Որոնել
Արխիվ
17.03.2020  22:12

Մելիքբեկյանն առցանց քննարկում է ունեցել ՈՒԵՖԱ-ի հետ, հետո ՀՖՖ գործկոմի

Եվրոպական ֆուտբոլում ստեղծված իրավիճակն այսօր առցանց հանդիպման ընթացքում քննարկել են ՈՒԵՖԱ-ի ղեկավար կազմը և ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների նախագահները, գլխավոր քարտուղարները, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը տեղեկացրել է, որ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ՈՒԵՖԱ-ն հետաձգում է իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը, ինչպես նաև տեղափոխում է ԵՎՐՈ-2020-ի անցկացումը 2021թ.: Քննարկման մասնակիցները ընդգծել են եվրագավաթները և ազգային առաջնությունները ավարտին հասցնելու կարևորությունը: ՈՒԵՖԱ-ի կողմից ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մինչև մարտի 31-ը կքննարկի ակումբային մրցաշարերի անցկացման ժամկետները և ձևաչափը:

Ազգային ասոցիացիաները սերտորեն աշխատելու են եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնի հետ՝ ի հայտ եկած խնդիրներին լուծում տալու նպատակով:

Հանդիպումից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն առցանց կապ է հաստատել ՀՖՖ գործկոմի անդամների հետ՝ ներկայացնելով ՈՒԵՖԱ-ի ղեկավար կազմի հետ քննարկման արդյունքները: ՀՖՖ նախագահը Գործկոմի անդամներին տեղեկացրել է, որ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշումը, մինչև ս.թ. ապրիլի 14-ը դադարեցվել են Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մյուս մրցաշարերը, ինչպես նաև ՀՖՖ ենթակայության տակ գտնվող բոլոր ենթակառուցվածքների գործունեությունը:

ՀՖՖ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գալիք 2 շաբաթների ընթացքում կապի մեջ կլինի ՈՒԵՖԱ-ում ստեղծված աշխատանքային խմբի հետ՝ ազգային առաջնության հետագա անցկացման ժամկետները և ձևաչափը մշակելու համար: Որոշումները կկայացվեն՝ հաշվի առնելով ոչ միայն աշխատանքային խմբի քննարկումները, այլև նաև կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը Հայաստանում և ՀՀ կառավարության որոշումները: 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000