Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային կյանքը բուռն կերպով է ընթանում. դեռևս մեկ շաբաթ առաջ նա իռլանդացիների դեմ դրամատիկ խաղում պայքարում էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար, հանգստյան օրերին «Շախտյորի» կազմում հաղթանակ տարավ Սիմֆերոպոլի «Տավրիայի» նկատմամբ, իսկ այսօր Չեմպիոնների լիգայի շրջանակներում դաշտ դուրս կգա «Զենիթի» դեմ:
- Հենրիխ, նախ թույլ տուր շնորհավորել «Տավրիայի» նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ: Ի՞նչպես է անցնում «Զենիթի» հետ խաղի նախապատրաստությունը:
- Շնորհակալություն: Մարզվում ենք կրկնապատկված էներգիայով, որովհետև մեզ բարդ մրցակից է սպասում, իսկ մեզ միայն հաղթանակ է հարկավոր: Չէ՞ որ նախորդ երկու խաղերում մենք մեկ պարտություն ենք կրել, մի խաղ էլ ոչ-ոքի ավարտել:
- Ինչպես հասկանում եմ, հանգստյան օր չեք ունեցել:
- Ոչ, հանգստյան օր չի կարող լինել: Մենք շաբաթական երկու խաղ ենք խաղում, այնպես որ հանգստանալ չի ստացվի: Հանգստյան օրեր կլինեն առաջին խաղաշրջանի և առաջնության ավարտից հետո:
- «Տավրիայի» հետ խաղը նախավարժա՞նք էր «Զենիթի» դեմ խաղից առաջ, թե՞ այն շատ ուժեր խլեց:
- «Տավրիայի» հետ խաղից հետո միանգամից սկսեցինք պատրաստվել «Զենիթի» խաղին: Իսկ այդ հանդիպումից հետո մենք նորից կսկսենք մտածել Ուկրաինայի առաջնության մասին. մեզ սպասվում է հանդիպում «Մետալլիստի» հետ: Սիմֆերոպոլի խաղը բավականին բարդ էր: Մենք առջևում էինք հաշվի մեջ, հետո գոլ բաց թողեցինք, բայց խաղավերջում կարողացանք երկու գնդակ խփել: Տղաների մոտ հաղթելու ցանկությունը մեծ էր, բոլորը մինչև վերջ աշխատեցին:
- Այս հաղթանակը հավանաբար լրացուցիչ վստահություն կհաղորդի Ձեզ «Զենիթի» հետ խաղից առաջ…
- Իհարկե, հաղթանակներից հետո ավելի շուտ ես վերականգնվում, քան պարտություններից հետո:
- Հասցրե՞լ եք մոռանալ հավաքականի անհաջողությունը:
- Պարբերաբար հիշում եմ: Սակայն ոչինչ փոխել չես կարող: Հավաքականի խաղերն արդեն անցյալում են: Հիմա մտածում եմ միայն «Շախտյորի» ելույթների մասին:
- Ցավալի՞ էր Իռլանդիայի հավաքականից կրած պարտությունը:
- Բնականաբար: Մրցավարը սխալվեց, մենք գոլ բաց թողեցինք, իսկ հետո չկարողացանք հավասարեցնել հաշիվը…
- Ի՞նչի հաշվին Հայաստանի հավաքականը կարողացավ այդքան տպավորիչ ելույթ ունենալ ընտրական փուլում:
- Կարծում եմ` մեր թիմում լավ երիտասարդներ են հավաքվել, հիանալի մարզիչ ունենք, ով իր աշխատանքին մեծ ուշադրություն է դարձնում: Բոլորս էլ մեծ ցանկություն և մեր ուժերի նկատմամբ հավատ ունեինք:
- Այդ ջանքն ու ցանկությունը կպահպանվի՞ մյուս ընտրական փուլից առաջ:
- Այո, բայց մյուս շրջափուլում շատ բարդ կլինի. մեզ բարդ խումբ է բաժին հասել: Չպետք է կորցնենք այն խաղը, որ ցուցադրում ենք այժմ: Իսկ ֆեդերացիան, համոզված եմ, կանի ամեն ինչ, որպեսզի մենք բավական քանակությամբ ընկերական խաղեր անցկացնենք:
- Ի՞նչ տպավորություն է թողնում «Զենիթը»: Տեսե՞լ եք նրանց խաղերը:
- Այո, երբեմն մենք նայում ենք Ռուսաստանի առաջնության խաղերը: Տեսել եմ նաև «Պորտուի» հետ նրանց խաղը: «Զենիթը» լավ պատրաստված թիմ է, կան առանձին խաղացողներ, ովքեր կարողանում են արդյունք ստեղծել: Առանձնացնել ինչ-որ մեկին չեմ ուզում:
- Միրչա Լուչեսկուն հրավիրե՞լ է Ձեր ուշադրությունը «Զենիթի» խաղի ինչ-որ առանձին դրվագների վրա:
- Այո, բայց ես իրավունք չունեմ խոսել այդ մասին: Դա մեր մարտավարական գաղտնիքն է (ծիծաղում է):
- Որպես միջին գծի խաղացող` դուք պետք է դիմակայեք Շիրոկովին, Զիրյանովին, Դենիսովին` Ռուսաստանի առաջնության լավագույն կիսապաշտպանությանը...
- Բացի այդ դա նաև Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանությունն է: Չգիտեմ` դուրս կգամ դաշտ, թե ոչ. մարզիչը վերջին պահին է որոշում կազմը: Բայց նա, ով առաջին րոպեներից դաշտ դուրս կգա, պետք է հստակ կատարի Լուչեսկուի առաջադրանքները:
- Պատրա՞ստ ես խաղին:
- Այո, ես միշտ պատրաստ եմ օգնել թիմին, եթե մարզիչն ինձ վստահի:
- Ի դեպ, ո՞ր դիրքում է Ձեզ ավելի հարմար խաղալ` հենակետային գոտու՞մ, թե՞ ավելի մոտ հարձակմանը:
- Ես սիրում եմ խաղալ այն դիրքում, որը մարզիչն է որոշում: Եթե ես օգտակար եմ թիմին այդ գոտում, ապա կխաղամ այդ գոտում: Եթե մարզիչը համարի, որ ես ավելի օգտակար կլինեմ մեկ այլ դիրքում, ապա կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ իմ թիմին այդ դիքում:
- Ի՞նչ կարծիքի էիք խմբի մասին վիճակահանությունից հետո: Ոմանք այն «անցողիկ» էին համարում...
- Ոչ, իհարկե այն «անցողիկ» խումբ չէ: Մեր խմբի երեք թիմերը ՈւԵՖԱ-ի գավաթակիր են: Իսկ այդ մրցաշարում հեշտ չէ հաղթելը: Այսինքն, բոլորն էլ լավ պատրաստված թիմեր են: Մեզ միացել է ԱՊՈԵԼ-ը, որն իր պատմության մեջ առաջին անգամ է խաղում Չեմպիոնների լիգայում և փորձում է իրեն լավագույն կողմերով դրսևորել: Այնպես որ, կարծում եմ պայքարը կընթանա մինչև վերջին տուրը:
- Ինչպես հասկացա, կիպրոսցիների տպավորիչ մեկնարկը Ձեզ չի զարմացնում:
- Ամենևին զարմացած չեմ: Սովորական թիմերը Չեմպիոնների լիգայում չեն խաղում:
- Սեփական դաշտում չկարողացաք հաղթել ԱՊՈԵԼ-ին: Ի՞նչի հետ եք դա կապում:
- Մեր բախտը փոքր-ինչ չբերեց: Շատ պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք իրացնել դրանք: Հետո գոլ բաց թողեցինք, հավասարեցրինք հաշիվը, բայց ևս մեկ գոլ խփելու համար ժամանակը չհերիքեց: Հիմա պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մնացած խաղերում առավելագույն քանակի միավորներ վաստակենք:
- Զուգհեռաբար ԱՊՈԵԼ-ը կխաղա «Պորտուի» հետ: Կկարողանա՞ն կիպրոսցիները միավորներ խլել Եվրոպայի լիգայի գործող գավաթակրից:
- Ի՞նչու ոչ: Բայց մենք պետք է առաջին հերթին կենտրոնանանք մեր խաղի վրա: Եթե մենք հաղթենք, ապա մյուս խաղերը մեզ չեն հետաքրքրի:
- Հոգեբանորեն ազդու՞մ է «Շախտյորի» զբաղեցրած վերջին տեղը:
- Այն, որ մենք երկու խաղերում հաղթանակ չենք տարել, դուր չի գալիս ոչ մեզ, ոչ երկրպագուներին: Բայց մենք կարող ենք վեր բարձրանալ, քանի որ 4-րդ տեղը «Շախտյորի» համար չէ:
ArmFootball.com