Որոնել
Արխիվ
10.03.2020  16:44

Խիզախ իսպանացին Անդալուսիայից. Այն ամենը ինչ պետք է իմանալ Խոակին Կապարոսի մասին

19 տարեկան հասակում Խոակին Կապարոսը զանգ ստացավ Միգել Մալբոյից՝ Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի հիմնադրից ու տնօրենից։ Փորձառու Մալբոն նկատել էր, որ Մադրիդի «Ռեալի» Կաստիլիայում խաղացող երիտասարդը մարզչական ունակություններ ունի, և հրավիրեց նրան մարզելու 14 և 15 տարեկանների թիմի դարպասապահներին։ 2016թ․-ին Կապարոսը սպասում էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի զանգին, սակայն Անխել Մարիա Վիլյարը հավաքեց Խուլեն Լոպետեգիի հեռախոսահամարը։ 2020թ․-ին 64-ամյա Խոակին Կապարոսը զանգ ստացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրեն Խինես Մելենդեսից։ ArmFootball.com-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսին։

Մարզչական կարիերա

Խոակին դե Խեսուս Կապարոս Կարմինոն ծնվել է Ուտրերա քաղաքում՝ Սևիլիա նահանգում։ Պատանեկան կարիերան անցկացրել է Մադրիդի «Ռեալում», հանդես է եկել «Կաստիլիայի» կազմում, սակայն հիմնական թիմում ամրապնդվել չի ստացվել։

27 տարեկանում Կապարոսը որոշեց ավարտել ֆուտբոլիստի կարիերան՝ ամբողջովին կենտրոնանալով մարզչական աշխատանքի վրա։ Սկզբում աշխատում էր սիրողական թիմերում, հետո՝ Տերսերայում, իսկ 1996 թվականին գլխավորեց է Ուելվայի «Ռեկրեատիվոն» և երեք տարվա ընթացքում կարողացավ է թիմը դուրս բերել իսպանական Սեգունդա։

Առաջին հաջողությունից հետո Կապարոսը աշխատանք ստացավ «Վիլյառեալում»։ «Դեղինները» դուրս էին մնացել և ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ էր արել թիմի գլխավոր մարզիչ Խոսե Իրուլեգիին։ Կապարոսի առջև նպատակ էր դրվել թիմին վերադարձնել Լա Լիգա, սակայն առաջնության մեկնարկը թիմը ձախողեց, և ընդամենը երեք ամիս անց՝ 1999թ․-ի հոկտեմբերի 4-ին Կապարոսը պաշտոնանկ եղավ։ «Վիլյառեալն», առանց նրա, կարողացավ վերադառնալ Լա Լիգա։ 

Չնայած առաջին անհաջողությանը՝ Կապարոսը ևս մեկ հնարավորություն ստացավ՝ հարազատ Անդալուսիայից։ «Սևիլյան», «Վիլյառեալի» պես, դուրս էր մնացել Լա Լիգայից։ Այս փորձը այդ ժամանակ 45-ամյա մասնագետի համար շատ ավելի հաջող էր։ Նա առաջին փորձից հաղթեց Սեգունդա դիվիզիոնում և թիմին վերադարձրեց Պրեմիերա: Կապարոսի գլխավորությամբ «Սևիլյայում» իրենց առաջին քայլերն արեցին Սերխիո Ռամոսը, Խոսե Անտոնիո Ռեյեսը, Կառլոս Մարչենան։ 2002թ․-ին ակումբի սպորտային տնօրեն նշանակվեց Մոնչին, դրան հաջորդեցին Ժուլիո Բապտիստայի, Դանի Ալվեսի ու Ռենատոյի տրանսֆերները, և «Սևիլյան» դարձավ եվրագավաթների ուղեգրերի համար պայքարող թիմ։ Վերջապես, 2003/04 մրցաշրջանի արդյունքներով Անդալուսիյի թիմը իրավունք ձեռք բերեց մասնակցել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը՝ առաջնությունում զբաղեցնելով 6-րդ տեղը։ Եվրագավաթում Կապարոսի առաջին փորձը ավարտվեց 1/16 եզրափակչում, որտեղ «Սևիլյայի» ճանապարհին կանգնեց «Պարման»։ 2004/05 մրցաշրջանը ևս «Սևիլյան» ավարտեց 6-րդ տեղում, ՈւԵՖԱ-ի գավաթի ուղեգիր ձեռք բերեց, բայց Կապարոսը հեռացավ՝ իր տեղը զիջելով Խուանդե Ռամոսին, որի գլխավորությամբ «Սևիլյան» երկու անգամ անընդմեջ նվաճեց ՈւԵՖԱ-ի (Եվրոպա լիգայի) գավաթը։ Ընդ որում, Կապարոսը հեռացավ իր ցանկությամբ, մերժեց պայմանագրի երկարաձգման առաջարկը՝ նշելով, որ նոր մարտահրավերներ է ցանկանում։

Հարազատ «Սևիլյայից» բաժանվելուց հետո մարզիչը տեղափոխվեց Լա Կորունյա։ «Դեպորտիվոն» 2000-ականների սկզբում մեծ աղմուկ էր հանել եվրոպական ֆուտբոլում, սակայն 2000-ականների միջնամասում հայտնվեց ճգնաժամի մեջ։ 2004/05 մրցաշրջանում «Դեպորը» 6 տարվա մեջ առաջին անգամ դուրս մնաց լավագույն եռյակից, զբաղեցրեց 8-րդ տեղը, և Խավյեր Իրուրետան հեռացվեց։ Թիմի առաջատարները ծերանում էին, նորեկները դժվարությամբ էին մերվում թիմին, իրավիճակը բարդացնում էր ֆինանսական ճգնաժամը։ Կապարոսն իր կազմում ուներ Վալերոնի, Տրիստանի, Մունիտիսի, Կապդևիլյայի, Անդրադեի պես ֆուտբոլիստներ, բայց նրանք մտածում էին թիմից հեռանալու մասին, և թիմի խնդիրները լուծել չհաջողվեց։ 2005/06 մրցաշրջանը «Դեպորտիվոն» ավարտեց 8-րդ տեղում, հաջորդ մրցաշրջանում նահանջեց ևս 5 հորիզոնականով, և Կապարոսը 2006/07 մրցաշրջան ավարտից հետո հեռացվեց։ 

Հաջորդ մրցաշրջանը մարզիչը սկսեց Բիլբաոյի «Ատլետիկում»։ Բասկոնիայում իր առաջին մրցաշրջանում թիմը Կապարոսը թիմին դուրս բերեց Կոպա դել Ռեյի քառորդ եզրափակիչ, իսկ առաջնությունում զբաղեցրեց 13-րդ տեղը։ Հաջորդ մրցաշրջանում թիմը Լա Լիգան նորից ավարտեց 13-րդ տեղում, սակայն գերազանց հանդես եկավ գավաթի խաղարկությունում՝ հասնելով եզրափակիչ։ Այնտեղ «Ատլետիկը» զիջեց «Բարսելոնային», որը այդ տարի անկասելի էր բոլոր ճակատներով։ Գավաթի հաջողությունը թույլ տվեց Կապարոսի թիմին դուրս գալ Եվրոպա լիգայի խաղարկություն։ Հաջորդ մրցաշրջանում թիմը պայքարում էր երեք ճակատներով, երեքում էլ՝ առանց մեծ հաջողությունների։ 8-րդ տեղ Լա Լիգայում, 1/32 եզրափակիչ Կոպա դեյ Ռեյում և Եվրոպայի լիգայում։ Փոխարենը՝ 2010/11 մրցաշրջանում թիմը նորից վերելքի մեջ էր։ 6-րդ տեղ առաջնությունում և կրկին եվրագավաթների ուղեգիր։ Առաջնության ավարտից հետո տեղի ունեցան ակումբի նախագահի նոր ընտրությունները, և նոր նախագահի առաջին գործը եղավ Կապարոսի պաշտոնանկությունը։ Նրան փոխարինեց հանրահայտ Մարսելո Բյելսան, և բասկյան ակումբը ճանապարհը շարունակեց առանց Կապարոսի։ 

2011թ․-ի հուլիսի 27-ին Կապարոսը առաջին անգամ արտասահմանյան ակումբ գլխավորեց։ Նա պայմանագիր կնքեց շվեյցարական «Քսամաքսի» հետ։ Սակայն ակումբի էքսցենտրիկ սեփականատիրոջ՝ Բուլատ Չագաևի հետ լեզու գտնել չստացվեց։ 5-րդ խաղից հետո Չագաևը ատրճանակով մտավ հանդերձարան ու սկսեց բղավել ֆուտբոլիստների և մարզչական անձնակազմի վրա։ Կապարոսը հեռացավ «Քսամաքսից», ընդ որում, առանց աշխատավարձ ստանալու։

2011-2017թթ․-ը Կապարոսն աշխատեց «Մալյորկայում», «Լևանտեում», «Գրանադայում» և «Օսասունայում»՝ յուրաքանչյուրում աշխատելով 1-2 մրցաշրջան ու նշանակալի արդյունքներ չգրանցելով։ Այդ տարիներին Կապարոսը հիմնականում աշխատում էր հետնապահների հետ՝ նախ կարողանալով փրկել վերջիններիս Լա Լիգայից դուրս չմնալուց, այնուհետև նորից թիմի հետ հետնապահների թվում հայտնվելով։

«Օսասունայում» անհաջող կարիերայից հետո Կապարոսը 2017թ․-ի հունիսի 3-ին գլխավորեց Քաթարի «Ալ-Ահլին», սակայն 6 ամիս հրաժարական տվեց՝ անձնական պատճառներով։ 

«Ալ-Ահլիից» հետո Կապարոսը ժամանակավոր դադար վերցրեց։ Մարզչական աշխատանքի վերադարձավ 2018թ․-ի ապրիլին՝ որպես «Սևիլյայի» գլխավոր մարզչի պաշտոնակատար՝ փոխարինելով Վինչենցո Մոնտելային՝ առաջնության վերջին 4 խաղերի համար։ «Սևիլյան» այդ խաղերում 10 միավոր վաստակեց և առաջնությունն ավարտեց 7-րդ տեղում։ Առաջնության ավարտից հետո Կապարոսը նշանակվեց «Սևիլյա» ակումբի ֆուտբոլային տնօրեն։ 

Եվս մեկ անգամ Կապարոսը ժամանակավորապես գլխավորեց «Սևիլյան» 2018/19 մրցաշրջանի ավարտին՝ առաջնության վերջին 11 խաղերի համար։ Այդ խաղերում անդալուսիական ակումբը վաստակեց 19 միավոր և կարողացավ առաջնությունն ավարտեց 6-րդ տեղում՝ նորից Եվրոպա լիգայի ուղեգիր ձեռք բերելով։

Էստոնիայի հավաքականին հաղթելու փորձ

Ազգային հավաքական գլխավորելու փորձ Կապարոսը չունի։ Բայց 1998-2000թթ․-ին նա մարզել է Անդալուսիայի հավաքականը, որը նրա գլխավորությամբ, երեք հանդիպում է անցկացրել (ոչ պաշտոնական) ու տարել երեք հաղթանակ։ 1998թ․-ին Անդալուսիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթել է Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի հավաքական թիմին, 1999թ․-ին՝ 1-0 հաշվով պարտության է մատնել Էստոնիայի հավաքականին, 2000թ․-ին 2-0 հաշվով ուժեղ է եղել Մարոկկոյի ընտրանուց։

2016թ․-ին մոտ էր Իսպանիայի հավաքականը գլխավորելուն, մասնագետները հենց նրան էին ֆավորիտ համարում դել Բոսկեի իրավահաջորդների թվում, սակայն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց հավաքականի ղեկը վստահել երիտասարդ Լոպետեգիին։

Աշխատանք երիտասարդների հետ

Արդեն նշել ենք, որ «Սևիլյայում» աշխատելու տարիներին Կապարոսը հնարավորություն է տվել մի շարք երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր հետագայում դարձել են համաշխարհային ֆուտբոլի աստղեր՝ Սերխիո Ռամոս, Խեսուս Նավաս, Խոսե Անտոնիո Ռեյես․․․ Այս ֆուտբոլիստները հենց Կապարոսի շնորհիվ են հայտնվել «Սևիլյայի» հիմնական կազմում և արագորեն առաջընթաց գրանցել։ Բրազիլիայից տեղափոխված Դանի Ալվեսը միանգամից հաստատվեց մեկնարկային կազմում։ Ընդ որում, ինքը՝ Ալվեշը, նշում է, որ հենց Կապարոսի շնորհիվ է իր կարիերայում զգալի առաջընթաց եղել։ 

«Ատլետիկում» Կապարոսը վստահում էր երիտասարդներ Ֆերնանդո Լյորենտեին, Իկեր Մունյաինին, ովքեր իր գլխավությամբ դարձան Իսպանիայի հավաքականի մակարդակի ֆուտբոլիստներ։

Խաղաոճը, մարզչական մոտեցումները

Կապարոսի մասին նշում են, որ նա հիմք գցող բայց արդյունքներ չքաղող մարզիչ է։ Հիմնականում դա կապված է «Սևիլյայում» և «Ատլետիկում» իր կատարած աշխատանքներով։ «Սևիլյային» Սուգենդայից Լա լիգա դուրս բերելուց հետո Կապարոսը կարողացավ թիմին նոր մակարդակի հանել՝ եվրագավաթային թիմ սարքելով։ Սակայն այդ աշխատանքի արդյունքները, ի վերջո, քաղեց Խուանդե Ռամոսը, ով Կապարոսի ստեղծած թիմով երկու անագմ հաղթեց ՈւԵՖԱ-ի գավաթը։ 

Գրեթե նույնը տեղի ունեցավ «Ատլետիկում»։ Գերազանց մրցաշրջանից հետո Կապարոսը հեռացավ, իսկ նրան փոխարինած Մարսելո Բյելսան ստեղծված հիմքի վրա ավելացրեց իր գաղափարներն ու հասավ Եվրոպա լիգայի եզրափակիչ։

«Սևիլյայում» և «Ատլետիկում» աշխատելու տարիներին Կապարոսը նախընտրում էր 4-4-2 դասական սխեման՝ երկու հենակետայիններով։ Ընդ որում, եզրային պաշտպաններին հրահանգում էր շատ չմիանալ գրոհներին, գործել ավելի խորքից։ Դրանից այդքան էլ գոհ չէր նույն Դանի Ալվեշը, թեև դա չի խանգարում նրան Կապարոսին համարել իր կարիերայի վրա ամենամեծ ազդեցություն ունեցած մարզիչ։ Նույն 4-4-2 մարտավարությունը Կապարոսը կիարռում էր նաև 2019թ․-ին, երբ նորից գլխավորեց «Սևիլյան»։ Անհրաժեշտության դեպքում կարող է գործել նաև 4-2-3-1 մարտավարությամբ, որը վերջին տարիների Հայաստանի հավաքականի հարազատ մարտավարությունն է։ Հավանաբար այդ երկու սխեմաների միջև էլ իսպանացին կտատանվի Հայաստանի հավաքականում։ Նա կարող է Մխիթարյանին ավելի մոտեցնել հարձակմանը՝ երկրորդ հարձակվողի դիրք, անհրաժեշտության դեպքում նորից նրան հետ քաշել ենթահարձակվողի դիրք։ Եզրերում Կապարոսը նախընտրում է տեսնել վինգերների, բայց, ելնելով հայկական ֆուտբոլի առանձնահատկությունների՝ կարող է նաև խաղալ ինսայդներով։ Խնդիր է լինելու լավ փոխանցումով հենակետային գտնելը։ Կապարոսի սխեմաների համար դա առանցքային ֆուտբոլիստ է, և իսպանացին պետք է լուծումներ փնտրի։

Կապարոսին առանձնացնում են նաև որպես լավ մոտիվատորի։ Ճիշտ է, միշտ չէ, որ նրա մեթոդները հասկանալի են ու իրենց արդարացնում են։ «Մալյորկան» մարզելիս մեկ անգամ նա իր ֆուտբոլիստներին կադրեր է ցույց տվեց մեծահասակների համար կինոֆիլմից (30 վայրկյան) և պահանջել խաղադաշտում լինել նույնքան քրտնաջան, որքան ֆիլմի մեջի տղան։ Մեթոդը չի արդարացել, «Մալյորկան» պարտվել է 0-1 հաշվով։ Հայաստանի հավաքականում մոտիվացնելու ուրիշ մեթոդներ պետք կլինեն։

Ասուլիսները, բնավորությունը

Կապարոսը սովորաբար խուսափում է մարտավարության մասին հարցերից՝ նշելով, որ առաջին հերթին կարևորը թիմի տրամադրվածությունն է, խնդիրներ լուծելու պատրաստակամությունը, նոր հետո՝ մարտավարությունն ու ֆիզիկական վիճակը։

Փոխարենը, Կապարոսը բավական կտրուկ է արձագանքում մամուլի այն հրապարակումներին, որտեղ տեղեկությունը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ «Գրանադան» գլխավորելիս նա մեկ անգամ ասուլիսի ժամանակ բոլորի աչքի առջև պատռել է «Marca» պարբերականի հերթական համարը, որտեղ իր բառերը կոնտեքստից հանել ու վերնագիր էին դրել («Խնդրում ենք Մադրիդի «Ռեալին» խնայել մեզ»)։ Հայաստանում սպորտային տպագիր մամուլից մնացել է միայն «Ֆուտբոլ +»-ը, և դժվար թե Երևանում ասուլիսի ժամանակ տեսնենք, թե ինչպես է Կապարոսը ճղում կանաչ-սպիտակ շապիկով թերթը, բայց էմոցիոնալ պատասխաններ կարող ենք ակնկալել։

Ասուլիսների ժամանակ մարզիչը բացի էմոցիոնալ լինելուց նաև շատ արագ  է խոսում։ Նրա թարգմանչի համար դա լուրջ մարտահրավեր է լինելու։  

Պահեստայինների նստարանի մոտ Կապարոսը էքսպրեսիվ է, հաճախ է ցատկում իր տեղից, ակտիվ ցուցումներ է տալիս։

Եվ, վերջիվերջո, նա պարզապես նման է դերասան Մայքլ Քիթոնին։ Միգուցե, դրա համար էլ Կապարոսին «Բեթմե՞ն» են ասում․․․

Առողջական խնդիրներ․ ի՞նչ է խրոնիկ լեյկիմիան

2019թ․-ի ապրիլի 7-ին Կապարոսը հայտարարեց, որ արդեն մի քանի տարի է պայքարում է խրոնիկ լեյկիմիա (արյան քաղցկեղ) հիվանդության դեմ։ Չնայած դրան՝ Կապարոսը շարունակել է աշխատանքը մինչև մրցաշրջանի ավարտը։ Մարզչի խոսքերով՝ հիվանդությունը չի ազդում իր աշխատանքի վրա։ Ընդ որում, նա ոչ մի բուժման կուրսեր չի անցնում։

Պետք է նշել, որ խրոնիկ լեյկեմիան, թեև անբուժելի է, սակայն մահացու չէ։ Հիվանդության ախտորոշումից հետո մարդիկ հիմնականում երկար տարիներ ապրում են։ Մահացության դեպքերը հիմնականում 75-անց մարդկանց մոտ են լինում։

Ինքը՝ Կապարոսը, լավատեսորեն է մոտենում իրավիճակին։ 

«Հիվանդությունն ինձ չի խանգարում զբաղվել իմ սիրած մասնագիտությամբ ու ակումբին օգուտ բերել։ Ես կարողանում եմ սովորական կյանք վարել։ Այլևս չեմ ուզում այդ մասին խոսել և ուզում եմ վստահեցնել, որ բոլորը կարող են լինել»։

Վերջաբան

Ակումբային կարիերայում Կապարոսն իր խոսքը ամբողջովին ասել է, ու թեև տիտղոսներ չի նվաճել, բայց հաջողացրել է նվաճել Իսպանիայի լավագույն մարզիչներից մեկի համբավը, ով մի պահ, նույնիսկ հավաքականը գլխավորելու հիմնական հավակնորդ է եղել։ Հավաքական գլխավորելու համար Կապարոսն ունի ամեն ինչ՝ փորձ, գիտելիքներ, խարիզմա․․․ Մնում է այդ ամենը աշխատի։ Հայաստանի հավաքականի ղեկին ոչ մի մարզչի համար չի կարող հեշտ լինել, այնպես որ ցանկանանք Կապարոսին, որ կարողանա կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները։

 

Ռաֆաել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000