Որոնել
Արխիվ
14.02.2020  01:41

Աբրահամ Խաշմանյան. «Ջիբրալթարից կրած պարտությունն ավելի մեծ է, քան Իտալիայից` 1:9 հաշվով»

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ազգային ընտրանուց հեռանալուց հետո առաջին հարցազրույց է տվել:  Tert.am-ի յութուբյան ալիքի հետ զրույցի ժամանակ նա մի քանի ուշագրավ թեմաների է անդրադարձել:

Հավաքականի հավակնությունների մասին

«Չգիտես ինչո՞ւ բոլորը մեր հանրությանը ներկայացնում են իբր մենք ռեսուրսներ ունենք աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն մտնելու համար: Բայց մեր հավաքականի ամենալավ ժամանակահատվածը եղել է 6-7 տարի առաջ, երբ մեր «ոսկե սերունդը» լավագույն կազմակերպվածությունն ու ֆուտբոլիստներն ուներ: Բայց անգամ այդ ժամանակ հավաքականը չի կարողացել խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ մտնել: Հիմա այդ ֆուտբոլիստներն այն վիճակում չեն, կա մարզավիճակի անկում, վնասվածքներ, բայց միևնույն է ասում են` հարկավոր է նվաճումների հասնել: Այդպես հանրությանը սխալ ինֆորմացիա են տալիս: Մենք այսօր ի զորու չենք մեծ խնդիրներ լուծելու»:

Հայաստանի հավաքականի ներկայիս ուժը

«Ես միշտ խորը վերլուծություն եմ անում: Հայաստանի հավաքականի պատմության մեջ նման ծանր իրավիճակ ազգային ընտրանին չի ունեցել, որքան իմ գլխավորությամբ անցկացրած երկու խաղերից առաջ: Մարդիկ կան, այդ թվում ֆուտբոլի մարդիկ, որոնք ուզում են ուղորդել հանրությանը: Նրանք այնպես են ներկայացնում իբր հավաքականը գնում էր աշխարհի չեմպիոն դառնալու, իսկ Խաշմանյանը եկավ և մեկ շաբաթում ամեն ինչ կործանեց: Ֆուտբոլում մարզին գնահատական են տալիս կատարած աշխատանքի համար, բայց մենք փաստացի նույնիսկ չենք հասցրել սկսել աշխատել, ցայտնոտի մեջ էինք: Ցանկացած մարզիչ մեկ շաբաթում չէր կարող աշխատանք տանել: Երկրորդ. հավաքականն իր ճանապարհի 99 տոկոսն անցել էր այդ մրցափուլում և արդեն դուրս էր մնացել: Իմ մարզչական շտաբը այդ 1 տոկոսի ժամանակ աշխատեց: Արդեն թիմում չկար մոտիվացիա, սակայն բազմաթիվ կորուստներ էին առկա, աննախադեպ` 7-8 ֆուտբոլիստ վնասվածք ուներ:

Իրավիճակը հավաքականի ղեկը ստանձնելու ժամանակ

«Ամենավատն այն էր, որ շատ մեծ խառնաշփոթ էր ֆուտբոլի ֆեդերացիայում: Ես ու իմ մարզչական շտաբը հավաքականի ղեկը ստանձնելուց հետո միայնակ էինք մնացել: Նման վերաբերմունք չպետք է լինի, նույնիսկ եթե 10-բալանոց երկրաշարժ լինի: Աշխարհի որևէ մարզչի չեմ ցանկանա նման իրավիճակում հայտնվել: Ամենը ՀՖՖ-ում խառնաշփոթի պատճառով էր: Իտալիայի ընտրանուց կրած պարտությունը ոչ թե մարզչական էր, ոչ թե ֆուտբոլիստների պատճառով էր, այլ այդ իրավիճակի պարտությունն էր: 1:9 հաշվով պարտությունը տրամաբանական էր: Չեմ ուզում անցյալ գնալ և հիշել ոչ-ոքիներ Լիխտենշտեյնի հետ, պարտություն Ջիբրալթարից (0:1), որն ինձ համար ավելի մեծ պարտություն է, քան 1:9 հաշվով Իտալիայից, աշխարհի քառակի չեմնպիոնից»:  

Մխիթարյանի մասին

«Նաև չկար թիմի առաջատարը` Հենրիխ Մխիթարյանը, ով կարող էր այդ իրավիճակից թիմին դուրս բերել, թեկուզ հոգեբանական առումով: Վաղուց եմ ասել, որ Հենրիխը մեծագույն ֆուտբոլիստ է: Չեմ կարծում, թե առաջիկա 50-60 տարում նման այլ ֆուտբոլիստ ծնվի Հայաստանում: Նա մեր պարծանքն է, ամեն ինչ արել է հայկական ֆուտբոլի համար, բայց միայն մեկ Հենրիխով ոչ մի հարց չի լուծվում: Նա նաև մեծատառով մարդ է: Նրա հասցեին հնչած մեղադրանքներն անթույլատրելի են:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ հարաբերությունների մասին

«Չկա մի մարզիչ, որ իդեալական կամ շատ վատ հարաբերություններ ունենա բոլոր ֆուտբոլիստների հետ: Այսօրվա դրությամբ կապի մեջ եմ հավաքականի 50-60 տոկոս տղաների հետ: Այստեղ չի կարող լինել համակրանքի կամ հակակրանքի խնդիր, այլ պետք է լինի պրոֆեսիոնալ գործընթաց: Ֆուտբոլիստը հավաքական չի գալիս մեկ անձի համար խաղալու: Պորֆեսիոնալ ֆուտբոլիստը պետք է գա հավաքական, ամեն ինչ տա դաշտում և  հեռանա, անկախ նրանից, թե ում ինչպես է վերաբերվում: Ինձ նույնպես կարող են ոմանք դուր չգալ, բայց ես իմ գործը պրոֆեսիոնալ կերպով կատարում եմ: Սա էլ է մտածելակերպի խնդիր, մեզ համար մեծ խնդիր»:

Ամբողջ հարցազրույցը

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000