Որոնել
Արխիվ
24.02.2020  15:05

Էմսիս. «Ինձ դուր է գալիս Երևանը, պետք է հավատանք, որ կարող ենք եվրագավաթներում հայտնվել»

«Նոայի» նորեկ, լատվիացի կիսապաշտպան Էդուրադս Էմսիսն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է, թե ինչպես է ընթանում ադապտացիան նոր ակումբում, նաև իր խաղային դիրքի, մարզումների և 7 համարի մարզաշապիկով հանդես գալու մասին:

-Էդուարդս, ինչպե՞ս է ընթանում ադապտացիոն շրջանը «Նոաում», համագործակցությունը թիմակիցների հետ ստացվու՞մ է: Նաև, հասցրե՞լ ես նոր ընկերներ ձեռք բերել թիմում և դրանից դուրս:

- Առաջին անգամ եմ արտերկրում հանդես գալիս, սակայն շատ հեշտ էր հաղորդակցվելը մարզչի, ակումբի աշխատակազմի և թիմակիցների հետ: Բոլորը շատ սիրալիր են, և ես որևէ խնդիր չեմ տեսնում: Ժամանակի ընթացքում էլ ավելի ընկերական մթնոլորտ կստեղծվի, և մենք կունենանք շատ լավ թիմ: Ինչ վերաբերում է ընկեր ձեռք բերելուն, ապա թիմում ամենամոտը Ռոկասի հետ եմ, քանի որ Հայաստան ժամանելուց հետո երկու շաբաթ ապրում էինք նույն հյուրանոցում, հիմա էլ` Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում մի համարում ենք, այնպես որ՝ հեշտ է նրա հետ շփվելը, կատակելը: Ես այնքան էլ հանգիստ մարդ չեմ, իսկ իր հետ ինձ բավական ազատ եմ զգում...

- Դու պաշտպանողական ոճի կիսապաշտպան ես, հենակետային գոտու խաղացող: Որքանո՞վ է քեզ գոհացնում խաղային դիրքդ, երբևէ մտածել ես այն փոխելու մասին:

- Հենակետային գոտում խաղում եմ վերջին 5 տարում, սա ինձ համար լավագույն դիրքն է հիմա: Իհարկե, կարող եմ փոխել դիրքս, փոքր-ինչ առաջ քաշվել, կամ խաղալ մարզչի նշած ցանկացած դիրքում, բայց ինձ համար հարազատ դիրքը սա է․․․

- Իսկ թիմի մարզումներից, ծանրաբեռնվածությունից գո՞հ ես:

- Այո, ես հաճույք եմ ստանում, քանի որ յուրաքանչյուր մարզում ինչ-որ նորույթ է, էնպես չի, որ ամեն օր նույնն է... Ունենք ֆիզիկական պատրաստվածության գծով նոր մարզիչ, այնպես որ, այո՛, ինձ շատ են դուր գալիս «Նոայի» մարզումները:

- Իսկ ինչպես ստացվեց, որ ընտրեցիր 7 համարի մարզաշապիկը, այն քեզ համար ի՞նչ է նշանակում:

- Երբ միացա ակումբին, հարցրեցի սպորտային տնօրենին՝ որ համարի մարզաշապիկն են ինձ տալու: Ասաց՝ ընտրիր քեզ համար: Նայեցի ազատ համարների ցանկը և տեսա, որ 7 համարի տակ ոչ-ոք հանդես չի գալիս: Դա կարևոր համար է, ուստի դա էլ ընտրեցի:

- Դու խաղացել ես Լատվիայում բարձրագույն խմբի թիմերում`«Մետտա» և «Ելգավա» ակումբներում: Հիմա դու հանդես ես գալիս Հայաստանում, որոնք են նպատակներն ու նկրտումներդ այստեղ, նաև՝ երկարաժամկետ հեռանկարում:

- Սա ինձ համար նոր մարտահրավեր է, քանի որ նախկինում արտասահմանյան ակումբում հանդես չեմ եկել: Նորաստեղծ ակումբի համար սա ևս մարտահրավեր է, որովհետև պետք է սահմանել ամենաբարձր նպատակները: Հիմա ակումբի համար դա Եվրագավաթների մասնակցությունն է՝ Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա...Չգիտեմ, ամեն ինչ հնարավոր է, պետք է հավատանք: Ինձ համար էլ նույն նպատակն է. պարզապես կատարելագործվել ամեն օր՝ դաշտում և որպես մարդ...

- Իսկ Հայաստանից ի՞նչ տպավորություններ ունես:

- Առաջին տպավորությունս՝ Հայաստանում մարդիկ շատ սիրալիր են: Ինձ դուր է գալիս Երևանը, քաղաքի կենտրոնը: Ցավոք, այնքան էլ շատ ազատ ժամանակ չի մնում զբոսնելու, բայց երբ օրերը տաքանան, ավելի հեշտ կլինի, տեսնենք՝ գարունը իր հետ ինչ կբերի...

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000