Որոնել
Արխիվ
17.03.2020  15:43

Կորոնավիրուսն ու սպորտը. ինչպես այն կարզդի հայկական սպորտի վրա ու ինչ դիտել այս ընթացքում

Կորոնավիրուսի տարածման պատճառով սպորտային գրեթե բոլոր իրադարձությունները դադարեցված են: Ֆուտբոլասերները արդեն զրկվել են աշխարհի բոլոր թոփ առաջնությունները, ինչպես նաև Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան դիտելու հնարավորություններից: Յուրահատուկ ճաշակ ունեցողները նույնիսկ Հայաստանի առաջնությունը դիտելու հնարավորություն չունեն:

Բասկետբոլասերները զրկվել են NBA-ից, հոկեյասերները՝ NHL-ից (շուտով նաև КХЛ-ից) և այսպես շարունակ: ArmFootball.com-ը անդրադառնում է, թե ինչպես է COVID-19-ը ազդում հայկական սպորտի վրա, և ինչ կարող են դիտել մարզասերները՝ այս ընթացքում գտնվելով տանը:

Հայկական սպորտ

Իհարկե, ամենահուզող հարցերից մեկը ֆուտբոլի Հայաստանի առաջնությունն է: Հասկանալի է, որ մինչև արտակարգ դրության ավարտը՝ նախնական ապրիլի 16-ը Հայաստանի ֆուտբոլի դաշտերում ֆուտբոլ չենք տեսնի: Հետագան, ինչպես հայտնեցին ՀՖՖ մամուլի ծառայությունից, կախված է ՈւԵՖԱ-ի այսօրվա ժողովից: Սակայն, կարելի է ենթադրել, որ եթե առաջնությունը շարունակվի այն գրաֆիկով, որով նախատեսված էր, չեմպիոնը նախատեսվածից բավականին ուշ ի հայտ կգա:

Վիրուսն իր ազդեցությունն ունեցավ Հայաստանի հավաքականի վրա: Նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը պետք է իր առաջին փորձությունն անցներ հավաքականի ղեկին, ծանոթանար ընտրանու ֆուտբոլիստներին Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ ընկերական խաղերի միջոցով, սակայն դրանք չեղարկվեցին: Հաշվի առնելով նախատեսվող ակումբային խիտ գրաֆիկը, հավանաբար, Կապարոսի նորամուտը ազգային հավաքականի ղեկին կտեսնենք Ազգերի լիգայում: Թեև այս ժամանակաշրջանում կանխատեսումներ անելը բավականին անշնորհակալ գործ է:

Ֆուտբոլից դուրս՝ ամենամեծ հարվածը հայկական սպորտի համար 2020-ին կարող է լինել օլիմպիական խաղերի հետաձգումը: Առայժմ նման որոշում չկա, և Ճապոնիան խոստանում է անցկացնել դրանք ժամկետներում: Բայց, մեկը մյուսի հետևից հետաձգվում են օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը, և դա կարող է հանգեցնել նաև ամբողջ խաղերի հետաձգմանը: Ըմբշամարտի, բռնցքամարտի, ձյուդոյի, ծանրամարտի և հայկական սպորտի մյուս առանցքային մարզաձևերի վարկանիշային մրցաշարերը հետաձգվում են՝ նախնական 1-2 ամսով, բայց իրավիճակն այնքան անորոշ է, որ հստակ ամսաթվեր ոչ ոք չի կարող ասել:

Ավելորդ է նշել, որ հետաձգվել և հետաձգվում են բոլոր մարզաձևերի Հայաստանի բոլոր տարիքային խմբերի առաջնությունները, սակայն դրանք հնարավոր կլինի անցկացնել տարվա մյուս ժամանակահատվածներում:

Ինչ դիտել

Երեկ երեկոյան դադարեցվեց այն քիչ մրցաշարերից մեկը, որը դեռ հետաքրքրություն էր առաջացնում, այդ թվում՝ հայ մարզասերների շրջանում՝ օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը: 

Այսօր մոտ մեկ ամսով հետաձգվելու է նաև ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունը: Խոշոր մրցաշարերից տեղի է ունենալու միայն շախմատի հավակնորդների մրցաշարը: Այն մեկնարկում է այսօր Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում: Ցավոք, երկար տարիների ընթացքում, առաջին անգամ այն անցնում է առանց Լևոն Արոնյանի: Բայց, միևնույն է, մրցաշարը բավականին հետաքրքիր է շախմատասերների համար: Այնպես որ, այսօրվանից կարող եք միանալ և ուղիղ եթերով հետևել, թե որ շախմատիստը իրավունք կստանա մրցել Մագնուս Կառլսենի հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000