Որոնել
Արխիվ
20.02.2020  16:56

Ինչպես Զանազանյանը նրան շանս տվեց և այլ պատասխաններ երկրպագուների հարցերին

«Ուրարտուի» ավագ Արամ Բարեղամյանն ակումբի ինստագրամյան էջում պատասխանեց երկրպագուների հարցերին: Ֆուտբոլիստը խոսեց ոչ միայն իր, այլև թիմակիցների մասին, անդրադարձավ կիպրոսյան հավաքին ու առաջնության երկրորդ հատվածում թիմի անելիքներին: Երևանյան ակումբը կիսապաշտպանի հարցերի պատասխանները ներկայացրել է իր պաշտոնակն կայքում:

- Ինչպե՞ս է անցնում հավաքը:

-Կարծում եմ շատ էֆեկտիվ հավաք ենք անցկացնում, այստեղ ստեղծված են բոլոր պայմանները լավ պատրաստվելու համար: Հուսով եմ՝ այս հավաքի արդյունքը կերևա առաջնության ժամանակ:

- Գավաթը մե՞րն է:

- Ամեն ինչ անելու ենք հաղթելու ու գավաթին արժանանալու համար, որովհետև այս պահին այն մեզ համար շատ կարևոր է: Այն որ դաշտում ֆուտբոլիստներն իրենց չեն խնայի, դա կարող եմ երաշխավորել:

- Ինչպե՞ս է աշխատում Անատոլի Այվազովը հավաքների ժամանակ (Հարցը տալիս է Անատոլի Այվազովը):

- Անատոլի Այվազովն իրեն իսկական պրոֆեսիոնալի նման է դրսևորում ու կարծում եմ՝ նման կերպ շարունակելու դեպքում շուտով նրան ավելի բարձրակարգ ակումբներում կտեսնենք:

- Քանի՞ տարեկանից եք սկսել զբաղվել ֆուտբոլով, և ո՞րն է եղել Ձեր առաջին ակումբը:

- Ֆուտբոլի սկսել եմ հաճախել 7-8 տարեկանից, և իմ առաջին ակումբը եղել է հենց «Բանանց» ՖԱ-ը ներկայիս՝ «ՈՒրարտուն», որի ակադեմիայի սան եմ հանդիսանում ու մինչ օրս էլ խաղում եմ:

- Ո՞ր ֆուտբոլային ակումբն եք սիրում:

- Իմ սիրելի ակումբը մեկն է, և նրա շահերը ես այժմ պաշտպանում եմ. դա «Ուրարտու» ՖԱ-ն է:

- Ո՞րն է Ձեր կարիերայի ամենահիշարժան պահը:

- Կնշեմ իմ առաջին տիտղոսը: 2007 թվականին «Բանանցի» կազմում նվաճել եմ Հայաստանի գավաթը, եզրափակչում նաև գոլի հեղինակ եմ դարձել:

Եթե Դուք չլինեիք ֆոտբոլիստ, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

- Ֆուտբոլով զբաղվելն ինձ չի խանգարել ստանալ այլ մասնագիտություն, Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում ստացել եմ մանկավարժի որակավորում, այնուհետև սովորել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայում ու ավարտել այն՝ մարկետոլոգի որակավորմամբ:

- Չե՞ք մտածում, որ լեգեոներները Հայաստանի առաջնությունում շատ են:

- Իհարկե շատ են լեգեոներները մեր առաջնությունում, և  կարծում եմ՝ այս հարցով պետք է լրջորեն զբաղվեն պատկան մարմինները, մեր երիտասարդ ֆուտբոլիստներին պետք է  ավելի շատ խաղաժամանակ տրամադրել, որպեսզի նրանք կարողանան առաջադիմել:

- Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը:

- Որպես այդպիսին, կարգախոս չունեմ, երևի թե կնշեմ իմ չհանձնվելու որակները, որ ցանկացած իրավիճակում չեմ հանձնվում ու շարժվում եմ առաջ՝ փորձելով գտնել տվյալ իրավիճակի ելքը:

- Ինչի՞ մասին եք մտածում կարևոր խաղերից առաջ:

- Նախ ասեմ, որ ֆուտբոլիստի համար կարևոր են բոլոր խաղերը: Ես խաղերից սռաջ սովորաբար հանգիստ եմ լինում ու աշխատում եմ մտածել խաղի ու այն հանձնարարությունների մասին, որոնք պետք է կատարեմ խաղադաշտում:

- Ինչպե՞ս կգնահատեք Ալեքսանդր Գրիգորյանի աշխատանքն «Ուրարտուում»:

- Ինչպես գիտեք, Ալեքսանդր Գրիգորյանը շատ փորձառու մասնագետ է, դրսի ակումբերում աշխատելիս բավական մեծ հաջողություններ է գրանցել: Կարծում եմ՝ ցանկացած մարզչի լավ կամ վատ աշխատանը երևում է իր թիմի գրանցած արդյունքներով: Շուտով այդ հարցի պատասխանը կիմանաք, և հուսով եմ՝ այն դրական կլինի:

 - Քանի՞ տարեկանից եք սկսել պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղալ:

 - 15-16 տարեկան էի, երբ երջանկահիշատակ Հովհաննես Զանազանյանն ինձ ընդգրկեց «Բանանցի» գլխավոր թիմի կազմում:

 - Ո՞վ է Ձեզ ոգևորում խաղերից առաջ:

-Խաղերից առաջ ինձ ոգևորում են ընտանիքիս անդամները, կինս, ընկերներս և այն շարժառիթները, որոնց համար դուրս եմ գալիս խաղադաշտ:

- Ինչպե՞ս կգնահատեք առաջնության առաջին հատվածը:

- Առաջնության առաջին հատվածը իսկական ձախողում էր մեզ համար: Մեր նման ակումբին ու ֆուտբոլիստներին սազական չէ նման հորիզոնականում հայտնվելը, համոզված եմ՝ հետագայում պատկերն այլ կլինի:

- Ինչու՞ ընտրեցիք 7 համարը:

- Դեռևս մանկապատանեկան ֆուտբոլի տարիներից խաղում էի 7 համարի մարզաշապիկով, հետագայում այնպես ստավեց, որ պրոֆեսիոնալ մակարդակում ևս ընտրեցի ինձ համար նախընտրելի 7 համարն ու մինչև այժմ կրում եմ այն:

- Քանի՞ հեռանկարային ֆուտբոլիստի անուն կարող եք նշել (մինչև 20 տարեկան):

- Իմ կարծիքով, ճիշտ կլինի՝ խոսեմ մեր ակումբի երիտասարդ ֆուտբոլիստների մասին, որոնցից ոմանք, հնարավոր է, 20 տարեկանից մի քիչ բարձր լինեն. նրանք են՝ Կարեն Մելքոնյանը, Արսեն Սադոյանը, Արսեն Եղիազարյանը, Հրաչյա Գեղամյանը, Էրիկ Պետրոսյանը, Դավիթ Պապիկյանը, Գևորգ Տարախչյանը, Գրիգորի Մաթևոսյանը: Կարծում եմ՝ այս ֆուտբոլիստների հետ ճիշտ աշխատելու դեպքում, նրանք կարող են լավ ֆուտբոլ խաղալ, բայց, բնականաբար, նրանցից էլ է շատ բան կախված:

- Արցախ երբևէ այցելե՞լ եք:

- Արցախում շատ անգամներ եմ եղել, չնաշխարհիկ բնություն ունի, կարճ ասած՝ Արցախը Հայաստան է և վերջ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000