճառով, թե՞ մարզվում եք:

- Մարզիչների կողմից տրված առաջադրանքները կատարում ենք տնային պայմաններում:

- Երբվանի՞ց եք կարանտինում:

- Արդեն 6 օր:

- Ակումբից չե՞ն ասում, ե՞րբ սպասել բնականոն մարզումներին վերադառնալուն:

- Դեռ հստակ ժամկետ չկա: Ասացին` մի քանի օր շուտ կտեղեկացնեն:

- Ձեր կարծիքով վիրուսը ինչպե՞ս ազդեց Ձեր, ակումբի և ընդհանուր առաջնության վրա:

- Իհարկե, նշված բոլորի վրա բացասական ազդեց, նաև ամբողջ աշխարհի: Բայց բոլորս հասկանում ենք պահի լրջությունը: Հույս ունենք, որ ամեն ինչ շուտով կավարտվի և ամեն ինչ կընթանա իր բնականոն հունով:

- Եվրոպայում շատ ակումբներ կորոնավիրուսի ժամանակ կրճատում են ֆուտբոլիստների աշխատավարձերը: «Փյունիկում» նման բան եղա՞վ:

- Մինչ օրս ստացել ենք բոլոր աշխատավարձերը. ճիշտ ժամանակին և առանց կրճատումների:

- Այս մրցաշրջանի մեկնարկը շատ հաջող էր «Փյունիկի» համար, երբ հանդես էր գալիս Եվրոպա լիգայում, բայց դուք վնասվածք ունեիք: Համաձա՞յն եք, որ Ձեզ դրսևորելու համար դա երբևէ լավագույն շանսն էր:

- Այո, շատ հաջող մեկնարկեցինք Եվրոպա լիգայում, լավ խաղեր անցկացրեցինք և արժանի հաղթանակներ տարանք: Ցավոք, վնասվածք ունեի: Համաձայն եմ, որ ինձ համար դա լավագույն շանսերից մեկը կլիներ: Բայց պետք է շարունակել մարզվել և առաջ նայել: Հաստատ նոր հնարավորություն լինելու է:

- Եվրագավաթներում նման հաջող ելույթներից հետո զարմանալի էր, որ «Փյունիկն» այդքան վատ արդյունք ցույց տվեց Հայաստանի առաջնությունում, նույնիսկ թոփ-6 չմտավ: Ի՞նչն էր պատճառը:

-  Չեմ կարողանում հասկանալ` ինչ եղավ թիմի հետ: Շատ միավորներ կորցրեցինք, սակայն դրա հետ մեկտեղ մինչև վերջ շանսեր ունեինք թոփ-6-ում հայտնվել: Ամեն ինչ մեր ձեռքերում էր…  Ինձ թվում է պատճառը կայունության պակասն էր:

- Ինչո՞ւ չկար կայունություն:

- Նախ, թիմի 70 տոկոսը փոխվեց: Շատ ֆուտբոլիստներ լքեցին թիմը: Եկավ նոր մարզիչ: Նոր փիլիսոփայություն, ոչ լիարժեք խաղային համագործակցություն: Այդ հանգամանքներն ազդեցին արդյունքի վրա:

- Նշեցիք նոր մարզչի մասին: Ռոման Բերեզովսկին վերջերս է սկսել գլխավոր մարզչի կարիերա: Ի՞նչ առանձնահատկություններ կան նրա աշխատանքում:

- Բոլոր նոր սկսնակ մարզիչները փորձում են առաջադիմել որպես մարզիչ ու զարգանան: Հույս ունեմ` մենք նրան կօգնենք լավը դառնալ, իսկ նա էլ մեզ, միասին հաջողությունների կհասնենք:

- 2018 թվականի աշնանը, երբ վերադարձաք վնասվածքից հետո, անմիջապես սկսեցիք լավ խաղալ և հավաքականում նորամուտը նշեցիք: Անցած տարի կրկին նույն ժամանակ վնասվածք ունեիք: Հիմա Ձեզ ինչպե՞ս եք զգում:

- Ճիշտ ասած այդ առումով բախտի գործոնը մի քիչ իմ կողմից չէր, որովհետև վերականգնվեցի, մի քանի հանդիպում անցկացրեցի և արդեն ձմեռային դադարը եղավ: Այդ ընթացքում մարզիչների կողմից հանձնարարած անհատական ծրագրով մարզումներ անցկացրեցի: Հավաքներն էլ, Փառք աստծո, լավ ընթացավ: Հիմա մարզավիճակս նորմալ եմ գնահատում: Դեռ ավելացնելու տեղ կա: Հուսով եմ` ամեն ինչ շուտով կավարտվի և կսկսենք մարզվել, կուղղենք սխալները և դրական արդյունքները կվերադառնան:

- Դուք շուտով դառնալու եք 24 տարեկան: Ֆուտբոլիստի համար գրեթե որոշիչ տարիք է կարիերայի համար: Չե՞ք կարծում, որ արդեն շատ մնացիք Հայաստանում, և ժամանակն է արտասահման մեկնել:

- Կարիերայիս մասով հիմա ամեն ինչ հստակ է: Ունեմ գործող պայմանագիր «Փյունիկի» հետ: Ցանկանում եմ առավելագույնն անել ակումբի համար: Իսկ տեղափոխության համար անհրաժեշտ է հստակ առաջարկ, որը կգոհացնի բոլոր կողմերին: Ինձ համար կարևոր փուլ է հիմա: Հույս ունեմ` ամեն ինչ լավ է լինելու: Առաջարկներ կլինեն, ուղղակի պետք է քրտնաջան աշխատել:

- Ձմռանը տրանսֆերի առաջարկներ ստացե՞լ եք:

- Ոչ:

- Գործակալ ունե՞ք, որ այդ հարցով զբաղվի:

- Ներկա պահին` ոչ:

- Իսկ Ձեր պայմանագրի ժամկետը մինչև ե՞րբ է նախատեսված:

- Դեռ մեկ տարի գործող պայմանագիր ունեմ:

- Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը Խոակին Կապառոսն է: Ինչպե՞ս արձագանքեցիք նրա նշանակման լուրին:

- Ցանոթ եմ Կապառոսի կարիերային: Շատ գրագետ մասնագետ է: Հույս ունեմ, որ հավաքականն առաջ քայլ կկատարի նրա օրոք:

- Հավաքականի անդամ «Փյունիկի» մյուս խաղացողների հետ նույնպես զրուցած կլինեք նոր մարզչի մասին: Նրանք ի՞նչ տպավորություններ ունեն:

- Ճիշտն ասած չենք խոսել այդ մասին:

- Իսպանացին ասաց, որ նպատակ ունի թիմին դուրս բերել ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ: Կարծո՞ւմ եք նրա հետ եզրափակիչ փուլ մտնելն ավելի հավանական է, քան նախորդ մարզիչների:

- Բոլոր մարզիչները փորձում են առավելագույնին ու բոլորն էլ արել են մաքսիմումը, որպեսզի կարողանանք մասնակցել մրցաշարի: Հուսանք, որ այն ինչ չի ստացվել նախորդ մարզիչների օրոք, կստացվի նորերի մոտ և, վերջապես, կկարողանանք մասնակցել պատմական մրցաշարին:

 

Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000