Որոնել
Արխիվ
20.03.2020  19:50

Խոակին Կապառոս. «Երբ առաջին անգամ հանդիպեցի ՀՖՖ նախագահին, հասկացա, որ սա լուրջ ծրագիր է»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի յութուբյան ալիքին, որի ժամանակ պատմել է առաջարկն ընդունելու և իր ծրագրերի մասին:

«Բարի օր (ասաց հայերեն): Շատ դրական զգացողություններ ունեմ, ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում: Այստեղ ինձ շատ լավ ընդունեցին: Խանդավառված եմ այստեղ աշխատելու հնարավորությամբ և ցանկանում եմ իմ լուման ներդնել հայկական ֆուտբոլի հետագա զարգացման գործում: Հայաստանի հավաքականը գլխավորելու որոշման հարցում շատ կարևոր էր այն հանգամանքը, որ այստեղ աշխատում են Խինես Մելենդեսն ու Անտոնիո Ֆլորեսը: Նրանք իմ ուսուցիչներն են եղել Իսպանիայում մարզչական դասընթացների ընթացքում: Բայց ինձ առաջին հերթին հետաքրքրեցին այն ծրագրերը, որոնք ունի ՀՖՖ-ի նոր ղեկավարությունը: Երբ առաջին անգամ հանդիպեցի ու զրուցեցի նախագահի հետ, հասկացա, որ սա լուրջ ծրագիր է: Գիտեմ, թե ինչ մեծ ցանկությամբ են ֆուտբոլիստները գալիս Հայաստանի հավաքական և ինչ հպարտությամբ են կրում ազգային թիմի մարզաշապիկը:

Չնայած, մինչև այս աշխատել եմ միայն ակումբներում՝ շատ լավ պատկերացնում եմ ազգային հավաքականի գլխավոր մարզչի առանձնահատկությունները: Ակումբում դու ամբողջ տարին թիմի հետ ես, դա ավելի հեշտ է: Հավաքականում ժամանակն ավելի քիչ է, ուստի շատ կարևոր է այդ ընթացքում քո ձեռքի տակ եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն ու կառավարումը: Ցանկացած մարզչի համար իդեալական կլիներ ունենալ բազմաթիվ լավ ֆուտբոլիստներ, և նրանց ադապտացնել տակտիկային ու գաղափարներին, սակայն մարզիչը հաճախ մարտավարություն է ընտրում իր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստների կարողությունները հաշվի առնելով:

Շատ կարևոր է նաև լավ մթնոլորտ ստեղծել և ճիշտ մոտեցում դրսևորել ֆուտբոլիստներին մոտիվացնելու համար: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ լինելով ազգային հավաքականի ֆուտբոլիստ, նա ընտրյալ է և մեծ պատասխանատվություն է կրում: Հայաստանի հավաքականում կան ֆուտբոլիստներ Ա սերիայից, Բունդեսլիգայից, ռուսական Պրեմյեր լիգայից: Իհարկե, նրանց որակները տարբերվում են մյուսներից, բայց մարզչի գլխավոր խնդիրը հենց տարբեր խաղամակարդակի ֆուտբոլիստներից միասնական թիմ ստանալն է: Նաև իր գաղափարները հնարավորինս մատչելի տեղ հասցնելը»,- ասել է իսպանացին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000