Որոնել
Արխիվ
17.02.2020  17:57

Սպասված ու անակնկալ հաղթանակներ. հունահռոմեականների ելույթների ամփոփումը (VIDEO)

Հռոմում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը հանդես եկան հունահռոմեական ոճի ըմբիշները, ու եթե մրցումների առաջին օրը կարելի էր ձախողված անվանել, ապա երկրորդ օրվանից մեր «դասական» ոճի ըմբիշները Հռոմի գորգի գլխավոր գործող անձերից էին:

ArmFootball.com-ն ամփոփում է Հայաստանի ներկայացուցիչների ելույթները հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Ոչ օլիմպիական քաշային կարգեր
55 կգ

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Ռուդիկ Մկրտչյանը: Սպասելիքները նրանից մեծ չէին, վիճակահանությունն էլ էլ ավելի բարդացրեց իրավիճակը: Ճիշտ է, Ռուդիկը սկսեց մրցաշարը քառորդ եզրափակչից, բայց նրա մրցակիցը քաշային կարգի առաջատարներից մեկն էր՝ 2018թ.-ի աշխարհի չեմպիոն ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլին: Մկրտչյանը պարտվեց 1-7 հաշվով, իսկ Ազիզլիին կիսաեզրափակչում փայլուն ոճով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը: Վերջինս դարձավ եվրոպայի չեմպիոն 18 տարեկան հասակում: Այնպես որ Եվրոպայի այս տարվա առաջնությունում: Իսկ Մկրտչյանի համար պայքարն ավարտվեց գրեթե դեռ չսկսած, և ինչ-որ գնահատական տալ նրա ելույթին դժվար է:

63 կգ

Այս քաշային կարգում Սլավիկ Գալստյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, բայց նա տեղափոխվում է 67 կգ քաշային կարգ, որպեսզի կարողանա պայքարել օլիմպիական ուղեգրի համար: Նրա բացակայությամբ իր նորամուտը մեծահասակների ասպարեզում նշեց Սահակ Հովհաննիսյանը (երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն): Հայաստանի չեմպիոնի նորամուտը Եվրոպայի առաջնությունում չստացվեց, վիճակահանությամբ նրան բաժին ընկավ Մ-23 Եվրոպայի 2019թ.-ի չեմպիոն վրացի Լևան Կավջարաձեն: Առաջին մրցափուլում մրցավարը պասիվության համար պարտեր դիրքում դրեց Հովհաննիսյանին, և վերջինս չկարողացավ պաշտպանվել, արագ պարտություն՝ 0-8: Վրացին հենց հաջորդ փուլում պարտվեց փորձառու նորվեգ ըմբիշ Բերգին ու Հովհաննիսյանի համար մրցաշարն ավարտվեց:

Սա երիտասարդ ըմբիշի նորամուտն էր մեծահասակների ասպարեզում, և հետևություններ անելը հիմա սխալ կլինի: Կան ըմբիշներ, ովքեր երիտասարդներից արագ անցում են կատարում և այնտեղ էլ փայլուն հաղթանակներ տանում, կան ըմբիշներ, ովքեր դեռ պետք է հարմարվեն, փորձ ձեռք բերեն: Հովհաննիսյանը դեռ հնարավորություններ կունենա իր որակները ցուցադրելու, մինչև այդ նա կարող է շարունակել փորձել նվաճել երիտասարդական առաջնությունների չնվաճած բարձունքները:

72 կգ

Եվս մեկ երիտասարդ ըմբիշ հանդես եկավ 72 կգ քաշային կարգում, ու նորից պարտվեց հենց առաջին գոտեմարտում: Մալխաս Ամոյանը արդեն մեկ տարուց ավել է փորձում է ամրապնդվել մեծահասակների ասպարեզում, սակայն փորձառու ըմբիշների հետ պայքարում դեռ զիջում է: Այս անգամ Ամոյանին մեկնարկում բաժին էր հասել փորձառու խորվաթ ըմբիշ Դոմինիկ Էտլինգերը, Եվրոպայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր: Հավակնություններ ունեցող մարզիկը նման կարգի ըմբիշին պետք է կարողանա հաղթել, Ամոյանի մոտ դեռ չի ստացվում: Այս անգամ պարտություն՝ 1-5 հաշվով: Համեմատության համար նշենք, որ Ուլվու Գանիզադեն, ով երիտասարդներում Ամոյանի գլխավոր մրցակիցներից էր, և որին Ամոյանը իր կարիերայի ընթացքում թե՛ հաղթել է, թե՛ պարտվել, այս առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր՝ հաղթելով փորձառու Ադամ Կուռակին:

Ի տարբերություն Հովհաննիսյանի, Ամոյանը արդեն բավականին ժամանակ է մեծահասակների ասպարեզում է, և ժամանակն է, որ արդեն սկսի արդարացնել սպասելիքները:

82 կգ

Ռուբեն Ղարիբյանը գլխից բարձր չցատկեց: Իհարկե, Ղարիբյանը ֆավորիտների թվում չէր, բայց վիճակահանությունը բավականին բարեհաճ էր գտնվել նրա նկատմամբ: Կիսաեզրափակից հասնելու ու Ռաֆիկ Հուսեյնովի հետ եզրափակչի ուղեգիրը վիճարկելու համար պետք էր հաղթել Իսրայելի ու Իտալիայի ներկայացուցիչներին: Ղարիբյանը սպասված հեշտ հաղթանակ տարավ Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ, սակայն իտալացի Չիրո Ռուսսոյի հետ գոտեմարտում զիջեց 3-5 հաշվով ու ավարտեց պայքարը: Ղարիբյանը հազվադեպ է շանս ստանում հավաքականում, և նման ձախողումներ իրեն թույլ տալ չի կարող:

Օլիմպիական քաշային կարգեր
60 կգ

Իսկ ահա Ղարիբյան ազգանունով մյուս ըմբիշը իր շանսը փայլուն օգտագործեց: Գևորգ Ղարիբյանին նույնպես բավականին լավ վիճակահանություն էր հասել: Մեկնարկում նա հեշտ հաղթանակ տարավ բուլղարացի Սպասովի նկատմամբ (վերջինիս մոտ մեկ ամիս Բուլղարիայի առաջնության 55 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթել էր Էդմոնդ Նազարյանը): Այնուհետև Ղարիբյանը հանդիպեց ադրբեջանցի Մուրադ Բազարովին: Բազարովն արդեն 25 տարեկան է, սակայն նրա գլխավոր հաջողությունները մնացել են 2012թ.-ում, երբ նա հաղթեց պատանիների աշխարհի առաջնությունում: Ղարիբյանը հաղթեց 8-0 հաշվով, նույն հաշվով պարտության մատնեց նաև էստոնացի Հելարու Մաեգիսալուին և դուրս եկավ եզրափակիչ: Ոսկե մեդալի համար գոտեմարտում Ղարիբյանի մրցակիցը թուրք երիտասարդ ըմբիշ Քերեմ Քամալն էր, ով հաղթել է բառացիորեն ամեն ինչ պատանիների և երիտասարդների ասպարեզում: Վերջինս կարողացել է ամրապնդվել նաև մեծահասակների ասպարեզում և բավականին արագ քայլերով է առաջ շարժվում: Քամալի հետ պայքարում վճռական դեր ունեցավ առաջին մրցափուլում ղարիբյանի կատարած 4 միավորանոց հնարքը: Արդյունքում՝ 5-5, և հենց այդ հնարքի շնոհիվ Ղարիբյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Իհարկե, 25-ամյա մարզիկ համար սա փայլուն նվաճում է: Ղարիբյանը լուրջ արդյունքներով աչքի չի ընկել ո՛չ պատանեկան, ո՛չ երիտասարդական ասպարեզում. Օրեր առաջ ֆրանսիական Նիսում էլ ոչ այնքան ուժեղ կազմ ունեցող միջազգային մրցաշարում էլ միայն երրորդն էր, և այս «փոխակերպումը» ինչ-որ առումով անակնկալ էր:

Հայաստանն այս քաշային կարգում օլիմպիական ուղեգիր չունի, աշխարհի առաջնությունում հենց Ղարիբյանն էր հանդես եկել ու ձախողվել: Հիմա մարզիչների առջև դժվար ընտրություն է, թե ում ուղարկել վարկանիշային մրցաշարերի: Մի կողմից Ղարիբյանը, ով հանկարծակի «կրակեց» Եվրոպայի առաջնությունում, թե Արմեն Մելիքյանին, ով Մ-23 գործող աշխարհի չեմպիոնն է: Մելիքյանը բաց թողեց Հայաստանի առաջնությունը, միմյանց հետո անձնական գոտեմարտերում ըմբիշները փոփոխական հաջողություն են գրանցում: Վարկանիշային մրցաշարերում մրցակցությունը շատ ավելի ուժեղ է լինելու, այնպես որ սխալվելու իրավունք չկա:

67 կգ

Կարեն Ասլանյանը Հայաստանի առաջնության եզրափակչում պարտվեց Սլավիկ Գալստյանին: Եվրոպայի առաջնությունում Ասլանյանն ապացուցելու բան ուներ, և որոշ չափով դա նրա մոտ ստացվեց: Նա կիսաեզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Նազիր Աբդուլաևին, սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց հունգարացի Իշտվան Վանժային: Սակայն հարցը նվաճած մեդալը չէ: Ասլանյանը 1/8 եզրափակչում հեշտությամբ հաղթեց երիտասարդների աշխարհի չեմպիոն Գիորգ Շոթաձեին, իսկ քառորդ եզրափակչում 10-1 հաշվով՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մատե Նեմեսին: Կարենը ցույց տվեց, որ պատրաստ է լուրջ հաղթանակների, բայց, միևնույն է, այս անգամ էլ նրան ինչ-որ բան չհերիքեց չեմպիոնության համար: 

Այս քաշային կարգում էլ մարզիչների առջև բարդ ընտրություն է դրված: Մրցակցությունը շատ մեծ է, բազմաթիվ ուժեղ ըմբիշներ օլիմպիական վարկանիշ դեռ չունեն: Ռյու Հանսյու, Ռասուլ Չունաև, Գևորգ Սահակյան (Լեհաստան), Յուքսել Ատական… 

Հավանաբար այս դեպքում էլ ճիշտ կլինի ըմբիշներից մեկին մեկական հնարավորություն տալ, ու, եթե հաջողվի ուղեգիր նվաճել, այնուհետև իրար մեջ պայքարում որոշել, թե ում ուղարկել Օլիմպիական խաղերի:

77 կգ

Նման ընտրություն կա նաև 77 կգ քաշային կարգում (այս պարագայում ուղեգիրն արդեն կա), ու այդ ընտրությունը կարող էր ավելի հեշտ լինել, եթե Կարապետ Չալյանը կարողանար Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել: Սակայն այս անգամ էլ ինչ-որ բան չհերիքեց: Չալյանը սպասված հաղթանակ տարավ շվեյցարացի Նիկոլաս Կրիստենի նկատմամբ (11-2), այնուհետև համառ պայքարում կարողացավ հաղթել սերբ Վիկտոր Նեմեսին (3-1): Վերջինս 2017թ.-ի աշխարհի չեմպիոն է, սակայն Չալյանը արդեն երկրորդ անգամ է կարողանում հաղթել նրան խոշոր մրցաշարերում (առաջինը դեռևս մինչև Նեմեսի չեմպիոն դառնալը): Քառորդ եզրափակչում Կարապետը հաղթահարեց բելառուս Պավել Լյախի արգելքը, վերջինիս մեր ըմբիշը հաղթել էր նաև Եվրոպական խաղերի ժամանակ: Իսկ ահա կիսաեզրափակչում Չալյանը պարտվեց ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին (72 կգ քաշային կարգում Մ-23 աշխարհւ չեմպիոն) 0-3 հաշվով: Երրորդ տեղի համար պայքարում Չալյանը ուժեղ գտնվեց Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանից (վերջինս վնասվածք ստացավ գոտեմարտի ընթացքում):

Բրոնզե մեդալը, իհարկե, լավ արդյունք է, բայց ժամանակն է, որ Չալյանը կարողանա ավելի մեծ բարձունք նվաճել: Վճռորոշ պահին նրան միշտ ինչ-որ բան խանգարում է: Չալյանը ներկայումս չափազանց ուժային ոճով է գոտեմարտում, ինչպես ավելի ծանր քաշի ըմբիշները: Բայց Հռոմում նա հանդիպեց ոճով իրեն նման ըմբիշի, ու եթե նախորդ գոտեմարտերում ինքն էր հրումով միավորներ վաստակում, ապա Սուլեյմանովի հետ գոտեմարտում արդեն Չալյանը երկու անգամ գորգից դուրս եկավ: 

Հավանաբար, Արսեն Ջուլֆալակյանը իր հեղինակության շնորհիվ կկարողանա պարտադրել մարզիչներին ստուգողական գոտեմարտ նշանակել իր և Չալյանի միջև, որպեսզի պարզ դառնա, թե ով է մեկնելու օլիմպիական խաղերին: Այնպես որ 77 կգ քաշային կարգում դեռ կարող են նոր զարգացումներ լինել:

87 կգ

Մաքսիմ Մանուկյանը հերթական անգամ ձախողվեց 87 կգ քաշային կարգում: Զգացվում է, որ նա ֆիզիկապես պատրաստ չէ այս քաշային կարգին: Մեկնարկում նա պարտվեց վրացի Թոռնիկե Ձամալաշվիլուն ու դուրս մնաց պայքարից: Մրցակիցները Մանուկյանի համար ծանր են, գեղեցիկ հնարքներն այստեղ չեն անցնում, շնչառությունն էլ բավական է լինում 2 րոպեի համար: Քաշային կարգերի փոփոխությունը, թերևս ամենաշատը վնասեց հենց Մանուկյանին: Դժվար է հավատալ, որ նա կկարողանա օլիմպիական ուղեգիր նվաճել: Միևնույն ժամանակ, իր հնարավորությանն է սպասում Արթուր Շահինյանը, որին, հավանաբար, առնվազն մեկ վարկանիշային մրցաշարում կտեսնենք:

97 կգ

Երկար խոսել այս քաշային կարգի մասին անիմաստ է, ամեն ինչ ասված է: Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն, հերթական անգամ հաղթեց թուրք Չենկ Իլդեմին, որը հերթական անգամ կարողացավ իր ոչ սպորտային պահվածքով հունից հանել «Ճերմակ արջին»: Հերթական անգամ հաղթեց նաև բուլղարացի Միլովին և ֆինն Կուոսմանենին: Եզրափակչում էլ հերթական անգամ հաղթեց Իտալիայի ներկայացուցիչ Կախելաշվիլուն: 

Միայն արձանագրենք, որ Ալեքսանյանի մրցակիցները բավականին հաճախ են սկսել նրան հունից հանել: Եթե նախկինում «կեղտոտ» հնարքների դիմում էր միայն Իլդեմը, ապա այժմ գրեթե բոլորը: Արթուրը պետք է կարողանա տիրապետել իր նյարդերին և չտրվել սադրանքների, հանգիստ պատրաստվել օլիմպիական խաղերին, ու, միգուցե Մուսա Եվլոևի հետ հերթական դիմակայությանը:

130 կգ

Դավիթ Հովասափյանը հենց մեկնարկում պարտվեց ադրբեջանցի Սաբահ Շարիաթիին ու դուրս մնաց պայքարից: Շարիաթին շատ փորձառու ըմբիշ է, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, այնպես որ նման արդյունքը սպասելի էր: Հովասափյանը մեծ ներուժ ունի, այժմ պետք է նաև փորձ հավաքի: Գերծանր քաշային կարգում ըմբիշները ավելի ուշ տարիքում են «բացվում», այնպես որ Հովասափյանը դեռ շատ ժամանակ ունի:

Ամփոփում

Մարզչական շտաբի համար սա լուրջ քննություն էր վարկանիշային մրցաշարերից առաջ, և այդ քննությունը նրանք բավականին լավ հանձնեցին: Եղան կանխատեսելի արդյունքներ, ձախողումներ և անակնկալ հաղթանակներ: Հայաստանը օլիմպիական վարկանիշ ունի 6 քաշային կարգերից 2-ում, և այժմ կարևորագույն խնդիրը այդ վարկանիշների թիվը մեծացնելն է գոնե երկուսով կամ երեքով: Խնդիրը, որը մեր ըմբիշները լուծել կարող են ու պարտավոր են:


 

Ռաֆաել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000